Արաբական պետությունների լիգան միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20-ից ավելի արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։
Արաբական Լիգայի խարտիան, որը հայտնի է նաև որպես Արաբական Պետությունների Լիգայի Պակտ անվամբ, Արաբական Լիգայի հիմնադիր պայմանագիրն է: Այն ընդունվել է 1945 թվականին և նախատեսում է, որ Արաբական Պետությունների Լիգան կազմված է անկախ արաբական պետություններից, որոնք ստորագրել են այս Պակտը։
1945 թվականին նրա կազմում նախապես եղել են վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական Լիգան զբաղեցնում է 14 մլն քառ․կմ տարածք և նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքը Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա) և Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։
20-րդ դարի երկրորդ կեսին նկատվում էր անդամների թվի ավելացում և ընդհանուր առամբ անդամակցեցին 15 արաբական պետություն։ 2011 թվականին Սիրիան դադարեց անդամ լինելուց, երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016 թվականի դրությամբ անդամ են 22 պետություն։