ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր - ՄԱԶԾ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ունենալով ամենալայն մանդատը, կայուն զարգացման խնդիրների շուրջ աշխատում է բոլոր ուղղություններով: ՄԱԶԾ-ն գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` ճգնաժամերին դիմակայելու հարցում զորակցելով պետություններին: Մնայուն ներկայություն ունի ավելի քան 170 երկրում և տարածքում։ 

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993 թվականին։ ՄԱԶԾ երկրի ծրագիրը (Country Programme) լիովին համահունչ է ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին և կենտրոնացած է երեք ոլորտների ուղղությամբ.

  1. աղքատության հաղթահարում,
  2. ժողովրդավարական կառավարում,
  3. շրջակա միջավայր և էներգիա։
Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արդեն 4 ամիս է՝ «Ինֆոքոմը» փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որ աղբյուրից որքան գումար է հատկացվել, ինչ ուղղություններով է այն ծախսվել եւ, ի վերջո, հավաքագրված միջոցների որ մասն է հասել ուղիղ շահառուին։  Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատներին եւ 4 միջազգային կառույցներին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե հավաքագրված գումարի որքան մասն է հատկացվել աշխատավարձերին, խորհրդատվություններին, միջոցառումների կազմակերպմանը, իսկ որքան մասը՝ ուղիղ տեղահանվածներին։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ գործընկեր պետությունները եւ թե՛ միջազգային կառույցները չեն տրամադրել արձագանքմանն ուղղված ծախսերի բացվածքը, ինչը սահմանափակում է ուղիղ շահառուներին հատկացրած գումարի չափը հասկանալու հնարավորությունը։  Ավելին, մեր հարցումներին ոչ բոլորն են արձագանքել։ Իրանը եւ Չինաստանը ընդհանրապես հրաժարվել են տվյալներ տրամադրել։ Ընդհանրական տեղեկություններ հայտնել են միայն Կանադան, Շվեդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Գերմանիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Եվրամիությունը։ Մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ այլ, չեն պատասխանել գրավոր հարցումներին (ընդ որում՝ կրկնակի) եւ բազմաթիվ հեռախոսազանգերին։  Ուղիղ նվիրատվություն տեղահանվածների աջակցության հատուկ հաշվեհամարին Կառավարությունը, տեղեկության տրամադրումը տեւական ժամանակ ձգձելուց հետո, ուղարկել է տվյալներ՝ ուղիղ բյուջետային աջակցության, բնաիրային աջակցության, վարկային արտոնությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են նաեւ ընդհանրական տեղեկություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հավաքագրված միջոցների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայտարարած աջակցության մասին:  ՀՀ ֆինանսների նախարարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար 350 000 եւ 50 000 եվրոյի չափով (դոլարային արժույթով՝ ~380 000 եւ ~54 000)։ Չինաստանը հայտարարել էր 1 մլն դոլարի աջակցության մասին, որի կեսը տրամադրել է անցած տարվա նոյեմբերին, մյուսն կեսն էլ պետք է տրամադրեր մինչեւ այս տարվա հունիս ամիսը։ Անդրադառնալով Եվրոպական միության կողմից հայտարարված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը՝ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի նպատակն է նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրներին արձագանքմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությանը աջակցմանը: Եվրամիության տրամադրած ֆինանսական աջակցությանը կանդրադառնանք ստորեւ։ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված աջակցություն Կառավարությունից մեզ հայտնել էին, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ «Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի» շրջանակում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 49,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով հայտարարվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով՝ 13,2 մլն: Մեր բանավոր ճշտող հարցին՝ հայտարարվել է, բայց դեռ չի՞ փոխանցվել, կա՞ արդյոք տեղեկություն, թե հայտարարված աջակցությունը երբ է տրամադրվելու, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից պատասխանել են, որ հայտարարված բառը նշանակում է, որ այդքանի խոստում է եղել, բայց թե դրա որ մասն է դառնալու իրականություն, ասել չեն կարող։ Վերոնշյալ աջակցության մի հատվածն է միայն իրականացվել Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորման եղանակով: Մասնավորապես, փախստականներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միանվագ 50-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորել են ԿԽՄԿ-ն, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, UNHCR-ը եւ Շվեյցարական կարմիր խաչը՝ 525 մլն դրամի չափով։  Նույն ծրագրի շրջանակում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու նպատակով այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է եւս շուրջ 435,5 մլն դրամ, որի բացվածքը ներկայացնում ենք ստորեւ։  Մեկ այլ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար 40+10-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորվել է ԿԽՄԿ-ի, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, UNHCR-ի, Շվեյցարական կարմիր խաչի կողմից․ այս կազմակերպությունները Հայկական կարմիր խաչի միջոցով տրամադրել են 3 մլրդ 425 մլն դրամ: Ինչ վերաբերում է բնաիրային աջակցությանը՝ հումանիտար բեռներ են ստացվել հետեւյալ պետություններից՝ Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Չինաստան, Ռումինիա, ՌԴ-ից, Ֆինլանդիա, ինչպես նաեւ UNHCR-ից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, մասնավոր այլ նախաձեռնությունների կողմից:  Հումանիտար բեռները հիմնականում ներառել են մահճակալներ, քնապարկեր, անկողնային, խոհանոցային եւ հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ: Ստացվել են նաեւ առողջապահական կարիքների համար նախատեսված բեռներ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լիտվայի, ինչպես նաեւ շուրջ մեկ տասնյակ միջացգային կազմակերպությունների կողմից: Աջակցություններ միջազգային կազմակերպություններից եւ գործընկեր պետություններից  Եվրոպական միություն Եվրոպական Միությունից մեզ հայտնել են, որ ԵՄ մոբիլիզացրած ընդհանուր ռեսուրսները (ներառյալ պայմանագրային եւ նախապատրաստման փուլում գտնվող) կազմում են 67 միլիոն եվրո։ Այս գումարը ներառում է՝  - 2023 թվականի աշնանը 12,15 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը՝ ուղղված Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) միջոցով:  - Լրացուցիչ 5,5 միլիոն եվրո է մոբիլիզացվել DG ECHO-ի կողմից 2024 թվականի ընթացքում՝ փախստականների միջնաժամկետից մինչեւ երկարաժամկետ կարիքների բավարարման միջոցառումների համար: - 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության տրամադրման մասին՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարիքները հոգալու իր ծրագրերին:  - 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՄ պատվիրակությունը տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել երեք ծրագրերի համար (ընդհանուր արժեքը՝ 180 000 եվրո)՝ ուղղված փախստականներին անմիջական աջակցություն տրամադրելուն:  - Նույն ժամանակահատվածում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք  ընթացիկ ծրագրերի բյուջեներ վերաբաշխվել են՝ փախստականներին աջակցելու նպատակով։ Մոտ 500 000 եվրո ընթացիկ ծրագրերից վերաբաշխվել է փախստականների կարիքներին արձագանքմանը:  ԵՄ պատվիրակությունը ներկայումս պլանավորում է իրականացնել 3 ծրագիր՝ (ընդհանուր արժեքը՝ 8,8 միլիոն եվրո), քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումների հետ։  ԵՄ-ից հայտնել են, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է նախապատրաստվում փախստականների միջնաժամկետից երկարաժամկետ կարիքները հոգալու համար, եւ ակնկալվում է, որ կստորագրվի մինչեւ 2024 թվականի վերջը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ԵՄ անդամ պետությունները մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 35 միլիոն եվրո՝ ԼՂ-ից փախստականների կարիքները հոգալու համար:  Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի պատճառով ծանր այրվածքներ ունեցող 24 անձ տեղափոխվել է ԵՄ 7 անդամ երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Իսպանիա, բուժում ստանալու։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը առավել խոցելի վիճակում գտնվող 5500 փախստականի 6 ամիս ժամկետով հատկացրել է ամսական 125 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 4 մլն 125 հազար դոլար։ UNHCR-ը իր գործընկերներից 97 միլիոն դոլար է խնդրել` փախստականների հրատապ կարիքներին 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը արձագանքելու նպատակով։ Մարտի 29-ի դրությամբ հավաքագրվել է 51 մլն դոլար, այսինքն՝ պահանջված գումարի մոտ 52 տոկոսը։ Իսկ UNHCR-ի տրամադրած հատուկ օգնության չափը կազմել է 14,6 մլն դոլար։ Կազմակերպությունը իր գործընկերների հետ 51 221 փախստականի մատակարարել է 115 747 հիմնական օգնության պարագաներ՝ աջակցելով 12 433 տնային տնտեսության։ UNHCR-ը փախստականների ​​ընտանիքներին մատակարարել է կահույք եւ կենցաղային տեխնիկա: Մասիսի նախկին մարզական կենտրոնում 18 ընտանիքի (46 հոգի) մատակարարել է լվացքի մեքենաներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, կաթսաներ եւ թեյնիկներ, ինչպես նաեւ անկողնային պարագաներ եւ սրբիչներ: Մարալիկի Սոցիալական բնակարանային համալիրին տրամադրել է կենցաղային իրեր՝ աջակցելով 17 ընտանիքների (27 հոգի): UNHCR-ից մեր հարցմանն ի պատասխան տրամադրել են նաեւ այն դոնորների ցանկը, որոնք 100 000 դոլար կամ ավելի են ներդրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին արձագանքման համար։  Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2023թ․ սեպտեմբերի 24-ից ԱՄՆ կառավարությունն ապահովել է ավելի քան 22,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն։ Այս միջոցներից 21,3 միլիոնը ապահովվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), իսկ 1,15 միլիոնը ԱՄՆ պետքարտուղարության միջոցով։  ԱՄՆ-ից հայտնել են, որ նախապես հայտարարված հավելյալ ֆինանսավորումը կհատկացվի հընթացս։ Ճապոնիա  2023 թվականի սեպտեմբերից Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հատկացրել է ընդհանուր 5 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն [1, 2]։ Ճապոնիան հաղորդել է, որ երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ Մարդկային անվտանգության հիմնարար ծրագրերի դրամաշնորհների (GGP) միջոցով: Այս տարի դրամաշնորհների օգնության շրջանակում ստորագրվել են ստորեւ նշված ծրագրերը, որոնց շահառուները տեղահանված անձինք են։ Շվեդիա Շվեդիան հատկացրել է մոտ 3 մլն 430 հազար դոլար։ Շվեդիայի օգնությունը եւս բաշխվել է չորս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Շվեդիայից երկարաժամկետ ծրագրերով աջակցությանը, ապա երկրի դեսպանատնից հաղորդել են, որ 2023-2024 թվականներին Շվեդիան UNDP Armenia-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, հատկացրել է 490 հազար դոլար։ Այս Ծրագրի նպատակն է վերականգնել ԼՂ-ից փախստականների եւ նրանց ընդունող համայնքների խոցելի խմբերի կենսապահովման համակարգերը՝ դրանք մարդասիրական հիմնական ստանդարտներին եւ տնտեսական վերականգնման նվազագույն ստանդարտներին համապատասխանեցնելու համար:  2023-2024 թվականներին Շվեդիան 392 հազար դոլար է հատկացրել Կանանց ռեսուրսային կենտրոնին՝ նպաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ ԼՂ-ց բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար սոցիալ-հոգեբանական աջակցության եւ տնտեսական ուժեղացման ծրագրեր իրականացնելու համար:  Կանադա Մարդասիրական օգնությունը, որը Կանադան տրամադրել է՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար ճգնաժամին, ընդհանուր առմամբ կազմում է 3,9 մլն ԱՄՆ դոլար։ Այն բաշխվել է չորս ուղղություններով։ Շվեյցարիա Շվեյցարիան իր Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության միջոցով տրամադրել է 1 մլն 725 հազար դոլար: Այդ միջոցները բաշխվել են Պարենի համաշխարհային ծրագրի, UNHCR-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ՝ ուղղելու փախստականների անհետաձգելի կարիքների բավարարմանը:  Պատասխանում ասված է, որ Շվեյցարիան այժմ աշխատում է միջնաժամկետ արձագանքման նոր նախագծի մշակման վրա, որը կենտրոնանում է փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա: Միացյալ Թագավորություն 2023 թվականի սեպտեմբերից սկսած Միացյալ Թագավորության կառավարությունը տրամադրել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ԿԽՄԿ-ի միջոցով եւ 70 000 ֆունտ ստեռլինգ Impact Hub-ի միջոցով, ինչը համարժեք է 1 մլն 359 հազար դոլարի:  Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաեւ տեղահանության օրերին վառելիքի պահեստի պայթյունից տուժած այրվածքներով հիվանդներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, հոկտեմբերին UK-Med-ի շտապ բժշկական թիմի վեց անդամ է ժամանել Հայաստան, բուժել պայթյունից տուժածներին: Բժիշկներն աշխատել են Միքայելյան հիվանդանոցում։ «Ավելի ուշ՝ նոյեմբերին, երբ այրվածքներով հիվանդներից որոշները Միքայելյանի անվան հիվանդանոցից տեղափոխվեցին Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն, Միացյալ Թագավորության կառավարությունը կենսական բժշկական սարքավորումներ նվիրաբերեց կենտրոնին՝ նրանց վերականգնման եւ բուժման համար: Այս փաթեթները ներառում էին անհրաժեշտ անզգայացման նյութեր, ինտուբացիայի եւ լարինգոսկոպիայի պարագաներ, ինչպիսիք են էնդոտրախեալ եւ տրախեոստոմիայի խողովակները, կոկորդային դիմակները եւ շտապ կրիկոտիրեոտոմիայի հավաքածուները»: Գերմանիա Գերմանիայից մեր հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են, որ Arbeiter-Samariter-Bund կազմակերպության միջոցով Գերմանիան 4,3 մլն եվրո ֆինանսավորում է հատկացնում մի ծրագրի, որն ուղղված է փախստականների խոցելի խմբերին եւ նրանց հոգեկան տրավմաների հաղթահարմանը։ 2023 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում Գերմանիան Տեխնիկական օգնության դաշնային ծառայության (THW) եւ Johanniter կազմակերպության միջոցով տրամադրել է մոտ 600 000 եվրո արժողության պարագաներ։ Դրանց մեծ մասը փոխանցվել է Գերմանիայի արտգործնախարարի՝ 2023 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակում։ Այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն են տրամադրել տվյալներ, եւ մեր ստացած ոչ բոլոր պատասխաններն են ամբողջական, դժվարացնում է հավաքագրած տվյալների ամփոփ հաշվարկը։ Հետեւապես զերծ ենք մնում միջազգային աջակցության վերաբերյալ ընդհանուր ոչ ճգրիտ թվեր ներկայացնելուց։  Հեղինակ՝ Հայարփի ԲաղդասարյանԱնիմացիան եւ գլխավոր լուսանկարը՝ Ռոման Աբովյանի
18:55 - 01 օգոստոսի, 2024
Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ փոխգործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:52 - 29 հունվարի, 2024
ՀՀ փոխվարչապետը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում ՄԱԿ գործակալությունների ներգրավման կարևորությունը

ՀՀ փոխվարչապետը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում ՄԱԿ գործակալությունների ներգրավման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի աշխատակազմից։ Ընդգծելով կայուն զարգացման նպատակների կարեւորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում՝ կողմերը մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարեւորվել է սահմանամերձ համայնքների դիմադրողականության բարձրացմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ բնապահպանական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցությունը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ գործակալությունների՝ տեղում ներգրավման կարեւորությունը՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ բնակչության հումանիտար խնդիրները հասցեագրելու նպատակով։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ՀՀ սահմանամերձ համայնքների վերականգնմանն ուղղված աջակցության տրամադրումը։ Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի ընթացիկ բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարեւորելով նախանշված  ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
18:15 - 20 հունիսի, 2023
ՄԱԶԾ-ն պատրաստակամ է ընդլայնել աջակցությունը Հայաստանի՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած շրջաններին

ՄԱԶԾ-ն պատրաստակամ է ընդլայնել աջակցությունը Հայաստանի՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած շրջաններին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ օժանակությամբ իրականացվող թիրախային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։ «Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝  բարձր գնահատելով այս  ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Նաթիա Նացվլիշվիլին կարևորել  է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ անդրադարձ կատարելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանը։ Ըստ աղբյուրի՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ՀՀ տուժած շրջաններին ուղղված աջակցության ընդլայնման պատրաստակամությունը։
19:27 - 23 սեպտեմբերի, 2022
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով

 |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում: Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից։ Հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով: «Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին: Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան: «Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը: 44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
17:36 - 30 հունիսի, 2022
Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ինչպես  հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը: Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը: Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել Առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ:
19:34 - 27 հունիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը և ՄԱԶԾ ղեկավարը կարևորել են Հայաստանի կայուն զարգացման ծրագրերի շարունակականության ապահովումը

Վահագն Խաչատուրյանը և ՄԱԶԾ ղեկավարը կարևորել են Հայաստանի կայուն զարգացման ծրագրերի շարունակականության ապահովումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար Ախիմ Շտայների հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։ «Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զարգացման համար։ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից իրականացվող՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի մասին, որն ուղղված է Հայաստանի զարգացման ներուժի բացահայտմանն ու իրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ շարունակականության ապահովումը, ինչպես նաև ջանքերի համատեղումը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։  
19:46 - 24 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին: Ողջունելով ներկաներին՝ նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները` շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բրիտանական և շվեդական դեսպանությունների, UK Aid կազմակերպության համատեղ ուժերով վերանայվել են առաջնահերթ խնդիրները, որոնց պարբերական լուծումները բարձրացնում են խորհրդարանական ժողովրդավարության մշակույթի նշաձողը: Նա արձանագրել է պատգամավորների, աշխատակազմի ու խորհրդարանի կառուցվածքային ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքի արդյունավետությունը: Խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել հատկապես էլեկտրոնային խորհրդարանի հիմնմանը և համաշխարհային խորհրդարանների լավագույն փորձի տեղայնացմանը: Որպես տեսանելի և առարկայական արդյունք` Ալեն Սիմոնյանն առանձնացրել է Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, 2022 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում առաջին անգամ ներկայացված գենդերային բյուջետավորումը: Նա անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում խորհրդարանում ստեղծված Վերլուծական ու վերապատրաստման, Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոններին: Եզրափակելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի առանցքային նախագիծն է: «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար` ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության և ներառականության բարելավումը: Ծրագիրն օժանդակում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվեն նոր գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը՝ համահունչ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին:
14:52 - 16 մայիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը Նաթիա Նացվլիշվիլիին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմի հրահրած գործողությունների հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և նշել, որ մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման տեսանկյունից: Համագործակցային հարցերի քննարկումից առաջ Պաշտպան Գրիգորյանը Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Քրիստիննե Գրիգորյանն շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են։ Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունն ըստ էության զրկված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, ինչը թերևս դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Պաշտպանի ներկայացրած մանրամասն  դիտարկումների համար և նշել, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ: Համագործակցային օրակարգի շրջանակում Պաշտպան Գրիգորյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են ՄԻՊ աշխատակազմի կարողությունների (մարզային ծառայությունների ընդլայնման) զարգացման, հետազոտական կարողությունների հզորացման, գենդերային հավասարության, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված մի շարք հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:
18:44 - 25 մարտի, 2022
Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

Հայաստանն ամփոփում է #ՄԱԹԵՄարդ արշավը՝ նշանավորելով Մաթեմատիկայի միջազգային օրը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի (ԿԳՄՍ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները Մաթեմատիկայի միջազգային օրը՝ մարտի 14-ին, ամփոփել են ՄԱԹԵՄարդ արշավը։ ՄԱԹԵՄարդի նպատակն է դեռահասների ու երիտասարդների, հատկապես՝ աղջիկների շրջանում նպաստել գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) կրթությանն ու կարիերային՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»։ 2021 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածքի զեկույցի համաձայն՝ STEM բնագավառում կանանց և աղջիկների ներգրավվածությունը Հայաստանում կազմում է 10.16 տոկոս, իսկ տղաներինը՝ 22.50 տոկոս։ «ՄԱԶԾ ImpactAIM-ի շրջանակում մենք մշակել ենք Աքսելերատոր#5 ծրագիրը՝ ուղղված կայուն զարգացման հինգերորդ նպատակին։ Աքսելերատոր#5-ը վերջին երեք տարիներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԻԼՏԿ հիմնադրամի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի հետ գործակցաբար Հայաստանում խրախուսել է ավելի քան 1000 աղջիկների ու երիտասարդ կանանց կրթությունն ու կարիերան STEM բնագավառում։ ՄԱԹԵՄարդն արշավ է, որը մեր երկրում մղում է հարյուրավոր երիտասարդների մուտք գործել STEM ոլորտ», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում փետրվարի 21-25-ը Երևանում, իսկ փետրվարի 28-ից մարտի 4-ը Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց մասնակցում էին Աքսելերատոր#5 ծրագրի շրջանավարտները՝ 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի և երիտասարդ կին մենթորների ուղղորդմամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։ «Այսօր դպրոցներում ավելի շատ աղջիկներ կան, քան երբևէ, բայց նրանք միշտ չէ, որ ունենում են իրենց ընտրությամբ կրթություն ստանալու այն նույն հնարավորությունը, որն ունեն տղաները։ Շատ հաճախ կանանց և աղջիկներին հետ են պահում նախապաշարմունքներն ու սոցիալական նորմերը, որոնց պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել կրթության այն ոլորտ, որում մեծ ներուժ ունեն։ Աղջիկները պատշաճ ներկայացված չեն հատկապես STEM բնագավառում։ Հետևաբար նմանօրինակ նախաձեռնություններով STEM ոլորտ աղջիկների և կանանց մուտքը խրախուսելը կարևոր հրամայական է։ Ահա թե ինչի մասին է ՄԱԹԵՄարդը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Մաթեմատիկան գիտություն է, որը ճանապարհ է բացում դեպի մյուս գիտություններ։  Սակայն, ցավոք, մենք դեռևս ունենք հանրային կարծրատիպեր, ըստ որոնց՝ STEM ոլորտում առավել մեծ ընդունակություններ ունեն տղաները։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է առաջ տանել գաղափարը, որ մաթեմատիկան կարևոր է, և աղջիկները ևս պետք է մուտք գործեն մաթեմատիկայի ոլորտ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Արշավի շրջանակում ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին մարտի 2-9-ը ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Մրցույթի հաղթողները հայտնի դարձան այսօր՝ մարտի 14-ին՝ Մաթեմատիկայի միջազգային օրը կայացած միջոցառման ընթացքում։ Լավագույն լուսանկարների հեղինակները ստացան հատուկ մրցանակներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը։   ՄԱԹԵՄարդ արշավը Աքսելերատոր #5 ծրագրի բաղադրիչն է, որը նպատակ ունի խրախուսել Հայաստանում կանանց և երիտասարդ աղջիկներին իրենց առաջին քայլերը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագիրը նախաձեռնել է ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԻԼՏԿ հիմնադրամի հետ համատեղ։ Աքսելերատոր #5 ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) COVID-19-ի արձագանքման և հետևանքների վերացման բազմագործընկերային նպատակային  հիմնադրամի (COVID-19 MPTF) կողմից:  
21:55 - 14 մարտի, 2022
ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի փորձագետները մի քանի առաջարկներ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընթերցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի փորձագետների առաջարկները։ «ՄԱԿ-ի մեր գործընկերները կարծում են, որ եթե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուին ստիպենք, որպեսզի իրենք նախապես ներկայացնեն իրենց տեսլականը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, կարող է որոշակի առումով կաշկանդել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեր խորհուրդը փորձում է գտնել այնպիսի հանձնաժողովի անդամներ, որոնք կիսում են գործադիր իշխանության, կամ վարչապետի տեսլականը, կամ որևէ քաղաքական ուղղվածություն ենք թելադրում։ Սա մտահոգություն էր, որը ցանկացա անպայման փոխանցել մեր այս քննարկման ժամանակ»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը նաև առաջարկում է ապաքաղաքականացվածության վերաբերյալ փաստաթղթերի մեջ ներառվի նաև բարեվարքության պահպանման որոշակի տեղեկատվություն, նաև առաջարկում է  քննարկել, թե արդյոք հայտ ներկայացնելու ժամանակ անձինք կկարողանան դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ներկայացնել, թե՞ ոչ։ ՄԱԿ-ը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հրապարակվելու են այն թեկնածուների անունները, ովքեր մրցույթից դուրս են մնալու։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։
12:29 - 16 փետրվարի, 2022
Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Երևանում նոյեմբերի 16-ին ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյոնգ Զուն։   «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը: Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։ Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։
12:36 - 17 նոյեմբերի, 2021
Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

Pfizer-ը COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը թողարկելու համաձայնագիր է ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը ՄԱԿ-ի աջակցությամբ համաձայնագիր է ստորագրել Ժնևի դեղերի արտոնագրային կառույցի հետ՝ թողարկելու COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը: Երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում պարզաբանվում է, որ այս դեղամիջոցի արտադրության համար լիցենզիայի տրամադրումը թույլ կտա այն թողարկել 95 երկրներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մինչև 53 տոկոսը։ Ռուսաստանը Pfizer-ին թույլ է տվել կլինիկական փորձարկումներ անցկացնել 90 կամավորների վրա, ասվում է Դեղերի պետական ռեգիստրում: «Մենք կարծում ենք, որ սկզբնական շրջանում այս դեղը պետք է օգտագործվի միայն ռիսկային խմբի համար: Նպատակը հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից խուսափելն է: Հետևաբար, դեղը պետք է ընդունվի առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո», - ասել է արտոնագրային կառույցի ներկայացուցիչ Հերվե Վերհուսելը:
11:37 - 17 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
15:17 - 16 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը, և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
16:26 - 12 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին: Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:
16:18 - 09 նոյեմբերի, 2021