Գագիկ Բեգլարյանը հափշտակել է Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր
10:23 - 16 նոյեմբերի, 2022

Գագիկ Բեգլարյանը հափշտակել է Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության  շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ 

Մասնավորապես՝​

  1. Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր.
  2. Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25.
  3. Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129.
  4. Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35.
  5. Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89.
  6. Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366.
  7. Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33.
  8. Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50.
  9. Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52.
  10. Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121.
  11. Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1.
  12. Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53.
  13. Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83.
  14. Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43.
  15. Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121.
  16. Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100.
  17. Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83.
  18. Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37.
  19. Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96.
  20. Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45.
  21. Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37.
  22. Արմենակյան փողոց 153 (հողամաս).
  23. Սարյան փողոց 36/4 (հողամաս).
  24. Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս):

Այնուհետև, նշված պաշտոնատար անձը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար:

Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Գ.Բ.-ի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով  գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ,  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):

Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Գ.Բ.-ին մեղադրանք ներկայացնելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության և համայնքի օրինական շահերը և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել