azatutyun.am: Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4.5-ից 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս։
Երեկ հրապարակած հաղորդագրությունում միջազգային խոշոր ֆինանսական կառույցն ընդգծում է՝ Ռուսաստանի նկատմամբ լայն պատժամիջոցներն անխուսափելիրեն կազդեն Հայաստանի վրա։ ԱՄՀ-ն, սակայն, շեշտում է՝ բացասական ազդեցության չափը դեռևս անորոշ է։
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սննդամթերքի ու վառելիքի բարձրացած գները, կրճատված դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայում տատանողականության աճը Հայաստանում ավելի մեծ թանկացումների ու տնտեսության աճի դանդաղեցման կհանգեցնեն։
Այն, որ Հայաստանը տուժելու է Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող պատժամիջոցներից, չեն թաքցնում նաև իշխանությունները։ Կենտրոնական բանկը օրերս նվազեցրեց տնտեսական աճի իր կանխատեսումը՝ 5.3-ի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հայտարարել էր՝ համատարած անորոշություն է, բայց պարզ է, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին:
«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 94.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - ասել էր ԿԲ նախագահը:
Անցած շաբաթ Կենտրոնական բանկը որոշեց միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.25 տոկոս։
2021-ի ավարտին՝ մինչ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլը, Հայաստանի իշխանությունները 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում, այս ցուցանիշը ամրագրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Ըստ իշխանությունների` տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ է պետք թիրախային մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու ու մարդկանց բարեկեցությունը բարելավելու համար։
comment.count (0)