Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|
09:24 - 18 հունիսի, 2021

Քաղաքական ուժերի մի մասը կողմ է ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը. որ ուժերը միմյանց հետ կհամագործակցեն |armtimes.com|

armtimes.com: Հանրային ՀԸ-ի՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարաշվի շրջանակներում իրականացվող բանավեճի ընթացքում մասնակցող քաղաքական թիմերի առաջնորդները հայտնեցին, թե որ ուժի հաղթանակի դեպքում են պատրաստ համագործակցել:

«5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ բացառում է այժմյան իշխանությունների հետ համագործակցությունը.

«Բացառում եմ նաև նախկին իշխանությունների հետ կոալիցիայի կազմումը: Մենք կառաջարկենք ազգային համաձայնության կառավարության ձևավորում և չենք համաձայնի վարչապետի թեկնածուներից և ոչ մեկի հետ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ վստահություն հայտնեց, որ ընտրությունները լինելու են ազատ և անկախ.

«Այդպիսի ընտրությունների դեպքում ես շնորհավորելու եմ հաղթող ուժին: Համագործակցելու մասին էլ կարող ենք խոսել ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո»,-ասաց Սարգսյանը:

Էդմոն Մարուքյանն էլ բացառեց կոալիցիայի կազմումը և նախկին, և ներկա իշխանությունների հետ.

«Մենք առաջարկում ենք ազգային միասնության կառավարություն: Եթե դա չլինի, ապա երկիրը շարունակաբար մնալու է ցնցումների մեջ»:

«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն էլ հայտնեց, որ ընդունելու է իր պարտությունը, եթե տեսնի, որ բացահայտ պարտվել է.

«Պետք է ուժերի միավորում, խնդիրը հիմա բարդ է, մեկ մարդու խելքի բան չէ»:

ՔՊ առաջին համար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ժողովրդի կամքն իրենց համար անբեկանելի է.

«Մենք չենք ասում՝ կընդունենք ժողովրդի այն որոշումը, որը մեր ճաշակով է: Մենք ասում ենք ժողովուրդը բարձրագույն տեր է ՀՀ-ում: Եթե ժողովուրդը գտնի, որ մենք պետք է գնանք, մենք կգնանք»:

«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գլաստյանն էլ է այն մտքին, որ այս հարցին կարելի է պատասխանել ընտրություններից հետո.

«Մեծ մտավախություն ունեմ, որ իշխանությունների կողմից հնաավոր է ընտրությունները կեղծվեն: Բայց այդ պրոցեսներին կանդրադառնանք ընտրություններից հետո»:

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ ՀՀ քաղաքացիները այս օրերին պառակտված են.

«Մի մասը մոլորված է, մի մասը՝ անտարբեր, մենք չունենք այնպիսի էլեկտորատ, որը կողմնորոշվելու է ոչ թե անձի միջոցով, այլ ընտրելու է գաղափարախոսությունը, ծրագիրը: Եվ մենք չգիտենք, թե ինչպիսի ընտրություններ կանցնեն: Եթե չլինեն կեղծիքներ, մենք կընդունենք ընտրությունների արդյունքները , բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքական ուժը հաղթահարելու է այն շեմը, որը կա»,-եզրափակեց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել