Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի մասով պարտադրված որոշումը․ Աշոտ Ղուլյան
12:38 - 24 փետրվարի, 2023

Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի մասով պարտադրված որոշումը․ Աշոտ Ղուլյան

Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։  

«Միշտ էլ կարելի է պահանջվող բառեր գտնել (երբեմն նույնիսկ սրտաճմլիկ) ՝ արդարացնելու այն քայլերը, որոնք շատերի համար այդպես էլ մնում են անհասկանալի: Մեր օրերում այդքան էլ դժվար չէ այդ ամենը շարել. սպիչրայթերների պակաս չկա, եթե դրան էլ հավելենք, որ ելույթներ գրողներն էլ սեփական մտքերն են կցում տեքստին (մուռը հանելու մտայնությամբ)՝ ամեն ինչ ստացվում է լացելու չափ տխուր, բայց նաև ծանոթ: Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը: Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Աշոտ Ղուլյանը նշել է․ «Երկար գրելու կարիք չկա, ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ լավ հիշել 2023թ. փետրվարի 23-ի դեպքերը, ստորագրված հրամանագիրը և այդ առթիվ հնչեցված ուղերձը (դժվար կլինի այդքանը հիշել, սակայն ուղերձի՝ Արցախի ապագային վերաբերող հատվածը հիշելը պարտադիր է): Մի հայտնի անեկդոտ հիշեցի. երբ ծովում խեղդվող մեկին Աստված երկու անգամ օգնության ձեռք է մեկնում, բայց այս մարդը չի հասկանում ուղարկված նշանները և շարունակում է սպասել, որ հենց Աստվածը իրեն հանի այդ անելանելի վիճակից… Հույս ունեմ, մեզ ուղարկված նշանը վերջինը չէ: Հասկացողը կհասկանա»,- ընդգծված է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ի Կառավարության նիստում Արցախի նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը և նշել․ «Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից: Մեր ժողովուրդը համառորեն համախմբվեց և ընտրեց մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձությունները արժանապատվորեն և բաց ճակատով հաղթահարելու ճանապարհը: Ես հիմա ուզում եմ հրապարակայնորեն ասել, որ այդ պայքարը նաև հանուն մեզ համար մեծ արժեք ներկայացնող Ռուբեն Վարդանյան անձի էր»:

Ռուբեն Վարդանյանը իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից․․․ դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել