Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ |tert.am|

Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, պատրաստ է ընդունել ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ |tert.am|

tert.am: Թրամփն ասել է, որ Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցությունները: «Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ իրենք շատ շահագրգռված կլինեն բանակցություններ վարել: Թող գործընթացը սկսվի», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social սոցիալական ցանցում: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ հրադադարի հաստատման և հակամարտությունը դադարեցնելու պայմանները կքննարկվեն անմիջականորեն կողմերի միջև։ «Հենց նոր ավարտեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա զրույցը։ Կարծում եմ՝ շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես որ պետք է, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Եթե ​​դա այդպես չլիներ, ես այդպես կասեի հիմա, ոչ հետո։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի «սպանդի» ավարտից հետո, և ես համաձայն եմ: Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժը անսահմանափակ է: Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը»,- հայտնել էր Թրամփը:
10:10 - 20 մայիսի, 2025
Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի
 |factor.am|

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​աշխատանքների վերաբերյալ։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն աշխարհին ցույց տվեցին մեր պատրաստակամությունը՝ մոտեցնելու խաղաղությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Զելենսկին: Նա նշել է, որ իրականում հանդիպման ամենամեծ արդյունքը ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունն է՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Զելենսկին ասել է, որ իրենց թիմն այժմ մշակում է փոխանակման մանրամասները։ «Ռուստեմ Ումերովը, որպես Թուրքիայում գտնվող պատվիրակության ղեկավար, զեկուցել է ռուսների հետ զրույցի կոնկրետ մանրամասների մասին։ Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակներում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են։ Ուկրաինան պնդում է լիակատար և անվերապահ հրադադարի անհրաժեշտության հարցում՝ կյանքեր փրկելու և դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ապահովելու համար։ Նման հրադադարը պետք է լինի բավականաչափ երկար և շարունակման հնարավորությամբ։ Մեր առաջարկը, որը համաձայնեցվել է գործընկերների հետ, 30 օր է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման՝ հիմնական հարցերը լուծելու համար։ Ուկրաինան չի վախենում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, և կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չերկարաձգի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:59 - 19 մայիսի, 2025
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները |armenpress.am|

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել նախօրեին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Պարոն Ռուբիոն ողջունեց ռազմագերիների փոխանակման և յուրաքանչյուր կողմի հրադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների իր տեսլականի նախապատրաստման վերաբերյալ համաձայնագրերը և ընդգծեց Վաշինգտոնի պատրաստակամությունը շարունակել նպաստել կարգավորման որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։  Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ Կիևը վերջնականապես ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերսկսկելու ստամբուլի բանակցությունները։ Լավրովը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ այս համատեքստում։ «Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ռուս-ամերիկյան շփումների շարունակականության վերաբերյալ»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։    
17:43 - 17 մայիսի, 2025
Bloomberg. Ռուսաստանը Ուկրաինայից ոչ միայն տարածքներ է պահանջել, այլ նաև հրաժարում ֆինանսական պահանջներից
 |azatutyun.am|

Bloomberg. Ռուսաստանը Ուկրաինայից ոչ միայն տարածքներ է պահանջել, այլ նաև հրաժարում ֆինանսական պահանջներից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրում է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով: Խաղաղության հաստատման համար Կրեմլը Ուկրաինայից նաև պահանջում է դուրս հանել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի ու Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաև այդ տարածքները «հանձնել» Ռուսաստանին:
11:41 - 17 մայիսի, 2025
Սումիում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 4 մարդ

Սումիում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 4 մարդ

Մայիսի 17-ի վաղ առավոտյան Ռուսաստանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիի մարզում զոհվել է ինը քաղաքացի, ևս չորսը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է The Kyiv Independent լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Սումիի մարզային ռազմական վարչակազմը՝ Telegram-յան գրառմամբ։ Հարձակման թիրախում է եղել քաղաքացիական ուղևորափոխադրող մի միկրոավտոբուս, որը տեղաշարժվում էր Բիլոպիլյա քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 06:17-ին։ Սումիի մարզը գտնվում է Ուկրաինայի հյուսիսարևելքում՝ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններին։ Բիլոպիլյայի համայնքապետ Յուրի Զարկոն դեպքը անվանել է «քաղաքի պատմության սև շաբաթ օրը» և մայիսի 17-ից 19-ը հայտարարել է եռօրյա սուգ։ «Այս ավտոբուսը տարհանման նպատակով մարդկանց էր դուրս բերում քաղաքից։ Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է դեպքի վայրում, այնուհետև տեղափոխվել են Սումիի հիվանդանոց։ Այժմ շարունակվում է զոհվածների մարմինների դուրսբերումը։ Որոշ զոհեր դեռ նույնականացված չեն։ Նրանց մեծ մասը տարեց կանայք են, ինչպես նաև երկու կամ երեք տղամարդիկ», – ասել է Բիլոպիլյայի համայնքապետը։ Տեղում աշխատում են փրկարարական ծառայություններն ու ոստիկանությունըԼուսանկարում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասված քաղաքացիական միկրոավտոբուսն է։
11:24 - 17 մայիսի, 2025
ՌԴ-ն և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
 |factor.am|

ՌԴ-ն և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել |factor.am|

factor.am: Ռուսաստանը և Ուկրաինան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ 909 մարմին է վերադարձվել Ուկրաինային։ Ռազմագերիների հետ վերաբերմունքի ուկրաինական համակարգող շտաբի տվյալներով՝ դրանք Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններից վերցված մարմիններ են, ինչպես նաև Կուրախովսկի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարսկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Սումիի և Խարկովի ուղղություններով մարտերի գոտիներում վերջերս զոհվածների մարմիններ են։ «Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, հնարավորինս շուտ կպարզեն մահացածների ինքնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանն էլ ստացել է 34 զինվորի մարմին։ 
20:30 - 16 մայիսի, 2025
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ռազմագերիներ փոխանակել․ նոր մանրամասներ բանակացությունների արդյունքից

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ռազմագերիներ փոխանակել․ նոր մանրամասներ բանակացությունների արդյունքից

Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ գոհ է այսօր Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններից և որ դրանք շարունակվելու են։ Այս մասին հաղորդում է Sky news լրատվական գործակալությունը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է նաև Ուկրաինայի առաջարկի մասին՝ կազմակերպել ուղիղ հանդիպում նախագահներ Զելենսկու և Պուտինի միջև։ Նա հայտարարել է նաև լայնածավալ ռազմագերիների փոխանակման մասին՝ 1000-ը 1000-ի դիմաց։ Մոսկվան և Կիևը համաձայնել են ներկայացնել իրենց տեսլականը հրադադարի վերաբերյալ, որից հետո բանակցությունները կշարունակվեն։ Ու չնայած ռուսական կողմի արձագանքին՝ եվրոպացի առաջնորդները «անընդունելի» են համարել ռուսական կողմի մոտեցումը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում խոսելով լրագրողների հետ, հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որին հաջորդել է հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Ռուսական դիրքորոշումը ակնհայտորեն անընդունելի է, և սա առաջին դեպքը չէ։ Այդ հանդիպման և հեռախոսազրույցի արդյունքում այժմ մենք մեր [խմբ․- եվրոպական առաջնորդների] արձագանքները միավորում ենք և շարունակելու ենք գործել միասին», - ասել է Սթարմերը։ Նա ներկայում գտնվում է Ալբանիայում՝ Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։Լուսանկարը՝ Reuters-ի։
18:32 - 16 մայիսի, 2025
Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ըստ թուրքական Anadolu գործակալության՝նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։ Հանդիպումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։ Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։
10:52 - 16 մայիսի, 2025
Ստամբուլում հակամարտությունը դադարեցնելու համար փաստաթուղթ մշակելու հնարավորություն կա․ Միրոշնիկ
 |civilnet.am|

Ստամբուլում հակամարտությունը դադարեցնելու համար փաստաթուղթ մշակելու հնարավորություն կա․ Միրոշնիկ |civilnet.am|

civilnet.am: Հնարավորություն կա Ստամբուլում մշակել փաստաթուղթ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախ անհրաժեշտ է անցնել առաջին ուղով, այսինքն՝ համաձայնությունների հասնել խաղաղության հասնելու վերաբերյալ, գտնել կարգավորման մեխանիզմը։ Երկու կողմերից էլ ձևավորված խմբերը կարող են դա անել։ Նրանք կարող են մշակել մոդել, որը ընդունելի կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար, և կընդունվի միջազգային հանրության կողմից։ Կան նման հնարավորություններ», – ասել է Միրոշնիկը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իշխանություններին առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022-ին ընդհատված ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելու և, հնարավոր է, հրադադարի հասնելու համար։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ մայիսի 15-ին նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք առաջին ուղիղ բանակցություններն են վերջին երեք տարվա ընթացքում, կարող են մեկնարկել մայիսի 16-ին Ստամբուլում։
10:02 - 16 մայիսի, 2025
Ռուբիոն հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցություններին կմասնակցի ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը |armenpress.am|

Ռուբիոն հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցություններին կմասնակցի ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններին։ Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Վաղը (խմբ.՝ մայիսի 16-ին) ես կհանդիպեմ (Թուրքիայի) արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ՝ բարձրաստիճան ուկրաինական պատվիրակության հետ, որը կլինի այստեղ։ Մեր թիմից ինչ-որ մեկը կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրանք այստեղ ավելի ցածր մակարդակի խումբ են ուղարկել», - լրագրողներին ասել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչներ։ «Հուսով եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այս բանակցությունները տեղի կունենան մեր թուրք գործընկերների, ինչպես նաև մեր թիմի անդամներից մեկի կամ մեր թիմի անդամների մասնակցությամբ՝ համապատասխան մակարդակով», - նշել է նա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ինքը «մեծ ակնկալիքներ» չունի առաջիկա բանակցություններից և հույս է կապում միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հետ։ «Եվ անկեղծ ասած, այս պահին կարծում եմ, որ լիովին պարզ է՝ առաջընթացի հասնելու միակ ճանապարհը նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև բանակցություններն են», - ասել է Պետքարտուղարության ղեկավարը։ Իսկ լրագրողի հարցին, երբ տեղի կունենա երկու ղեկավարների հանդիպումը, Ռուբիոն հիշեցրել է, որ Թրամփը շատ է ցանկանում վերջ դնել պատերազմին և ավելի վաղ ասել էր, որ «շուտով ինչ-որ բան պետք է տեղի ունենա»։ Ուկրաինայի հետ բանակցություններին ռուսական պատվիրակությունը, ինչպես 2022 թվականին, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ 
09:59 - 16 մայիսի, 2025
Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպասում է ուկրաինական կողմի հետ բանակցություններին |armenpress.am|

Ստամբուլում ռուսական պատվիրակությունը սպասում է ուկրաինական կողմի հետ բանակցություններին |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ շարունակում է սպասել ուկրաինացի բանակցողների հետ հանդիպմանը։ ՌԴ բանակցողները ժամը 10:00-ից կսպասեն ուկրաինական պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։  «Վաղն առավոտյան, բառացիորեն ժամը 10-ից, մենք կսպասենք ուկրաինական կողմին, որը պետք է ժամանի հանդիպմանը», - մայիսի 15-ի ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունները պետք է սկսվեին Դոլմաբահչեի նախագահական պալատում մայիսի 15-ին, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ։ Ուկրաինայի պատվիրակությունը նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ մայիսի 15-ին ժամանել էր Անկարա, որտեղից նրանք պետք է մեկնեին Ստամբուլ։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար ուղարկվող պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը առավոտից մինչև ուշ երեկո սպասել է ուկրաինացի բանակցողներին, օրվա վերջում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և վերադարձել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն՝ մայիսի 16-ին բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը հաստատելու համար։ Մայիսի 15-ի ուշ երեկոյան բանակցությունների կազմակերպմանը ծանոթ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին, և որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ շփումներ դեռևս նախատեսված չեն։ Այսպես է աղբյուրը մեկնաբանել այն տեղեկությունները, որ Ռուսաստանի, Ուկրաինայի բանակցողները և Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, մայիսի 16-ին կհանդիպեն Ստամբուլում։
09:18 - 16 մայիսի, 2025
Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP
 |factor.am|

Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Թուրքիայում ՌԴ-ի հետ բանակցություններից, սակայն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները համոզել են նրան․ WP |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է եղել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, որոնք նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, սակայն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան համոզել են նրան՝ չանել դա։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ երկու դիվանագետի՝ մայիսի 13-ի երեկոյան Զելենսկին հիասթափված է եղել հնարավոր բանակցությունների զարգացումներից։ Նա ասել է, որ կարող է թույլ չտալ իր թիմին հանդիպել ռուսական պատվիրակության հետ։ Իրենց հերթին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի պաշտոնյաները փորձել են համոզել նրան, որ չափազանց կարևոր է բանակցություններին ուղարկել առնվազն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն։ Մասնավորապես, քննարկումը վերաբերել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային։ Նշվում է, որ քննարկումների ընթացքում ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են Զելենսկիի դիմադրությանը։ «Նա ընդհանրապես իմաստ չէր տեսնում գնալու մեջ»,- WP-ին ասել է մի դիվանագետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը համոզել է ուկրաինական կողմին, որ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին մասնակցությունն օգտակար է երկու կողմերի համար էլ. եթե Ուկրաինան գա, իսկ Ռուսաստանը՝ ոչ, ապա Մոսկվան կկրի հետևանքները։ Եթե ​​երկու կողմերն էլ գնան, նրանք կարող են ավելի մոտենալ հրադադարին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Ռուսաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա։ Մայիսի 14-ի ուշ երեկոյան Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ռուսական պատվիրակությունը կգլխավորի իր օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին արդեն Թուրքիա է ժամանել։ Նա Անկարայում բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
16:56 - 15 մայիսի, 2025
3 տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման պատուհան. Ֆիդան |tert.am|

3 տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման պատուհան. Ֆիդան |tert.am|

tert.am: Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հնարավորության պատուհան է բացվել, ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն կարգավորման գործընթացին իրենց հնարավոր աջակցությունը։ Այս մասին Անթալիայում դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման փակ մասի մեկնարկից առաջ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Իհարկե, Ուկրաինայում պատերազմն արդար և տևական հիմքերի վրա վերջ տալու մեր ջանքերը մեր այսօրվա քննարկումների կարևոր մասն են լինելու։ Բոլորդ գիտեք, որ Թուրքիան միշտ ընդգծել է այս խնդրի դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը։ Երեք տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվեց հնարավորությունների պատուհանը։ Հուսանք, որ Ստամբուլի բանակցությունները նոր գլուխ կբացեն։ Այսօրվա մեր հանդիպումը կարևոր հնարավորություն կլինի քննարկելու, թե ինչպես կարող ենք անհատապես և հավաքականորեն աջակցել այս գործընթացին», - ասել է Ֆիդանը: Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։
12:01 - 15 մայիսի, 2025
ԱՄՆ-ն ցանկանում է մոտ օրերին առաջընթաց տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում. Ռուբիո |armenpress.am|

ԱՄՆ-ն ցանկանում է մոտ օրերին առաջընթաց տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում. Ռուբիո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է հնարավորինս շուտ առաջընթաց տեսնել բանակցություններում։ Այս մասին նա ասել է Անթալիայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «ԱՄՆ նախագահը շատ հստակ է ասել, որ ուզում է՝ պատերազմն ավարտվի։ Նա, ըստ էության, պատրաստ է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի արդար, տևական խաղաղության», - ասել է Ռուբիոն, որի ելույթի տեսանյութը տարածել է BBC-ն։ «Մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա երկու օրերին։ Եվ այդ առումով մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել։ Ինչ մեխանիզմ էլ ուրվագծվի, ինչ գործընթաց էլ տեղի ունենա, մենք պատրաստ ենք լինել կառուցողական և օգնել, ինչով կարող ենք՝ հակամարտությանը վերջ դնելու համար», - հավելել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական եղանակով, այլ դիվանագիտական։ Եվ որքան ավելի արագ համաձայնություն ձեռք բերվի այս պատերազմին վերջ դնելու համար, այնքան ավելի քիչ մարդիկ կմահանան, և ավելի քիչ ավերածություններ կլինեն», - ասել է Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նաև շեշտել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է պատերազմների կանխումը, և այդ պատճառով է, որ Վաշինգտոնը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժեղացումը և անդամ երկրների կողմից դաշինքի համար արված ծախսերի ավելացումը։ Մայիսի 15-ին Ստամբուլում պետք է տեղի ունենան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։ 
11:34 - 15 մայիսի, 2025