ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովին: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Շնորհակալություն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին և նրա տնօրեն Թևան Պողոսյանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակին և Հայաստանի միգրացիոն ծառայությանն այս նախաձեռնության համար։ Ցանկանում եմ ողջունել նաև մեր մյուս մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և մեր բոլոր մյուս մասնակիցներին։
20 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց Փախստականների համաշխարհային օր: Այս քայլը նախ և առաջ հարգանքի դրսևորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել էին փախստական: Օրվա առիթը ևս մեկ հնարավորություն է հետադարձ հայացք գցելու և գնահատելու այն քայլերը, որոնք արվել և արվում են փախստականներին օգնելու նպատակով:
20-րդ դարը կոչել են փախստականների դարաշրջան: Դարասկզբին Հայաստանը և հայությունը դարձել էին նոր ձևավորվող համաշխարհային մարդասիրական գործողությունների առաջին նպատակակետերից: Հայ փախստականներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն աշխարհում առաջին լայնածավալ, ժամանակակից հումանիտար արձագանքման ծրագիրն էր:
Այսօր հատուկ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, որին հայ ժողովուրդն առանձնակի սիրով և ջերմությամբ է հիշում: Նանսենի գործունեության արդյունքում ցեղասպանությունից փրկված 320 հազար փախստական հայեր ստացան «նանսենյան» կոչվող անձնագրեր, որոնք մնացին նրանցից շատերի միակ անձնագիրը տասնամյակներ շարունակ:
Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում ևս ստիպված է եղել դիմագրավել փախստականների աննախադեպ հոսքին: Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1988թ. փետրվարից Ադրբեջանի հայ ազգաբնակչության նկատմամբ բռնությունների և ջարդերի արդյունքում իրենց մշտական բնակավայրերը լքեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400 հազարը գաղթեց Հայաստան: Ավելի ուշ, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությունների և Արծվաշեն բնակավայրի գրավման արդյունքում անօթևան մնացին ևս 72 հազար ներքին տեղահանվածներ:
Փաստորեն, նորանկախ Հայաստանին բաժին հասավ ավելի քան կես միլիոն տեղահանվածների, ինչպես նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով ավելի քան կես միլիոն անօթևան մնացած մարդկանց անհետաձգելի կարիքների լուծման պատասխանատվությունը: Մարդկանց ծածկով ապահովելու հիմնախնդիրը լուծելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները՝ հյուրանոցները, հանգստյան տները, դպրոցական և վարչական շենքերը: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեցին ծանոթների, բարեկամների, անգամ անծանոթ անձանց տներում: Փախստականներին օգնելու և նրանց հոգսերը կիսելու տեղի բնակչության պատրաստակամության շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ խուսափելու փախստականների համար վրանային քաղաքներ և թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից: Այս շրջանում անգնահատելի էր միջազգային հանրության, այդ թվում նաև ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ճանապարհով ստացվող օժանդակությունը:
1990-ական թվականների կեսերին արդեն իսկ պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձը հայերի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քաղաքականություն վարող երկիր իրատեսական չէ: Այս պայմաններում, մեր կառավարությունը որդեգրեց նատուրալիզացիայի ճանապարհը: Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:
Պետք է շեշտեմ, որ Հայաստանի և Արցախի կառավարությունների իրականացրած նատուրալիզացիայի հաջող ծրագրերը ամենևին չեն նշանակում փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու կամ կրած նյութական վնասների համար փոխահատուցում ստանալու խնդրի բավարարում: Սա մնում է յուրաքանչյուր փախստականի և նրա սերունդների անքակտելի իրավունքը:
Պետք է նշեմ, որ նույնիսկ փոխհատուցումների խնդրում Հայաստանը փորձել է կատարել առավելագույնը: Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնությամբ ժամանակ են ունեցել և իշխանությունների կողմից նրանց հնարավորություն է տրվել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, ստանալու բանկային խնայողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Մինչդեռ Բաքվի և Սումգայիթի ջարդերից և Դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից Հայաստան և Արցախ գաղթած հայ փախստականները, որոնք հասկանալի պատճառներով այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանը Արցախի հանդեպ հրահրեց նոր ռազմական ագրեսիա: Թալիշի, Մարտունու, Մարտակերտի և Հադրութի տեղահանված երկու հազարից ավել այն բնակիչներին, որոնք կարճատև ապաստան գտան Հայաստանում, իրենց օժանդակությունը ցուցաբերեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որոնց, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել:
Հայաստանի կառավարությունը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչության հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում տարածքի կարգավիճակից: Իմ այս խոսքերն արդիական են նաև մեր այսօրվա համատեքստում, երբ մարդկությունը համախմբվել է COVID-19 համավարակի դեմ պայքարում:
Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում առկա ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, նրանք զրկված են արտաքին օգնությունից և միջազգային պաշտպանությունից: Դա տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի ՓԲՀԳ-ի պարագայում, որն իր մանդատով լիազորված է, առանց հակամարտությունների առումով քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերելու փախստականներին: Կարծում ենք, որ սա այն խնդիրն է, երբ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից իրականացվող ճնշումներին:
Չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին՝ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց: Տարբեր տարիներ Հայաստանն ընդունել է փախստականներ Իրաքից և Սիրիայից:
2009 թվականին Դարբնիկ գյուղում շահագործման հանձնվեց Իրաքի փախստականների համար ՄԱԿ-ի աջակցությամբ կառուցված առաջին Սոցիալական տունը: Այսօր Հայաստանում ապրում և արարում են Սիրիայից ժամանած շուրջ 22 000 փախստականներ: Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է փախստականների տարբեր՝ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային, բարոյա-հոգեբանական կարիքները հոգալու համար իրական քայլեր իրականացնելու տրամաբանությամբ:
Հայաստանը նաև իր հնարավորություններն է ներդնում փախստականների խնդիրների լուծման միջազգային ջանքերին: Վերջին տասնամյակում աշխարհը կրկին կանգնեց նոր մարտահրավերների առջև, որոնց հետևանքներից է փախստականների մեծ հոսքերի առաջացումը: Ճգնաժամին դիմակայելու համար ընդունվեց ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ կոչվող փաստաթուղթը, որի մշակման գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունը: Փաստաթղթի հիմնական նպատակն է համատեղ ուժերով դիմակայել նոր մարտահրավերներին՝ հավասար կերպով կիսելով երկրների բեռը:
2015թ. ապրիլից Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործադիր կոմիտեի անդամ՝ դրանով իսկ միջազգային հարթակներում իր ներդրումն ունենալով փախստականների խնդիրների լուծման գործում:
Գաղտնիք չէ, որ հենց մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներն են հաճախ տեղահանման պատճառ դառնում, և այս առումով առավել խոցելի են ազգային, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները: Ընտրվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն այս կառույցում իր գործունեության առաջնահերթությունների թվում ընդգրկել է նաև փախստականների իրավունքներին, փախստականների հոսքեր ծնող պատճառներին անդրադառնալու հարցերը:
Մենք համոզված ենք, որ ամեն երկիր պետք է կարողանա լիարժեքորեն օգտագործել փախստականների ներուժը, ինչը կնպաստի նրանց ռեալ ինտեգրմանը ընդունող երկրում»։
comment.count (0)