Արտակ Ապիտոնյան

Արտակ Գեւորգի Ապիտոնյանը (օգոստոսի 26, 1971, գ. Ալաշկերտ, Հոկտեմբերյանի շրջան), հայ դիվանագետ է, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։

1987-1992 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, 1991-1992 թթ. վերապատրաստվել է Թունիսի Հաբիբ Բուրգիբայի անվան լեզուների ինստիտուտում։1993 թ. ավարտել է Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի դիվանագիտական երկարաժամկետ հատուկ դասընթացները։

1993–1994թթ․ աշխատել է ՀՀ ԱԳՆ–ի Արաբական երկրների եւ Իսրայելի բաժնում, 1995-1997թթ․ եղել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար, 1998թ․՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, 1999-2002թթ․ եղել է Լիբանանում ՀՀ դեսպանության փոխդեսպան, գործերի հավատարմատար, 2003-2005թթ․՝ ՀՀ ԱԳՆ ՄԱԿ բաժնի պետ, 2005-2008թթ․՝ ՄԱԿ Ժնեւյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, խորհրդական, 2008-2009թթ․ եղել է ՀՀ ԱԳՆ վերլուծական վարչության խորհրդական, 2009-2013թթ․՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2013-2018թթ․ եղել է Շվեդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2014-2018թթ՝ Համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը Ստոկհոլմ)։

2018թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել. ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյան
 |1lurer.am|

Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել. ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյան |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ-ը արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։ «Երեք օրվա ընթացքում մեխանիզմն սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձևավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից:Չորրորդ հոդվածի գործարկման համար անհրաժեշտ է հստակ սահմանել իրավիճակը: Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել, սա առաջին դեպքն է։ Չէի ցանկանա ՀԱՊԿ-ում խորհրդակցությունների ընթացքը կանխորոշել»,- նշեց ԱԳ փոխնախարարը:  Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն՝ Ապիտոնյանն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե՛ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե՛ ԵԱՀԿ-ի գործող նախագահողին և տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։ ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց, որ այն ընթացքի մեջ է: 
23:43 - 14 մայիսի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՖԽՎ պատվիրակության անդամներին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՖԽՎ պատվիրակության անդամներին

Մայիսի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) պատվիրակությանը՝ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը ողջունեց պատվիրակության անդամներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու նախաձեռնության, ինչպես նաև՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում աջակցելու պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում Արտակ Ապիտոնյանը համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը և անդրադարձավ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի, մասնավորապես՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգ հայրենադարձմանը, ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը, Արցախում հումանիտար աջակցության հասանելիության ապահովմանը։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին։
20:46 - 11 մայիսի, 2021
Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաքելությունների համար. փոխարտգործնախարար

Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաքելությունների համար. փոխարտգործնախարար

Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը եղել է միջազգային ջանքերի մեկտեղման և համագործակցության խորացման ջատագովներից մեկը՝ կարևորելով ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը համավարակի դեմ պայքարի համակարգման գործում։ Հայաստանը միացել է մի շարք միջազգային նախաձեռնությունների, ներառյալ՝ COVAX ծրագրին, որոնք կարող են խթանել երկրների միջև փոխգործակցության խորացումը բոլոր մակարդակներում։ Նախարարի տեղակալը նշել է, որ ազգային մակարդակում Հայաստանի կառավարությունն ավելի քան 20 ծրագիր է իրականացրել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման, բնակչության խոցելի խմբերին օժանդակության տրամադրման և համավարակի պատճառով տուժած բիզնեսներին սատարելու ուղղությամբ։ Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային, որի արդյունքում առաջացել են մարդասիրական բնույթի նոր մարտահրավերներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում՝ զգալիորեն բարձրացնելով ճնշումը սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի վրա, որոնք արդեն իսկ գերծանրաբեռված էին համավարակի պատճառով։ Վերջինս նշել է, որ չնայած իր իսկ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար, որն իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար: Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։ Եզրափակելով ելույթը՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել արդյունավետ և համագործակցային բազմակողմ ինստիտուտներին, որոնք կարևոր դեր ունեն COVID-19 համավարակից կայուն վերականգնման գործում: 
20:33 - 17 մարտի, 2021
Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը

Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը

Փետրվարի 24-ին Էրբիլում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։ «Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ով ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն հայտնեց: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Նա նշեց, որ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների հիմքում են ընկած երկու ժողովուրդների պատմական ամուր կապերն ու բարեկամությունը: «Այսօր, հիրավի, նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում և արժանացել իշխանությունների բացառիկ բարյացկամ վերաբերմունքին։ Ուստի այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում» - նշեց նախարարի տեղակալը:դ Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն: Վերջինս բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին: ԱԳ նախարար Արտակ Ապիտոնյանը և ԻՔ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրեցին նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված ՀՀ պետական դրոշը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ», - նշված է հաղորդագրության մեջ:
22:35 - 24 փետրվարի, 2021
ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

Փետրվարի 24-ին Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:Ողջունելով ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշել է, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:Արտակ Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը:Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը՝ առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
22:31 - 24 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Համաժողովի բացման նիստում հանդես եկան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշեց, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:: Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին: ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:    
20:51 - 23 հունիսի, 2020
Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

Սա մեկ երրորդով թարմացված բանաձև է, եւ ուժեղացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը․ Արտակ Ապիտոնյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի մեկնաբանությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունման վերաբերյալ ▪️Բանաձևը վայելում էր 58 երկրների համահեղինակումը, ընդ որում՝ այստեղ ներգրավված էին երկրներ բոլոր 5 տարածաշրջաններից՝ ԵՄ բոլոր անդամ երկրները, եվրոպական այլ երկրներ, Ասիայից, Աֆրիկայից, Կենտրոնական և Լատինական Ամերիկայից, Ավտրալիան, Կանադան։ Նման լայնածավալ աջակցությունը վկայում է այն կարևորության մասին, որ միջազգային հանրությունը հատկացնում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգին։ ▪️Բանաձևը ևս մեկ անգամ կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քանի որ ընդունված փաստ է, որ այդ զանգվածային խախտումները, որոնք ունենում են էթնիկ, կրոնական և այլ բաղադրիչ, հետագայում կարող են հանգեցնել ցեղասպանությունների։ Մեր ներկայացրած բանաձևը ևս մեկ անգամ ամրապնդում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների հատուկ ընթացակարգերի միջև սերտ կապի հաստատումը՝ որպես վաղ կանխարգելման միջոցների ամրապնդման կարևորագույն գործոն: Հատուկ շեշտադրվում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների կանխարգելման դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևորագույն մաս. գաղտնիք չէ, որ ցեղասպանությունների ընթացքում նրանց հանդեպ բռնությունները հանդիսանում են գործողությունների բաղադրիչ։ Այս տարի ներդրված մեկ այլ նորամուծություն հուշարձանների պահպանման և հուշարձանների, հիշատակի վայրերի պահպանման կարևորությունն է՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանությունների վերաբերյալ հիշողության փոխանցման կարևորագույն խնդիր։ Ներկայացվում է նաև ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, և, մասնավորապես, նախկինում գործած ցեղասպանությունների ժխտումը կամ արդարացումը համարվում է գործոն, որը կարող է նպաստել բռնությունների վերսկսմանը։ Բանաձևի կարևորագույն բնութագրիչներից է ցեղասպանությունների կանխարգելմանը հատուկ գործնական քայլերով ուղղորդելու անհրաժեշտությունը, որն էլ ավելի ամրապնդում է միջազգային հանրության ջանքերն այդ սարսափելի ոճրագործությունն այլևս երբեք թույլ չտալու ուղղությամբ։  Այս բանաձևը ևս մեկ որակապես նոր քայլ է, մեկ երրորդով թարմացված բանաձև է և բերում է բազմաթիվ նոր բաղադրիչներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն ուժեղացնելու համար։
22:16 - 22 հունիսի, 2020
Երեւանում «Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով համաժողով է անցկացվել

Երեւանում «Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով համաժողով է անցկացվել

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովին: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շնորհակալություն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին և նրա տնօրեն Թևան Պողոսյանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակին և Հայաստանի միգրացիոն ծառայությանն այս նախաձեռնության համար։ Ցանկանում եմ ողջունել նաև մեր մյուս մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և մեր բոլոր մյուս մասնակիցներին։  20 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց Փախս­տականների համաշխարհային օր: Այս քայլը նախ և առաջ հարգանքի դրսևորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել էին փախստական: Օրվա առիթը ևս մեկ հնարավորություն է հետադարձ հայացք գցելու և գնահատելու այն քայլե­րը, որոնք արվել և արվում են փախստականներին օգնելու նպատակով: 20-րդ դարը կոչել են փախստականների դարաշրջան: Դարասկզբին Հայաստանը և հայությունը դարձել էին նոր ձևավորվող համաշխարհային մարդասիրական գործողությունների առաջին նպատակակետերից: Հայ փախստականներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն աշխարհում առաջին լայնածավալ, ժամանակակից հումանիտար արձագանքման ծրագիրն էր: Այսօր հատուկ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Ազգերի լիգայի փախս­տականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, որին հայ ժողովուրդն առանձնակի սիրով և ջերմությամբ է հիշում: Նանսենի գործունեության արդյունքում ցեղասպանությունից փրկված 320 հազար փախստական հայեր ստացան «նանսենյան» կոչվող անձնագրեր, որոնք մնացին նրանցից շատերի միակ անձնագիրը տասնամյակներ շարունակ: Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում ևս ստիպված է եղել դիմագրավել փախստականների աննախադեպ հոսքին: Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1988թ. փետրվարից Ադրբեջանի հայ ազգաբնակչության նկատմամբ բռնությունների և ջարդերի արդյունքում իրենց մշտական բնակավայրերը լքեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400 հազարը գաղթեց Հայաստան: Ավելի ուշ, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությունների և Արծվաշեն բնակավայրի գրավման արդյունքում անօթևան մնացին ևս 72 հազար ներքին տեղահանվածներ: Փաստորեն, նորանկախ Հայաստանին բաժին հասավ ավելի քան կես միլիոն տեղահանվածների, ինչպես նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով ավելի քան կես միլիոն անօթևան մնացած մարդկանց անհետաձգելի կարիքների լուծման պատասխանատվությունը: Մարդկանց ծածկով ապահովելու հիմնախնդիրը լուծելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները՝ հյուրանոցները, հանգստյան տները, դպրոցական և վարչական շենքերը: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեցին ծանոթների, բարեկամների, անգամ անծանոթ անձանց տներում: Փախստականներին օգնելու և նրանց հոգսերը կիսելու տեղի բնակչության պատրաստակամության շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ խուսափելու փախստականների համար վրանային քաղաքներ և թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից: Այս շրջանում անգնահատելի էր միջազգային հանրության, այդ թվում նաև ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ճանապարհով ստացվող օժանդակությունը: 1990-ական թվականների կեսերին արդեն իսկ պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձը հայերի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քաղաքականություն վարող երկիր իրատեսական չէ: Այս պայմաններում, մեր կառավարությունը որդեգրեց նատուրալիզացիայի ճանապարհը: Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Պետք է շեշտեմ, որ Հայաստանի և Արցախի կառավարությունների իրականացրած նատուրալիզացիայի հաջող ծրագրերը ամենևին չեն նշանակում փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու կամ կրած նյութական վնասների համար փոխահատուցում ստանալու խնդրի բավարարում: Սա մնում է յուրաքանչյուր փախստականի և նրա սերունդների անքակտելի իրավունքը: Պետք է նշեմ, որ նույնիսկ փոխհատուցումների խնդրում Հայաստանը փորձել է կատարել առավելագույնը: Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնությամբ ժամանակ են ունեցել և իշխանությունների կողմից նրանց հնարավորություն է տրվել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, ստանալու բանկային խնայողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Մինչդեռ Բաքվի և Սումգայիթի ջարդերից և Դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից Հայաստան և Արցախ գաղթած հայ փախստականները, որոնք հասկանալի պատճառներով այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը Արցախի հանդեպ հրահրեց նոր ռազմական ագրեսիա: Թալիշի, Մարտունու, Մարտակերտի և Հադրութի տեղահանված երկու հազարից ավել այն բնակիչներին, որոնք կարճատև ապաստան գտան Հայաստանում, իրենց օժանդակությունը ցուցաբերեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որոնց, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել: Հայաստանի կառավարությունը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչության հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում տարածքի կարգավիճակից: Իմ այս խոսքերն արդիական են նաև մեր այսօրվա համատեքստում, երբ մարդկությունը համախմբվել է COVID-19 համավարակի դեմ պայքարում: Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում առկա ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, նրանք զրկված են արտաքին օգնությունից և միջազգային պաշտպանությունից: Դա տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի ՓԲՀԳ-ի պարագայում, որն իր մանդատով լիազորված է, առանց հակամարտությունների առումով քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերելու փախստականներին: Կարծում ենք, որ սա այն խնդիրն է, երբ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից իրականացվող ճնշումներին:  Չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին՝ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց: Տարբեր տարիներ Հայաստանն ընդունել է փախստականներ Իրաքից և Սիրիայից: 2009 թվականին Դարբնիկ գյուղում շահագործման հանձնվեց Իրաքի փախստականների համար ՄԱԿ-ի աջակցությամբ կառուցված առաջին Սոցիալական տունը: Այսօր Հայաստանում ապրում և արարում են Սիրիայից ժամանած շուրջ 22 000 փախստականներ: Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է փախստականների տարբեր՝ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային, բարոյա-հոգեբանական կարիքները հոգալու համար իրական քայլեր իրականացնելու տրամաբանությամբ: Հայաստանը նաև իր հնարավորություններն է ներդնում փախստականների խնդիրների լուծման միջազգային ջանքերին:  Վերջին տասնամյակում աշխարհը կրկին կանգնեց նոր մարտահրավերների առջև, որոնց հետևանքներից է փախստականների մեծ հոսքերի առաջացումը: Ճգնաժամին դիմակայելու համար ընդունվեց ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ կոչվող փաստաթուղթը, որի մշակման գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել  նաև Հայաստանի Հանրապետությունը: Փաստաթղթի հիմնական նպատակն է համատեղ ուժերով դիմակայել նոր մարտահրավերներին՝ հավասար կերպով կիսելով երկրների բեռը: 2015թ. ապրիլից Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործադիր կոմիտեի անդամ՝ դրանով իսկ միջազգային հարթակներում իր ներդրումն ունենալով փախստականների խնդիրների լուծման գործում: Գաղտնիք չէ, որ հենց մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներն են հաճախ տեղահանման պատճառ դառնում, և այս առումով առավել խոցելի են ազգային, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները: Ընտրվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն այս կառույցում իր գործունեության առաջնահերթությունների թվում ընդգրկել է նաև փախստականների իրավունքներին, փախստականների հոսքեր ծնող պատճառներին անդրադառնալու հարցերը: Մենք համոզված ենք, որ ամեն երկիր պետք է կարողանա լիարժեքորեն օգտագործել փախստականների ներուժը, ինչը կնպաստի նրանց ռեալ ինտեգրմանը ընդունող երկրում»։
12:25 - 21 հունիսի, 2020