Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին
16:56 - 15 դեկտեմբերի, 2023

Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների մայրության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի և ծննդյան միանվագ նպաստների ստացման մասին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ց բռնի տեղահանված անձանց մայրության նպաստի, ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի հետ կապված մանրամասներ: Մասնավորապես՝ նշվել է, որ մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս և նպաստի մյուս տեսակները կարող են նշանակվել և վճարվել միայն այն դեպքում, եթե շահառուն և երեխան ունեն ՀՀ բնակության հասցեով հաշվառում:

Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:

Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:

Առողջապահական ոլորտի հետ կապված գործընթացները ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Ըստ նախարարի տեղակալի, ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, ովքեր պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է:

Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել