hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։
Նախորդ դատական նիստին Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց էին ներկայացրել դատախազության դեմ, ինչը մերժել էր դատարանը:
Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հայտնեց, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ Բալայանի` օգոստոսի 14-ին իրենց բողոքը հասել է Վերաքննիչ դատարան, սակայն հնարավորություն չեն ունեցել ճշտելու, թե որ փուլում է այժմ բողոքի քննությունը:
Դատարանը պատրաստվում էր ապացուցման բեռի բաշխում իրականացնել, սակայն քանի դեռ Վերաքննիչ դատարանի որոշումը չկա հակընդդեմ հայցի բողոքի մասին, չի կարող բաշխումն իրականացվել:
Դատարանը հաջորդիվ լսեց երկու կողմերի տեսակետները, թե ապացուցման բեռի բաշխման ինչպիսի մոտեցումներ ունեն: Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշման ժամկետի վերաբերյալ հստակ տեղեկություն չկար, հաջորդ նիստի օր չնշանակվեց: Եվ կախված վերադաս ատյանի որոշումից` դատարանը կնշանակի նիստի օր կամ ապացուցման բեռի բաշխման մասին որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին:
comment.count (0)