Մայիսի 9-ին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքը հրապարակեց մի խոսակցություն, որն, ըստ կայքի, տեղի էր ունեցել Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի և ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջև (արխիվացված հղումը)։
«Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ»,- հրապարակված ձայնագրությանը կից գրել էր կայքը։
Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հրապարակված խոսակցությունը տեղի է ունեցել իր և Էմմա Սարգսյանի միջև, որն Ագրարային համալսարանում հրավիրյալ դասախոս է։ Սակայն ՈՒԽ նախագահը պնդեց՝ գումարի դիմաց չի կազմակերպել, որ իրենց բուհի ուսանողներն ակցիաներին մասնակցեն։
Ի՞նչ ենք իմանում ձայնագրությունից
Ձայնագրությունն արված է աղմկոտ վայրում։ Մենք փորձել ենք գրի առնել այն ամենը, ինչ հստակ լսելի է խոսակցությունից։ Բամզակետեր են դրված այն հատվածների փոխարեն, որոնք ընդհանրապես չեն լսվում կամ հստակ չեն լսվում։
Սկզբում հարց է տալիս Թոռնիկ Ալիյանը․
- Իսկ Ավետիքը ո՞վ ա։
Նրան պատասխանում է Էմմա Սարգսյանը․
- Ինքը էս շարժման համահիմնադիրներից ա։
Խոսակցությունը շարունակվում է Ալիյանի և Սարգսյանի միջև։
- Էս Քոչարյանինը չի՞։
- ․․․․։
- Բայց Քոչարյանը չի՞ կազմակերպում էս ցույցերը։
- ․․․․։
- Բա ո՞վ ա կազմակերպում։
- Նայի, մի քանի շարժում կա․ մեկը էս «Համախմբում»-ն ա, որը որ ․․․․, մեկը «Դիմադրություն»-ն ա։ ․․․․։ «Համախմբումը»՝ Կարին Տոնոյան, Ավետիք Չալաբյան։
- Կարին Տոնոյան, Ավետիք․․․ Իսկ իրենք գումար-մումար, ի՞նչ առաջարկ։
- ․․․․։
- Բայց նորմալ բան ա՞, հա։
- ․․․․։
- Ես եմ ասո՞ւմ։
- ․․․․։
- Բայց վաբշե ինչքա՞ն ա հիմնական գումարը։
- ․․․․։
- Քիչ գումարի մասին ա խո՞սքը, թե՞ շատ։
- ․․․․։
- Դրամով խոսա՞մ, թե՞ դոլարով։
- ․․․․։
Ձայնագրության հաջորդ հատվածում խոսակցությունը ոչ թե Էմմա Սարգսյնաի և Թոռնիկ Ալիյանի միջև է, այլ վերջնիս ու մի անծանոթ տղամարդու։ Նրանք բարևում են միմյանց, Թոռնիկ Ալիյանը ներկայանցում է։
- Ագրարայինի ուսխորհրդի նախագահն եմ։
Նրանց խոսակցությանից որոշ հատված բացակայում է։ Ձայնագրության շարունակության մեջ լսում ենք Թոռնիկ Ալիայանի ձայնը․
- Դե ձեր բառերի մեջ շեշտեցիք, ես էլ ձեզ կարամ աջակցեմ, ձեզ օգնեմ, չէ՞։ Ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ օգնության մասին ա խոսքը։
- Նայի, ասեմ քեզ, կախված նրանից՝ ․․․․։ Դուք ինքերդ պետք ա ձևակերպեք ձեր կարիքները։
- Եթե մեր կարիքները կախված ա ֆինանսի՞ց։ Կարաք օգնե՞ք ֆինանսով։
- Եթե կախված ա ֆինանսից, կարանք օգնենք ֆինանսով։
- Հա՛, պա՛րզ․ էսօրվա դրությամբ նյութականն ա, ֆինանսն ա, բոլորին էդ ա հետաքրքրում։ Մարդիկ ինչի՞ համար են գոյատևում։ Գոյատևելու, ապրելու համար, ամեն ինչի համար ֆինանսն ա։
- Ով որ գոյատևում ա, ֆինանսն ա, ով որ ապրում ա, ֆինանսից բացի՝ նաև ուրիշ ․․․․։
- Դե հա, էլ ավելի արժեքներ ունեն․ նենց չի՝ ես մտնում եմ ստեղ, ես գումարի կամ ինչ-որ տենց մի բանի համար, բայց կոնկրետ իմ թիմը, որ հիմա ձևավորվում ա, ինքը իրա շահը ունի։ Հիմա դու էսօրվա դրությամբ ինձ ասես՝ Թոռնի՛կ ջան, պետք ա ինձ հազար հոգի հավաքես էսինչ տեղը, էսինչ գաղափարի համար մենք պետք ա զրուցենք երկու ժամ կամ երեք ժամ կամ մի ցելի օր կամ պտի վրաններ խփենք կամ սենց մի հատ բան անենք կամ ճանապարհ փակենք, դու ասում ես՝ սենց մի հատ բան ա պետք, բա հետո՞։
- ․․․․։
- Հետո՞, մենք փակեցինք, մենք արեցինք էդ ամեն ինչը, ես էդ մարդկանց հետո ոնց եմ բան անելու։
- ․․․․։
- Դուք երկու հազար հոգու համար ինչքա՞ն ֆինանս եք նախատեսում։
- ․․․․։
Խոսակցությանը միանում է ևս մի անծանոթ տղամարդ (նա հավանաբար սկզբից էլ ներկա էր), որն ասում է․
- Ոնց որ, ի՞նչ պետք ա անեք․ եթե դուք կարողանաք ըմբոստություն կազմակերպեք համալսարանում, էդ մի բան, եթե պիտի գաք, ասեք՝ երկու հատ խաչմերուկ փակեք, էդ ուրիշ բան։
Նրան պատասխանում է ՈՒԽ նախագահը․
- Հիմա նայեք, ես էլ էդ եմ սում, դրա համար էլ ես ձեր հայեցողության վրա եմ թողնում էդ գումարային պահը։
- Որ ասես՝ դու ինչ կարաս անես, այսինքն՝ ինչ գործողություն կարա քո ուժերի մեջ լինի։
Այնուհետև կրկին խոսում է առաջին անծանոթ տղամարդը․
- 2000 մարդ կարաս մոբիլիզացնես ․․․․, բայց պարտադիր չի՝ 2000 ․․․․, որ 200 էլ պետք լինի, էլի կարաս ․․․․։
Նորից երկրորդ տղամարդն է խոսում․
- Բայց նայած՝ ինչ գործողության շուրջ։ Օրինակ, ի՞նչ գործողություն կարաք անեք, կարա՞ք դասադուլ անեք։
Թոռնիկ Ալիյանը պատասխանում է․
- Դասադուլն ինչ ա՞, որ դասադուլ չանեմ։
Խոսակցությունը շարունակում է երկու անծանոթ տղամարդկանցից մեկը։
- Նաև կարան գան միտինգի մասնակցեն։ Մենք դրա մասին ենք խոսում։ Հիմա ինչ ա՞ պետք դրա համար։
Խոսակցության որոշ հատված չի լսվում։ Անծանոթներից մեկն ասում է․
- Տարբեր տեսակ գործողություններ կան, դու մի հատ մտածի, թե ինչ տեսակ գործողությունների եք դուք պատրաստ մասնակցել։
Պատասխանը չի լսվում։ Այնուհետև խոսում է անծանոթ տղամարդկանցից մեկը․
- Գիտե՞ս՝ ինչ գործողություն լավ կլիներ ու բավականին հեշտ․ օրինակ՝ մենք ակցիա կազմակերպենք բուհի դիմաց, ու ասենք, մի հազար հոգի դուրս գա, միանա էդ ակցիային ու երթով գնան, ինչ-որ մի գործողություն անեն, որը որ կհամաձայնացնենք իրար հետ։
Հաջորդիվ ձայնագրության մեջ լսվում է Թոռնիկի Ալիյանի և Էմմա Սարգսյանի միջև խոսակցությունն արդեն այլ վայրում, քանի որ շրջապատի աղմուկը չկա։ Առաջինը խոսում է Թոռնիկ Ալիյանը․
- Բայց ի՞նչ ասեց։
- Նայի, ինքը ասում ա՝ եթե 2000 հոգի ֆուլ բերում ա մի երթի համար, 2 միլիոն։
- 2 միլիո՞ն։ Էդ ինչո՞վ ա հաշվում, որ։
- Ասում ա՝ մարդը 1000 դրամ։
- Մի հոգին 1000 դրա՞մ։
- ․․․․։
- Եթե հենց հիմա հանեմ, հենց հիմա տալիս ա՞։
Պատասխանը չի լսվում։ Ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։
Ի՞նչ է ասում Թոռնիկ Ալիյանը
Թոռնիկ Ալիյանը մեզ պատմեց, թե երբ ու քանի անգամ է հանդիպել Էմմա Սարգսյանին, կոնկրետ ինչ է առաջարկել վերջինս, և ինչու է ՈՒԽ նախագահը սկսել խոսել գումարից։
Չնայած սկզբում Թոռնիկ Ալիյանը նշեց միայն ՈՒԽ աշխատասենյակում Էմմա Սարգսյանի հետ հանդիպելու մասին, բայց ի վերջո նա և ՈՒԽ փոխնախագահ Արմեն Սոլոմոնյանը ներկայացրին դեպքերի ժամանակագրական հերթականությունը։ Նրանց պատմածից պարզ դարձավ, որ հանդիպում է տեղի ունեցել նաև երկու անծանոթ տղամարդկանց հետ։
Ըստ ՈՒԽ նախագահի և փոխնախագահի՝ Թոռնիկ Ալիային մինչ այդ անծանոթ Էմմա Սարգսյանը զանգել է և ասել, որ գյուղատնտեսական մի ծրագրի շրջանակներում ուզում է խոսել նրա հետ։
«Գալիս է էստեղ, հանդիպում մեր նախագահի հետ, զրուցում են ծրագրի շրջանակներում։ Հետո ինքը (Էմմա Սարգսյանը- խմբ․) կտրուկ թեման փոխում է դեպի քաղաքականություն ու ասում է՝ իմ ղեկավարության հետ, ուզում եմ, հանդիպեք ու զրուցեք։ Ու մեզ հետաքրքրում է էն փաստը, թե ինչ է իրենց միտքը, ինչ է իրենց ուզածը։ ․․․․ Ու էդ ամեն ինչը պարզաբանելու համար հացուփորձի միջոցով [Թոռնիկ Ալիյանը] գնում է հանդիպման իրենց ղեկավարության հետ»,- պատմում է Արմեն Սոլոմոնյանը
Նշված հանդիպումը տեղի է ունեցել համալսարանից դուրս։ Թոռնիկ Ալիյանը պնդում է, որ չի գնացել գումար վերցնելու և ուսանողներին ակցիաներին մասնակցու համար մոբիլիզացնելու նպատակով․ «Ես ուղղակի էդ ամեն ինչին քմծիծաղով եմ նայել, ես չեմ նայել, որ պետք ա գումար վերցնեմ, ես ուղղակի ուզում էի հասկանայի՝ ինչի են կրթական օջախները ներգրավվել էս ամեն ինչի մեջ»։
Մեր դիտարկմանը, թե ձայնագրության մեջ լսվում է, որ առաջինը հենց Թոռնիկ Ալիյանն է խոսում գումարի մասին, ՈՒԽ նախագահը պատասխանեց․ «Ես բառ եմ տալիս, որ բառ ստանամ։ Կամ եթե ես գումարով ուզենայի անել, չէի կարա՞ շուտվանից անեի։ Կամ 2 մլն, ամեն մի ուսանողի համար համար 1000 դրամ, տրամաբանորեն էլի մտածեք»։
Ալիյանի խոսքով՝ խոսակցությունը տեղի է ունեցել մի շաբաթ առաջ, սակայն նոր է հրապարակվել․ «Ի՞նչ եք կարծում, երբ որ տենց բան լինի, ես հիմա ի՞նչ պետք ա անեի․ ես պետք ա արդեն ուսանողությանը հանեի, գումարը վերցնեի ու ուսանողությանը հանեի»։
ՈՒԽ նախագահը պնդեց՝ ձայնագրությունն ամբողջական չէ․ «Ասում եմ՝ ինչ եք առաջարկում, բա՝ էս, էս, ասում եմ՝ բա որ եթե ֆինանս լինի։ Ի վերջո, պատկերացրեք, ուզում են գումարով գնել երիտասարդներին։ Ես մինչև վերջ որ խոսում եմ, ես ասում եմ՝ բա որ հասնենք Հանրապետության հրապարակ, հաջորդ օրը ձեր գումարը պրծնի, ասում եմ՝ ինչ ա՞ լինելու, ուսանողությունը պիտի հե՞տ գա, ժողովուրդը ցրվի՞, ասում եմ՝ նշանակում ա՝ դուք գաղափարի համար չեք պայքարում»։
Հարցին, թե ովքեր են խոսակցությանը մասնակցած տղամարդիկ, ՈՒԽ նախագահն ու փոխնախագահը պատասխանեցին՝ չգիտենք։
Քանի որ խոսակցության մեջ Էմմա Սարգսյանը տալիս է «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի անունը, հարցրինք՝ նրանցից մեկը արդյո՞ք Չալաբյանն է եղել։ Երբ Թոռնիկ Ալիյանն ասաց, որ չգիտի՝ Ավետիք Չալաբյանն ով է, ցույց տվեցինք վերջինիս լուսանկարը։ ՈՒԽ նախագահն ասաց, որ անծանոթ մարդկանցից մեկը Չալաբյանը չի եղել։
Երեկ civic.am-ը հարցրել էր Ավետիք Չալաբյանին, թե արդյո՞ք դասախոս Էմմա Սարգսյանի նշած Ավետիք անունով անձը հենց ինքն է։ Չալաբյանը պատասխանել էր․ «Կարծում եմ՝ ձայնագրությունն ապօրինի է արված, ես բացարձակ չեմ մեկնաբանում, հուսով եմ՝ իրավապահները կզբաղվեն, ու իսկությունը կհայտնաբերվի»։
Թոռնիկ Ալիյանը չպատասխանեց մեր հարցին այն մասին, թե Էմմա Սարգսյանը որ քաղաքական ուժի կամ գործչի անունից էր առաջարկներ ներկայացնում․ «Ինքն ընդհանուր ուժից է, ես չգիտեմ՝ ինքը որ ուժից է»։
Ալիյանին նաև խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է անծանոթ տղամարդկանց հետ զրուցելիս ասում․ «Դասադուլն ինչ ա՞, որ դասադուլ չանեմ»։
«Էդ ուղղակի խոսացնում եմ։ Դասադուլն ի՞նչ ա, որ չկարողանան անեն, էդ բոլոր ուսանողներն էլ կարան անեն, դասադուլն ամենապրիմիտիվ բանն ա։ Ինձ հարց են տալիս, ասում են՝ դասադուլ կարա՞ս անես, ասում եմ՝ դասադուլն ինչ ա, որ չկարանամ, բայց ես չեմ ասում՝ գիտես ինչ կա, էդ դասադուլի համար ես գումար եմ ուզում»,- ասաց Ալիյանը։
ՈՒԽ նախագահի և փոխնախագահի խոսքով՝ համալսարանից դուրս հանդիպումից հետո Էմմա Սարգսյանը երկրորդ անգամ է եկել Ագրարային, որտեղ էլ մերժում է ստացել, և իրենք գումար չեն վերցրել նրանից։ Իրենց նպատակն ի սկզբանե եղել է պարզելը, թե ովքեր են ներգրավված այս գործում և ինչ են ուզում առաջարկել ուսանողներին։
«Տարբեր առաջարկություններ են եղել, սա առաջին դեպքը չէ, եղել է ժամանակ, որ առաջարկություններ են արել, բայց մենք մերժել ենք»,- նշեց Ալիյանը։
Հարցին՝ խոսքն այս պահի՞ն ընթացող, թե՞ այլ ակցիաների մասին է, ՈՒԽ նախագահը պատասխանեց․ «Չէ, բոլոր ակցիաների հետ կապված, մենք բոլոր ակցիաներին մերժել ենք ու էս ակցիան էլ ենք մերժել»։
Հարցին, թե ով է ձայնագրել խոսակցությունը, եթե խոսակցություններին ներկան են եղել միայն Թոռնիկ Ալիյանը, Էմմա Սարգսյանը և անծանոթ մարդիկ, ՈՒԽ նախագահը չկարողացավ պատասխանել։ Նա պնդեց, որ որևէ կապ չունի տեսանյութի հրապարակման հետ։ Իսկ հարցին, թե ինչու միջադեպից հետո չի դիմել բուհի ղեկավարությանը կամ ոստիկանություն, պատասխանեց․ «Դա իմ պոզիցիայից, մենթալիտետից դուրս ա, որ ես էդպիսի քայլ անեի»։
Էմմա Սարգսյանը չի մեկնաբանում կատարվածը
Մենք ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Էմմա Սարգսյանից։ Նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել․ «Նախ, չեմ մեկնաբանում, երկրորդ, իրավունք չունեմ ինչ-որ բան էս պահին մեկնաբանելու, որովհետև ոնց հասկացա՝ նյութեր են նախապատրաստվում»։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրապարակված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում Քննչական կոմիտեում մայիսի 10-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի նշված կետը վերաբերում է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ։
Աննա Սահակյան
comment.count (0)