Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր թորվածքները և քսանյութերը, բացառությամբ ավիայուղի, բենզինը ներառում է թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ավիաբենզինի, իսկ դիզելային վառելիքը՝ միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ավիավառելիքի: Առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 և 3819 ծածկագրերին դասվող ապրանքները սահմանել ակցիզային հարկով հարկման ենթակա: Արթուր Մանուկյանի խոսքով 3811 ծածկագրին դասվող հավելանյութերն ու նյութերը թեպետ բենզին չեն, սակայն որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես վատ որակի բենզին: Առաջարկվում է այս ապրանքների դեպքում ևս սահմանել նույնչափ ակցիզային հարկ, որքան բենզինի պարագայում է: «Սահմանել ենք բենզինի համար գոյություն ունեցող կանոնը. երբ ակցիզային հարկը մեկ տոննայի հաշվով կհաշվարկվի, և ԱԱՀ-ն հանրագումարային 135 հազար դրամից պակաս կլինի, ապա ակզիզային հարկը պետք է ավելացվի այնքան, որ նվազագույնն այդ 135.000 դրամն ապահովվի»,- պարզաբանել է զեկուցողը: Հաջորդը 3819 ծածկագրերին դասվող արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող ապրանքներն են: Դրանք կարող են օգտագործվել որպես քսայուղեր: Առաջարկվում է այս խմբի համար ևս սահմանել ակցիզային հարկ, ինչը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կվերացնի տարբեր մոտեցումները և նմանատիպ ապրանքների ակցիզային հարկով հարկման հավասար դաշտ կստեղծի: ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ անցած տարի բենզինի հավելում օկտան տեսակի շուրջ 4,5 հազար տոննա հեղուկ է ներմուծվել, իսկ այս տարի՝ մոտ 3 տոննա: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կատարվում է ոչ թե հարկային մուտքեր ավելացնելու կամ տուգանելու, այլ անորակ բենզինով մեքենաները վնասելու ռիսկից վարորդներին պաշտպանելու համար: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
15:47 - 17 հոկտեմբերի, 2024
Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով
 |armenpress.am|

Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ:   Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է: «Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում»,–ասաց Բադասյանը: Առաջարկվում է, որ շահումով խաղի կազմակերպիչը շահումից պահի եկամտային հարկը և փոխանցի պետական բյուջե:   Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն: «Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների և ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում առաջարկում ենք, որ ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով արտացոլի տվյալ դրական տարբերությունը և դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե»,–ասաց ՊԵԿ նախագահը: Բաբկեն Թունյանն ամփոփեց՝ խոշոր շահումները հարկվելու են 10 տոկոս եկամտային հարկով, հարկային գործակալը հանդիսանալու է տվյալ ընկերությունը:   «Իսկ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, և համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով: Դրա վճարումը կատարելու է քաղաքացին իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս»,- ասաց նա։ Մինչև առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը ուժի մեջ կմտնեն այլ կարգավորումներ ևս: Հայաստանում գործող տելեկոմները պետք է արգելափակեն Հայաստանում չլիցենզավորված շահումով խաղերի գործողությունը երկրում, այսինքն՝ հնարավոր չի լինի մուտք գործել այդ կայքեր, առևտրային բանկերն էլ պետք է արգելափակեն ցանկացած վճարում ՀՀ–ում չլիցենզավորված խաղային ոլորտի կազմակերպիչներին: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
12:30 - 10 հունիսի, 2024
Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին

Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին

Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց չունի իր օրակարգում, ռուսական գազը և իրանական գազը Հայաստանի տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են:  Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում:    «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,-ասաց Թունյանը: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է, որտեղ ամենաշահավետն է: Անդրադառնալով հնարավոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Թունյանը պատասխանեց. «էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»: Հայաստանը միշտ մտածել է էներգետիկ անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին: Պատգամավորը, որպես դրա վկայություն, հիշեցրեց, որ ժամանակին կառուցվել է նաև Իրան-Հայաստան գազամուղը: Թունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները: Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց. «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»: Այսպիսով, պատգամավորը վստահեցնում է, որ Ադրբեջանից գազ գնելու հարց Հայաստանն իր օրակարգում չունի: «Նման բան պայմանավորվելու համար մենք նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք, այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտություն լինի»,–ասաց նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ շատ դրական է վերաբերվում դրան, կարծում է, որ Հայաստանը պետք է քննարկի այդ հարցը, բայց նման քննարկումներ չկան:  
14:52 - 26 ապրիլի, 2024
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
 |tert.am|

Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման |tert.am|

tert.am: Առաջարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն անել, որով ավտոմեքենաների տարեկան գույքահարկը կվճարվի տեխզննման պահին ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ տվյալ մեքենայի հետ կապված քաղաքացին հարկային պարտավորություններ ունի, թե ոչ, և եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա օրենքով նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։ «Այսինքն՝ օրենքի այս դրույթը, որ ժամանակին գույքահարկը կապվել է տեխզննման հետ, հասկանալի է` ժամանակին ինչ հիմնավորումներ է ունեցել, որովհետև սա եղել է գործիք, որի միջոցով պետությունը կարողացել է ապահովել գույքահարկի հավաքագրումը։ Բայց իմ և համահեղինակ պարոն Զեյնալյանի կարծիքով՝ արդարացի կլինի, եթե քաղաքացին վճարի այդ պահին ունեցած պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը։ Բայց եթե քաղաքացին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ ունի գույքահարկը վճարելու ու հունվարին կամ փետրվարին տանում է մեքենան տեխզննման, ապա կարծում եմ, որ պետք չէ նրան ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները», - նշեց Թունյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են օրենքի մեջ ընթացիկ տարվա փոխարեն տվյալ դրույթը շարադրել այնպես, որ խոսքը վերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորություններին։ «Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ դեպքեր են լինում, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, ապա այդ մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ, որպեսզի իր ավել վճարած գումարը փոխհատուցեն, կամ ինչ-որ այլ մեխանիզմներով դա հաշվի առնվի», - հավելեց պատգամավորը։ Նա տեղեկացրեց, որ օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից։ «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը նիստին ներկա չէր։
14:12 - 26 ապրիլի, 2024
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
 |hetq.am|

2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան |hetq.am|

hetq.am: 2023 թ․-ին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին: «Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով: Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե' ֆինանսական եւ թե' ռեսուրսների առումով: Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը: Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:
13:34 - 11 ապրիլի, 2024
ԱԺ-ում քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԱԺ-ում քննարկվել են բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի և հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ դեռևս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ և քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված է եղել գործող կարգավորումների հետ: Վառելիքի լիցքավորմամբ զբաղվող տնտեսվարողները ներկայացրել էին առաջարկներ և դժգոհություններ: «Պարզ դարձավ, որ խնդիրը կապված է ոչ թե տեսչական մարմինների հետ, այլ այն կարգավորումների, որոնց հիման վրա տեսչական մարմիններն աշխատում են»,- ասել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումը միտված է համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ վերստին քննարկելու խնդիրները: «Հույս ունենք, որ այս հանդիպումը կավարտվի ավելի առարկայական եզրահանգումներով»,- ասել է նա: Տնտեսվարողների ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը հայտնել է՝ խնդիրն այն է, որ ոլորտի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում առկա է այն իրավիճակը, որը գրեթե չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված կարգերին, ձևերին և նորմերին: «Այսօր իրողությունն այն է, որ ունենք բազմաթիվ՝ սեփականության վկայական ունեցող, շինարարական և համապատասխան բոլոր թույլտվություններով կառուցված ավելի քան 20-30 տարի շահագործվող օբյեկտներ, որոնք այսօր փակման վտանգի տակ են, քանի որ կիրառվում են մի քանի շինարարական նորմեր և կանոններ, որոնք անթույլատրելի են դարձնում համապատասխան տեսչական մարմնի կողմից տվյալ օբյեկտի գործունեությունը»,- ասել է նա: Արա Հովհաննիսյանը փոխանցել է տնտեսվարողների առաջարկը, այն է՝ վերանայել գործող շինարարական կանոնները և նորմերը, որ արդյունքում լինի այնպես՝ հնարավոր լինի տարանջատել գոյություն ունեցող և գործող օբյեկտը նոր կառուցվող և նախագծվող օբյեկտից: Ըստ նրա՝ 40-50 տարի առաջ մշակված նորմերն այլևս արդիական չեն տեխնոլոգիական և այլ առումներով: Ելույթ ունեցողը ներկայացրել է միջազգային փորձը, նշել, որ այսօրվա վառելիքը որակապես տարբերվում է մի քանի տասնյակ տարի առաջ եղած վառելիքից, հետևաբար բենզալցակայաններին ներկայացվող պահանջները պետք է համապատասխան լինեն: Ըստ նրա՝ վառելիքի վաճառքով զբաղվող օբյեկտների գործունեության արդյունքում այսօր 100 մլրդ դրամ մուտք է լինում պետբյուջե: Նշվել է, որ բենզալցակայանների մեծ մասում առկա է մեկ հրշեջ ջրածորան (հիդրանտ), սակայն պահանջվում է ունենալ երկուսը, ինչը խնդրահարույց է՝ ըստ տնտեսվարողների: Նշվել են նաև այլ պահանջներ: Պետական մարմինների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց կառույցների դիրքորոշումները, ինչպես նաև օրենսդրական այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ոլորտի կարգավորումները: Փաստարկվել է երկրորդ հիդրանտի կարևորությունն անվտանգության ապահովման տեսանկյունից: «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի խորհրդական Սաշուր Քալաշյանի խոսքով քաղաքաշինական նորմերը մի նպատակ ունեն. ապահովել բնակչության, մարդու ապրելու և արարելու անվտանգ միջավայրը: Նրա խոսքով ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 20 տարիներին բենզալցակայանների մեծ մասը գործել է հախուռն կերպով, շատ անգամ առանց թույլտվության կամ սխալ թույլտվությամբ, այնուհետև, երբեմն անօրինական կերպով, ստացել կադաստրային գրանցում: «Բոլոր դեպքերում, բենզալցակայանների անվտանգությունը պետք է ապացուցվի կամ հիմնավորվի օրենքով, գիտականորեն՝ նկատի ունեմ: Գիտականորեն հասկացվի, վերլուծվի և որոշում կայացվի»,- ասել է նա: Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է՝ պետք է այնպես անել, որ հաշվի առնվեն ե՛ւ տնտեսվարողների շահերը, ե՛ւ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը: Որոշվել է համապատասխան կառույցի համակարգմամբ շարունակել հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով վերանայել ոլորտի կանոնակարգումները:
18:28 - 04 ապրիլի, 2024
Հայաստանում կարգելվեն օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերը |armenpress.am|

Հայաստանում կարգելվեն օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղաղային ոլորտում իրական ժամանակում հսկողություն իրականացնել և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները  դարձնել ստուգելի։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը սպառողների պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կլինի ստուգելի, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարված խաղադրույքների ծավալը կլինի ստուգելի և կդառնա վերահսկելի, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա»,-նշեց Բադասյանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց նախագծով առաջարկվող հիմնական կարգավորումները։ «Նախագծով նախատեսվում է կարգավորել խաղային ոլորտում իրավահարաբերությունները՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություններ ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները։ Նախագծում առանցքային տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը և ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ։Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, սույն օրենքի շահառուների շահերի պաշտպանություն»,-ասաց Բադասյանը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ օրենքով արգելվելու է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։ «Նախատեսվում է IP հասցեների բլոկավորում, իսկ դրա անհնարինության դեպքում նաև ԿԲ-ն պարտավոր է հսկողություն սահմանել, որպեսզի առևտրային բանկերի նման հաշվեհամարներին փոխանցումը արգելափակվի»,-ասաց Բադասյանը։
12:47 - 21 փետրվարի, 2024
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից. նախագիծ

Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից. նախագիծ

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հայտնում են ԱԺ-ից: Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը տասնյակ տարիներ փաստացի գործունեություն չի իրականացրել: Նշվել է, որ 2013 թվականին այն հանվել է մասնավորեցման ցանկից և փոխանցվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Առնակ Ավետիսյանի խոսքով՝ դրանք չեն իրականացվել, և կազմակերպությունը նորից ընդգրկվել է մասնավորեցման ծրագրում: «Մենք այս ընթացքում ինտենսիվ աշխատել ենք կազմակերպության համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, սակայն, արդյունքում, որևէ առաջարկ չենք ստացել»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը և հավելել՝ պաշտպանության նախարարությունը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ առաջարկելով զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով իրենց հատկացնել կազմակերպության գույքը: Զեկուցողը փաստել է, որ Կառավարության որոշումը կայացվել է, գույքը հանվել է կազմակերպության հաշվեկշռից և դարձել է պետական սեփականություն: Ըստ Առնակ Ավետիսյանի՝ մշակվում է «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքը, որը թույլ կտա վերացնել իրավական բացերն ու անհամապատասխանությունները. «Փորձում ենք իրականացնել  պետական գույքի կառավարման համակարգը և դրա նպատակադրումները փոխելու քաղաքականություն»: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: 
17:09 - 31 հունվարի, 2024
Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
 |1lurer.am|

Օգոստոսին միկրոբիզնեսում շուրջ 2000 աշխատատեղ կորել է. ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել |1lurer.am|

1lurer.am: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո՝ օգոստոսին, միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, որը վերաբերում է միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներին: Ռուստամ Բադասյանը նախ տեղեկացրեց, որ չեն վերացել պատգամավորի մատնանշած չարաշահումների դեպքերը, ապա հավելեց, որ քանի դեռ կան հարկման հատուկ համակարգեր, միշտ ունենալու ենք չարաշահման դեպքեր: «Բայց ֆինանսների նախարարության օրենսդրական փոփոխության արդյունքում հուլիսի 1-ից միկրոյի դաշտում արդեն պետք է եկամտային հարկի դրույքաչափն ընդհանուր լիներ: Եվ հուլիս ամսվա արդյունքներով օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ կորել է: Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի աշխատանքից ազատել են, կամ ցույց են տալիս, որ ազատել են: Իհարկե, անմիջապես սկսել ենք վարչարարություն այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար»,- ասաց Բադասյանը:
13:20 - 31 հոկտեմբերի, 2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչև երկամսյա ժամկետով: Օրենսդրական փաթեթն ուղղված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը և այդ ուղղությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Առաջարկվում է հստակեցնել նշված գործունեության լիցենզավորման պահանջները, ինչպես նաև հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը և լիցենզավորված անձին տրվում է քվոտաները վերանայելու հնարավորություն: Ըստ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել էր խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են: Արդյունքում` ներկայացվել է լրամշակված տարբերակ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև Հարկային  և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը: Առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Գների աճով պայմանավորված` առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը` ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել` յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում` 18 և ավելի տոկոսով: Օղու և էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվի 10 տոկոսով: Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ չեն ընդունվել պատգամավոր Արսեն Թորոսյանի երկու առաջարկները, որոնք վերաբերվել են ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի բարձրացմանը: Նշվել է, որ այս հարցով Կառավարությունը վարում է հավասարակշված քաղաքականություն` հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթներին:
11:44 - 26 հունիսի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին
 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,-ասաց Նանուշյանը: Այսպիսով, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար: «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»,-ասաց Նանուշյանը: 2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ:  Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացե՞լ և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնե՞լ, որ այդ բիզնեսը զարգանա: Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ: «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»,-նշեց նա: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ երբ 2 տարի առաջ քննարկել են արտադրական կանեփի զարգացումը, ցանկացել են այնպիսի կարգավորումներ ունենալ, որի արդյունքում կստեղծվի ոլորտ, որը զգալի կլինի տնտեսության մեջ: «Հիմա, 2 տարի անց, երբ մենք ունենք 1 ընկերություն, որը «ախորժակը կորցրել է» այս բիզնեսի նկատմամբ ու փակվելու մտադրություն էլ ունի, կարիք կա մոդելն ընդհանրապես վերանայելու»,-ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ դա նաև գյուղատնտեսության ճյուղ է, նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այդ արդյունաբերությունը զարգացնել, լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը: Սակայն Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը էական խնդիր չի լուծելու, բացի այդ՝ վստահ չէ, որ այն լրացուցիչ խնդիրներ չի առաջացնելու: Պատգամավորը ցանկություն հայտնեց առանձին աշխատանքային քննարկման ձևաչափով խոսել դրանց մասին: «Կարծում եմ՝ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան»,-ասաց նա՝ առաջարկելով հետաձգել նախագիծը: Փոխնախարարը, սակայն, դեմ արտահայտվեց հետաձգելուն՝ հավելելով, որ տնտեսվարողներն այդպիսով շարունակելու են խոչընդոտներ ունենալ: Թեև նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն կքննարկվի լիագումար նիստում:
12:57 - 17 մայիսի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021 թվականին աճել են 66 տոկոսով, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել: Պատգամավորի խոսքով այստեղ գործ ունենք ավազի ապօրինի արդյունահանման հետ: Ներկայացնելով ավազի ապօրինի արդյունահանման որոշ օրինակներ՝ պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի ուսումնասիրություններ կատարի եւ փարատի մտահոգող կասկածները:
14:42 - 10 փետրվարի, 2023
Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

 |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։ «Նախագծով առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել պատասխանատվության միջոց։ Հիմնական փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները տուգանվում էին 200 հազար դրամով։ Նախագծով առաջարկում ենք մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամի չափով»,- ասաց Դանիելյանը։ Ներկայացնելով վիճակագրությունը, գործադիր մարմնի ներկայացուցիչը պատգամավորների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիմնական իրավախախտումները իրականացվում են 1 տոննայից ավել գերազանցելու դեպքերում, եղել են նույնիսկ մինչև 30-35 տոննա թույլատրելի շեմի գերազանցում։ «Այս պարագայում պրոգրեսիայի կիրառումը ավելի քան անհրաժեշտ է և միանշանակ զսպող կլինի»,- ասաց Դանիելյանը։
12:26 - 30 նոյեմբերի, 2022
Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

 |armenpress.am|

Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները, կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում «Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին ՝որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-մանրամասնեց փոխնախարարը: Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում: Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Իսկ երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակը ընդլայնելու այս որոշումը դեռևս կառավարության վերջնական առաջարկը չէ: «Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ»,-նշեց Պողոսյանը: Զուգահեռաբար նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչը՝ ի դեմս սոցիալական ծախսերի: Կրթության և առողջապահության գծով կատարվող փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից: Անդրադառնալով համակարգի ներդրման նպատակին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի  ստեղծումն է: «Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում, հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մենք մեր քայլերն ուղղորդենք այդ նպատակին հասնելուն»,-նշեց Պողոսյանը: Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն:
13:52 - 25 նոյեմբերի, 2022