Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ գործերը դատարանում են

Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ գործերը դատարանում են

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նրանց նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք: Մեղադրյալները ճանաչել են իրենց մեղքը և տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունները, և նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում հետաքննվող քրեական գործերից մեկի համաձայն՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն խախտել է բարեգործության արգելքը: Նա Գյումրիի բնակչին խոստացել է ֆինանսավորել նրա պարային խմբի համար հագուստների պատրաստումը և ձեռքբերումը, ինչպես նաև խմբի կահավորման այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին: Մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ, այլ անձանց հետ համաձայնեցված, երկու ընտրողի դրամական միջոց է խոստացել՝ իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար: Ընտրողները համաձայնվել են: Նույն անձը պայմանավորվել է այդ ընտրողների հետ՝ այլ ընտրողների նույնպես դրամ առաջարկելու մասին, և նրանք հավաքել են մի շարք քաղաքացիների անձնական տվյալներ՝ ընտրակաշառք առաջարկելու նպատակով:
Այսօր 13:21
Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով. Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյան

Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով. Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյան

Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։  «Ես ուզում եմ էնպիսի ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասի՝ դուք մեր նկատմամբ լավ չեք պահում: [...] Եվ վերջում էլ արդյունքը սա է. թուրքահայաստանը ինչ վիճակի մեջ է՝ պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված, գերեազման չունեք ընդհուպ, ռուսահայաստանը ինչ վիճակի մեջ է: [...] Ես չգիտեմ՝ ինչ մարդ պետք է լինի, որ չտեսնի սա»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց այսօր Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատմական ակնարկ անելով ու հավելելով, որ «եթե ռուսները չգային, 29 800 քառ. կմ չէինք ունենա»: Դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո քննադատություններ կլինեն, Ղուկասյանը արձագանքեց. «Ոչինչ: [...] Մենք կարո՞ղ ենք էս հարևաններին փոխել: Չենք կարող: Մենք Եվրոպայում չենք, ցավոք սրտի: Մեզ պետք է այնպիսի երկիր, որ հիմնվենք իրա վրա [...]: Ես էդպես եմ գտնում, բայց պետք է պաշտպանել պայմանները, այսինքն՝ անկախությունը և այլ խնդիրներ»:
12:27 - 16 ապրիլի, 2025
Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ

Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 33 անդամից 18-ը: Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2025թ. մարտի 30-ին: Ավագանին ձևավորել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական», «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները: Ոչ մի ուժի չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել և ընտրել քաղաքապետ: Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքապետի թեկնածու չառաջադրեցին և հայտարարեցին, որ քվեարկությամբ կսատարեն Վարդան Ղուկասյանին. միակ թեկնածուն հենց նա էր: ՔՊ խմբակցությունը չմասնակցեց նիստին: Սարիկ Մինասյանը նիստի ընթացքում իր ֆեյսբուքյան էջում արտահերթ ընտրությունների կոչ արեց։ Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 2000-2012թթ., եղել է ՀՀ 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
11:28 - 16 ապրիլի, 2025
Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է. Սարիկ Մինասյան

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ խմբակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը։  «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու: Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան: Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից: Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է Մինասյանը։  Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է:  ՔՊ խմբակցությունը ներկա չէ Գյումրու ավագանու նիստին:
10:07 - 16 ապրիլի, 2025
Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է
 |azatutyun.am|

Գյումրիի ավագանու առաջին նիստն է. օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է |azatutyun.am|

azatutyun.am: Գյումրիում այսօր ավագանու առաջին նիստն է, որտեղ պետք է քաղաքապետ ընտրվի: Քիչ առաջ քաղաքապետարան ժամանեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը: Հենց նա է քաղաքապետի հավանական թեկնածուն: Գյումրիի ընտրությունների արդյունքներով ամենաշատ՝ 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիրն» է ստացել, բայց քաղաքապետ ընտրելու համար այդ քվեները բավարար չեն, առնվազն 17 ձայն է պետք: Ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ կաջակցեն նախկին քաղաքապետ Ղուկասյանի ընտրությանը: Չնայած այս հանգամանքին՝ ՔՊ-ից ավելի ու ավելի հաճախ են ասում, որ իրենք էլ պետք է իրենց ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն: Հարցին, թե կադրային ջարդ անելո՞ւ է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ ոչ: Առաջին նիստը հենց նա է վարելու՝ որպես ամենատարեց անդամ։
09:57 - 16 ապրիլի, 2025
«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անդամ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը օրեր առաջ Հանրային հ/ը-ի «Մեծ բանավեճ»-ի ընթացքում առաջարկել է, որ Գյումրիի ավագանու՝ մարտի 16-ին կայանալիք նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «ընդունելով իր պարտությունը, քաղաքապետի թեկնածու չառաջադրի»․ «Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը ևս կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու, և ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ»։  Ի պատասխան վարողի հարցի, թե ակնակալում է, որ ՔՊ-ն կընտրի՞ Մարտուն Գրիգորյանին, եթե ՔՊ-ն չառաջադրի թեկնածու, իսկ առաջադրված թեկնածուները լինեն Վարդան Ղուկասյանն և Մարտուն Գրիգորյանը, Թարվերդյանը պատասխանել էր՝ «Միգուցե»։ Երվանդ Թարվերդյանի հայտարարությանը արձագանքել է Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մարտուն Գրիգորյանը շեշտել է՝ բացի իրենից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։  «Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն ինձ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։ Առայժմ՝ այսքանը»,- գրել է նա: «Հայրենիք» կուսակցությունը իր հերթին նշել է՝ կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ ««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը: Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:
16:47 - 08 ապրիլի, 2025
«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության․ Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության․ Մարտուն Գրիգորյան

Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններից հինգ օր անց «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող  թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարտուն Գրիգորյանը։  «Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։ Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։ Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխաված լինեմ։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասականալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի քվեարկություններից։ Եվ այսպես, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։ Իսկ ‹‹Մեր քաղաքը›› դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։ Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա»,- նշված է հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Այսպես, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ «Մայր Հայաստան» դաշինքը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտնել էր, որ Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։ Սակայն այս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալը բավարար չէր իշխանություն ձևավորելու համար և անհրաժեշտ էր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի քվեները։ 
15:46 - 04 ապրիլի, 2025
Բացահայտվել են Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Բացահայտվել են Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների՝ անձնական տվյալներ պարունակող ցուցակներ՝ ձեռագիր նշումներով (այդ թվում՝ բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս): Իսկ հարցաքննված մի շարք անձինք  իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հիշյալ երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ընտրակաշառք տալու և ստանալու համար: Ի թիվս այլնի՝ հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և սեռը, վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու և որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:  Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
12:37 - 03 ապրիլի, 2025
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
 |1lurer.am|

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել |1lurer.am|

1lurer.am: Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում է հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: «Անկախ դիտորդը» հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:   ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ դրանում հնչած հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները։
19:54 - 01 ապրիլի, 2025
«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքի նախնական գնահատականը Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների դիտարկումների նախնական գնահատականը։  «Քվեարկության օրը Փարաքար համայնքում Դաշինքը դիտարկումն իրականացրել է 3 շրջիկ խմբերի միջոցով, իսկ Գյումրի համայնքում՝ 6 շրջիկ խմբերի և արագ արձագանքման 2 խմբերի միջոցով։ Դիտարկվել են Փարաքարի բոլոր 16 և Գյումրու 82 տեղամասերից 81-ը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովի առավոտյան նիստերը (7:00-8:00) դիտարկվել են 13 տեղամասերում, իսկ քվեարկության ժամանակահատվածում դիտորդներն այցելել են 97 տեղամասեր, ընդ որում, ահազանգերով կամ իրավիճակի վերագնահատման նպատակով՝ 50 տեղամասերը դիտարկվել են 2 և ավել ավելի անգամ: Ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփման նիստը դիտարկվել է 9 տեղամասերում: Փարաքար համայնքի ընտրություններն սպասարկող թիվ 14 ԸԸՀ-ում դիտարկվել է բոլոր 16 տեղամասերի, իսկ թիվ 31 ԸԸՀ-ում՝ 40 տեղամասերի արդյունքների հանձնումը: Դիտարկման ժամանակահատվածում արձանագրվել է ընդհանուր առմամբ 61 խախտում 41 տեղամասերից։ Այս խախտումներում հիմնականում ներգրավված էին վստահված անձինք, հանձնաժողովի անդամները և ընտրողները: Առանձնահատուկ անհրաժեշտ է նշել Գյումրիի 31/45 և 31/70 տեղամասերը, որոնք, համապատասխանաբար, կապված են Հայաստանի կոմունիստական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակները գլխավորող Վարդան Ղուկասյանի և Սարիկ Մինասյանի հետ: Այս տեղամասերն առանձնանում են ընտրողների առավել բարձր մասնակցություն տոկոսով, ինչպես նաև շարունակական խախտումներով:  Թեև ընդհանուր առմամբ Փարաքար համայնքում մասնակցությունն ավելի բարձր էր, էական ազդեցություն է ունեցել «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանի հաշվառման բնակավայրում՝ Մերձավանում մասնակցության բարձր տոկոսը։ Որպես օրինաչափություն՝ հարկ է արձանագրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ցածր պատրաստվածության և տեղամասում կատարվող խախտումների ուղիղ հարաբերակցությունը: Նկատելի էր Փարաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների պատրաստվածության ավելի բարձր մակարդակը: Առանձին դեպքերում հենց հանձնաժողովների նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել էր ընտրողների քվեարկությունը, երբ, օրինակ, նախագահը չէր առարկում վստահված անձի կողմից իրականությանը չհամապատասխանող կարգավորման մեջբերման դեմ, խոչընդոտվում էր դիտորդների կողմից գրանցամատյանում գնահատականը գրանցելու իրավունքը, ֆիզիկական ներգործություն էր ցուցաբերվում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի հանդեպ, որին չհիմնավորված կերպով հեռացնում էին տեղամասից: Նույն կերպ՝ ցածր պատրաստվածության հետևանք էր մեկ այլ խնդիր, որը, չնայած չունի որևէ ազդեցություն բուն ընտրական գործընթացի վրա, ուղիղ առնչվում է Դաշինքին․ արձանագրվել են դեպքեր, երբ առաքելության դիտորդ չհանդիսացող անձինք ներկայացել են որպես «անկախ դիտորդ» և այդ անվան տակ գրանցվել հանձնաժողովների գրանցամատյաններում: Այսինքն, փաստացի տեղամասային ընտրական հանձնաժողովը չի ստուգել դիտորդների իրական հավատարմագրումը։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Գյումրու ընտրական տեղամասերում նկատվում էին առերևույթ քաղաքական հարում ունեցող դիտորդներ, որոնք ներկայանում էին որպես մասնակից կուսակցություններից կամ դաշինքներից մեկի վստահված անձ: Մասնավորապես, «Հայաքվեի» առանձին դիտորդներ հայտնում էին, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի, իսկ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ի առանձին դիտորդներ՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի վստահված անձինք են:  Առհասարակ, այս ընտրություններում դիտորդական առաքելությունների կոմպետենտությունը, անաչառության և քաղաքական զսպվածության սկզբունքները կասկածի տակ էին դրվում հենց դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից, ինչի վերաբերյալ Դաշինքը նույնպես կներկայացնի իր դիրքորոշումը վերջնական զեկույցում: Բազմաթիվ դեպքերում լրատվական աղմուկի պատճառ դարձած միջադեպերը խախտում չեն պարունակել կամ ոչ ճշգրիտ են մեկնաբանվել։ Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում ամենաարտառոց դեպքն արձանագրվել է Գյումրու 31/77 տեղամասում, որտեղ քվեարկության մի քանի ծրարներից դուրս բերված քվեաթերթիկների վրա փակցված են եղել տեղամասային կենտրոնի համար չպարունակող, այսինքն՝ սահմանված նմուշի չհանդիսացող դրոշմանիշեր, որոնք համարվել են վավեր։ Նույն տեղամասում, անճշտությունները քողարկելու նպատակով, հանձնաժողովը փորձ է կատարել 2 ընտրողների փոխարեն կեղծ ստորագրել ընտրողների ցուցակում։ Այս հանգամանքներից ելնելով՝ կարծում ենք, որ արդյունքների վերահաշվարկ պետք է իրականացվի առնվազն 31/77 տեղամասում։ Այս համատեքստում հարկ է նաև նկատել, որ դրոշմանիշերի արտադրական խոտանի պատճառով 31/70 տեղամասին հատկացված դրոշմանիշերի քանակը ավել էր փաստաթղթավորված քանակից: Այս երկու դեպքերը վկայում են, որ դրոշմանիշերի արտադրության որակը և վստահելիությունը մտահոգիչ է (առաջին անգամ՝ 2017 թվականին դրանց ներդրումից հետո): Մոտակա օրերի ընթացքում սպասվող ենթադրյալ վերահաշվարկները կարող են նաև բացահայտել Գյումրիում ընտրողների ուղղորդման կամ ճնշման հետևանքները՝ հաշվի առնելով համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունների համար անվավեր քվեաթերթիկների քանակի չափազանց բարձր՝ 1․3% լինելու հանգամանքը (համեմատության համար` Փարաքարում 0․2% էր) և, օրինակ, 31/77 տեղամասում միանման պատռված, անվավեր ճանաչված քվեաթերթիկների առկայությունը, ինչն արձանագրվել էր Դաշինքի կողմից: Նշենք, որ նախընտրական փուլում Դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում՝ պաշտոնական դիրքի չարաշահման (ՔՕ հոդված 441), ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման (ՔՕ հոդված 221, երկու դեպք) ու քարոզարշավին մասնակցելուն պարտադրելու (ՔՕ հոդված 210, մաս 1) վերաբերյալ: Քվեարկության օրը ներկայացված հանցագործության մասին միակ հաղորդումը վերաբերել է դիտորդի գործունեության խոչընդոտմանը (ՔՕ հոդված 210, մաս 1, երկու դեպք) և քվեարկության գաղտնիության խախտմանը (ՔՕ հոդված 215, մաս 2): Նախընտրական քարոզչության փուլում Դաշինքը նաև ներկայացրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ դիմումներ՝ կապված նման իրավունք չունեցող անձի կողմից քարոզարշավին մասնակցելու (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 1), վարչական ռեսուրսի չարաշահման (ՎԻՎՕ հոդված 40.8, մաս 2), քվեարկության նախորդ օրն ու քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն քարոզչություն իրականացնելու (ՎԻՎՕ հոդված 40.1), ինչպես նաև անձնական տվյալների մշակման կարգը խախտելու (ՎԻՎՕ հոդված 189.17, մաս 1) հետ: Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի ու բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ քննվող գործերի սահմաններում մարտի 27-ին և 30-ին իրականացրել են ընտրական սուբյեկտ հանդիսացող անձանց ձերբակալություններ: Դաշինքը համարում է, որ իրավապահները պետք է պայքարեն ընտրական հանցագործությունների դեմ և ձգտեն դա անել այնպես, որ նվազագույն միջամտություն լինի ընտրական պրոցեսին, ինչպես նաև ընտրողական մոտեցում չցուցաբերվի քաղաքական ուժերի հանդեպ: Անհրաժեշտ է ընդգծել, որ կարճաժամկետ դիտարկման արդյունքում «Անկախ դիտորդի» կողմից արձանագրված, ինչպես նաև ԶԼՄ-ների միջոցով հասանելի դարձած խախտումների բնույթն ու քանակը այնպիսին էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքը կարող է արձանագրել, որ քվեարկության արդյունքները Գյումրիում ընդհանուր առմամբ արտահայտում են ընտրողների կամքը: Այդուհանդերձ, Գյումրիում քվեարկության օրվան նախորդող փուլում ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության դեպքերը կրել են պարբերական բնույթ, և դրանց ազդեցության գնահատումն անհնարին է: Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող էական հանգամանքներ «Անկախ դիտորդը» չի արձանագրել: «Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել նախընտրական փուլի և քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի թիմակիցների հանդեպ հարուցված քրեական վարույթների, «Անկախ դիտորդի» կողմից ներկայացված և դեռևս ընթացք չստացած հաղորդումների ընթացքին, ինչպես նաև վերահաշվարկների ընթացքին և արդյունքներին: Նախատեսվում է նաև զննության ենթարկել քաղաքական ուժերի հայտարարագրված և այլ կերպ նույնականացված ֆինանսավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:37 - 01 ապրիլի, 2025
Վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու․ Մարտուն Գրիգորյան

Վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։  Այս մասին Ֆեյսբուքյան էջում  գրել է Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, սակայն ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։ Այսպես, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝ ՔՊ կուսակցությունը, որը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, նրան հաջորդում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, չորրորդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ, իսկ 5-րդ տեղում «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքն է՝ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Կոմունիստական կուսակցությանը։ «Իմ Հզոր Համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ևս հայտնել է, որ Գյումրու ավագանիում «առանց նախապայմանի» կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին։ Սակայն այս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալը բավարար չէ իշխանություն ձևավորելու համար։
18:03 - 31 մարտի, 2025
Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր․«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մրցակցային պայմաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ականատես» դիտորդական նախաձեռնություն՝ հիշեցնելով, որ ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք, որոնցում ընգրկված է եղել 7 կուսակցություն։   Առաքելությունը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքները․  Քարոզչություն Քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեցել են իրականացնելու քարոզչություն և ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը։ Միաժամանակ՝ քարոզչական նյութերի տարածման հնարավորությունները եղել են անհամաչափ տարբեր կուսակցությունների համար, ինչը որոշ չափով խաթարել է մրցակցությունը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից գործարկվող՝ 5 քմ-ն գերազանցող վահանակների տեղաբաշխման համակարգի միջոցով մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը զրկվել է վահանակ ունենալու հնարավորությունից, ընդ որում տվյալ խնդրին պատշաճ և ժամանակին լուծում չի տրվել ԿԸՀ-ի կողմից, չնայած որ վերջինիս պարտավորությունն է հետևել հավասարության պայմանների պահպանմանը։ 5 քմ-ն չգերազանցող պաստառները հաճախ տարածվել են օրենքի պահանջների խախտմամբ․ փակցվել են չսահմանված կամ արգելված վայրերում (բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ), չեն պարունակել օրենքով պահանջվող մակնշում (տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ), գերկենտրոնացած են եղել մեկ վայրում, ինչը խոչընդոտել է այլ ուժերի ներկայացվածությունը տվյալ տարածքում,  ասոցացվող են եղել (պատրաստվել ու տարածվել են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից)՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը: Որոշ քարոզչանյութեր վնասվել են «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Նաև եղել են անանուն քարոզչանյութեր, որոնք ատելության խոսք են պարունակել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Կարեն Սիմոնյանի և եվրոպամետ քաղաքականության վերաբերյալ։ Նախընտրական քարոզարշավի ընթացում տարբեր քաղաքական ուժեր, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչները օգտագործել են ատելության խոսք՝ ակնհայտորեն միտում ունենալով նսեմացնել առանձին անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ։ Ատելության խոսույթը տարածվել է նաև երրորդ անձանց՝ քաղաքական ուժերին փոխկապակցված լրատվամիջոցների և սոցիալական էջերի միջոցով, որոնցից որոշները ծախսել են բավականին մեծ գումար նման բովանդակությամբ քաղաքական գովազդների տարածման համար։  Նախընտրական ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև խախտումներ ընտրական գործընթացներում ներգրավված այլ անձանց՝ զանգվածային լրատվամիջոցի (ԶԼՄ), կրոնական կազմակերպության ներկայացուցչի, օտարերկրյա քաղաքացու կողմից։ Մասնավորապես՝ Civic.am լրատվական կայքը  հրապարակել կամ վերահրապարակել է ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային արդյունքներ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա, չնայած, որ ընտրական օրենսդրության համաձայն հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր էր նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցրել, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։ Նախընտրական քարոզչության մեջ ապօրինի կերպով ներգրավվել է կրոնական առաջնորդ, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ իրենք սատարելու են «Մայր Հայաստանին»։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ դիտորդական առաքելությունները, դրանցում ներգրավված կազմակերպությունները և հավատարմագրված դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակատվածում իրականացրել են հակաքարոզչություն։ Գրանցվել է լռության օրվա խախտում մասնակիցների մեծ մասի և վերջիններիս հետ փոխկապակցված ԶԼՄ-ների կողմից, և անգամ Հանրային հեռուստաընկերության կողմից։     Վարչական ռեսուրսի օգտագործում Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնք անարդար առավելություն են տվել իշխող կուսակցությանը և թեկնածուներին՝ խաթարելով մրցակցության հավասարության սկզբունքը։ Մասնավորապես, օգտագործվել են ՀՀ կառավարության և Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (այդ թվում՝ իրավական և տեղեկատվական) ռեսուրսները։ Հանրային միջոցներով կատարվել են աշխատանքներ, որոնք ենթադրաբար պետք է կատարվեին ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն դրանք արվել և լուսաբանվել են հենց ընտրությունների նախաշեմին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ կառավարության աջակցությունը և/կամ մատուցելով դրանք որպես «Քաղաքացիական պայմանագիր»-ի արժանիք։ Այսպես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար, Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խնդրանքով նախաձեռնել է Գյումրու Շիրակացու փողոցի հիմնանորոգումը, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ խնդրանք ներկայացվել էր ավելի վաղ Գյումրու ավագանու կողմից, ինչը մնացել էր անարձագանք։ ՀՀ առողջապահության նախարարությունը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանին հատկացրել է 6 շտապօգնության մեքենա, որոնք ստացվել են Կորեայից՝ որպես նվիրատվություն։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2025 թվականի փետրվարին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել Երևանի քաղաքապետարանի աջակցությունը՝ Գյումրի համայնքի վարչական տարածքում թափառող շների ստերջացման գործընթացի կազմակերպման հարցում: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և ընտրական գործընթացների համատեքստում տեղ են գտել իրավապահ համակարգի ոչ համաչափ միջամտության փորձեր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, քրեական վարույթների շրջանակում առկա փաստերի, ձայնագրությունների արտահոսք՝ այդ թվում իշխանության հետ փոխկապակցված ԶԼՄ-ների միջոցով։ Որոշ դեպքերում առկա չէ բավարար տեղեկություն և հստակություն իրականացվող իրավապահ մարմինների գործողությունների և դրանց հիմքերի վերաբերյալ։ Հանրային հեռուստատեսությունը կողմնակալությամբ է լուսաբանել Գյումրիում տեղի ունեցող նախընտրական զարգացումները։ Մասնավորապես մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը «Լուրեր»-ի թողարկման և «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում հաճախակի լուսաբանվել են իշխանության ներկայացուցիչների ելույթները, մեջբերումներ սոցիալական ցանցերում նրանց կողմից կատարված գրառումներից, ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հակաքարոզչություն։ Ի լրումն, «Լուրեր»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում առկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանի մասին բազմաթիվ լուսաբանումներ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածուների մասին՝ առկա չեն։ Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկություն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական հիմնադրամների նվիրատվություններում և թեկնածուների գույքի և եկամուտի հայտարագրերում առկա են խնդիրներ։ Մի քանի ուժերի նախընտրական հիմնադրամները ձևավորվել են բացառապես թեկնածուների նվիրատվությունների միջոցով, սակայն նրանց կողմից մուծված գումարները չեն համապատասխանում իրենց եկամուտներին, հատկապես որ նրանցից շատերը չունեն զբաղվածություն։ Այսպիսի խնդիր մասնավորապես արձանագրվել է հիմնականում «Մայր Հայաստան» դաշինքի  և հատվածային՝ այլ ուժերի պարագայում։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,  «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը օգտագործում են շտաբային տարածքներ, սակայն հիմնադրամների հայտարագրերում՝ կամ ամբողջովին, կամ մասամբ բացակայում են շտաբային տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հայտարարագրերում ներառված չեն նաև սոցիալական ցանցերում գովազդների վրա ծախսված գումարները, որոնք փոքր չեն։ «Եվրադաշինք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հայտարարագրում կարելի է տեսնել մի քանի նվիրատվություններ, որոնք նախատեսված չեն օրենքով, մասնավորապես իրավաբանական անձից են կամ՝ անանուն։   Հաշվի առնելով, որ այս ընտրությունների համար կուսակցության նվիրատուների տվյալները հանրայնացվելու են միայն հաջորդ տարի, ընտրողը հնարավորություն չունի պարզելու թե ինչ աղբյուրներից են ձևավորվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի միջոցները, որոնք գոյացել են բացառապես կուսակցությունների կողմից։
17:55 - 31 մարտի, 2025
Դիտարկված տեղամասերում գործընթացները հիմնականում կազմակերպվել են առանց լուրջ խախտումների․ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Դիտարկված տեղամասերում գործընթացները հիմնականում կազմակերպվել են առանց լուրջ խախտումների․ «Ականատես» դիտորդական նախաձեռնություն

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է 2025 թ․ մարտի 30-ին կազմակերպված Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների հսկողություն, որտեղ գնահատել է ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային ստանդարտներին։ Նախաձեռնությունը արձանագրել է՝ նախընտրական քարոզարշավն իրականացվել է մրցակցային պայմաններում և լարված մթնոլորտում։ Քվեարկությունն անցկացվել է ազատ միջավայրում և հիմնականում եղել է լավ կազմակերպված։ Ընտրողներն ունեցել են հնարավորություն ազատ կամարտահայտման համար։ «Առաքելության շրջանակներում ներգրավվել է 2 երկարաժամկետ և 20 շրջիկ դիտորդ։ Երկարաժամկետ դիտորդները դիտարկել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Շրջիկ դիտորդները դիտարկել են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը 82 տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ), ինչպես նաև ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը քաղաքում։ Առաքելության շրջանակում իրականացվել է նաև թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքների դիտարկում։ Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ առանց լուրջ խախտումների։  Ականատեսի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները։ 31/01, 31/02, 31/03, 31/05, 31/07, 31/08, 31/19, 31/23, 31/29, 31/43, 31/44, 31/46, 31/47, 31/50, 31/51, 31/55, 31/56, 31/57, 31/70, 31/79 տեղամասերի կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Նախապատրաստական փուլում 31/22 և 31/42, իսկ ընտրությունների ընթացքում 31/21, 31/68, 31/69, 31/79 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ ներկա է եղել 2-ական անձ։ Ժամը 9:45-ին Ականատեսի կողմից ԸԸՀ-ին իրազեկելուց հետո նման խնդիր այլևս չի նկատվել։ 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը յոթից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի համար որպես օգնող գրանցվելու՝ ուղղորդել, թե ում քվեարկեն՝ մատնանշելով թիվ 8՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։ 31/69 տեղամասին հարող 50 մետրը չգերազանցող տարածքում պարբերաբար եղել են մարդկանց կուտակումներ, տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն անձիք լքել են տարածքը միայն ԶԼՄ ներկայացուցիչների ժամանելուց հետո, նույն ընտրատեղամասում անձինք քվեարկելուց առաջ և հետո այցելում էին ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տվյալ տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի այլ խախտումներին։ 31/46 տեղամասում ժամը 14:35-ին ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը՝ բղավելով․ «ու՞ր է Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը, տվեք միայն Ղուկասյանի քվեաթերթիկը», «էլ ում պետք է ընտրենք, եթե ոչ իրեն», այնուհետ տրվող փաթեթից վերցրել է միայն թիվ 2՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկը և մտել քվեախցիկ ու քվեարկել։ Այնուհետ, սակայն, նա վերադարձել է, վերցրել քվեաթերթիկները և նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։ 31/69 և 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտել դիտորդների աշխատանքը։ Նրանք ընտրատեղամասերի մուտքերի մոտ բարձրաձայն քարոզչություն են իրականացրել՝ բղավելով, որ «միևնույն է, ՔՊ-ն հաղթելու է»։ Դիտորդների կողմից արձանագրվել է, որ ոստիկանները չեն արձագանքել իրավիճակին։ Դիտորդների պահանջին միջամտել և կանխել քարոզչությունը՝ իրավապահները պատասխանել են, որ բղավողները «հիվանդ մարդիկ են»։ 31/49 տեղամասում ընտրողը քվեարկություն կատարելուց հետո իր հետ տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։ 31/23, 31/46, 31/53, 31/65 31/69, 31/70 տեղամասերում արձանագրվել են մարդկանց կուտակումներ։ 31/65 տեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք՝ ի նպաստ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածուի։ Հաշվարկի ընթացքում դիտորդները մի քանի անգամ 8 համարի քվեաթերթիկը դուրս գալիս` ոգևորված բացականչություններ են արել։ Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության և ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ և լարվածություն։ Թիվ 31 ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի ժամանակ արձանագրվել են կազմակերպչական բացթողումներ։ Փաստաթղթերի ընդունման գործընթացում ընդգրկված ընդամենը երկու անձը չեն կարողացել ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը հանգեցրել է ժամերով ձգվող հերթերի։ ՏԸՀ կողմից ԸԸՀ ներկայացված արձանագրությունների և ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում առկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության և նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:49 - 31 մարտի, 2025
Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան
 |news.am|

Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան |news.am|

news.am: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի դեռ չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք կփորձենք արձագանքել։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե Մարտուն Գրիգորյանը, որի գլխավորած ուժը ստացել է 6 մանդատ, չմիանա Վարդան Ղուկասյանին, որն ստացել է 8 մանդատ: «Ես միջնորդավորված եմ խոսել իր հետ, դեռ չունեմ հստակ ինֆորմացիա և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարություններին: Դետալների մեջ ինչի՞ ենք մտնում, զանգում ենք, չի պատասխանում, չորրորդ զանգից նոր պատասխանեց, վեցերորդին կախեց, ասաց՝ հետ կզանգեմ: Դա գործին օգուտ չի տալիս»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ ունե՞ն սցենարներ, եթե օրինակ, 4 ընդդիմադիր ուժերը չկարողանան միասնական լինել. «Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել  է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել ՔՊ-ին, և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը դնել գծերի վրա։ Եթե չի ստացվելու այդ միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ  իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք։ Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»: Նշենք, որ մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, որը քվեարկությամբ երրորդ ուժն է, դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել հետագա քայլերի վերաբերյալ:
17:03 - 31 մարտի, 2025
Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում
 |1lurer.am|

Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում, քվեարկության օրը՝ 2 հաղորդում |1lurer.am|

1lurer.am: Նախընտրական փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի և քարոզչություն պարտադրելու վերաբերյալ խախտումներ: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Երեք հաղորդումներից մեկը վերաբերում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրությանը, որը ենթադրում է քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու պարտադրանք, մյուսը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության և նախընտրական արգելքի խախտմանը՝ շիբինապատման դեպքին: Երրորդ հաղորդումը վերաբերում է Սարիկ Մինասյանին, որը վերաբերում է և՛ բարեգործության արգելքի խախտման, և՛ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին: «Քվեարկության օրը ներկայացրել ենք հաղորդում 2 հոդվածով. դա դիտորդի գործունեության խոչընդոտումն է՝ 210-րդ հոդվածի 1-ին մաս, և դա քվեարկության գաղտնիության խախտումն է՝ 215-րդ հոդվածի 2-րդ մաս»,- ասաց նա: Դեպքերից մեկի համաձայն՝ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդել է ընտրողներին, որ քվեարկեն, և պահանջել է արձանագրություն կազմել, բայց դա ավարտվել է դիտորդի՝ ընտրատեղամասից հեռացումով: «Մենք քվեարկության գաղտնիության և դիտորդի գործունեության հետ կապված հաղորդում ենք տվել»,- տեղեկացրեց Իոաննիսյանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հաղորդումներ են ներկայացվել նաև ԿԸՀ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը, ըստ Դանիել Իոաննիսյանի, բացառիկ է ընտրությունների կոնտեքստում: Խոսքը վերաբերում է քարոզարշավին մասնակցելու իրավունք չունցող անձի կողմից քարոզչություն իրականացնելուն: «Մասնավորապես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի մասին է խոսքը, որը քարոզում էր «Մայր Հայաստան» դաշինքի օգտին»,- ասաց նա:
16:47 - 31 մարտի, 2025