Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
16:07 - 17 հունվարի, 2023

Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնում է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։

«ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը․ այն է՝ անհապաղ և առանց պայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աշխատանքային այցով Վիեննայում է, ուր ընթանում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստը։ 

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ նախատեսված են երկկողմ հանդիպումներ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը։

Արցախը շրջափակման մեջ է։

 

Լուսանկարը՝ ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության թվիթերյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել