ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ
18:02 - 18 նոյեմբերի, 2023

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:

Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։

Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և դեռ պահպանվող խնդիրներին ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ նպատակով կառուցողականորեն ներգրավված է եղել բանակցություններում։ 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար: 

Զրուցակցիներն անդրադարձել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցերի՝ երկուստեք գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի կապակցությամբ: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ կարևորելով փաստացի հայրենազրկված փախստականների կարիքների և իրավունքների պատշաճ հասցեագրման հրամայականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել