Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ |armenpress.am|

Միրզոյանը հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատանքի ընթացքում բավականին սերտ կապի մեջ է նախկին արտգործնախարարներից Զոհրաբ Մնացականյանի հետ, բացի այդ ՝ երկրի համար օգտակար նյութ քաղելու նպատակով նաև փորձագետների հետ են քննարկում ծավալում: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ նախկին ԱԳ նախարարները երկար տարիների արտաքին անվտանգային, բանակցային հարցերով զբաղվել են: Նա հետաքրքրեց, թե արդյոք Միրզոյանը փորձել է այդ անձանց հետ քննարկում անել, քանի որ նրանք երկար տարիներ աշխատել են ոլորտում և կարող էին իրենց փորձով, հաջողություններով ու անհաջողություններով կիսվել ու օգնել: «Պետությունը մեր բոլորինս է: Եվ կարծում եմ, որ ցանկացած նախարար, որ գալիս է պաշտոնի, հնարավորության դեպքում պետք է իր նախորդի փորձն ուսումնասիրի: Ոչ մեկս կատարյալ չենք, հնարավոր է որոշ խորհուրդներ, նրբություններ Ձեզ ասվեին, որ ի շահ պետության կլիներ»,-ասաց պատգամավորը: «Նախկին ԱԳ նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ, Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ են գրում, նրանց մոտեցումներին, այսպես թե այնպես, մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուց և ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, հետևաբար շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար ու մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում, թե այդտեղ ինչ կա քննարկելու: Մեկ ուրիշի դեպքում գուցե շահերի կամ հնարավոր լուծումների պատկերացումներ ընդհանրություններ դժվար եմ համարում»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը նշեց նաև, որ խոսակցություն են ծավալում նաև փորձագետների հետ, որոնց հետ հետապնդում են նույն, այսինքն՝ Հայաստանի շահերը, քիչ թե շատ մոտ պատկերացումներ կան և կարող են խոսակցություն ծավալել ու դրանից օգտակար նյութ քաղել:
17:35 - 05 հունիսի, 2023
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ

Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր: Սերգեյ Ղազարյանը կարևորել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի համախմբումն ու այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Արցախի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական  կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։   
18:06 - 23 փետրվարի, 2023
ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունները ցուցադրաբար լռում են. Զոհրաբ Մնացականյանը՝ Լոս Անջելեսում հայատյաց պաստառների մասին
 |armtimes.com|

ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունները ցուցադրաբար լռում են. Զոհրաբ Մնացականյանը՝ Լոս Անջելեսում հայատյաց պաստառների մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը գարշելի է անվանել այն, որ Հոլոքոստի հիշատակի մեկամսյակին Լոս Անջելեսում փակցվել են հայատյաց  պաստառներ։ «Իսրայելը զբաղեցնում է բարձր դիրք, բայց դեռ չի արձագանքել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մնացականյանը՝ հրապարակելով ժամանակին արված նացիստական պաստառ ընդդեմ հրեաների: «Բացի դրանից, ցավալի է, որ ԱՄՆ-ում հրեական բոլոր հիմնական կազմակերպությունները դեռևս ցուցադրաբար լռում են: ԱՄՆ կառավարությունը պարտավոր է հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել ռասայական ատելության այս աղաղակող գործողության մեղավորներին»,- հավելել է նախկին նախարարը։  Նա նշել է, որ անձամբ իր մասնագիտական գործունեության մեծ մասն անցկացրել է՝ դիմակայելով ցեղասպանության, Հոլոքոստի ժխտմանը, ռասիզմին, նպաստելով ցեղասպանության կանխարգելմանը, և իր համար ցավալի է տեսնել սկզբունքների այս դավաճանությունը և պատմության խեղաթյուրված կրկնությունը։
13:33 - 01 փետրվարի, 2023
«Որքա՞ն օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
 |armenpress.am|

«Որքա՞ն օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ Ներկայացնում ենք «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ մասնակի կրճատումներով․ «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:  Այս պահին հենց դա է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, որը հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:  Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում: 1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար: Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության: Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով: Բաքվի ավտոկրատներն արձագանքեցին՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսից: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպարը ստեղծելու համար՝ այդպիսով հանգեցնելով միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին: 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։ Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։ Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործելու ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։  «Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին: Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են ուղարկում մարդկանց ամենուր և կանաչ լույս են տալիս բռնակալներին: Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ: Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսությանը հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։ ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:
15:02 - 27 հունվարի, 2023
Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։ Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։ Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։  
17:36 - 24 ապրիլի, 2022
Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար
 |civilnet.am|

Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։ «Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։ «Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։ «Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։ «Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:29 - 27 մարտի, 2022
Կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար. Զոհրաբյան

Կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար. Զոհրաբյան

Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։ Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։ Բնականաբար, ներկայացրել եմ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,- գրել է Զոհրաբյանը։
10:58 - 19 փետրվարի, 2021
Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

Երբ ադրբեջանցիները գլխատում էին հայ զինվորին, մորթում հայ տարեց մարդուն ու դա նկարահանում և տեղադրում համացանցում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը․ Ն․ Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ–ում

ԵԽԽՎ-ում որպես հրատապ թեմա քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու  ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին, նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ստորև․ «Հարգելի գործընկերներ,        էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր Վեհաժողովում։ Եւ քանի որ մեր Վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարեւոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։ Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ եւ կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ:  Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունները եւս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։ Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Ինդիփենդենտը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոսը», եւ համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։ Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի եւ չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք եւ ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես՝ որպես հայ պատգամավոր, չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր, անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին եւ քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում եւ տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը եւ ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են սեւերի ու սպիտակների, թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ Եւ հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում եւ այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան  եւ Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից և պաշտպանական իմունիտետից, ինչպես  Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։ Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ եւ կապ չունի այդ մարդը ո՞ր երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր Վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ եւ թույլ չտա, որ սորոսական  դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը»։
16:17 - 28 հունվարի, 2021
Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը |armenpress.am|

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում: «Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշեց Մնացականյանը:
17:48 - 23 նոյեմբերի, 2020
Հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը․ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը․ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը. «Սիրելի գործընկերներ, Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը: Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։ Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում: Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի: Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով: Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:
11:23 - 17 նոյեմբերի, 2020
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու վերաբերյալ հարցեր |24news.am|

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու վերաբերյալ հարցեր |24news.am|

24news.am:  Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու հետ կապված հարցեր: Լավրովը Մնացականյանին մանրամասնորեն տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով մեղմել հակամարտության գոտում քաղաքացիական անձանց դրությունն ու պահպանել կրոնական և մշակութային օբյեկտները: ՀՀ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ նախարար Մնացականյանն ընդգծել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը: 
18:42 - 15 նոյեմբերի, 2020
Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարությանը, այսօր մամուլից իմացա, որ կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին Հայաստանի ԱԳ նախարարը անտեղյակ է եղել։ Հույս ունեի, որ նախարարը օրվա մեջ կհերքի լուրը։ Առհասարակ կարծում եմ, որ անկախ նախարարի տեղյակ լինել չլինելուց լավ կլիներ, որ փաստաթղթի հանրայնացումից անմիջապես հետո վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ պատերազմը առհասարակ որպես արցախյան կարգավորման հնարավորություն թույլ տալու, այդ ուղղությամբ բավարար կամ առհասարակ դիվանագիտական ջանք չգործադրելու, կատարած աշխատանքի կամ տոտալ անգործության պատճառով այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար։ Հրաժարական չի եղել, ինչը ենթադրել է տալիս, որ Մնացականյանը, թեև անտեղյակ է եղել ստորագրված հայտարարության բովանդակությանը, այնուամենայնիվ մասնակի կամ ամբողջությամբ համաձայն է դրա բովանդակության հետ։ Այսպիսով, Մնացականյանի հետ երկար խոսելու նյութ է կուտակվել։ Հայաստանի անմիջական հարևանների, աշխարհի շատ երկրների հետ հարաբերությունները, իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանը անմիջապես պատերազմի ժամանակ, վկայում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության ապարատի զգալի հատվածը, դիվանագիտական կորպուսի մեծ մասը՝ ի մասնավորի կարևորագույն երկրներում ամբողջ դեսպանատները, երկար ժամանակ՝ 2018-ից շատ առաջ և հետո, մատնված են եղել հանցավոր անգործության։Այս և շատ ուրիշ խնդիրների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ խոսելու, քննարկելու կարիք կա։ Առաջարկում եմ, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավիրի հանձնաժողովի նիստ, հրավիրի նախարար Մնացականյանին՝ կուտակված բազմաթիվ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու․․․»։
17:47 - 14 նոյեմբերի, 2020