Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը

ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» գիտագործնական աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել փախստականության թեման գիտական հարթակում և քննարկել խնդիրները մի կողմից իրավաբանների, մյուս կողմից՝ քաղաքական որոշումներ կայացնողների հետ։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության փախստականությունը հետևանք էր Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի։ Առաջին փուլը սկսվել է 1918թ․, երբ ստեղծվեց Ադրբեջան պետությունը և սկսեց պայքար, որպեսզի Ղարաբաղը ներառի իր տարածքի մեջ։ Արցախահայությունը պայքարում էր, որ լինի կա՛մ անկախ պետություն, կա՛մ Հայաստանի կազմում։ Արդյունքում, պայքարն ավարտվեց նրանով, որ 1923թ․ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին։ Ադրբեջանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որ Ղարաբաղում հայերը չամրապնդվեն և արտագաղթեն։ Չէր զարգացնում արդյունաբերությունը։ Մարզն ուներ ամբողջ 70 տարիների ընթացքում ագրարային տնտեսության կարգավիճակ։ Մի քանի թիվ դա ապացուցելու համար։ Կապիտալ ներդրումների ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով Ղարաբաղում կազմում էր Ադրբեջանի ցուցանիշի 37,6 տոկոսը։ Տարածքի արդյունաբերական բեռնվածությունն երկու անգամ ցածր էր Ադրբեջանի միջին ցուցանիշից։ Իսկ 1960-1987թթ․ տարածքի միավորի հաշվով մարզում երեք անգամ պակաս հիմնական ֆոնդեր են ստեղծվել, քան Ադրբեջանում։ Այդպիսի քաղաքականության հետևանքով եթե 1926թ․ հայերի տեսակարար կշիռը ԼՂԻՄ-ում 94,4 տոկոս էր, ապա 1979թ․ այն կազմել է 75,9 տոկոս։ Ընդ որում, եթե դիտարկում ենք Շուշի քաղաքը կոնկրետ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, 1914թ․ դրությամբ Շուշիում հայերի տեսակարար կշիռն ամբողջ բնակչության թվում 53,3 տոկոս էր, իսկ թաթարներինը՝ 44,8 տոկոս ։ Այսինքն, Շուշին հայկական քաղաք էր։ Որպեսզի փոխեն բնակչության կառուցվածքը, Շուշիում 1920թ․ մարտի 23-ին կազմակերպվեց ցեղասպանությանը համազոր ոճիր, որի հետևանքով 10,000 հայ սպանվեց։ Արդյունքում Շուշին դարձավ հիմնականում ադրբեջանաբնակ մինչև 1992թ․։ Ընդհանրապես, մինչև Ղարաբաղյան շարժման երկրորդ փուլի սկսվելը՝ 1988թ․, Ադրբեջանում ապրում էր մոտ 500,000 հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո նրանք պատասխանեցին ագրեսիայով, ջարդերով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանի շրջանում, Գետաշենի ենթաշրջանում։ Հայերին արտաքսեցին։ Մնաց հայ բնակչություն միայն Լեռնային Ղարաբաղում, որտեղ ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդտեղ ապրող բնակչության թիվն ընդամենը 120,000 էր։ Նրանց էլ վերջնականապես էթնիկ զտման ենթարկեցին այնտեղից արդեն մեր օրերում՝ 2020 և 2023թթ․ ընթացքում»,- ասաց Յուրի Սուվարյանը։ Նա աշխատաժողովի մասնակիցներին կոչ արեց բացահայտել և ներկայացնել ոչ միայն փախստականության խնդիրը, պատճառները, հետևանքները, իրավունքի պաշտպանության հարցերը, այլև առաջարկներ ներկայացնել Արցախի ճակատագիրը որոշելու ուղղությամբ։ «Սա շատ կարևոր է, որովհետև Արցախը պարզապես չի կարելի թողնել առանց հայերի, ովքեր թողել են իրենց պապենական հողերը, ունեցվածքը, գերեզմանները, մշակութային դարավոր հուշարձանները»,- ասաց նա։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն իր ելույթում նշեց․ «Փախստականության երևույթը սկսվում է առաջին կայսրությունների հետ և մինչ օրս շարունակվում է մնալ մեծ կայսրությունների քաղաքականության տիրույթում։ Այս երևույթի հետազոտությունը ներկայում պետք է հիմքեր ստեղծի հայկական պետականության ուժեղացման և գաղթականության սինդրոմը հաղթահարելու համար»։ Աշխատաժողովի նիստերի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում՝ «1988-1992թթ․ փախստականության պատճառները և ընթացքը», «1988-1992թթ․ փախստականների ինտեգրացիան Հայաստանում և հետևանքները» և «Արցախի փախստականությունը» թեմաներով։ Աշխատաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ՀԿ-ն։
13:50 - 22 դեկտեմբերի, 2023
Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում

 |aravot.am|

Արցախի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունները կվերակառուցվեն Հայաստանում |aravot.am|

aravot.am: «ՀՀ ֆինանսաբանկային համակարգը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո պահպանել է ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով ԼՂ-ում տնտեսության բնականոն գործունեությանը։ Դրան նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունը եւ ԿԲ կարգավորումները։ Մասնավորապես, 2020 թվականից կառավարության կողմից ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց մի մասը ձեւավորվել էր նաեւ պատերազմի հետեւանքով»,- այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ԼՂ կառավարության եւ հիմնադրամների կողմից թողարկված պարտատոմսերը Կենտրոնական բանկի կարգավորումներում մշտապես հավասարեցված են եղել պետական պարտատոմսերին, դրանց ծավալը կազմել է շուրջ 273 մլրդ դրամ։ Արտաքին աուդիտ իրականացնող ընկերությունները դիտարկել են ԼՂ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ կառավարության նկատմամբ պահանջներին միեւնույն մոտեցումներով։ «ԼՂ կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անհնար է դարձել։ Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների եւ բանկերի վարկանիշների էական վատթարացում։ Ֆինանսական ցուցանիշների վատթարացման հետեւանքով՝ վարկավորման  տեմպերի անկում եւ հետեւաբար՝ տնտեսական ակտիվության նվազում, ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում՝ ստեղծված սոցիալական ծանր պայմաններում»,- ասաց նախարարը։ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերոնշյալ շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70 եւ 30 համամասնությամբ։ «Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից ստանձնվող պարտավորությունների 70 տոկոսի չափով կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը՝ թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչեւ 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում՝ ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,- ասաց նա։ Ըստ նախարարի՝ ակնկալվում է վերականգնել Արցախի բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռնել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել։
12:19 - 22 դեկտեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դեկտեմբերի համար 50000 դրամ սոցաջակցություն տալու նպատակով 3.7 մլրդ դրամ կհատկացվի

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դեկտեմբերի համար 50000 դրամ սոցաջակցություն տալու նպատակով 3.7 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող 50000 դրամ սոցիալական աջակցության դեկտեմբեր ամսվա տրամադրումն ապահովելու նպատակով կհատկացվի 3.7 մլրդ դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ծրագրի շահառու հանդիսացող 70000 անձանց 2023 թ. դեկտեմբեր ամսվա համար՝ 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի համար տրամադրվող սոցիալական աջակցության տրամադրումը: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 3,500,000,000 դրամ: Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միանվագ դրամական աջակցություն, ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և նրանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով: Առաջարկվող կարգավորումների կբացառեն շահառուի՝ իրենից անկախ պատճառներով սոցիալական աջակցության գումարը չստանալը: Մասնավորապես առաջարկվում են հետևյալ կարգավորումները՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման ժամկետ սահմանել 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն, բոլոր 3 որոշումներում սահմանել բողոքարկման ընթացակարգեր, որպեսզի տեղահանված անձինք կարողանան վերականգնել սոցիալական աջակցություն ստանալու իրենց իրավունքը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել՝ ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
20:09 - 21 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը կփոխհատուցի մինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված ԼՂ ուսանողների ուսման վարձը

Կառավարությունը կփոխհատուցի մինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված ԼՂ ուսանողների ուսման վարձը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Որոշման ընդունմամբ կապահովվի վերջիններիս կրթության շարունակականության ապահովման հարցը:  2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերոնշյալ ուսանողները փաստացի զրկվել են ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կամ վճարման հնարավորությունից և չեն հանդիսանում պետական կրթաթոշակային ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշում):  Նախատեսվող կարգավորումների համաձայն՝ մինչև բռնի տեղահանումը ԼՂ կողմից վարձավճարի փոխհատուցում ստացող, ինչպես նաև սեփական միջոցների (ընտանիքի) հաշվին արհեստագործական, միջին, բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, կլինիկական օրդինատուրայի վճարովի համակարգում ընդգրկված սովորողներին, որոնց  ընտանիքները 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են, կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով. 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից, 2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում: Ըստ հասանելի տվյալների՝ ՀՀ բուհերի վճարովի համակարգում սովորում է ԼՂ բնակիչ հանդիսացող շուրջ 860 ուսանող, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների թիվը 74 է: Ընդհանուր հաշվով 2023-24 ուստարվա համար նրանց ուսման վարձավճարի փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը կազմում է համապատասխանաբար շուրջ 515,445,800 ՀՀ դրամ և 13,861,000 ՀՀ դրամ:  Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները տրամադրվելու են ուսումնական հաստատություններին նվիրաբերության պայմանագրերի, իսկ լրացումների դեպքում՝ համաձայնագրերի հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի ներկայացրած անվանացանկերը: Ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած և այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։
14:03 - 21 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում
 |armenpress.am|

Կառավարությունը կաջակցի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով հնարավորություն են ստացել երեխա ունենալու։ «Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ, և այդ երեխաների խնամքն արդյունավետ և պատշաճ կազմակերպելու նպատակով այս նախագծով առաջարկում ենք հնարավորություն տալ կազմակերպելու դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Նախատեսում ենք 104 հազար դրամի սահմանում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները՝ դայակի և նախադպրոցական հաստատությունների միջոցով կազմակերպվի»,- ասաց Մկրտչյանը։ 104 հազար դրամը վճարվելու է ամսական կտրվածքով՝  երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն վեց ժամով կազմակերպելու համար։  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությամբ զոհված զինծառայողների ընտանիքում ծնվել է 54 երեխա։ «Պարոն Մկրտչյանի ներկայացրած ծրագրով ծնվել է 32 երեխա, մնացած շահառուները գտնվում են բուժման տարբեր փուլերում, նաև ունենք հղի կանայք»,- նշեց Նանուշյանը։
12:05 - 21 դեկտեմբերի, 2023
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի նախագահի և պետնախարարի հետ

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի նախագահի և պետնախարարի հետ

Դեկտեմբերի 19-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին հայտնում են Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից։   Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակը և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրները: Սրբազան Հայրը նշեց, որ անցյալ ամիս Բուխարեստում Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումանիոյ հայոց թեմի նախաձեռնությամբ կայացել էր ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին։ Տաթև Սրբազանի հրավերով ժողովին մասնակցել էին Արցախի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, քրիստոնեական մի շարք եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք իրենց աջակությունն էին հայտնել արցախահայությանը և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական տարբեր նախաձեռնությունների։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի պետական կառույցների գոյության վտանգման առիթով և կարևորեց պետական կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության շարունակականությունը՝ որպես ստեղծված ծանր իրավիճակում համայն արցախահայությանը միավորող ուժ: Նշվեց, որ Սփյուռքի հայության տեսլականը ևս Հայաստանում Արցախի պետական կառույցների գործունեության շարունակումն է, որը հեռանկար և հնարավորություն կարող է տալ դեպի Արցախ վերադարձի համար։ Կարևորվեց, որ Արցախին հուզող հարցերին և հատկապես մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված գիտաժողովներ պետք է անցկացվեն այլ երկրներում ևս, որոնք նշանակալից քայլ կլինեն վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու և դրանց պահպանության ուղղված անհապաղ միջոցներ ձեռնարկելու գործում: Հանդիպման ավարտին Տաթև Սրբազանը վերահաստատեց առկա խնդրիների լուծմանը նպաստելու իր պատրաստակամությունը:
21:20 - 20 դեկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

ԿԳՄՍ նախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» մշակման և այդ աշխատանքների իրականացման գործում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը շեշտել է ակտիվ համագործակցությունը «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education») ծրագրի շրջանակում և ընդգծել կազմակերպության ջանքերը «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքների» աշխատանքային խմբի համանախագահությունում: «Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա կարիքը կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել կրթության ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից կրթական բոլոր մակարդակներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները: Ռեգինա Դե Դոմինիկիսը, մասնավորապես, առանձնացրել է ներառական և նախադպրոցական կրթության, թվայնացման ռազմավարության, հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովմանն ու հանրակրթական դպրոցներում նրանց ներգրավվածությանը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող է ընդգրկվել, իսկ ավելի քան 1000 սովորողներ իրենց կրթությունը շարունակում են քոլեջներում և ուսումնարաններում: Բուհերը ևս, ըստ համապատասխան մասնագիտությունների, կազմակերպում են բռնի տեղահանված ուսանողների կրթությունը: «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգերում եղած տարբերությունները որոշակի հարցեր են առաջացնում: Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, իսկ ԼՂ-ում պարտադիր է եղել 9-ամյա կրթությունը: Հիմա մենք խնդիր ունենք դպրոցներում ներգրավելու նաև այդ տարիքային խմբի երեխաներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու առումով կարևորելով նաև սոցիալական աշխատողների դերակատարությունը: ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդության ոլորտի աշխատանքներին ցուցաբերվող  աջակցության համար՝ հատկապես կարևորելով «Երիտասարդության մասին» օրենքի մշակման հարցում այլ երկրների օրենսդրական փորձի փոխանակման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
15:47 - 20 դեկտեմբերի, 2023
ՌԴ ԱԳՆ-ում թող նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն՝ ով ինչ պարտավորություն չի կատարել. Փաշինյան |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ում թող նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն՝ ով ինչ պարտավորություն չի կատարել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային Հ/Ը եթերում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծ մասամբ հենց Հայաստանի պատճառով չեն կատարվել, ասաց. «Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ: Այսինքն՝ դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն, ով ի՞նչ պարտավորություն չի կատարել: Այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի՞, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն: Ուզում եմ նորից ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա` Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»: Հնչող մեղադրանքին, թե՝ երբ հասնում են ապաշրջափակման կոնկրետ ստորագրելու փուլին, Հայաստանը խուսանավում է, Փաշինյանն արձագանքեց. «Չկա այդպիսի բան, առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ թղթի տրամաբանությունը եղել է այն, ինչ-որ մենք այսօր, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արձանագրում ենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև, իհարկե որպես նախագիծ շատ լավ է, շատ պոզիտիվ է, բայց մենք ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակային դարձրեցինք, որովհետև մեզ վերագրվում էր պարտավորություններ, դիրքորոշումներ: «Խաղաղության խաչմերուկը» առաջին օրից ենք բանակցել, սա է եղել մեր դիրքորոշումը: Հիմա այդ «Խաղաղության խաչմերուկը» հրապարակեցինք կամ այդ համախումբը, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում, որովհետև այդ թվում՝ Ադրբեջանը և նորից ուժեր փորձում էին ամբողջ աշխարհին համոզել, թե Հայաստանը հրաժարվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումից: Մենք հրապարակային ասացինք՝ մենք սրան պատրաստ ենք, հենց այսօր»: Ինչո՞ւ մենք չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու: Այս հարցին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք այնպես չէ, որ չենք գնում ռուսական հարթակներում բանակցությունները շարունակելու, բայց ես քիչ առաջ ասացի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պիտի ընթերցվի, պիտի ընթերցվի՞, թե՞ չպիտի ընթերցվի»: Ճշտող հարցին` այդտեղ ուղղակի կապ կա՞ բանակցություններին չգնալու հետ, վարչապետը պատասխանեց. «Այնպես չէ, որ բանակցությունների չենք գնում: Տեսեք, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ սա եռակողմ հայտարարություն է, ըստ էության, այսօր գետնի վրա եռակողմ հայտարարությանը համապատասխանող ոչ մի բան գոյություն չունի»: Դիտարկմանը, թե Հայաստանին նաև մեղադրում են, որ ուզում ենք ««ջրել» այդ հայտարարությունը», վարչապետն արձագանքեց. «Կներեք, բայց ես ասացի, եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք այդ հայտարարությանն առնչվող տարածքում ի՞նչ է կատարվում: Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ»: Վարչապետի գնահատմամբ` նրանով, որ խաղաղապահները վերջում ասում են` իրենք ավելի շատ դիտորդներ են, ոչ թե խաղաղապահներ, զրոյացնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և մեզ պետք չէ դրանում մեղադրել:
09:26 - 20 դեկտեմբերի, 2023
Կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը․ ԱԳՆ
 |aysor.am|

Կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստագրումը․ ԱԳՆ |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարևորում է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողի հաղորդագրություն-հարցումը Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման մեկնաբանություն է տվել Aysor.am-ի հարցմանն ի պատասխան։ Հարցման մեջ, մասնավորապես, նշված է․ «Վերջերս հայտնի դարձավ, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ակնկալիքներ կան, արդյո՞ք կա արձագանք»: Վերոնշյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է․ «Իրավացի եք: Կարող եմ հավելել, որ հաղորդագրության մեջ նշվում է նաև ժողովրդի, հուշարձանների և խորհրդանիշների թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին: Հաղորդագրությունն անդրադառնում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի վճռին, ներկայացվում է սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, հակագիտական մոտեցումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգի, հայերի նկատմամբ ատելության խոսքի, սեպտեմբերի 19-ի հարձակման և էթնիկ զտման, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների մասին տեղեկատվությանը: Հատկանշական է, որ ՄԱԿ հատուկ զեկուցողները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների խախտումներին, հայկական ժառանգության ոչնչացման ու խեղման դեպքերին: Ցավոք, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կանգնեցրել հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Այո, այն զուգորդվում է նաև ատելության խոսքի դրսևորումներով, ՀՀ տարածքի և ԼՂ պատմության վերաբերյալ հակագիտական զեղծարարությամբ: Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»:
21:27 - 19 դեկտեմբերի, 2023
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:   Ներկայացվել են ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար ստեղծված հնարավորությունները, ընդունված իրավական կարգավորումները։   Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական և հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար։   «Հասկանալով՝ կազմակերպությունների հիմնական մասն ինչ դժվարությունների է առերեսվում՝ պատրաստ ենք քննարկել աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը և լսել ձեր տեսակետը՝ նախատեսելով կարգավորումներ, որպեսզի առաջիկայում ձեր գործունեությունը սահուն ընթանա։ Ակնկալում ենք, որ ճանաչելով ԼՂ ձեր գործընկերներին, նրանց մասնագիտական կարողությունները՝ համախմբվելով կձևավորեք անհրաժեշտ մարդկային ներուժը, որը կկարողանա ժամանակին ու որակով իրականացնել շինարարական պատվերները»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   Անդրադառնալով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ փորձ է արվում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ կարողանան ներգրավվել քաղաքաշինական ծրագրերում․ «Չափազանց կարևորում ենք ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներգրավումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարական ծրագրերում։ Մեծ սպասելիքներ ունենք մեր հետագա համագործակցությունից»։   Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկաներին ծանոթացրել են գործող ընթացակարգերին, արդիականացված նորմերին, կոմիտեի կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներին, դպրոցաշինության հետ կապված գնումների կազմակերպման վերջին փոփոխություններին։ Նրանք պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին։   Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։   Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները հետևողականորեն կաջակցեն բոլոր դիմողներին և հետամուտ կլինեն խնդիրների վերհանմանը։ Միաժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության հետ՝ հետագա կարգավորումները նախանշելու նպատակով»։
20:24 - 16 դեկտեմբերի, 2023
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում: Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:Առողջապահական ոլորտի հետ կապված գործընթացները ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ նախարարի տեղակալի, ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, ովքեր պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է: Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։
16:56 - 15 դեկտեմբերի, 2023
Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեշտ գործընթացներ չեն տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ «Մենք չէ, որ լքել ենք Ղարաբաղը։ Հենց Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Մենք տեղեկացված չէինք, որ նման որոշում է նախապատրաստվում։ Սա փաստի հաստատում է, որն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց եղել է․․․», - ասել է Պուտինը ասուլիսում։ ՌԴ նախագահը անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին՝ կարծիք հայտնելով, որ դա Հայաստանի շահերից չի բխի։ «Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։  Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա դա, Պուտինի կարծիքով, «կապված է հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքը շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ»։
16:52 - 14 դեկտեմբերի, 2023
Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում
 |azatutyun.am|

Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը: «Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:
18:50 - 13 դեկտեմբերի, 2023