Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք․ Արամ Սարգսյան
Մենք ամեն գնով ձևավորելու ենք եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որովհետև եթե ազգը նորից չվերամիավորվի և չհամախմբվի, մենք միշտ պարտություն ենք կրելու։ Այս մասին երեկ՝ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Միավորված հայը անպարտելի է։ Իսկ պառակտված հայը դատապարտված է։ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք»։
Նա նաև նշել է, որ իրենց երկրորդ խնդիրն է համախմբել համահայկական կապիտալը։ «Մենք ինչու՞ ենք ասում այս 30 տարվա համակարգը իր բոլոր արատներով բերել հասցրել է այս իրավիճակին։ Որովհետև համակարգը չի փոխվել։ Պարոնը ասում է, որ հեղափոխություն է եղել։ Ոչ մի հեղափոխություն չի եղել, հեղափոխությունը լինում է այն ժամանակ, երբ համակարգն է փոխվում, իսկ հիմա համակարգը շարունակվում է նույնը մնալ»։
Արամ Սարգսյանի խոսքով՝ գործող համակարգը թույլ չի տվել սոցիալական արդարության սկզբունքը հաստատել։ «Համակարգը թույլ չի տվել, որպեսզի պետությունը իր կարգավորիչ դերը իրականացնի։ Այսօր ամբողջ տրված է մասնավորին, թե մասնավորը ինչ կանի, իր խղճի գործն է։ Մենք առաջարկում ենք, որ գոնե փոքր և միջին բիզնեսին հնարավորություն տանք զարգանալու։ Կարելի է իրականացնել հետևյալ քաղաքականությունը։ Օրինակ, եթե նա իր շահույթի 25%-ը ներդնում է նորից իր գործը զարգացնելուն, մենք նրան շահույթի հարկը չենք վերցնում 25%-ով, եթե 35, ապա ավել, իսկ 50% պլյուս եթե ներդնում է իր սեփական գործը զարգացնելու համար, մենք շահութահարկ ընդհանրապես չենք վերցնում»։
Արամ Սարգսյանը նաև ասել է, որ անհրաժեշտ է իրականացնել գույքագրում՝ հասկանալու համար, թե 30 տարվա ընթացքում ինչ է մնացել պետությունում։ «Մսխել են այնքան հարստություն, որ ասելու չի։ Մենք պետք է ամբողջությամբ գույքագրումն անենք, քաղաքական և իրավական գնահատական տանք նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ոչ միայն նրա համար, որ ոմանք պատժվեն, այլ նրա համար, եկող իշխանությունը իմանա, որ իրեն էլ է դա սպասվում»։
11:54 - 14 հունիսի, 2021