Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հայտնում են ԱԺ-ից:
Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից և փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով՝ դրանք չեն իրականացվել, և կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում:
«Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որևէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը և հավելել՝ պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը:
Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից և դարձել է պետական սեփականություն:
Ըստ Առնակ Ավետիսյանի՝ մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել պետական գույքի կառավարման համակարգը և դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»:
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
comment.count (0)