Ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ «ՔՊ-ի աջակիցը, գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը․ Վահագն Ալեքսանյան
Քիչ առաջ որոշ լրատվականների կողմից հրապարակված «ՔՊ-ի աջակիցը՝ գումարը ձեռքին շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում» վերտառությամբ հոդվածը ակնհայտ կեղծ է և մանիպուլյատիվ, իսկ քաղաքական որոշ ուժերի դրան հաջորդած մեկնաբանությունները մեղմ ասած ծիծաղելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Կադրում ՔՊ աջակից Էդգար Ավագյանն է, ում ձեռքին էլ 50 000 դրամ գումար է, որով կադրերից րոպեներ անց գնացել է Գորիս և շտաբի աշխատակիցների ու վստահված անձանց հերթափոխի համար ուտելիք գնել, տեղեկությունը, թե գումարը ձեռքին շրջել է ընտրատարածքով բացարձակ անհեթեթություն է։ Սա ստուգելը ընդամենը րոպեների հարց է իրավապահների համար, ինչը և հորդորում ենք անել։
Հանկարծ մտքներովդ չանցնի, թե կարող եք մեզ մեղադրել նրանում, ինչը մենք մերժել ու մերժում ենք մեր էությամբ։ Իսկ ընտրակաշառք բաժանելու տեխնոլոգիաների մասին կարող եք հատուկ մաստեր-կլաս խնդրել ձեր քաղաքական տանիքներից»,- գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ ավելի վաղ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ նշելով այն որպես հանցագործության մասին հաղորդում։
20:11 - 17 հոկտեմբերի, 2021