ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 

2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:

2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։

2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:

2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 

2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։

2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 

2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։

Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց, լրագրողներին նրա հետ խոսելու հնարավորություն չտրվեց
 |aysor.am|

Արմեն Աշոտյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեց, լրագրողներին նրա հետ խոսելու հնարավորություն չտրվեց |aysor.am|

aysor.am: Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։ «Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբան Ռուբեն  Մելիքյանն էլ ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։ «Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել, և այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, կարող է նա դուրս գալ, հարցեր տրվեն, պատասխաններ տրվեն, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա և նշեց, որ կարևորը վերջապես 1 տարի 3 ամիս այս պատերի ներքո անցկացնելուց հետո նա ընտանիք կվերադառնա։ Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի  տնային կալանքի պայմաններում։
13:52 - 11 սեպտեմբերի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Ես գոնե հայկական բանտում եմ, Արցախի ղեկավարությունը՝ Բաքվի, իմ պատմությունը նրանց մոտ խամրում է. Արմեն Աշոտյան
 |tert.am|

Ես գոնե հայկական բանտում եմ, Արցախի ղեկավարությունը՝ Բաքվի, իմ պատմությունը նրանց մոտ խամրում է. Արմեն Աշոտյան |tert.am|

tert.am:  Իմ պայքարն ու նույնիսկ իմ կալանավորումը երբեք անձնական չեմ համարում։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Իմ պայքարը բացարձակ անձնական չէ, հետևաբար, դրան հետևած կալանքը ևս անձնական չեմ դիտում։ Այս 400 օրը, որ գտնվում եմ կալանքի մեջ, ոչ թե իմ անձնական կալանքի օրերն են, այլ՝ Արցախի կորստի, Արցախի հայաթափման, Տավուշի 4 գյուղերի հանձնման օրեր էին։ Երկիրն ապրում է այլ կարևոր երևույթներով։ Բոլոր դժվարություններով հանդերձ՝ իմ և իմ ընտանիքի անձնական պատմություններն իրականում խամրում են այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում մեր երկրում»,- հայտարարեց Աշոտյանը։ Նա նշեց, որ գոնե ինքը հայկական բանտում է նստած, Արցախի ղեկավարությունը՝ ադրբեջանական և որ իր պատմությունը նրանց մոտ խամրում է։ «Իմ երեխաներն այս պահին զրկված են հորից, բայց ես, գոնե, բանտում եմ, ոչ թե՝ գերեզմանոցում, ինչպես պատերազմի հետևանքով շատերը։ Ես կտրված եմ տնից, բայց, փառք Աստծո, այնտեղ ուրիշ մարդ չի բնակվում։ Որքան էլ դժվար է իմ ու իմ ընտանիքի համար, այս ամենը խամրում է ողբերգական խնդիրներ ունեցող հարյուր հազարավոր իմ հայրենակիցների կողքին», -ասաց Աշոտյանը։ Նրա խոսքով՝ իր մեղադրանքի հիմքում փաստեր չկան: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
16:48 - 11 հուլիսի, 2024
Ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են․ ՀՀԿ ԳՄ

Ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։«Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի պետականության փլուզումը կանխելու միակ ելքը Հայաստանի կառավարչի անհապաղ հրաժարականն է։Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասպան գնահատականով», - ասված է հայտարարության մեջ։
09:33 - 13 հունիսի, 2024
Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար: Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը», - ասվում է հայտարարությունում:
16:16 - 21 ապրիլի, 2024
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ «Մենք հիմնական դատալսումներին չենք անցել, ապացույցներ չենք հետազոտել, առնվազն չեն հարցաքննվել վկաները, որոնք ազդեցության մասով դատարանը գտնում է, որ կարող է ազդեցություն լինել։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանքի գործողության ժամկետում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություն, որը դատարանին հիմք կտա խափանման միջոցը փոխել»,- ասաց նա։ Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները` 30 պատգամավոր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Արմեն Աշոտյանը դատարանում իր խոսքում շնորհակալություն էր հայտնել ԱԺ պատգամավորներին և իր համակիրներին երաշխավորության համար և նշել, որ իր կողմից «վատ պահելը» կնշանակի, որ «ընդդիմության գլխին քրեական գործ է կախվում»։ «Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ հանկարծ այսօրվա գործող իշխանությունների դեմ պայքար ծավալած երկու խմբակցությունների անդամների գլխին դամոկլյան սուր չկախվի»,- հավելել էր Աշոտյանը։ Մեղադրող դատախազն էլ իր խոսքում նշել էր, որ երեք ամիսների ընթացքում չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին վկայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման կամ վերացման համար։ «Գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ նախորդ ներկայացված միջնորդությունից չի տարբերվում, բացառությամբ պատգամավորների քանակի»,–ասել էր դատախազը հավելելով, որ պետք է կալանքի ժամկետը երկարաձգվի։
16:25 - 11 ապրիլի, 2024
«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։ Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։ Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։ Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն  «Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Պատիվ ունեմ» դաշինք «Ազգային անվտանգություն» կուսակցություն «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն «Հայաստանի հանրապետական» կուսակցություն «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն «Միասին» շարժում»,- նշված է հայտարարության մեջ:
10:50 - 14 մարտի, 2024
Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել
 |armeniasputnik.am|

Դատարանն Աշոտյանին թույլ չտվեց Բուխարեստ մեկնել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մարտի 6-ին մեկնել Բուխարեստ՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։ Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` փոխելու նրա խափանման միջոցը ընդամենը 4-5 օրով։ Փաստաբանը նաև դատարանին ներկայացրեց Բուխարեստից ստացված ԵԺԿ արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիկ Վոլլերի համապատասխան հրավերը։ «Մենք հրապարակավ ասում ենք, որ չենք բողոքարկելու դատարանի որոշումը, եթե Բուխարեստից Աշոտյանի վերադարձից հետո որոշվի խափանման միջոցը հետ փոխել ու նորից կալանք սահմանել»,- հայտարարեց նա։ Արմեն Աշոտյանն իր հերթին հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իր կալանավորումն ընկալվում է որպես մաքուր քաղաքական հետապնդում։ «Ես խոստանում եմ ձեզ Բուխարեստ մեկնելուց 4 օր հետո վերադառնալ Նուբարաշեն ՔԿՀ–ի իմ խուցը` այդ 4 պատի մեջ` մինչև օրինական հիմքերով այնտեղից դուրս կգամ։ Եթե անհրաժեշտ է, ես ձեզ այդ հարցում կօգնեմ, որ նորից ինձ վերադարձնեք ՔԿՀ։ Եթե անհրաժեշտ է, մենք պատկառելի գրավ կարող ենք մուծել այդ 4-5 օրվա համար»,– ընդգծեց Աշոտյանը։ Նա վստահեցրեց` ԵԺԿ համաժողովին մասնակցությունն առիթ չէ իր խափանման միջոցը փոխելու համար. սա իսկապես կարևոր գործուղում է։ «ՔՊ–ն ձգտում է ԵԺԿ–ում անդամ դառնալ, ու եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց` հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելու համար»,– հայտարարեց Աշոտյանը։ Նշենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Արմեն Աշոտյանը կալանքի տակ է 2023–ի հունիսի 16–ից։ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024–ի հունվարի 8–ի դատական նիստում անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14–ին` ժամը 12։30–ին։
17:33 - 26 փետրվարի, 2024
Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ
 |aravot.am|

Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ |aravot.am|

aravot.am: «2018 թվականից ի վեր այս շենքում ընդմիջում է: Դուք ոչնչով չեք զբաղվում, քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք: Ձեր վարած քաղաքականության արդյունքում է, որ այսօր Արցախը՝ երեք հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվել է: 2018 թվականից ի վեր, դուք ՀՀ քաղաքացիների հաշվին զբաղվում եք վճարովի տուրիզմով, դուք այդ շենքը դարձրել էք տուրիստական գործակալություն»,- այսօր Արցախյան շարժման 36 ամյակի օրը՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը: ՀՀԿ-ական երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ ցույցի էին եկել Արցախի հայաթափումից հետո Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով: Եկել էին հայտարարելու, որ հայկական Արցախի էջն իրենց համար փակված չէ, որ այդ մարդիկ ունեն իրենց սատարումը, որ չեն լռել, չեն լռելու, չեն համակերպվել եւ չեն համակերպվելու:«Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջան է, ձեր իշխանությունը ՀՀ միակ իշխանությունն է, որը հայտարարում է՝ Արցախն Ադրբեջան է: Դուք ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ Ադրբեջանի շահերն եք սպասարկում: Այսօր մարդիկ Վարդենիսում, Սյունիքում, Ջերմուկում, անգամ Երեւանում անվտանգ չեն: Ձեր հայտարարած զրոյական կետի արդյունքում Արցախն այսօր հանձնված է, ՀՀ-ն վտանգի առջեւ է, դուք փորձում եք փոխել մեր Սահմանադրությունը, զինանշանը»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ի շենքում նստած մարդիկ միշտ պետք է իմանան՝ «իրենց դավաճանությունը մատնանշվելու է միշտ». «36 տարի առաջ մեզնից մեծ սերունդը ազատագրեց Արցախը, իսկ այս շենքում նստածները 6 տարի է՝ մսխում են մեր պետությունն ու պետականությունը: Երբ Արցախը կապիտուլացվում էր, այստեղ նստած մարդիկ լացակումած դեմքերով ասում էին՝ մեր հայրենակիցներին ոչնչով չենք կարող օգնել»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:14 - 20 փետրվարի, 2024
Իմ ժամկետը լրացել էր և ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն. ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը հեռացնեմ. Սարգսյան
 |news.am|

Իմ ժամկետը լրացել էր և ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն. ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը հեռացնեմ. Սարգսյան |news.am|

news.am: Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի էլի վարչապետ առաջադրվում, իմ ժամկետն ավարտվել էր, կգնայի մեր տուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ինքը տեղյակ է եղել, որ պետք է Արցախի 7 շրջանները հանձնվեն, դրա համար հեշտությամբ զիջել է իշխանությունը: Դիտարկմանը, որ հենց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով մեծ բողոքի ալիք առաջացավ, Սերժ Սարգսյանն ասաց. «Դրանից չի առաջացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն եւ իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ ինձ անձի է եղել, ես դրանով փորձել եմ այդ արհավաիրքը հեռացնել  Հայաստանից, հայ ժողովրդից:  բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»: Լրագրողների հիշեցմանը, որ ինքը նախապես հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն վերջում առաջադրվեց այդ պաշտոնում 2018-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ ձգտել, ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ: Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը մոտ է»։ Ինչ վերաբերում է պնդմանը, որ եթե ինքը չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, հեղափոխություն չէր լինի, նա ասաց. «Որտեղի՞ց գիտես, բաժա՞կ ես նայել»:
16:24 - 16 փետրվարի, 2024
Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ ԳՄ

Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից. ՀՀԿ ԳՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ 08.01.2024 թվականի դատական նիստը հերթական անգամ վերածվեց դատական ֆարսի և ցանկացած ողջամիտ մարդու համար մեկ անգամ ևս ակներևաբար ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Չնայած այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել էր, որ Արմեն Աշոտյանին մեղսագրվող ամենածանր արարքի` փողերի լվացման վերաբերյալ հիմնավոր կասկածն ընդհանրապես բացակայում է, իսկ տուժող ճանաչված իրավաբանական անձը լուծարվել է մինչև Ա. Աշոտյանին վերագրվող ենթադրյալ արարքը, Հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգեց Ա. Աշոտյանի կալանքի ժամկետը: Աշոտյանի կալանավորման որոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից, քանի որ այդ շինծու քրեական գործում առկա չէ ներգրավված կողմերի վրա ազդեցություն գործադրելը հաստատող որևէ ապացույց: Շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր գործիչների երաշխավորության առկայության պայմաններում դատարանը անհիմն կերպով մերժեց Արմեն Աշոտյանին ազատ արձակելու և խափանման այլընտրանքային միջոցներ կիրառելու միջնորդությունը: Իր այդ որոշմամբ դատարանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գործող իշխանությունների հնազանդ գործիքն է և պատրաստ է շարունակել Հայաստանում արդեն իսկ արմատավորված` կալանքը բռնաճնշում և այլախոհության համար պատիժ օգտագործելու ապօրինի պրակտիկան: Դատական համակարգի օգտագործումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման նպատակով Հայաստանի իշխանությունների համար դարձել է առօրյա երևույթ: Հայաստանը գնալով ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը՝ ի հակառակ Հարավային Կովկասում որպես «ժողովրդավարության բաստիոն, կղզյակ, փարոս» դիրքավորելու իշխանությունների անհաջող ինքնագովազդային փորձերի: Հայկական ինքնությունը և ազգային շահերը պաշտպանող քաղաքական և հասարակական գործիչները գտնվում են Հայաստանի իշխանությունների թիրախում: Այսօր, ինչպես և նախկինում արդիական է մնում հանրային լայն համախմբման ապահովումը ի սատարումն անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- նշված է հաղորդագրության մեջ։
11:03 - 10 հունվարի, 2024
ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը
 |hetq.am|

ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։ 843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։ Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։ Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստացան վարձակալության պայմանագրի արժեքի մասին տեղեկատվությունը տրամադրել գրավոր հարցմամբ։ Այդուհանդերձ դեռևս 2020 թ․-ին նույն տարածքը Կոմիտեն վարձակալության էր տրամադրում ամսական 4 միլիոն 448 հազար դրամով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:18 - 05 հունվարի, 2024
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի (Վարդան Այվազյանի) վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ն, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ: Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:15 - 21 նոյեմբերի, 2023
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։ Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։ «Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։ «Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։ ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
17:10 - 09 նոյեմբերի, 2023