<di1lurer.am: v>Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը և Ուկրաինան երրորդ անգամ գերիներ են փոխանակել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ սա հավասար թվով զինծառայողների փոխանակում է եղել, սակայն հստակ թիվ չի նշվել:
Օրերս Ռուսաստանը և Ուկրաինան գերիների երկրորդ խոշոր փոխանակումն են իրականացրել: Ռուսաստան է վերադարձել մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը։ Փոխանակվածների թիվը կրկին չի նշվել։
Հիշեցնենք՝ Թուրքիայում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի շրջանակում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները համաձայնել էին փոխանակել բոլոր ծանր հիվանդ և մինչև 25 տարեկան գերիներին։ Առաջին խոշոր փոխանակումը եղել էր մայիսի 25–ին՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։
Բացի ռազմագերիների փոխանակումից, Ռուսաստանն առաջարկել էր իրականացնել նաև զոհված զինծառայողների աճյունների փոխանակում՝ «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով: Ուկրաինան ընդունել է առաջարկը:
Հունիսի 11-ին Ուկրաինա է վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին: Նրանց թվում են Կուրսկի մարզում, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները՝ հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը: Ռուսական կողմին էլ վերադարձվել է 27 զինծառայողի մարմին:
comment.count (0)