ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան
22:31 - 24 փետրվարի, 2021

ՀՀ դիվանագիտական առաքելությունը հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանա․ Արտակ Ապիտոնյանի այցն Իրաքյան Քուրդիստան

Փետրվարի 24-ին Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Ողջունելով ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշել է, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:

Արտակ Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը:

Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը՝ առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել