Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետի գրասենյակ. Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը
 |azatutyun.am|

Փոխվարչապետի գրասենյակ. Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական գյուղերից։ «Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին էր ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից: Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Ներքին Ոսկեպարի մոտով, օրինակ, անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։ Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ Հիմա էլ հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում քննարկվել է 4 ու 31 գյուղերի հարցը։ Մասնավորապես հղում են արել երկու հանձնաժողովների աշխատակարգին, թե հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ պարզաբանումներն անթույլատրելի են։ Այդ աշխատակարգը հաստատվել է Փաշինյանի ղեկավարած Կառավարության՝ անցած դեկտեմբերի 14-ի նիստում։ 31 և 4 գյուղերին անդրադարձած վարչապետը անուններ չէր տվել։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պարզաբանել էին նաև Հայաստանի պահանջած 31 գյուղերը։ Դրանց տարածքների մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։ Ոչ անկլավային այդ բնակավայրերի տարածքները, որը պաշտոնական Երևանը կենսական նշանակության է համարում, հինգ մարզերում են՝ Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ, Արարատի մարզում՝ Պարույր Սևակ, Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական, Վայոց ձորում՝ Ջերմուկ։ Անցած տարեվերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր՝ Հայաստանի 200 քկմ-ն է ադրբեջանական օկուպացիայի տակ։
16:07 - 06 մարտի, 2024
Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀԲ-ի հետ կառուցողական համագործակցությունը բոլոր առանցքային ուղղություններով՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանում լավագույն փորձի կիրառման տեսանկյունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով դրա կարևորությունը ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությանը: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը կարևորել է կրթության ոլորտում համագործակցությունը ՀԲ-ի հետ՝ ընդգծելով առավել մրցունակ կրթական համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, մարդկային կապիտալի, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների, ինչպես նաև կապիտալի շուկայի ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները:
09:40 - 05 մարտի, 2024
Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքներից
 |armenpress.am|

Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքներից |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանական է համարում երկու-երեք ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեթոդաբանության նախագծի հաստատումը։ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մհեր Գրիգորյանի հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում և ի՞նչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի «Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը, հաստատեցինք երկու կառավարություններով։ Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու և երբ մենք այդ աշխատանքները ավարտին հասցնենք, մենք երկու երկրներն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ այդ փաստաթուղթը կշրջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենսդրական նախագիծ»,- ասաց Գրիգորյանը։ Փոխվարչապետի կարծիքով՝ եթե երկու կողմերը սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնան և իրենց նախագծման աշխատանքները բխի Ալմա Աթայի հռչակագրից, ապա կարող են երկու-երեք ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։ «Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ սահմանազատման, թե՛ սահմանագծման, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- եզրափակեց Գրիգորյանը։
17:06 - 28 փետրվարի, 2024
Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման սկզբում Ադրիեն Կիրալին փոխվարչապետին հանձնել է ԵՄ կողմից ստորագրված բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը՝ ուղղված ՀԸԳՀ կիրարկմանը: Փոխվարչապետը շնորհավորել է Ադրիեն Կիրալիին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել կխորանա: Մհեր Գրիգորյանը, բարձր գնահատելով ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացի և Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ԵՄ պատվիրակությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական նպատակներն ու սկզբունքները՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հաստատման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին և հույս հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկը» կդառնա «Global Gateway» նախաձեռնության բաղկացուցիչ մաս: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում: Առանձնակի կարևորվել են հանրային կառավարման և թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշված բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ժամանակակից միտումներին: Քննարկվել է նաև Կառավարության կողմից հայտարարված «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունն ու դրա հիմնական նպատակները: 
16:33 - 27 փետրվարի, 2024
ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել փոխշահավետ համագործակցություն. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների: «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը` բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում»,- նշել է Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության, ինչպես նաև տարիներ շարունակ ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված աջակցության համար: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև 2025 թվականին Ճապոնիան Օսակա քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությանը:
21:39 - 22 փետրվարի, 2024
Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել․ Մհեր Գրիգորյանը՝ Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման մասին
 |tert.am|

Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել․ Մհեր Գրիգորյանը՝ Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման մասին |tert.am|

tert.am: Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել: Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հետախուզվող Քամիլ Զեյնալլիի ազատ արձակմանը: Նա նշել է․ «Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամանս խոսել, որովհետև հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի»,- նշեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:
15:51 - 22 փետրվարի, 2024
Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ: Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
19:14 - 15 փետրվարի, 2024
Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին
 |tert.am|

Համաձայն չենք Հրվ. Կովկասում խնդիրները լուծելու պատրվակով օտարների ներկայությանը, ինչն ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի համար. Ռաիսին՝ Մհեր Գրիգորյանին |tert.am|

tert.am: Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան  տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է president.ir կայքը: «Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», - ասել է Ռաիսին։ Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական: Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրներին՝ նա նշել է Իսլամական Հանրապետության ջանքերը կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ։ Իրանի նախագահն այնուհետև ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։ «Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», - ասել է Իրանի նախագահը։ Հայաստանի փոխվարչապետն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի համար արժեքավոր և կարևոր է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը։ Նա ընդգծել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունն ու կամքը՝ զարգացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հատկապես էներգետիկայի և տարանցման ոլորտներում։
16:40 - 15 փետրվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է
 |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է |1lurer.am|

1lurer.am: Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկություն հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:  Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
18:18 - 31 հունվարի, 2024
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը
 |azatutyun.am|

Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստը, «Ազատության»-ը փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ առանց այլ մանրամասներ ներկաացնելու։ Նույն այս հատվածում հանձնաժողովները հանդիպել էին նաև 2023-ի նոյեմբերի 30-ին։ Թե ինչ ակնկալինքեր ունի Երևանն այս հանդիպումից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ հստակության ակնկալիքներ ունենք։ «Որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
14:09 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

1lurer.am: Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
21:23 - 30 հունվարի, 2024
Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը: Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
18:44 - 30 հունվարի, 2024