Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում:
Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից:
Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
comment.count (0)