Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին
14:02 - 14 հունվարի, 2023

Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հանգուցալուծման հրամայականին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նախարար Միրզոյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան` ընդգծելով, որ այն վկայում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված պատմական բարեկամության և երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է միջ­խորհրդա­րանական մակարդակով ձևավորված սերտ համագործակցությունը և այս առումով առանձնահատուկ կարևորվել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեությունն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք անդրադարձ է կատարվել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհի` Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով օրեցօր ահագնացող հումանիտար իրավիճակին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր շարունակական գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայությանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ տարբեր մակարդակներում և ձևաչափերում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել