Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական կրթության համակարգում։ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված այս կարևոր թիրախին հասնելու նպատակով իրականացվում է 500 մանկապարտեզի հիմնման և կառուցման ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են կոնկրետ ցուցանիշներով։ Մասնավորապես՝ եթե 2017 թվականին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է եղել 3-5 տարեկան երեխաների 56%-ը, ապա 2024 թվականին այս ցուցանիշն աճել է 20%-ով և այժմ կազմում է շուրջ 75%: «Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե երեխան առնվազն մեկ տարի ներգրավված է լինում նախադպրոցական կրթության մեջ, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված է, որ 2030 թվականին նախադպրոցական կրթության առնվազն մեկ տարին պետք է դառնա պարտադիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքի մասին Ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը՝ նախարարը նշել է, որ աշխատանքներն ավարտվել են 195 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցից 125-ը գտնվում է գյուղական բնակավայրերում։ 136-ում հաստատությունում շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ 64-ում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ծրագրի ավարտին ավելի քան 33 հազար երեխաներ կունենան բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն: 2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նախադպրոցական հաստատությունների, մասնավորապես՝ մասնավոր դաշտում գործող ծառայությունների լիցենզավորման ուղղությամբ ԿԳՄՍՆ կողմից իրականացված աշխատանքները: Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն է լիցենզավորվել, դրանից 87-ը՝ 2024 թվականին: Նման կազմակերպությունները նախկինում գործել են որպես ծառայություն մատուցողներ՝ առանց համապատասխան լիցենզիայի և, ըստ էության, ԿԳՄՍՆ վերահսկողության տիրույթում չեն գտնվել։ «Այսպիսով նաև կրթության որակի վերահսկողության երաշխիքներ են ստեղծվում, քանի որ ավելի քան 8200 երեխաներ հաճախում են նման հաստատություններ: Սա ինչ-որ առումով ստվերից դուրս գալու գործընթաց է, որովհետև այս երեխաների ցուցանիշները չէին արտացոլվում նաև վիճակագրության մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ լիցենզավորման գործընթացը նախադպրոցական կրթության ավելի ամբողջական պատկեր է ապահովում։ Մսուրի ծառայության հասանելիության մասին Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ կարևորագույն խնդիր շարունակում է մնալ մսուրի ծառայության հասանելիությունը: Նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է փորձնական ծրագիր, որով 6 ամսականից 1 տարեկան երեխաների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մսուրի փորձնական ծառայություն է գործարկվում: Փորձարկումից հետո ծրագիրը նախատեսվում է ներդնել բոլոր խոշորացված համայնքներում: 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակելու և 12-ամյա կրթության պարտադիր պահանջի մասին Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ պարտադիր կրթության մեջ ներգրավվածության առումով առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես՝ եթե 2018 թվականին պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը կազմել է 72%, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 88%։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախնդրահարույց խումբը 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակող երեխաներն են: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակել է 9-րդ դասարանի շրջանավարտների 54%-ը, այսինքն՝ գրեթե կեսն ավագ դասարաններում կամ ուսումնարանում և քոլեջում կրթությունը չի շարունակել: Վերջին՝ 2023/2024 ուսումնական տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա, որոնցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, իսկ ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում և ուսումնարաններում: Ընդ որում՝ 9-րդ դասարանից հետո քոլեջներում և ուսումնարաններում կրթությունը շարունակողների ցուցանիշն ընդհանուր շրջանավարտների շրջանում կազմել է շուրջ 30,1 %: «Այս դրական ցուցանիշը փաստում է, որ մասնագիտական կողմնորոշումն ու ավելի նպատակաուղղված կրթության շարունակությունը դառնում են ավելի տիրապետող վարքականոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Ընդունելության աճ քոլեջներում և ուսումնարաններում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2024 թվականին գրանցվել է ընդունելության ավելի քան 11,4% աճ՝ 2023 թվականի համեմատ: Ներկայում ՄԿՈՒ համակարգում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը նաև անդրադարձել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մասնագիտություններով պետության կողմից ներդրված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակային ծրագրին, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, էական ազդեցություն է ունեցել ընդունելության արդյունքների վրա։ «2024/25 ուսումնական տարում վերոնշյալ ուղղություններով 988 ուսանող ընդունվել է արհեստագործական ծրագրերով. նախորդ տարվա համեմատ՝ այս թիվն աճել է ավելի քան 123%-ով: 717 ուսանող էլ ընդունվել է միջին մասնագիտական ծրագրերով՝ աճը՝ 61%: Ըստ կրթաթոշակային ծրագրի համար սահմանված կարգի՝ նշված մասնագիտություններով առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Սակայն հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ կրթաթոշակ են ստանում միայն առաջադիմության որոշակի շեմ ապահովող ուսանողները»,- ներկայացրել է նախարարը։ Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել են բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով: Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ Մարդու իրավունքների իրացման համատեքստում Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային կյանքին և ծառայություններին հասանելիության կարևորությունը. «Կառավարության ծրագրով կարևորվում է մշակութային կյանքի և ծառայությունների ապակենտրոնացումը։ Նախորդ տարի այս նպատակով կազմակերպվել են երաժշտական 9 փառատոներ՝ ավելի քան 73 հազար հանդիսատեսի մասնակցությամբ, թատերական 3 տարբեր փառատոներ՝ շուրջ 14 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ»-,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տարատեսակ փառատոներ են կազմակերպվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2024/25 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի։ Բոլոր մարզերում իրականացվել են առանձին արշավներ՝ մշակութային էքսպոների ձևաչափով, որոնք, ընդհանուր առմամբ, շուրջ 27 հազար այցելու են ունեցել: Բաժանորդային ծրագրով թանգարաններ և թատրոններ են այցելել շուրջ 300 հազար աշակերտներ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև դպրոցական բաժանորդային ծրագրին և նշել՝ մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ: Սա 30%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում է դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը: «Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում նաև ներառականությանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում ունենք նոր նախաձեռնություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ Անդրադառնալով առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության շուրջ իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մասսայական միջոցառումները: «Այս խորագրի ներքո 5 խոշոր մասսայական մրցաշարեր են կազմակերպվում, որոնց նախորդ տարի ավելի քան 9600 մարդ է մասնակցել․ 48%-ով ավելի՝ 2023 թվականի համեմատ: «ՀՀ վարչապետի գավաթի» ևս երկու մրցաշարեր՝ սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից, նախորդ տարվանից անցկացվում են միայն դպրոցականների համար․ դպրոցների առնվազն 30% մասնակցության ցուցանիշ է ամրագրվել: Հեծանվավազքի մրցումներն անցկացնելու նպատակով էլ ավելի քան 6000 հեծանիվներ են ձեռքբերվել և բաժանվել դպրոցներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ նորակառույց դպրոցներն ապահովվում են մարզական նոր գույքով: Այս տարի մեկնարկել է դպրոցական բասկետբոլի լիգան, անցկացվում են մասսայական սպորտի միջոցառումներ՝ սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր. դրանց մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: 1,4 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակային ծրագրին Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար մեկնարկած աջակցության ծրագրերը: Ըստ նրա՝ շուրջ 17 հազար երեխայի համար ապահովվել է հանրակրթության հասանելիություն։ Միաժամանակ, բուհերի և քոլեջների ուսանողների համար իրականացվել են առանձին կրթաթոշակային ծրագրեր: ՀՀ կառավարության 2024 թ. համապատասխան որոշմամբ առաջին կուրս ընդունվածների համար գործում է կրթաթոշակային ծրագիր։ Բուհերի ավելի քան 1700, իսկ քոլեջների 1400 ուսանողների համար պետությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում: Ուսուցիչների օժանդակության ծրագրով հնարավորություն է տրվել ԼՂ-ից տեղահանված մասնագետներին արտամրցութային կարգով աշխատանքի անցնել ՀՀ մարզերի դպրոցներում: «Մասնավորապես՝ մարզերի դեպքում երկու տարի շարունակ հավելավճարի հնարավորություն է գործում: Իսկ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները նաև ամսական 50 հազար դրամ լրավճար ստանալու հնարավորություն ունեն։ Լրավճարների համար բյուջեից տրամադրվել է 168 մլն դրամ»,- ասել է նախարարը և հայտնել, որ 2024 թ. ՀՀ դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 600 ուսուցիչ: Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի տրամադրմանը: «298 կրթական հաստատությունների 31 հազար դասագիրք է տրվել՝ ներառյալ Վրաստանի հայկական դպրոցները: Ծրագրի ֆինանսավորման ծավալները վերականգնել են, և այս պահին ընդունվում են դասագրքերի հայտեր: Ձևավորվել է նաև առանձին էլեկտրոնային հարթակ, որտեղ բոլոր նյութերը, այդ թվում դասագրքերը՝ հասանելի են նաև առցանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերանայվել է դասագրքերի ցանկը՝ ըստ դպրոցների առանձնահատկությունների: Նրա իրազեկմամբ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախորդ տարի մեկամյսա վերապատրաստում է անցել 14 երկրի 60 ուսուցիչ: Նախորդ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է մշակել հայերենի ստուգման չափորոշիչները և ունենալ առցանց գնահատման համակարգ՝ ստուգելու հայերենի իմացության մակարդակը: Ներկայացվել է նաև միգրանտ ընտանիքների հայերենի ուսուցման բարելավման ծրագիրը, որով առանձին դասընթացներ են իրականացվում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամներին հարցերին՝ անդրադառնալով մի շարք այլ թեմաների:
17:52 - 18 մարտի, 2025
ՄԻՊ-ը անդրադարձել է համացանցում տարածվող «զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութին»

ՄԻՊ-ը անդրադարձել է համացանցում տարածվող «զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութին»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է համացանցում տարածվող «զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութին» և հորդորել՝ «զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից»: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ «Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց նման տեսանյութի տարածումը խիստ անթույլատրելի է։ Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։ Ավելին, պետք է նկատի ունենալ, որ զինծառայողների անձնուրացությունը, հոգատար ծառայությունն արժանի են բարձր գնահատանքի: Միաժամանակ, Պաշտպանն անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող ցանկացած նյութի պատրաստումն ու տարածումը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումը, դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություներից են։ Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից», - նշված է հայտարարությունում։
10:29 - 01 փետրվարի, 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը

Ակնկալվում է, որ օրենսդրական  փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ  ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Զարուհի  Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մի շարք առաջարկներ են ստացվել Կառավարությունից եւ պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաեւ հեղինակները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ փոխվել է նաեւ նախագծի վերնագիրը՝ ստանալով «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը: Փոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից: Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
15:58 - 08 ապրիլի, 2024
Ըստ Ծովինար Վարդանյանի՝ կուսության ստուգումը ևս ֆիզիկական բռնութուն է և պետք է արգելել․ օրենքում  փոփոխություններ են առաջարկվում

Ըստ Ծովինար Վարդանյանի՝ կուսության ստուգումը ևս ֆիզիկական բռնութուն է և պետք է արգելել․ օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաեւ համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ. ասել է Զարուհի Բաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, նշել է, որ նախագծով առաջարկվում է` որպես բռնության անձ դիտարկել երեխային, ով նաեւ ականատես է եղել բռնությանը, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետներ: Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` ոչ միայն առաջնային օգնություն, այլ ընդհանրապես բժշկական օգնությունը: Զարուհի Բաթոյանի խոսքով նախագծով կսահմանվի նաեւ բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացվել են դիտարկումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:Հիմնական զեկուցողը, կարեւորելով դիտարկումները, նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ եւ հավելել, որ ներկայացված դիտարկումների մի մասը` որպես հեղինակների առաջարկ, ներկայացվել եւ ընդունվել է: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ, պատգամավորներ Սոնա Ղազարյանն եւ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հավելել են, որ քննարկումը կարեւոր նշանակություն ունի մեր հասարակության համար: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնությունը պետք է նույնականացնել եւ ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պաշտպանելու: «Մենք բովանդակային առումով ունենք բավականին հաջողված նախաձեռնություն: Շատ կարեւոր է, որ մեր հանրությունը իմանա, թե որ պարագայում ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասել է Սոնա Ղազարյանը: «Կառավարության առաջնահերթությունների մեջ է բռնության դեմ պայքարը, հատկապես` ընտանեկան բռնության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:  Ըստ նրա` պետք է ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որ հնարավոր լինի կանխարգելել բռնության վրա հասնումը պրակտիկայում: Փոխնախարարի խոսքով հեղինակների առաջարկը միտված է նրան, որ կիսատ չթողնվի ընտանեկան բռնության հնարավոր սուբյեկտային շրջանակը եւ ամբողջական դիտարկվի նոր օրենքի շրջանակում: Նա նշել է, որ Կառավարության կողմից կան առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ: News.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշել է, որ կուսության ստուգումը ևս ներառվում է ֆիզիկական բռնութան  մեջ, մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ։ Լրագրողները հարց են ուղղել պատգամավորին՝ ինչ ահազանգերի կամ վիճակագրության վրա են հիմնվել՝ օրենսդրական փաթեթները մշակելիս, ինչին Վարդանյանը պատասխանել է․ «Ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաև հասարակական կազմակերպություններից։ Քիչ առաջ, երբ քննարկում էինք, մեր գործընկերներից մեկը կոնկրետ դեպք պատմեց՝ իր ծանոթի հետ կապված: Պարտադիր պայման, որ նման դեպքերը պետք է գրանցվեն հաստատության կողմից, նման պայման չի եղել, հետեւաբար, դրանք չեն գրանցվել: Դրանք եկել են այն շահառու քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք դրան առնչվել են»: Լրագրողի հարցին՝ իր կարծիքով  տարածվա՞ծ են արդոք նման դեպքերը, պատգամավորը արձագանքել է. «Իհարկե, ես կարծում եմ դա խնդիրներից մեկն է ու մշակութային կարևոր փոփոխություն, ու այո պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»։ Անդրադառնալով փոփոխությունների փաթեթում ընտանիքում զուգընկեր և զուգընկերուհի տերմինների ավելացմանը, եւ մտավախությանը, որ դրանով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին, Ծովինար Վարդանյանը ասել է․ «Այդ սահմանումները տրված են, որովհետև մինչ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը  կարողանում էր պաշտպանել մարդկանց, որոնք ամուսնության գրանցում ունեին, այսինքն զագսավորված էին, իսկ նրանք, որոնք նշանված են, կամ հանդիպել են իրար հետ, դուրս էին մնում այս կարգավորման դաշտից, նրանք անպաշտպան էին մնում»։ ԱԺ-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին որոշմանը:
17:20 - 01 փետրվարի, 2024
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ողջունելով մասնակիցներին` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նշել է. «Միջազգային գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս նաև հանդիպել ենք Եվրամիության դեսպանի հետ, որն առաջարկել է իրենց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցությանը վերաբերող առաջարկներ»: Մասնակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղում հաշվառված պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով այսօր թե' ԼՂ-ի և թե' Հայաստանի սահմաններին գտնվող մշակութային ժառանգությունը հատուկ կառավարման և ներկայացման կարիք ունի: Այս համատեքստում բանախոսն առաջարկել է ստեղծել Հայաստանի լավագույն մասնագետներից կազմված գիտավարչական կենտրոն, որն այս ասպարեզում կիրականացնի մշակութային քաղաքականություն: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կորցրած սեփականությունը շուտափույթ և ճշգրիտ գույքագրելու գործընթացի մեկնարկին, փոխհատուցմանը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների հայաստանյան բուհեր ներգրավմանը, նրանց նկատմամբ արտոնությունների սահմանմանը, վարձավճարների երկարաժամկետ փոխհատուցմանը: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկած արցախցի յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է մինչև 70 հազար դրամ` ուսման և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը: Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձրացված հարցերի վերաբերյալ բազմաթիվ դիրքորոշումներ և առաջարկներ ներկայացնելու համար և նշել, որ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո կփոխանցվեն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտություն կա նմանատիպ քննարկում կազմակերպելու նաև պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
18:19 - 01 նոյեմբերի, 2023
ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

ՄԻՊ-ը հրապարակել է Երևանի N 34 մանկապարտեզ և «Ձորակ» խնամքի կենտրոն կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և իրավասու գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ համատեղ։   Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:   Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Ամբողջական ուսումնասիրությանը ծանոթանալ այս հղմամբ:
10:28 - 25 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով
 |azatutyun.am|

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց հենց ինքը՝ Թովմասյանը: «Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի: Հուլիսի 11-ին 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
12:37 - 24 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Դադարեցվեցին Թագուհու Թովմասյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ ԱԺ-ն 62 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց նախագիծը։ 1 քվեաթերթիկ անվավեր էր։ Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։  Նշենք, որ Խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
13:33 - 11 հուլիսի, 2023
Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․ Թագուհի Թովմասյան

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր պաշտոնավարման թեմային։ «7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հանրապետության համար անկարող բանակցող, 2 տարի Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին թողած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննարկում է իմ՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ես չեմ կարող մասնակցել ԱԺ նիստին: Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը: Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, եւ որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք: Մյուս կողմից ընդգծեմ նաև, որ «ԱԺ կանոնակարգ»-ը չի պարտադրում մասնակցել խորհրդի նիստերին: Այս ընթացքում 3 անգամ Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ հանձնաժողովում քննարկված ու եզրակացություն ստացած նախագիծն ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ներառելու համար և ֆիզիկապես նիստերին մասնակցելը ոչինչ չէր փոխում: Ավելին, վստահաբար չի տուժել ՄԻՊ հանձնաժողովի գործունեությունը, որը, ամենատարբեր հարցումներով, ամենաակտիվ հանձնաժողովներից մեկն է կամ հենց առաջինն է ՀՀ ԱԺ-ում: Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, 13 հանձնաժողովի նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպումներ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին: Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և ԱԺ համապատասխան բաժնում, և իմ աշխատասենյակում, և մարզերում: 372 քաղաքացու նամակին՝ պատասխանել: Բազմաթիվ այցեր եմ ունեցել տարբեր քրեակատարողական հիմնարկներ, մի քանի տասնյակ այցեր տարբեր մարզեր, տասնյակ հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: 1300-ից ավելի գրություններ են հասցեագրվել միջազգային կառույցներին, որոնցից միայն 800-ը Արցախի Հանրապետության և ժողովրդի խախտված իրավունքների մասին: Եւ այս պայմաններում ՔՊ-ականները գրում են, թե հանձնաժողովի գործունեությունը տուժել է: Ինչ վերաբերում է նախագծի մյուս «հիմնավորմանը», ապա ասեմ, որ ես չի կարող ՄԻՊ թեկնածուի ընտրության օրն արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին իր ելույթի ժամանակ որևէ հայտարարություն անել այնպես, ինչպես չկարողացա զսպել խուլիգանական վարքագիծ դրսևորած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակավ սպառնաց կտրել Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները: Ես պարզապես չէի կարող որեւէ մեկի բերանը ձեռքով փակել, թեեւ Էդգար Ղազարյանից ուղիղ եթերում պահանջեցի ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից: Իհարկե, ՔՊ-ականների 40-հոգանոց ներկայությունը ապրիլի 4-ի հանձնաժողովի նիստում արդեն վկայում էր այն մասին, որ ՔՊ-ն ինձ թիրախավորել է և պլաններ ունի: Ուստի, այսօրվա նիստն անակնկալ չէ ինձ համար: Անակնկալն այն համառ անտարբերությունն է, որը ցուցաբերվում է մարդու իրավունքների բացահայտ խախտումների նկատմամբ իրավապահների կողմից: * ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 2-ին թքեց Կարեն Մկրտչյանի վրա, մինչ օրս անպատիժ է:* Հուլիսի 4-ին ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ընդդիմադիր թեկնածուի լեզուն և ականջները, դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս անպատիժ է:* Հովիկ Աղազարյանը ապրիլի 17-ին համացանցում հայհոյեց կանանց, բողոքարկեցին, մինչ օրս անպատիժ է: Ու այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել... Այսքանից հետո, թերևս օրինաչափ է, որ նման արժեհամակարգի կրող իշխանությունը խորհրդարանական Մարդու իրավունքների հանձնաժողովիմիակ ընդդիմադիր նախագահի լիազորություններն է դադարեցնում՝ անհիմն: Իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել, քանի որ 2020-ից հրաժարվեցի հայրենիք հանձնողների հետ ճանապարհ գնալ: Բայց ինձ չե՛ք վախեցնի, չե՛ք լռեցնի: Ազատ խոսքն ու քաղաքական ազատությունն ինձ համար անփոխարինելի արժեքներ են: Ասել եմ, ասելու եմ այն, ինչ մտածում եմ: Հ. Գ. Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»,- գրել է պատգամավորը:
10:10 - 11 հուլիսի, 2023
ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ

ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։ Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
15:33 - 10 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները, պատմել Սոթքում տիրող իրավիճակի մասին

Թագուհի Թովմասյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները, պատմել Սոթքում տիրող իրավիճակի մասին

Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Յուն Ֆանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ «Խոսեցի Հաայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներ մինչ օրս պարապուրդի են մատնված։ Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ Փաշինյանը (նաև երևանյան ասուլիսի ժամանակ) ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ Արցախով, այնինչ այդպիսի պետություն այժմ գոյություն չունի, քանի որ ժամանակակից Ադրբեջանը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի հանդիսանում։ Ընդգծեցի, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Հետևաբար՝ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ, եթե ստորագրվի, կունենա լեգիտիմության լրջագույն խնդիր։ Պատմեցի իմ նախաձեռնությամբ իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի ընթացքի և արդյունքների մասին։ Նշեցի, որ արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ցավալի իրողությունը։ Պարոն Ֆանին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրները՝ հիշատակելով իշխանության ներկայացուցիչների կողմից իմ և մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունների մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք խորացնելու համագործակցության շրջանակները, և այս համատեքստում ընդգծեցի, որ մեզ համար կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանի փորձն ուսանելը», - գրել է նա։
10:59 - 26 մայիսի, 2023
Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ներքաղաքական իրավիճակին առնչվող թեմաներ

Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ներքաղաքական իրավիճակին առնչվող թեմաներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնի հետ։ Անդրադառնալով Բրյուսելում Շառլ Միշելի հյուրընկալությամբ հայ-ադրբեջանականբանակցությունների արդյունքներով հնչեցված հայտարարություններին՝ նա  գործընկերներին ներկայացրել է ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ «Այս համատեքստում ահազանգեցի, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանալու։ Պարոն Սվենսոնին տեղեկացրի, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300000 ստորագրություն։ Խոսելով Սոթքում առկա իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական գործողությունների մասին, որի պայմաններում Սոթքի հանքի մոտ 800 աշխատակիցներ չէին կարողանում աշխատանքի գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում բոլորովին այլ թեմաների մասին, գործընկերոջս ներկայացրի, որ անթուլատրելի էր այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում էին ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Այս պայմաններում հրատապ խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով որոշել էի, ի նշան բողոքի, իրականացնել քաղաքական ակցիա, չիջնել ամբիոնից, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում։ Սակայն ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցներն ինձ բռնի ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից։ Դեսպանին ներկայացրի նաև մեր հանձնաժողովի արտահերթ նիստի մանրամասները, այդ թվում նաև պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը ՄԻՊ-ի՝ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի հասցեին, ինչպես օրինակ «Լեզուդ կկտրեմ», «Ականջդ կկտրեմ»։ Ահազանգեցի նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից քաղաքացուն՝ կնոջն ուղղված հայհոյանքի մասին, և նշեցի, որ այս անթույլատրելի վարքագիծը դրսևորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է «ժողովրդավարության բաստիոն»։ Իր խոսքում Դեսպանը շնորհակալություն հայտնեց նշված ահազանգերն իրեն հասցնելու համար և հավաստիացրեց, որ ընդունել է այդ հաղորդագրություններն՝ ի գիտություն, կփոխանցի դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իր գործընկերներին, որպեսզի նրանք ինկորպորացնեն համապատասխան գործողությունները Շվեդիայի կողմից հովանավորվող ծրագրում, որն իրականացվում է խորհրդարանում։ Պարոն Սվենսոնը նաև արտահայտեց իր մտահոգությունները նման միջադեպերի վերաբերյալ առհասարակ և ընդգծեց խորհրդարանում վարքագծի կանոնների մշակման և պահպանման կարևորությունը»,- հանդիպման մանրամասները ներկայացրել է Թ. Թովմասյանը։
12:20 - 25 մայիսի, 2023
Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

Կիրառե՛ք պատժամիջոցներ. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ էուղղել միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղղել միջազգային գործընկերներին՝ պահանջելով կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ «Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։ Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ, միջազգային իրավունքը։ Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար»,-գրում է պատգամավորը։
12:00 - 11 մայիսի, 2023
Փաշինյանը ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր․ Թագուհի Թովմասյանը՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը

Փաշինյանը ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր․ Թագուհի Թովմասյանը՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպմանը

Կարևոր ու բովանդակալից հանդիպում ունեցա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։  «Գործընկերներիս ներկայացրի Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի կողմից մարդկանց՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված կենսական իրավունքների շարունակ խախտումների մասին: Ընդգծեցի, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով 120 հազար հայ 21-րդ դարում Արցախում ապրում է պատանդի կարգավիճակում՝ զրկված լինելով աշխարհի հետ կապից, էլեկտրաէներգիայի և գազի, սննդի և կենսական անհրաժեշտության պարագաների բավարար մատակարարումից, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետում: Ադրբեջանը, ի թիվս այլ հանցագործությունների, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը հայկական կողմի համար անընդունելի է: Պատմեցի, թե ինչպես վարդենիսցին չի կարողանում գնալ աշխատանքի Սոթքի հանքավայրում, քանի որ ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչպես Տեղ գյուղի ու ընդհանրապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակիչները հնարավորություն չունեն անասնապահությամբ զբաղվելու, քանի որ արոտավայրերն օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Խոսեցի նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին՝ մատնանշելով երկրում մարդկանց շարունակ խախտվող իրավունքները: Նշեցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բոլորովին այլ խոստումներով եկավ իշխանության, ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր»,- նշված է գրառման մեջ։ 
11:07 - 02 մայիսի, 2023
Էդգար Ղազարյանը դատական հայցեր է ներկայացրել ՔՊ–ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի դեմ

Էդգար Ղազարյանը դատական հայցեր է ներկայացրել ՔՊ–ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Ռուստամ Բաքոյանի դեմ

Մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը դատական հայցեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին և Ռուստամ Բաքոյանի դեմ։  Այս մասին Ղազարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարաններից խնդրելով պարտավորեցնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին (ով նաև հանդիսանում է խմբակցության քարտուղար) և Ռուստամ Բաքոյանին՝ ներողություն խնդրել 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում իմ հասցեին հնչեցրած վիրավորանք և զրպարտություն հանդիսացող արտահայտությունների համար՝ պահանջելով նաև փոխհատուցում»։ Ավելի վաղ Ղազարյանը դատական կարգով վիճարկել էր նաեւ Անահիտ Մանասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու մասին ՀՀ Ազգային ժողովի՝ 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը․ «Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքի մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումից դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չեմ ստացել, բացի դրանից, որ այն Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, իսկ այնտեղից՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարական շրջանների դատախազություն»,– գրել է նա։ Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցն էր, որի քննարկումն անցել էր լարված մթնոլորտում։   
19:40 - 01 մայիսի, 2023
Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավորների գործողությունների վերաբերյալ

Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավորների գործողությունների վերաբերյալ

Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն`2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների գործողությունների վերաբերյալ: Այս մասին Ղազարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը։ Նրանց իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք հստակ մատնանշվել են հաղորդման մեջ»,-գրել է նա: Ղազարյանը նաև նշել է, որ տեղյակ է, որ այդ օրվա դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել նաև ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Զավեշտ է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում, ուղիղ եթերում, լրագրողների և ողջ հասարակության աչքի առջև ակնհայտ խուլիգանություն և այլ հանցագործություններ կատարած խմբակի անդամները պիտի քննարկեն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով այն գլխավոր դատախազի միջնորդությունը, որի ընկերուհի-տեղակալը նույն օրը քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` խախտելով Սահմանադրությունը և իր ընտրությանն առնչվող բոլոր հնարավոր օրենքները»,-գրել է նա։
14:59 - 11 ապրիլի, 2023