hetq.am: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը հնարավորություն է տալիս անհապաղ Ուկրաինային հատկացնել մոտ 2,7 միլիարդ դոլար։
Առաջին փուլում միջոցները կուղղվեն Ուկրաինայի անհետաձգելի կարիքներին և կայունության ապահովմանը, իսկ երկրորդ փուլում՝ կառուցվածքային բարեփոխումներին ու եվրաինտեգրման աջակցությանը։
Վարկային ծրագիրը հավանության է արժանացել Ուկրաինային` 115 միլիարդ դոլարի չափով ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակներում։
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը դարձել է Ուկրաինայի համար խոշորագույնը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր և առաջին խոշոր փաթեթը, որը Հիմնադրամը հաստատել է ակտիվ հակամարտության մեջ ներքաշված երկրի համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին կայացրած որոշման համար։ «Դա կարևոր օգնություն է ռուսական ագրեսիայի դեմ մեր պայքարում։ Միասին մենք աջակցում ենք Ուկրաինայի տնտեսությանը։ Եվ մենք առաջ ենք շարժվում դեպի հաղթանակ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
comment.count (0)