Երեկ՝ մայիսի 10-ին, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։
Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ և իմաստազուրկ փորձը և համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, և որևէ մեկը, ոչ համալսարանում և ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի և ազատության վրա։
- Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, և մենք որևէ պարագայում երբևէ չենք սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության և քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական և ազգային շահերը։
- Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։
- ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին և շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։
Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար։
comment.count (0)