Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ երկրների գործընկերության մասին
 |civilnet.am|

Ռազմավարական գործընկերություն. ինչ պետք է իմանալ ԱՄՆ-ի՝ Հայաստանի և այլ երկրների գործընկերության մասին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին ստորագրեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Ստորագրված փաստաթղթի նշանակության վերաբերյալ տարբեր քննարկումներ եղան սոցցանցերում և լրատվամիջոցներում։ #CivilNetCheck-ը գնացել է տարածված պնդումների հետքերով։ Ի՞նչ է նախատեսվում Հայաստանի հետ կնքված կանոնադրությամբ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության վերաբերյալ կանոնադրություն է ստորագրել մի շարք երկրների հետ։ Ստորագրված կանոնադրություններն ունեն ընդհանուր դրույթներ, սակայն յուրաքանչյուր երկրի դեպքում կան նաև լրացուցիչ կետեր: Այսպես, Հայաստանի հետ ստորագրված չորս էջանոց կանոնադրությունում քայլեր ու ժամկետներ չկան։ Առաջին բաժինը հիմնականում պարունակում է ընդհանրական դրույթներ, ինչպես օրինակ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում, ժողովրդական արժեքների հանդեպ հանձնառություն և այլն։ Այս բաժնում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մյուս բաժինը տնտեսական համագործակցությանն է վերաբերում, որտեղ ամենակարևորը, թերևս, էներգետիկ անվտանգության խթանման վերաբերյալ կետն է։ Փաստաթղթում կարևորվում են նաև պաշտպանական և անվտանգային համագործակցության ընդլայնումը, զինված ուժերի մասնագիտական վերապատրաստումը, ինչպես նաև իրավապահ մարմինների բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը։ Ստորագրման ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր հաջորդ ամիս ԱՄՆ-ի Մաքսային և Սահմանային պահպանության թիմի՝ Հայաստան այցելության մասին։ Թիմը պետք է աշխատի հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։ Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, հակակոռուպցիոն նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցությանը և արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին։ Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիա. ի՞նչ կապ ունի Իրանը Սոցցանցերում քննարկվում էր նաև, թե ստորագրված փաստաթուղթը պարունակում է կետեր Իրանի դեմ։ Ենթադրաբար, պետքարտուղար Բլինքենի՝ «Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային» հայտարարությունն է շփոթության պատճառ դարձել։ Բլինքենը «Իսլամական պետություն» ասելով՝ նկատի ունի ոչ թե իսլամական որևէ պետություն, այլ 2013-ից աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններ իրականացրած «Իսլամական պետությանը»։ «Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիան» ստեղծվել է 2014-ին։ Դրան ներկայում միացել է 87 երկիր։ Այն ձևավորվել է՝ ի պատասխան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS): Կոալիցիային միացած անդամ պետությունները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարի տարբեր ուղղություններով։ Այնուամենայնիվ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունում որևէ կետ չկա ո՛չ Իրանի, ո՛չ էլ «Իսլամական պետության» վերաբերյալ։ Ռազմավարական դաշնակի՞ց, թե՞ գործընկեր Փաստաթղթում հստակ նշված է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Երկկողմ դաշնակցային պայմանագրեր ԱՄՆ-ն ունի Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների և այլ երկրների հետ։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանն ունի միայն գործընկերոջ կարգավիճակ։ «Սա պետք է հստակ տարբերակել է և հաշվի առնել, որ բաժանումները շատ հստակ կան»,- նշում է Սուրեն Սարգսյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:58 - 17 հունվարի, 2025
ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ

Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ:   «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։   Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով»,- նշել է նա։
18:54 - 16 հունվարի, 2025
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները նշանակալիորեն հասունացել են, ուստի դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ինչպես տեղին է, այնպես էլ էական։ «Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,-նշել է Միրզոյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը կծառայի որպես հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզ։ «Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,-ընդգծել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:  Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությունը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում: 
11:19 - 16 հունվարի, 2025
Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

«Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի բացման մասին՝ դրանով նշանավորելով մեր երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով նախօրեին ստորագրված փաստաթղթին։ «Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու։ Այսօրվա դրությամբ՝ Միացյալ Նահանգները ՀՀ-ում շուրջ 3,3 մլրդ դոլարի ներդրում են արել՝ հաջակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական աճի և կայունության, հումանիտար օգնության, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։ Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,-- հայտնում են դեսպանությունից։
10:16 - 15 հունվարի, 2025
Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին

Միրզոյանն ու Բլինքենը անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպումը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։ Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը՝ որպես հարաբերությունների խորացման պատմական հանգրվան և համատեղ նոր ձեռքբերումների ապահովման առհավատչյա։ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության հետագա խորացմանը միտված օրակարգային հարցերն, ընթացիկ աշխատանքներն ու հետագա հնարավոր քայլերը։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ համագործակցության և փոխադարձ ամուր հանձնառության արդյունքն է։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին կանոնադրության ստորագման, ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ներդրման, ինչպես նաև ՀՀ-ին ցուցաբերված աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ ընձեռնվող ոլորտային համագործակցության նախաձեռնություններին և նոր հնարավորություններին՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացին։ Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքը, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևորության գիտակցումը դրված են ՀՀ կառավարության տեսլականի հիմքում և կշարունակեն մնալ հետագա քայլերի հիմնական ուղենիշ։
10:05 - 15 հունվարի, 2025
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Կանոնադրության ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն Նախաբան Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝  Հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը: Նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների,  և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում:  Ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա: Դրանք  ներառում են  ժողովրդավարության և տնտեսական ազատության  առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում:  Բաժին I․ Գործընկերության սկզբունքները  Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա:  Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Կողմերի բարեկամությունը բխում է ժողովրդավարական արժեքների ընդհանուր հանձնառությունից և համոզմունքից, որ ժողովրդավարությունը, քաղաքական լեգիտիմության և, հետևաբար, կայունության գլխավոր հիմքն է: Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը կնպաստի խաղաղության և կայունության խթանմանը: Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը`  դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս: Միացյալ Նահանգներն  ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:   Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝  հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս հանգեցնում է հարևանների միջև փոխկախվածության և փոխշահավետ հարաբերությունների, Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը: Բաժին II․ Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու  տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական  հասանելիությունը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական  է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:  Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները: Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման ջանքեր, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի զգալի աճ,   ինչպես նաև  տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Հայաստանը  և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համատեղ երկխոսություն նախաձեռնել՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արտահման վերահսկվող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերությունների կողմից առավել մեծ հասանելիության շուրջ: Հասկանալով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի հասցեագրման և տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները,  Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով:  Բաժին III․ Պաշտպանություն և անվտանգություն  Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։ Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում  համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը: Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Հաշվի առնելով կառավարությանը, բիզնեսին և հասարակությանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տևական սպառնալիքը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և մարդու իրավունքները հարգող թվային ապագայի ուղղությամբ: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են շարունակել առկա կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ կազմակերպել: Միացյալ Նահագները մտադիր է շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարարության և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով: Ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:  Բաժին IV․ Ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդում Հաշվի առնելով մինչ այժմ Հայաստանի նշանակալի ձեռքբերումները՝ մեր երկու երկրները հանձնառու են համատեղ աշխատանքներ տանել՝ անկողմնակալ, անկախ դատական ոլորտի ամրապնդման միջոցով օրենքի գերակայությունը խթանելու, խոսքի ազատությունը, այդ թվում՝ լրատվամիջոցների, լավ կառավարումը և հաշվետվողականությունը, հանրային կառավարման բարեփոխումները, արդար և թափանցիկ ընտրական մրցակցությունը, ազատ և ակտիվ քաղաքացիական հասարակությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ավելի ամրապնդելու համար:  Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել՝ ամապնդելու անկախ լրատվական միջոցները, խոսքի ազատությունը և անաչառ լրատվության ու տեղեկատվության հասանելիությունը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համագործակցել օրենքի գերակայության խթանման և այդ ոլորտում քաղաքականության մշակման գործընթացների առաջմղման նպատակով Հայաստանի ջանքերն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով դատական մարմինների անկողմնակալության և անկախության, հանրային վստահության և թափանցիկության, ինչպես նաև՝ վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղություններով: Իրավապահ ոլորտի և դատական իշխանության  հարաբերությունների, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման միջոցով կողմերը մտադիր են հասցեագրել ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբեռհանցավորությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել Հայաստանի հակակոռուպցիոն նախաձեռնությունների ու ջանքերի, և այս ոլորտում քաղաքականության մշակման ուղղությամբ, այդ թվում՝ աշխատանքներ տանելով հակակոռուպցիոն կառույցների և հանրային ծառայությունների բոլոր ոլորտներում բարեվարքության  ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և կանոնակարգող շրջանակները բարելավելու և մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն ամրապնդելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ խտրականության դեմ պայքարի իրավական դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքներում: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են  թափանցիկության և հաշվետվողականության աճի, հանրային կառավարման բարելավման, բարեփոխումների վերաբերյալ արդյունավետ հաղորդակցության, կառավարության տեղեկատվությանը քաղաքացիների և զանգվածային լրատվամիջոցների  հասանելիության ընդլայնման միջոցով աշխատանքներ տանել Հայաստանում լավ կառավարումը խթանելու համար:  Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել Հայաստանում քաղաքական բազմակարծության և թափանցիկ, արդար քաղաքական մրցակցության աճի ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, մրցունակ ընտրական միջավայր ստեղծելու նպատակով՝ խրախուսել քաղաքական կուսակցությունների, ուղեղային կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների զարգացումն` աջակցելով նրանց մասնակցությունն օրենսդրության մշակմանը և բարեփոխումների իրականացմանը։  Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են համատեղ աշխատանքներ տանել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության՝ հանրային քաղաքականության մշակման և վերլուծության, քաղաքացիների շահերի առաջմղման, օրենսդրական գործընթացներին մասնակցության և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վերահսկողության ապահովման կարողությունները ամրապնդելու նպատակով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են կյանքի կոչել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Միացյալ Նահանգները նախատեսում է աջակցել Հայաստանին՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացման գործում:  Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման  ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Բաժին V․ Մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանում  Հայաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թվում՝  ամերիկահայ համայնքի միջոցով, և ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական և մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք  նպաստում են  ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ու փոխըմբռնման խթանմանը։  Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի աճի կարևորությունը՝ կողմերը նախատեսում են խթանել հետագա մշակութային ու հասարակական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագիրը, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX), Բակալավրիատի փոխանակումը (UGRAD), Օրենսդրական կրթությունը և փորձառությունը (LEAP), Միջազգային այցելու առաջնորդության ծրագիրը (IVLP), Անգլերեն լեզվի դասավանդման և ուսանելու ծրագիրը, և այլք: Ընդգծելով նորարարության և շարժունակության անհրաժեշտությունը երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում համագործակցության աճը: Միացյալ Նահանգները նախատեսում է դյուրացնել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրենսդրության և ընթացակարգերի համաձայն, այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի։ Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն  ուղղված համատեղ նախաձեռնությունները:
09:57 - 15 հունվարի, 2025
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

Վաշինգտոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ Այն ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Փաստաթղթի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: Նախարարը հայտնեց նաև , որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:  
22:44 - 14 հունվարի, 2025
Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, «Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն, Ձերդ գերազանցություններ, գործընկերներ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։ Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն պետքարտուղար, և Ձեր թիմին այս ճանապարհին` մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։ Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, ուրախ նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։ Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։ Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»։
22:38 - 14 հունվարի, 2025
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:   ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, և ուրվագծվեց հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն:   Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:   Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով:
19:14 - 13 հունվարի, 2025
Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին |amerikayidzayn.com|

Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև, կարո՞ղ եք մանրամասնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությանն առնչվող գործընթացի մասին և վերջապես՝ արդյո՞ք Վաշինգտոնը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը Երևանի հետ ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք: Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասաց․ «Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը էս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում․․․ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների [միջև]» Հիշեցնենք՝ մի քանի օր է, ինչ հայաստանյան փորձագիտական դաշտն ու լրատվամիջոցները քննարկում են, որ առաջիկայում Երևանի ու Վաշինգտոնի միջև փաստաթուղթ է ստորագրվելու ռազմավարական գործընկերության մասին։
09:51 - 09 հունվարի, 2025
ԼՂ հայերի՝ այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր էին ապրում. Միրզոյան
 |1lurer.am|

ԼՂ հայերի՝ այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր էին ապրում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Նաև 2020 թվականի պատերազմից հետո, մեր գնահատմամբ, իրատեսական բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում և օժտված լինի որոշակի իրավունքներով: Հիմա սա փաստ է, որ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ-ի գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից, և ինչ-որ առումով նաև այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմը բանակցո՞ւմ է ԼՂ հայերի վերադարձի մասով՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի [հայերի] այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին,- ասաց նախարարը և հավելեց.- ԼՂ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն ոչ այնքան լրագրողները, որքան քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են: ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել: Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա՛ր այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն, կա՛ր այդ հնարավորությունը: Ուրի՞շ»: Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրեց նաև ԼՂ խնդրի հանգուցալուծման մասով ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը 2021-2022-ին, երբ քննարկվում էր ԼՂ ներկայացուցիչների կողմից Սոֆիայում ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկը, որոնք, ըստ նախարարի, հօդս ցնդեցին: «Եվ այդ հանդիպումների հետ [հօդս ցնդեց] հնարավոր այն հեռանկարը, որն այդ հանդիպումները կարող էին բերել: Հօդս ցնդեցվեցին շատ կոնկրետ շրջանակների կողմից շատ կոնկրետ գործողություններով, գուցե նաև հրահրված՝ շատ կոնկրետ երրորդ երկրների կողմից: Հիմա, երբ այդ ամենը եղել է, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք, Երևանում ասում եք՝ ԼՂ հայերի վերադարձ: Շա՛տ լավ, լսեցինք ձեզ: Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին: Մեր Կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, հոգալ իրենց բոլոր առաջին անհրաժեշտության կարիքները: Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի ունեցել է, այժմ փուլն է՝ օգնելու նրանց, հոգալու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, այդ թվում՝ բնակարանային ապահովում, զբաղվածություն և այլն: Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ ՀՀ-ում լիարժեք ինտեգրված զգան և ապրեն, օգտվեն բոլոր իրավունքներից»,- ասաց նա:
17:19 - 08 հունվարի, 2025
Միրզոյանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից |azatutyun.am|

Միրզոյանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից |azatutyun.am|

azatutyun.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից։ Հունվարի 8-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց, որ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու պատրաստակամություն մենք և թուրքական կողմը մշտապես հայտնել ենք։ Ցավոք, սա նաև փաստ է հրապարակային, որ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ»,- նշեց Միրզոյանը։ Նախարարի համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։  «Իմ ընկալմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսի ընկալում Թուրքիայում դեռ չկա։ Պետք է շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների մակարդակով, և՛ հատուկ բանագնացների մակարդակով, հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով»,- ասեց Միրզոյանը։
17:11 - 08 հունվարի, 2025
«Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին անկլավ-էքսկլավների հարցը քննարկել»․ ՀՀ ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին անկլավ-էքսկլավների հարցը քննարկել»․ ՀՀ ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին անկլավ-էքսկլավների հարցը քննարկելու», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Միրզոյանից, որ եթե Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների օրակարգ բերի սահմանազատումն անկլավ-էքսկլավների հատվածում շարունակելու առաջարկ, հայկական կողմի դիրքրոշումը ո՞րն է լինելու՝ իրավիճակը թողնե՞լ այնպիսին, ինչպիսին կա, թե՞ փոխանակում իրականացնել։ «Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու։ Մեթոդը և աշխարհագրորեն տեղը, որ ընկալում կա երկուստեք շարունակել աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային», - պատասխանեց Միրզոյանը։ Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ որտեղի՞ց կշարունակեն սահմանազատումը, Միրզոյանը պատասխանեց․ - «Հիմա, եթե ասեմ Հայաստանի ամենահյուսիսային կետից, կամ ամենահարավային կետից, կամ X գյուղից, դա շատ բան չի փոխելու Ձեր հարցի կոնտեքստում, Դուք անկլավներից եք հարցնում։ Ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ճիշտ հակառակը՝ ընդհանուր առմամբ կա ընկալում, որ հարցերը, այդ թվում՝ այդ, տարբեր հեռանկարներ մտքում ունենալով՝ քննարկել ավելի ուշ փուլերում»։ Մեկ այլ հարցի, թե սահմանազատումը կարո՞ղ է շարունակվել Հայաստանի օկուպացված տարածնքերից, արտգործնախարարը պատասխանեց․ - «Ես այս փուլում, ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»։ Բաքուն ու Երևանն այսօր հայտարարել են, որ հունվարին նախատեսվում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։ 2024-ի գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու: «Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնաժողովի անդամների հանդիպման օրն ու վայրը չհստակեցնելով։
17:09 - 08 հունվարի, 2025