Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին դրանք ավելացել են ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլար): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն ը հայտնում է, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողի խոսքով վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն, ըստ նրա, ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ:
Հեղինակը նշել է, որ Նախարարների կոմիտեի նիստի քննարկման ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների ժամանակ Ֆինանսների փոխնախարարը հայտնել է՝ նախարարությունը նպատակահարմար չի համարում բարձրացնել խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպության գործունեության հարկերը: Հեղինակի խոսքով 2010-2016 թվականների ընթացքում շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ զեկուցողը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:
Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ոլորտում տիրող իրավիճակի, կատարված ուսումնասիրությունների արդյունքների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Նախագծի նպատակն է, եթե ծավալները չփոխվեն, տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ ավելի եկամուտ ապահովել պետական բյուջե»,- ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Նա նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսում է կազմակերպել քննարկում ոլորտում գործող չորս ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում գուցե եւ հանդես կգան շրջանառության հարկի բարձրացման առաջարկությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծի փաթեթը եւ դրա վերաբերյալ Կառավարության առաջարկների նախագիծը քննարկվել է միայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեում, եւ Կառավարությունը պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել:
Ելույթներում պատգամավորները կարեւորել են քննարկվող թեման, առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ ոլորտն ուսումնասիրելու եւ դաշտը վերահսկելու, նոր գործիքակազմեր ներդնելու, հարկային նոր կարգավորումների անհրաժեշտություն կա: Նրանք հանդես են եկել նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել նման զգայուն թեմա եւ խնդիր բարձրացնելու համար: Կարեւորելով խնդիրը եւ ընդունելով, որ լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն կա՝ նա առաջարկել է օրենսդրական նախաձեռնությունը հետաձգել երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում կազմակերպելով աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ ստանալ Կառավարության դիրքորոշումը:
Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է ելույթներին, դիտարկումներին: Օրենսդրական նախաձեռնության հեղինակի պնդմամբ տեղի է ունեցել քվեարկություն, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
comment.count (0)