Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին
14:21 - 11 մայիսի, 2020

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Աշոտ Ղուլյանը ողջունել է պատգամավորների հերթական այցը Արցախ և շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ: Խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել այն և համոզմունք հայտնել, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Էդմոն Մարուքյանը նաև բարձր է գնահատել ԱՀ ԱԺ նախագահի դերը՝ Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում:

Մանե Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական երկու հանրապետություններում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել