Արժույթի միջազգային հիմնադրամ - ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամ, միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը:

ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է․ Փաշինյանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման: Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով: Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում, վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը:
18:37 - 14 մարտի, 2024
Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ կարձանագրվեն. ԱՄՀ կառավարիչ-տնօրենը՝ ՀՀ նախագահին

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
12:37 - 17 հունվարի, 2024
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային հատկացրել է ռեկորդային 15,6 միլիարդ դոլարի վարկ |hetq.am|

Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային հատկացրել է ռեկորդային 15,6 միլիարդ դոլարի վարկ |hetq.am|

hetq.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը հնարավորություն է տալիս անհապաղ Ուկրաինային հատկացնել մոտ 2,7 միլիարդ դոլար։ Առաջին փուլում միջոցները կուղղվեն Ուկրաինայի անհետաձգելի կարիքներին և կայունության ապահովմանը, իսկ երկրորդ փուլում՝ կառուցվածքային բարեփոխումներին ու եվրաինտեգրման աջակցությանը։ Վարկային ծրագիրը հավանության է արժանացել Ուկրաինային` 115 միլիարդ դոլարի չափով ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակներում։  Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը դարձել է Ուկրաինայի համար խոշորագույնը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր և առաջին խոշոր փաթեթը, որը Հիմնադրամը հաստատել է ակտիվ հակամարտության մեջ ներքաշված երկրի համար։   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին կայացրած որոշման համար։ «Դա կարևոր օգնություն է ռուսական ագրեսիայի դեմ մեր պայքարում։ Միասին մենք աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը։ Եվ մենք առաջ ենք շարժվում դեպի հաղթանակ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
20:03 - 01 ապրիլի, 2023
ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։  Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին` հասնելու ներդրումների, գիտելիքի և արտահանման վրա հիմնված աճին` պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունը: Նոր ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետային, այդ թվում՝ հարկային քաղաքականության, հարկային վարչարարության, ծախսերի արդյունավետության, պետական ներդրումների կառավարման և ֆիսկալ ռիսկերի կառավարմանմ ինչպես նաև դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը: Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը, որն ապահովվել է սպառման և եկամուտների, կապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերով: Չնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստում: Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաև կայուն և ներառական աճի ապահովման հարցում: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:34 - 13 դեկտեմբերի, 2022
ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին 
 |factor.am|

ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին |factor.am|

factor.am: Արժույթի միջազգային հիմնադրամը 165.6 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՀ-ն։  Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ն այցել է Երևան՝ ուսումնասիրելու եռամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո ԱՄՀ պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 165,6 միլիոն դոլար աջակցության վերաբերյալ։ Համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից։ Այն նախատեսվում է քննարկել 2022 թվականի դեկտեմբերին։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 % տնտեսական աճ է կանխատեսել, որը պայմանավորված է արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի մեծ ներհոսքերով:  «Հարկաբյուջետային գերակատարումը և դրամի արժևորումը նպաստել են պետական ​​պարտքի զգալի նվազմանը, որն այս տարի կհասնի մինչև ՀՆԱ-ի 51 տոկոսին՝ 2021 թվականի ՀՆԱ-ի 60,3 տոկոսի փոխարեն: Մինչ գները ժամանակավորապես աճել են առաջարկի և պահանջարկի ցնցումների հետևանքով, Հայաստանի Կենտրոնական բանկը 2020 թվականի դեկտեմբերից ակտիվորեն բարձրացրել է տոկոսադրույքը 625 բազիսային կետով՝ նպատակ ունենալով ուղղորդել գնաճը դեպի իր միջնաժամկետ թիրախը՝ 4 տոկոս։ Միջազգային պահուստները բարձրացել են, մինչդեռ դրամը վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ արժևորվել է։ Կարևոր կառուցվածքային բարեփոխումներ են տեղի ունեցել պետական ​​ֆինանսների կառավարման, եկամուտների կառավարման, գնաճի թիրախավորման շրջանակի, ֆինանսական հատվածի և կառավարման ոլորտներում»,- նշված է հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի և միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5 տոկոսի միջակայքում։ «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է բիզնես միջավայրի բարելավման, արտադրողականության խթանման, գործազրկության և աղքատության կրճատման և կլիմայի մեղմացման և հարմարվողականության հրատապ մարտահրավերների լուծման վրա: Այս նպատակներին հասնելը պահանջում է ավելի ամուր առևտրային կապերի զարգացում, կապի ապահովման համար ենթակառուցվածքների կառուցում. տրանսպորտի, հողի և ջրային ռեսուրսների կառավարման բարելավում և կանաչ էներգիայի արտադրության խրախուսում. ֆինանսական ծառայությունների հասանելիության և աշխատուժի մասնակցության խթանում. ավարտին հասցնել կառավարման բարեփոխումները: Թվայնացման հավակնոտ ջանքերը պետք է առաջնորդեն պետական ​​կառավարման բարեփոխումները և բարելավեն հանրային ծառայությունների որակն ու մատուցումը»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: 
14:15 - 03 նոյեմբերի, 2022
ՀՀ ՊԵԿ նախագահն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։ ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Ռուստամ Բադասյանը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022 թ․ հարկային եկամուտների կատարողականը, ընթացիկ գործոնների ազդեցությունը հարկերի հավաքագրման վրա և 2023 թ․ հարկային մուտքերի կանխատեսումները` ըստ հիմնական հարկատեսակների։ Դիտարկվել են ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը, հարկային մարմիններին բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հիմնախնդիրները, ՀՀ պետական սահմանին «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը և նախնական մաքսային հայտարարագրի համակարգի ակնկալվող արդյունքները: Քննարկվել են ՀՀ-ում ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործում ԱՄՀ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցության արդյունքները: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ կողմից ՊԵԿ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքին, ինչպես նաև կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղություններին։ Հանդիպման ավարտին ԱՄՀ պատվիրակության անդամները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքներից:
17:37 - 29 սեպտեմբերի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև՝ խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:  
16:44 - 26 սեպտեմբերի, 2022
Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային: Վարչապետը շնորհավորել է տիկին Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր գիտելիքներով ու փորձով կնպաստի ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եռամյա համատեղ նախորդ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկայում կմշակվեն նոր ծրագրեր: Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է մեր երկրի մակրոտնտեսական վիճակին՝ հավելելով, որ ընթացիկ տարում արձանագրվում են տնտեսական բավականաին բարձր ցուցանիշներ, իսկ պետական բյուջեի եկամուտներն ունեն առաջացիկ աճ: Վարչապետը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, կանխիկի շրջանառության կրճատման, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման և իրականացվող այլ բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ կառավարությունը վստահություն է ձեռք բերում այդ ճանապարհին, քանի որ իրականացված նախորդ բարեփոխումները տվել են դրական արդյունքներ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ինտենսիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ԱՄՀ-ն շարունակելու է նոր ծրագրերով նպաստել ՀՀ-ում տնտեսական կայունությանն ու զարգացմանը: Իվա Պետրովան տպավորիչ է համարել ՀՀ-ում արձանագրվող տնտեսական ցուցանիշները և շեշտել է բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ճանապարհաշինության, կրթության, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մաքսային կարգավորումներին և հանրային այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
15:47 - 23 հունիսի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:
17:35 - 20 հունիսի, 2022
ԱՄՆ-ն ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 1.5 տոկոս |azatutyun.am|

ԱՄՆ-ն ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` 1.5 տոկոս |azatutyun.am|

azatutyun.am: Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4.5-ից 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս։ Երեկ հրապարակած հաղորդագրությունում միջազգային խոշոր ֆինանսական կառույցն ընդգծում է՝ Ռուսաստանի նկատմամբ լայն պատժամիջոցներն անխուսափելիրեն կազդեն Հայաստանի վրա։ ԱՄՀ-ն, սակայն, շեշտում է՝ բացասական ազդեցության չափը դեռևս անորոշ է։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սննդամթերքի ու վառելիքի բարձրացած գները, կրճատված դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայում տատանողականության աճը Հայաստանում ավելի մեծ թանկացումների ու տնտեսության աճի դանդաղեցման կհանգեցնեն։ Այն, որ Հայաստանը տուժելու է Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող պատժամիջոցներից, չեն թաքցնում նաև իշխանությունները։ Կենտրոնական բանկը օրերս նվազեցրեց տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 5.3-ի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հայտարարել էր՝ համատարած անորոշություն է, բայց պարզ է, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին: «Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 94.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - ասել էր ԿԲ նախագահը: Անցած շաբաթ Կենտրոնական բանկը որոշեց միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.25 տոկոս։ 2021-ի ավարտին՝ մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլը, Հայաստանի իշխանությունները 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում, այս ցուցանիշը ամրագրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Ըստ իշխանությունների` տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է պետք թիրախային մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու ու մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար։
16:50 - 18 մարտի, 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի վարկի երաշխիք է առաջարկել |factor.am|

factor.am: ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային առաջարկել է մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիք՝ աջակցելու նրա տնտեսական բարեփոխումների օրակարգին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետքարտուղարության կայքում։ «Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, G-7-ի և այլ երկկողմ դոնորների միջև ամուր գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի կարողությունը՝ ապահովելու իր ժողովրդի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ապակայունացման դեմ»,- ասել է Բլինքենը։ Նա հիշեցրել է, որ 2014-ից 2016 թվականներին Միացյալ Նահանգներն Ուկրաինային տրամադրել է երեք առանձին երաշխիք՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլարի վարկի վերաբերյալ, ինչն օգնել է հաջողությամբ կայունացնել տնտեսությունը՝ ի դեմս ռուսական նախորդ ագրեսիայի, և իրականացնել տնտեսական բարեփոխումների ծրագիր, որն ամրապնդում է երկրի լայնածավալ համագործակցությունն ԱՄՀ-ի հետ։
17:49 - 15 փետրվարի, 2022
2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021թ. խորհրդակցությունները

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:ՀՀ Կառավարության 2021-2026թթ. բարեփոխումների ծրագիրը կարեւորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության եւ ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված եւ ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն եւ առողջապահություն) ներդրումների էական ավելացման եւ լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը մեղմելու եւ վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն եւ ներառական աճին:Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման եւ պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված  են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի եւ աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:Արձանագրվել է նաեւ, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը:
18:36 - 23 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Նիկոլ Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել  է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով.  «ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նշված բոլոր, ինչպես նաև իր գործունեության ծրագրով նախանշված մյուս ուղղություններով: Վարչապետն անդրադարձել է կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների, հանքարդյունաբերության, հարկաբյուջետային և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել ընթացիկ աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ բարեփոխումները փոխկապակցված են, և մեկի արդյունավետ իրականացումից է բխում մյուսի հաջող ընթացքը: Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումների հիմքը կրթական ռեֆորմն է: Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում: «Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է: Այս համատեքստում զարգացնում ենք նաև հեռավար կրթության համակարգը: Նախաձեռնել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նաև կնպաստի աշխատավարձի համակարգի բարեփոխմանը», - ասել է վարչապետը: Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրին, ապա այստեղ, Ն. Փաշինյանի խոսքով, աշխատանք է տարվում գնահատման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության լավարկմանը միտված քայլերի մասին՝ վարչապետը հիշատակել է գերավճարների զրոյացումը, համահարթ եկամտահարկի համակարգի, գույքահարկի նոր համակարգի ներդրումը և կարևորել այս գործընթացում ԱՄՀ հետ սերտ համագործակցությունը: Զրուցակիցներն արձանագրել են, որ կողմերի պատկերացումները ՀՀ-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ ընդհանուր առմամբ նույնական են և պայմանավորվել են շարունակել արդյունավետ գործընկերությունը:
15:07 - 03 նոյեմբերի, 2021
ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

ԱՄՀ-ն դադարեցրել է օգնությունն Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել Է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում Է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով: «Ներկայում բացակայում Է միջազգային հանրակցության մեջ Աֆղանստանի կառավարությունը ճանաչելու վերաբերյալ հստակ ըմբռնումը, ինչի հետեւանքով երկիրը չի կարող հնարավորություն ունենալ օգտվելու ԱՄՀ-ի փոխառության հատուկ իրավունքներից եւ այլ ռեսուրսներից»,-ասված Է հիմնադրամի հայտարարության մեջ: Հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք Է Աֆղանստանին փոխանցեր մոտավորապես 400 միլիոն դոլարի օգնություն: Համաշխարհային հանրակցությունը դեռ «Թալիբան» շարժումը չի ճանաչել Աֆղանստանի լեգիտիմ ղեկավարություն: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Ներկայում Աֆղանստանից բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են թալիբան-զինյալների կողմից: Օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:34 - 19 օգոստոսի, 2021
Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է մշտական ներկայացուցչին և նշել, որ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել:  ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը: Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ  կլինի  կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։ ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։ 
18:10 - 13 օգոստոսի, 2021
Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց մեղմման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած քայլերը: ԱՄՀ պաշտոնյաների հետ քննարկվել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է առանձին ոլորտներում Կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը դրանց անխափան իրականացման վերաբերյալ: Այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները: Փոխվարչապետը ներկայացրել է երկրում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա բարձր է գնահատել ՀԲ խմբի գործընկերների ներդրումը տնտեսության առանցքային ուղղություններին առնչվող բարեփոխումների իրականացման գործընթացում: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ:
20:26 - 13 ապրիլի, 2021