ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգին

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լյուքսեմբուրգին

Հոկտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է մրցակցին 0:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հայաստան Մ-17 – Լյուքսեմբուրգ Մ-17՝ 0:1 (0:1) Գոլը՝ Ալվես, 4 Հայաստան Մ-17 1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան, 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (2. Սուսաննա Սահակյան, 90+1), 7. Մարիաննա Վարդանյան (19. Ռոզալինա Երիցյան, 60), 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։ Պահեստայիններ. 16. Լիլիթ Բաբայան, 5. Գայանե Գրիգորյան, 8. Արմինե Վարդանյան, 13. Կարինե Մկրտչյան, 15. Վալենտինա Գրիգորյան, 18. Նարինե Իսկանդարյան, 20. Քնարիկ Բաղդասարյան։ Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան
14:26 - 11 հոկտեմբերի, 2022
«Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյանը հեռանում է ՀՖՖ գործկոմի կազմից

«Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից». Աննա Թադևոսյանը հեռանում է ՀՖՖ գործկոմի կազմից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով՝ բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։ ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Թադևոսյանը։ Նա, սակայն, նշել է, որ կշարունակի ֆուտբոլային գործունեությունը:
11:21 - 11 հոկտեմբերի, 2022
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ |armenpress.am|

ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ Անդրեյ Տալալաևի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի բանակցություն չի վարել: «Այս պահի դրությամբ նոր մարզիչ չի նշանակվել,  հստակություն այդ հարցում չկա: Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց ընդամենը երկու օր է անցել: Բնականաբար, մի քանի թեկնածուներ դիտարկվում են, երբ պաշտոնական որևէ բան լինի, անպայման կհայտարարենք»,- ասաց Կարապետյանը: Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ. Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի  հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ  Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։
18:04 - 01 հոկտեմբերի, 2022
Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Խոակին Կապառոսը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում է համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի մեր երկրի ազգային հավաքականը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։  Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում շնորհակալությունն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի Հանրապետության համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքին մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար: Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի գավաթի որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը ևս մեկ անգամ իրենց խորին շնորհակալությունն են հայտնել իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
16:06 - 29 սեպտեմբերի, 2022
Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը

Վերջին միջադեպերի պատճառով Հանրապետական մարզադաշտը կարող է որակազրկվել. ՀՖՖ-ի և «Փյունիկ»-ի համատեղ հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ժամանակ գրանցված միջադեպերին, երբ երկրպագուներ են ներխուժել խաղադաշտ, տրիբունաներում տեղի են ունեցել ծեծկռտուքի դեպքեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքներ ունենալ հայկական ֆուտբոլի համար․ «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային հանդիպումների, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով: Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ: Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաեւ անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար: Միեւնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը: Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել. ինչպես Հայաստանի ազգային հավաքականը, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում: Հաշվի առնելով, որ «Փյունիկը» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում: Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները: Կոչ ենք անում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ: Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»:
12:16 - 12 օգոստոսի, 2022
«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ |hetq.am|

«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ |hetq.am|

hetq.am: Չեմպիոնների լիգայի (ՉԼ) որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Դյուդելանժը»։ Սա պատմական արդյունք է հայկական ակումբային ֆուտբոլի համար․ առաջին դեպքն է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ է դուրս գալիս։  Առաջին խաղակեսը մեկնարկեց Հայաստանի չեմպիոնի մեծ առավելությամբ, և առաջին 10 րոպեներին ամբողջությամբ վերահսկում էր խաղը։ 9-րդ րոպեին «Փյունիկն» արդեն կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Յուսուֆ Օտուբանջոն չկարողացավ արդյունավետ հարված կատարել։ Այս դրվագից հետո «Դյուդելանժը» արթնացավ և արագ հակագրոհների արդյունքում սկսեց լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին։ 21-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպանների անփույթ խաղի պատճառով դաշտի տերերը բացեցին հաշիվը, աչքի ընկավ Մոհսին Հասանը։ Սակայն Լյուքսեմբուրգի չեմպիոնի ուրախությունը կարճ տևեց, որովհետև 3 րոպե անց տուգանայինի խաղարկման արդյունքում «Փյունիկի» պաշտպան Ժունինյոն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման։ Երկրորդ խաղակեսը հաջող մեկնարկեց «Փյունիկի» համար, քանի որ 54-րդ րոպեին փոխարինման մտած Լուկա Յուրիչիչն արդեն Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց։ Այս գոլից հետո գնդակին ավելի շատ տիրում էր «Դյուդելանժը», սակայն մեր թիմի խաղացողները հաջողությամբ հետ էին մղում դաշտի տերերի բոլոր գրոհները։ Չնայած այս ամենին՝ 76-րդ րոպեին «Փյունիկը» ևս մեկ գնդակ խփեց, և դիմակայության առավելությունն արդեն անցավ մեր թիմի կողմը։ Դաշտի տերերի պաշտպանը հետ փոխանցում կատարեց, գնդակին ավելի շուտ հասավ «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն և խփեց իր թիմի երրորդ գնդակը։ 85-րդ րոպեին դաշտի տերերը ևս մեկ նվեր մատուցեցին «Փյունիկին»․ «Դյուդելանժի» դարպասապահի կոպիտ սխալի արդյունքում Լուկա Յուրիչիչը հայտնվեց դատարակ դարպասների առաջ և խփեց իր երկրորդ գոլը՝ դնելով հանդիպման վերջակետը։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Բելգրադում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 9-ին Երևանում։  Առավել մանրամասն` hetq.am-ում
23:38 - 26 հուլիսի, 2022
Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ․ Կապառոս |armsport.am|

Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ․ Կապառոս |armsport.am|

armsport.am: Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Շոտլանդիային ու 1-4 հաշվով պարտություն կրեց։ Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը․ «Կամոյի կարմիր քարտը խաղային դրվագ էր։ Իսկ առաջին դեպքը պետք է վերլուծել և խոսել այդ մասին։ Շատ ցավալի է, որովհետև մինչ այդ թիմը, կարծում եմ, շատ լավ էր խաղում։ Կարծում եմ՝ հանկարծակիի բերեցինք մրցակցին՝ խաղալով 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք։ Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ այն բանի համար, ինչը դուք հիշատակեցիք (կարգապահության- խմբ․): Պետք է սառնասրտորեն վերլուծել այս ամենը, բայց նաև պետք չէ չափից մեծ ճնշում գործադրել տղայի (Արման Հովհաննիսյանը - խմբ․) վրա․ նա թիմում շատ սիրված է։ Էդուարդը երիտասարդ ֆուտբոլիստ է, և փոխարինման ժամանակ պահվածքի մասին հանդերձարանում կխոսենք, նա մեծ ցանկություն ուներ խաղը շարունակելու, բայց չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ նա արդեն դեղին քարտ ուներ, իսկ առջևում դեռ ժամանակ կար։ Առաջին 43 րոպեներին մեր թիմի խաղն ինձ անչափ դուր եկավ, մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Այս հարցում, կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք։ Պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ ու ավելի սառնասիրտ լինես, բայց խաղադաշտում դա երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Կարծում եմ՝ ասյօրվա խաղի հետ կապված պետք է վերլուծել առաջին 43 րոպեները։ Այդ ընթացքում մենք վատ չէինք խաղում անչափ ուժեղ թիմի դեմ, բայց այս ամենը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք այն թիմի դեմ, որը մոտ էր աշխարհի առաջնություն դուրս գալուն։ Բայց, երբ 11-ը խաղում է 10-ի դեմ, առավելությունը նկատելի է լինում։ Ես զարմացած չեմ մեր թիմի ֆուտբոլիստներով, երկար ժամանակ է՝ ճանաչում եմ նրանց, հետևում եմ նրանց խաղերին։ Բայց պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- ասաց մարզիչը։  
09:32 - 15 հունիսի, 2022
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային

 |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում խոշոր հաշվով զիջեց Շոտլանդիային |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես` Հայաստան-Շոտլանդիա` 1:2: Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով: Հայաստան-Շոտլանդիան` 1:4: Ազգերի լիգայի շրջանակներում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 24-ին` Երևանում հյուրընկալելով Ուկրաինային:
21:57 - 14 հունիսի, 2022
Հաղթանակ՝ 1։0 հաշվով․ Հայաստանը Իռլանդիայի դեմ խաղում առաջին երեք միավորը վաստակեց Ազգերի լիգայի մեկնարկային տուրում |tert.am|

Հաղթանակ՝ 1։0 հաշվով․ Հայաստանը Իռլանդիայի դեմ խաղում առաջին երեք միավորը վաստակեց Ազգերի լիգայի մեկնարկային տուրում |tert.am|

tert.am: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1։0 հաշվով հաղթանակ տարավ։ Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։ Իռլանդացիները ևս հայտնվում էին մեր կիսադաշտում ու փորձում Յուրչենկոյի նյարդերը, բայց ավելի քիչ։ Այսպիսով, առաջին կեսից հետո լուսատախտակին զրոներ մնացին։ Մրցավարի սուլիչից հետո երկրպագուներից մեկը ներխուժեց մարզադաշտ և գրկեց Վարազդատ Հարոյանին․ վերջինս հանեց մարզաշապիկը՝ նվիրելով այն նրան։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարը խաից դուրս վիճակ արձանագրեց։ 5 րոպե անց կրկին Համբարձումյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը վտանգավոր պահ ունեցավ, բայց հեռվից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։ Լուսանկարը՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից Ի վերջո, 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։
19:17 - 04 հունիսի, 2022
Հինգ ակումբ ստացել է 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ առաջին խմբում հանդես գալու իրավունք

Հինգ ակումբ ստացել է 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ առաջին խմբում հանդես գալու իրավունք

Հունիսի 3-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀառաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 7 թեկնածուների՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին առաջին խմբի արտոնագիր ստանալու համար: Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 5-ին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ին և «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2022-2023 թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնությանը: Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Բենտոնիտ» և «Օնոր» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝ «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ - Ակումբը չի բավարարել ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022 թ. խմբագրություն) 17-րդ հոդվածով (Իր կազմում չի ապահովել պահանջվող քանակի և տարիքային խմբերի մանկապատանեկան թիմերի առկայություն) և 36-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները և չի համապատասխանել մարզական և կադրային ու վարչական չափանիշներին: «Օնոր» ՍՊԸ - Ակումբը չի բավարարել ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022 թ. խմբագրություն) 32-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի ֆիզիոթերապևտի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 36-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով), 37-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի գլխավոր մարզչի օգնականի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) և 38-րդ հոդվածով (Չի լրացրել ակումբի դարպասապահների մարզչի հաստիքը համապատասխան որակավորում ունեցող աշխատակցով) սահմանված պահանջները և չի համապատասխանել կադրային և վարչական չափանիշին: Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում նշված երկու ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի 2022-23 թթ. առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի բողոքարկման կոմիտե (բողոքարկման մարմին): 
14:13 - 04 հունիսի, 2022
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո-«Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան-«Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Հենրի Ավագյան-«Նորավանք»   Պաշտպաններ Վարազդատ Հարոյան-«Կադիս» (Իսպանիա) Հովհաննես Համբարձումյան-«Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Հայկ Իշխանյան-«Փյունիկ» Արման Հովհաննիսյան-«Փյունիկ» Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ» Հրայր Մկոյան-«Արարատ» Ստյոպա Մկրտչյան-ԲԿՄԱ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ-«Նոա» Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»   Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Սոլոմոն Ուդո-«Արարատ-Արմենիա» Վբեյմար Անգուլո-«Արարատ-Արմենիա» Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ» Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Ռուդիկ Մկրտչյան-«Արարատ» Արտակ Դաշյան-«Փյունիկ» Խորեն Բայրամյան-«Ռոստով» (Ռուսաստան) Էդգար Մալաքյան-«Արարատ» Էդգար Բաբայան-«Վայլե» (Դանիա)  Տիգրան Բարսեղյան-«Սլովան» (Սլովակիա) Արթուր Սերոբյան-ԲԿՄԱ Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)  Լուկաս Սելարայան-«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Սարգիս Ադամյան-«Բրյուգե» (Բելգիա)   Խաղերին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որը կմեկնարկի մայիսի 29-ին։ Ազգերի լիգայում հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝ Հունիսի 4,  17։00՝ Հայաստան-Իռլանդիա Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա-Հայաստան Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա:
16:50 - 24 մայիսի, 2022
ՀՖՖ-ն ներողություն է խնդրում Նորվեգիա-Հայաստան խաղի արդյունքի համար

ՀՖՖ-ն ներողություն է խնդրում Նորվեգիա-Հայաստան խաղի արդյունքի համար

ՀՖՖ-ի, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը. «Հարգելի երկրպագուներ,  Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:  Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:  Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով: Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:   Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:  Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»։ ՀՖՖ-ից հայտնում են նաև, որ Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը: Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: Հիշեցնենք, որ երեկ կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 9։0 հաշվով։
01:36 - 30 մարտի, 2022