ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնում է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։ «ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը․ այն է՝ անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աշխատանքային այցով Վիեննայում է, ուր ընթանում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը։  ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ նախատեսված են երկկողմ հանդիպումներ։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը։ Արցախը շրջափակման մեջ է։   Լուսանկարը՝ ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության թվիթերյան էջից
16:07 - 17 հունվարի, 2023
Հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը․ Միրզոյանը՝ Գուտերիշին

Հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու հարցը․ Միրզոյանը՝ Գուտերիշին

Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։   Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
22:40 - 16 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները

Արարատ Միրզոյանը և Ղադա Ֆաթի Վալին քննարկել են օտարերկրյա վարձկանների օգտագործման և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության ոլորտներում: Կողմերը քննարկել են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, օտարերկրյա վարձկան մարտիկների օգտագործման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս առումով կարևորվել է անցած տարի ստորագրված Հայաստանի ու ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցության ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը։ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները։
20:11 - 16 հունվարի, 2023
ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես ասել էր, որ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության մաս կազմելու առաջարկ չի եղել։ Փաշինյանը, սակայն, ընդգծել էր, որ «իրականությունը այդքան պարզ չէ, և հաճախ պետք է դիտարկել հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը»։  Խոսելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ն ոչ պաշտոնական առաջարկ ստացել է Միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ, Փաշինյանն ասել էր՝ «փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է համարել»։ Անցած տարեվերջին էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել այն թեմայի մասին՝ ասելով, որ Հայաստանի հանդեպ ճնշումներ կան Միութենական պետության մասով՝ չմանրամասնելով, սակայն, թե ում կողմից է ճնշումը և ինչ մակարդակով․ Գրիգորյանի այս հայտարարությունից հետո էին մենք հարցում ուղարկել ԱԳՆ։  Միութենական պետության հետ կապված Հայաստանի վրա գործադրվող ճնշումների մասին Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ Հայաստանին այդ պետության կազմ մտցնելու առնչությամբ նույնիսկ ժամկետներ են եղել, սակայն Հայաստանը կատեգորիկ մերժել է այդ առաջարկները։  Միութենական պետության թեման Հայաստանում սկսել էր ավելի ակտիվ քննարկվել դեռևս  անցած տարվա փետրվարին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հետխորհրդային երկրների՝ Միութենական պետությանը միանալու հեռանկարների մասին, ասել էր․ «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք՝ ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... Այդ հզորության միավորման ավարտից հետո կամ միավորման ընթացքում... Իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... Իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։Բելառուսի ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը՝ նշելով, որ այդ հայտարարությունը ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը, ինչից հետո էլ  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա։ Նանե Ավետիսյան
11:40 - 16 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին

Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:
14:02 - 14 հունվարի, 2023
G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Ջայշանկար, Հարգելի գործընկերներ, Նախ, ես կցանկանայի շնորհավորել Հնդկաստանին G-20-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հայտնել մեր երախտագիտությունը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» մասնակցության հրավերի համար: Անցյալ ամիս Նյու Յորքում ես ականատես եղա ՄԱԿ անդամ-պետությունների շրջանում միասնության և առաջընթացի խթանմանն ուղղված Հնդկաստանի դերակատարությանը՝ միտված մեր բոլոր ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հասցեագրելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությունը և դրա հիմնական սկզբունքները պահպանելուն: Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ արագ առաջընթաց է գրանցում շատ ոլորտներում, և գլոբալ ցնցումների այս ժամանակաշրջանում մենք գնահատում ենք Հնդկաստանի կայունացնող գործունեությունը: Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք՝ մեղմելու բացասական միտումները և օգտվելու Գլոբալ հյարավի հսկայական ներուժից: Այդ առումով, G-20-ում Հնդկաստանի նախագահության առաջնահերթությունները՝ կանաչ զարգացումից մինչև տեխնոլոգիական փոխակերպում, ներառական և կայուն աճից մինչև կանանց կողմից առաջնորդվող զարգացում և այլն, նախապայման են հանդիսանում ազատ և բաց աշխարհի համար, որը փոխկապակցված է, բարեկեցիկ և ապահով: Գլոբալ հարավի երկրների և ժողովուրդների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնահերթություններից պետք է լինի հաղորդակցությունը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը  մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առանցքային են մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտները վերացնելու համար, հատկապես գլոբալ տնտեսական անկման ժամանակաշրջանում և բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից: Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։ Հարգելի գործընկերներ, Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված։ Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։ Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը։ Շնորհակալություն:
12:46 - 13 հունվարի, 2023
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։ Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: «Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ
20:00 - 12 հունվարի, 2023
Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկելու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային հանրության հստակ կոչերը և հասցեական քայլերը: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
18:52 - 12 հունվարի, 2023
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

 |factor.am|

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը |factor.am|

factor.am: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ «ԱԳ նախարար Ասսելբորնը զրուցել է իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լաչինի միջանցքն ու շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը, որն ազդել է 120,000 քաղաքացու վրա։ Լյուքսեմբուրգը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Բոլոր կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,- ասվում է ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է ստանձնի իր պարտականությունները եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց տեղաշարժը վերականգնելու համար։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:
17:13 - 12 հունվարի, 2023
ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։ Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ «Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
16:22 - 12 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
18:20 - 11 հունվարի, 2023
Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Արարատ Միրզոյան

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
19:33 - 10 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն: Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
19:02 - 10 հունվարի, 2023