ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները. ՄԻՊ

Ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել մի շարք ձերբակալություններ։ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ևս ահազանգ է ստացվել` կապված ազատությունից զրկված անձանց տեղափոխման վայրը հայտնի չլինելու հանգամանքի հետ: Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից:   Պաշտպանի հանձնարարությամբ ստացված տեղեկությունները հընթացս ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։ Արդյունքների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելու պրակտիկան։   ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին շարունակում են ստացվել ահազանգեր նաև այն մասին, որ դեռևս հունիսի 18-ից մի շարք տրանսպորտային միջոցներ շարունակում են մնալ Ոստիկանության հատուկ տարածքում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է անդրադառնում վերոնշյալ խնդիրին, այդ թվում` տարեկան հաղորդումներում։   Նշված դեպքերով Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել իրավասու պետական մարմնից և դրանց վերլուծության արդյունքում կներկայացնի խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք կարող են բերման ենթարկվել և արգելանքի տակ դրվել բացառապես համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ և դրանք քաղաքացիներին ներկայացնելով, իսկ տևական ժամանակ անհիմն կամ ծրագրային, տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ օրինական տիրապետողին տրանսպորտային միջոցը չվերադարձնելը կարող է խնդրահարույց իրավիճակներ ձևավորել մարդու իրավունքների տեսանկյունից: Ուստի, Պաշտպանը կարևորում է, որպեսզի խստորեն պահպանվեն տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և արգելանքի տակ դնելու համար օրենքով նախատեսված պահանջները։
20:39 - 20 հունիսի, 2025
Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․ «Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ստեղծելով ևս մեկ առիթ` բարձրաձայնելու փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում է ոլորտային վերլուծություններ, զեկույցներ, միջպետական և միջազգային կառույցների հետ համագործակցություն, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ։ Այս համատեքստում հատկապես կարևոր է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին արձագանքելուն ուղղված գործունեությունը։ Պաշտպանը հետևողականորեն շարունակում է բարձրացնել նրանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ ընդգծելով միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման և խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավոք, այսօր աշխարհում փախստականների թիվը շարունակաբար աճում է։ Դրա վկայությունն էին նաև 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայության տեղահանմանը՝ ստեղծելով խորը մարդասիրական ճգնաժամ։ Այս իրողությունները ստիպում են վերանայել և կատարելագործել իրավունքների պաշտպանության գործիքակազմը՝ ապահովելու բռնի տեղահանվածների, փախստականների և ապաստան հայցողների հիմնարար իրավունքների լիարժեք իրացում։ Պետական կառույցները, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված բոլոր կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերը՝ այս մարդկանց արժանապատիվ և ապահով կյանքը երաշխավորելու համար»:
09:12 - 20 հունիսի, 2025
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ:  Ս. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննարկման ընթացակարգ: Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել  իրավասու պետական մարմիններից: Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ս. Կարապետյանի փաստաբանների հետ:
18:17 - 19 հունիսի, 2025
Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Շոտլանդիա, մասնակցել բարձրաստիճան մի շարք հանդիպումների

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Շոտլանդիա, մասնակցել բարձրաստիճան մի շարք հանդիպումների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) պատվիրակության կազմում հունիսի 4-ից 13-ն աշխատանքային այց է իրականացրել Շոտլանդիա (Միացյալ Թագավորություն)։ ԽԿԿ պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները Շոտլանդիայի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև անչափահասների խնամքի համար նախատեսված փակ հաստատություններում։ Այդ համատեքստում, պատվիրակությունը նաև գնահատել է առաջընթացը, որն արձանագրվել է ԽԿԿ-ի 2018 և 2019 թվականների այցելություններից հետո։ Այցի ընթացքում պատվիրակության անդամները շրջայցեր են իրականացրել նաև մի շարք ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմաններն ու իրավունքների երաշխիքները գնահատելու նպատակով։ Աշխատանքային այցի շրջանակում Անահիտ Մանասյանը մասնակցել է մի շարք բարձրաստիճան հանդիպումների։ Այցի ավարտին պատվիրակությունը Շոտլանդիայի իշխանություններին է ներկայացրել իր նախնական դիտարկումներն ու հիմնական նկատառումները:
09:18 - 17 հունիսի, 2025
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները: Հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում բարեփոխումների կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում։ Իր հերթին Զաքարի Բարթերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ Զրուցակիցները նախանշել են համագործակցության հետագա ուղղություններ։
19:50 - 16 հունիսի, 2025
Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Աշտարակի բաժին

Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:   «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:   Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քասախ համայնքում լարված իրավիճակ է․ բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին հաստատեցին, որ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ:
11:20 - 16 հունիսի, 2025
ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ՄԻՊ գրասենյակը 2024 թ. ստացել է 11,634 դիմում-բողոք, դրական լուծում է ստացել 1620-ը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է   2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար  հատկացվել է 573,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 97,7 տոկոս: Գրասենյակն իրականացրել է 56 մլն դրամի գնումներ, որոնցից 37 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման եղանակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հաջորդիվ ներկայացրել է հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի իրականացրած «Մարդու իրավունքների պաշտպանություն» ծրագիրը՝ երկու հիմնական  միջոցառումներով: «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 99,4 տոկոս, բաժին է հասել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառմանը»,- նշել է զեկուցողը: Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է գրասենյակի  տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Նշվել է, որ հաշվետու տարում ՄԻՊ գրասենյակի «Ա» բարձր կարգավիճակը վերահաստատվել է: «Սա ինքնին չափորոշիչ է, որ Պաշտպանի հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության եւ վստահելիության բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի ներդրմամբ»,- նշել է Նինա Փիրումյանը: ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում է ստացել 1620-ը: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
19:17 - 10 հունիսի, 2025
ՄԻՊ-ը ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ստացված պարզաբանումները

ՄԻՊ-ը ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ստացված պարզաբանումները

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին: Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում: Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը; վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ; ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ: Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում: Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ: Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։ Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։ Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ:
17:47 - 10 հունիսի, 2025
ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

ՄԻՊ-ը չի բացառում, որ կարող է ՍԴ դիմել՝ գումարի դիմաց կրճատ ծառայության օրինագծի հարցով

Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 միլիոն դրամ վճարել, 24 միլիոնով ազատվել երկու տարվա ծառայությունից ու մեկ ամիս ծառայել, 18 միլիոնով էլ՝ չորս ամիս: «Պիտի հատուկ արձանագրեմ, որ անընդունելի և անթույլատրելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունների հետ։ Չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Երկրորդ հանգամանքոը, որ կուզենամ շեշտադրել այն է, որ մենք բոլորս գիտենք, որ ԶՈՒ-ում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները, և այս տեսանկյունից իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն և հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից»,- ասաց նա: ՄԻ պաշտպանի խոսքով՝ նախագիծը նախապես իր հետ չի քննակվել, նաև ընդհանուր առմամբ հաստատության չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին նախագծեր ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են Կառավարության նախաձեռնություններին: Մանասյանը նշեց՝ ԱԺ պատգամավորների պարագայում նման պարտականություն չկա: Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում հարցի հետ կապված քննարկումներ կունենանք «Միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներով չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես տեսնում եմ, միանշանակ դիմելու եմ Սահմանադրական դատարան։ Բայց այս պահին էլ հույս ունեմ, որ որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որոնք ներկայացրել ենք, և ընտ էության չենք ունենա այդ կարգավորումները»,- ասաց Անահիտ Մանասյանը:
17:21 - 29 մայիսի, 2025
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով՝ զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել՝ անձանց գույքային դրությամբ պայմանավորված՝ փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։ Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս: Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ: Առաջարկվող կարգավորմամբ, ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով: Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել: Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով: Նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից: Աներկբա է, որ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը սկզբունքորեն դժվար է պատկերացնել առանց զինծառայողների շրջանում ամուր կարգապահության: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատվել են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով: Արդյո՞ք դա չի հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։ Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ՝ համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ պաշտպանը նախագծերի վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններն առավել մանրամասն կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։
09:15 - 26 մայիսի, 2025
ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված

ՄԻՊ-ը դատապարտել է Մերձավանի դպրոցի ուսուցչուհու թիրախավորումը՝ հոգեկան առողջության խնդիր ունենալու հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Այս մասին հայտարարություն են տարածել ՄԻՊ գրասենյակից։ «Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականություն պարունակող խոսույթի բացառման ուղղությամբ։ Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։ Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նշված միջադեպի մասնակից երեխաներին թիրախավորող և նրանց անձնական տվյալների պաշտպանության մասին ներպետական և միջազգային չափորոշիչների էական խախտումներով ուղեկցվող նյութերի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանը հորդորում է չտարածել վերոնշյալ նյութերը, իսկ իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների ապահովման ուղղությամբ», - նշված է հայտարարությունում։
19:47 - 21 մայիսի, 2025
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում: Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները:   Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր:   Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:   Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:   Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:   Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ
10:33 - 20 մայիսի, 2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

Անահիտ Մանասյանը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև նրանց հարազատների բոլոր իրավունքների երաշխավորման ուղղությամբ:  
09:29 - 19 մայիսի, 2025
Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին: Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում: Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի` մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը: Պաշտպանն ընգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից հատկապես հանրակրթական ուսումնական հաստատություններում: Միաժամանակ, Պաշտպանը հորդորում է Մերձավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
13:53 - 14 մայիսի, 2025
Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում

Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը։ Այս մասին հայտում են ՀՀ ՊՆ-ից։ Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ: Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կրում են համակարգային բնույթ:  «Տարեկան հաղորդման և զեկույցի կազմման ժամանակ փորձել ենք ցուցաբերել նորարարական մոտեցումներ՝ մշակել ենք կառուցակարգեր մեր առաջարկների կատարման տոկոսային տեսքով քանակական տվյալներ ստանալու համար: Նպատակը մեկն էր, հասկանալ, թե պետական մարմինների կողմից մեր արված առաջարկներից որքա՞նն են կատարվել: Կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի շրջանակում այդ կառուցակարգերն արդեն իսկ գործարկվել են. մասնավորապես, այդ զեկույցի տեսանկյունից նախորդ տարի կարելի է ամբողջությամբ կատարված համարել առաջարկների 12 տոկոսը, չի կատարվել 40 տոկոսը, մասնակի կատարված է դիտարկվում 48 տոկոսը»,- ասել է Պաշտպանը: Ընդհանուր առմամբ, 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620։ Տարեկան հաղորդմամբ բացահայտվել են նոր խնդիրներ, որոնցից շատերը վերաբերել են սոցիալ-տնտեսական բնագավառին:  «Մասնավորապես, ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական, իրավահավասարության և այլ խնդիրների հփտ մեկտեղ ներկայացրել ենք, օրինակ՝ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, հանրային աղմուկի հետ կապված հարցեր»,- նշել է Անահիտ Մանասյանը: Տարեկան հաղորդման շրջանակներում 2024 թվականից սկսած մեծ անդրադարձ է կատարվել իրավահավասարության և հակախտրականության ոլորտին: Այս տեսանկյունից ավելացվել է նոր խումբ՝ տարեցների իրավունքներին վերաբերելի: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում եղել են իր ուշադրության ներքո: «Այս տարի խոսել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների, պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ընդգծել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանն իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը և կարևորությունը: Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:
09:39 - 14 մայիսի, 2025