Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան: Միևնույն ժամանակ, կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը և վերահաստատում իմ պատրաստակամությունն աջակցելու այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
13:36 - 03 հոկտեմբերի, 2022
Առնվազն 15 զոհ գիշերվա ընթացքում․ ինչու է լարվել իրավիճակը Իրաքում

Առնվազն 15 զոհ գիշերվա ընթացքում․ ինչու է լարվել իրավիճակը Իրաքում

Գիշերվա ընթացքում առնվազն 15 մարդ է զոհվել Բաղդադում Իրաքի անվտանգության ուժերի և շիա հոգևորականի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի պաշտոնյաների խոսքով տասնյակ մարդիկ էլ վիրավոր են այն բանից հետո, երբ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են նախագահական նստավայր: Այս մասին գրում է BBC-ն։ Այս դեպքերի պատճառը Սադրի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունն է։ Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդարտության կոչ է արել, իսկ զինվորականները համազգային պարետային ժամ են հայտարարել մի քանի այլ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո: Փողոցային կռիվներ են եղել երեկոյան, որոնք ուղեկցվել են կրակահերթերով։ Սա վերջին տարիներին Իրաքի մայրաքաղաքում տեղի ուենցած ամենավատ բռնությունն է։ Կռիվների մեծ մասը կենտրոնացած է եղել քաղաքի «Կանաչ գոտու» շուրջ, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ: Նիդեռլանդների դեսպանատան աշխատակիցները բախումների պատճառով ստիպված են եղել տեղափոխվել երկրում Գերմանիայի առաքելության շենք։ Անվտանգության պաշտոնյաները հայտնել են, որ բախումների մի մասը տեղի է ունեցել «Խաղաղության բրիգադների»՝ պարոն Սադրին հավատարիմ միլիցիոներների և Իրաքի բանակի միջև: Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում էր, որ որոշ մարտիկներ օգտագործում են ծանր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային նռնակներ (ՌՊԳ): Այս մարտերի ֆոնին Իրանը փակել է Իրաքի հետ սահմանները, իսկ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքելու երկիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի խոսնակն ասել է, որ անհանգստացած է իրադարձություններից և կոչ է արել «անհապաղ քայլեր ձեռնարկելու իրավիճակը դեէսկալացնելու համար»։ Ավելի ուշ Սադրի ավագ օգնականը Իրաքի INA պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ նա հացադուլ է հայտարարել, մինչև բռնությունը և զենքի կիրառումը դադարեցվի: Սադրը քաղաքականությունից հեռանալու իր քայլով մեղադրում է հակառակորդ շիա առաջնորդներին և կուսակցություններին իրաքյան քաղաքական համակարգը բարեփոխելուց հրաժարվելու մեջ: Դեռևս անցյալ տարի հոկտեմբերին Սադրին հավատարիմ թեկնածուները ստացել էին ամենաշատ տեղերը Իրաքի խորհրդարանում, սակայն բավարար տեղեր չէին ապահովել կառավարություն ձևավորելու համար: Այդ շրջանից էլ նա հրաժարվել է բանակցել շիա խմբավորումների հետ, ինչը գրեթե մեկ տարվա քաղաքական անկայունության պատճառ է դարձել: «Ես որոշել էի չմիջամտել քաղաքական գործերին, բայց այժմ հայտարարում եմ քաղաքականւթյունից հեռանալու և բոլոր [սադրիստական] հաստատությունների փակման մասին»,- հայտարարել էր քաղաքական գործիչը։ 48-ամյա Սադրը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխող դեմք է Իրաքի հասարակական և քաղաքական կյանքում: Նրա «Մեհդիի բանակը» համարվում է ամենահզոր աշխարհազորայիններից մեկը։ Հետագայում այն վերանվանել է «Խաղաղության բրիգադ» և շարունակում է մնալ ամենամեծ աշխարհազորայիններից մեկը ու այժմ կազմում է իրաքյան զինված ուժերի մի մասը: Մրցակից քաղաքական դաշինքը՝ «Կորդինացիոն շրջանակը», որի հետ Սադրի դաշինքը հակասություններ ունի, հիմնականում ներառում է Իրանից աջակցվող կուսակցություններ: Լուսանկարները՝ Getty Images
10:34 - 30 օգոստոսի, 2022
Իրաքում պարետային ժամ է հայտարարվել |armenpress.am|

Իրաքում պարետային ժամ է հայտարարվել |armenpress.am|

armenpress.am: Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը: «Այսօր ժամը 19:00-ից (Բաղդադի ժամանակով) մինչև հաջորդ ծանուցում Իրաքի բոլոր նահանգներում տեղաշարժի ամբողջական արգելք է հայտարարվել»,- նշված է անվտանգության ուժերի հրամանում: Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ սահմանելու մասին միայն Բաղդադում, սակայն շիա առաջնորդ Մուքտադա Աս Սադրի կողմնակիցները, որոնք մտել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտում» գտնվող հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների կարգադրությունը:
21:47 - 29 օգոստոսի, 2022
Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ |news.am|

Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ |news.am|

news.am: Իրանը ցանկանում է ամրապնդել Իրաքի հետ պաշտպանական համագործակցությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ Իրաքի պաշտպանության համալսարանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սաադ Միժեր Մոհսեն Ալ Ալաքի ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով, տարածաշրջանը, որտեղ գտնվում են երկու պետությունները, առաջնահերթ նշանակություն ունի, նրանք ունեն նաև էներգետիկ առեսուրսների մեծ պաշար, ինչն աշխարհի որոշ քաղաքական գործիչների հասցրել է երկրների ռեսուրսները շահագործելու գաղափարին։ Նա նշել է, որ երկու երկրների անվտանգության և շահերի ապահովումը պահանջում է երկու կողմերի համագործակցությունը՝ հավելելով, որ փոխգործակցության մեծացումը կամրապնդի նաև տնտեսական համագործակցությունը։ Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»։ Ալ Ալաքը նշել է նաև, որ Իրաքի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի միջև ստեղծվել է տեղեկատվության փոխանակման կենտրոն՝ միջազգային ասպարեզում նրանց համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։
19:31 - 14 օգոստոսի, 2022
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ է լինելու և նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը: Ռուստամ Բաքոյանը խոսել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունից: «Մեզ համար շատ կարևոր է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. այնտեղ ապրում են տարբեր ազգեր, այդ թվում` հայեր ու եզդիներ»,- ընդգծել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը: Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հյուրը նշել է, որ հայերն ու քրդերն ունեն մի շարք ընդհանրություններ, պատմության նմանատիպ էջեր: Նախարարը ցավակցություն է հայտնել Շանգալի եզդիների ցեղասպանության առնչությամբ: Անդրադարձ է եղել խորհրդարաններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի կարևորությանը` հօգուտ տվյալ համայնքի շահերի պաշտպանության և մշակութային արժեքների պահպանության: Կողմերը կարևորել են Իրաքյան Քրդստանի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
15:42 - 10 օգոստոսի, 2022
Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա հավանական ազդեցությունը

Երբ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց այսպես կոչված «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, կարծիք կար, որ այն կարող է ավարտվել շատ արագ։ Դրա մասին էին վկայում օդանավակայաններին, ռազմամթերքի բազաններին գերճշգրիտ հարվածներն ու արագ դեսանտավորումը Կիևի շրջանում։ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում էր ձեռքի տակ ունեցած գրեթե ողջ սպառազինությունը, հարվածները անընդնմեջ էին և ճշգրիտ, դեսանտային գործողությունները՝ բավականին ինտենսիվ։ Կրկնվում էր ԱՄՆ կողմից Իրաքի գրավման սցենարը։ Անգամ Կիևի մատույցներում գրեթե ամեն ինչ նույնն էր։ Գոստոմելի օդանավակայանը հսկողության տակ վերցնելուց հետո տպավորություն էր, թե Կիևի համար մարտերը ուր որ է կսկսվեն, ինչպես սկսվեցին մարտերը Բաղդադի օդանավակայանը վերցնելուց հետո։ Բաղդադի օպերացիան շատ պարզ էր․ այնտեղ ամրապնդվելուց և դեսանտային հենակետ ստեղծելուց հետո ամերիկյան զինված ուժերը մի քանի անգամ ցուցադրական Բաղդադ մտնել-դուրս գալուց հետո սկսեցին մայրաքաղաքը վերահսկողության տակ վերցնելու հիմնական փուլը։ Սակայն մի քանի անգամ Կիևում ցուցադրաբար երևալուց հետո ռուսական կողմը հիմնական օպերացիա չսկսեց։ Պարզվեց, որ ՌԴ զինված ուժերին այդպես էլ չի հաջողվել ամրանալ մերձկիեւյան որևէ օդանավակայանում։ Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ ուկրաինացիները պատրատ են երկարատև դիմակայման։ Ինչ պատահեց հետո՝ բոլորս գիտենք։ ՌԴ զինված ուժերը հետ քաշվեցին Ուկրաինայի հյուսիս-արևմտյան մասից և հայտարարեցին մարտական գործողությունների երկրորդ փուլի մասին, որը մասնակի հաջողությամբ ընթանում է մինչ օրս։ Հետաքրքիրն այն է, որ այս «հատուկ գործողությունը» յուրահատուկ է և առանձնանում է իր վերջնական նպատակի բացակայությամբ։ Ճիշտ է՝ ռուսական կողմը հնչեցրել է տարբեր փոքր նպատակներ, իսկ որպես հիմնական նպատակ՝ ֆաշիզմի տարաքանդումը, բայց դրանցից ոչ մեկը չեն տեղավորվում ռազմական պլանավորման ամբողջական փուլի մեջ։ Այսպես, եթե ֆաշիզմի դեմ պայքարը քիչ թե շատ նման է համատեսիլքի, ապա բացակայում են օպերացիայի առաքելությունը, նպատակները և խնդիրները։ Տարօրինակ է, ինչ խոսք, բայց դա բոլոր հնարավորությունները ստեղծում է անգամ պարտության դեպքում հայտարարել հաղթանակի մասին։ Ուկրաինական դիմադրությունից «ոգևորված» արևմուտքը տարբեր ռազմականացված ծրագրեր ուղղեց դեպի այդ երկիր, որից ամենամեծը՝ ամերիկյան «լենդ-լիզը», սկսվելու է հոկտեմբերի մեկից՝ ամերիկյան նոր ֆինանսական տարվանից։ Չնայած դրան՝ արևմուտքը լայն ռազմական աջակցություն է ցույց տալիս Ուկրաինային՝ սկսած հետախուզությունից, վերջացրած հրթիռային հեռահար համակարգերով, որոնց մասին շատ են խոսում։ Դրանք M 142 HIMARS կոչվող գերբարձր ճշգրտությամբ հրթիռահրետանային համակարգերն են։ Խոսք կա, որ շուտով կտրամադրվեն մինչև 300 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ, որոնք արդեն կարող են փոխել բալանսը դեպի ուկրանիական կողմ։ Բալանսը փոփոխվում է նաև մարդկային ռեսուրսներում․ եթե խոսվում էր, որ ռուսական կողմը կենտրոնացրել է մինչև 400 հազար մարտիկ, իսկ ուկրանիական կողմը՝ դրա գրեթե կեսի չափ, ապա հիմա արդեն խոսք կա մեկ միլիոնի մասին, ինչը կարող է հնարավորություն տալ ուկրանիական կողմից անցնել անգամ հակահարձակման։ Այս պայմաններում ՌԴ-ն, ունենալով նաև անձնակազմի ռոտացիոն խնդիր, ռազմամթերքի մատակարարման խնդիր, որը ստիպված է տեղափոխել հազար կմ-ից ավելի  ձգվող ռազմաճակատից ավելի խոր թիկունք, այլ ելք չի ունենա քան մասնակի զորահավաքի անցկացումը։ Եվ անձնակազմն անգամ մի քանի հարյուր հազարով համալրելու դեպքում հնարավորություն կունենա անցնել միայն խոր էշելոնացված երկարատև պաշտպանության՝ հայտարարելով հաղթանակի մասին։ Իր հերթին դա Ուկրաինայում չի կարող գնահատվել որպես հաղթանակ և անհրաժեշտություն կունենա անցնել ավելի ակտիվ գործողությունների։ Սակայն անգամ արևմտյան ռազմամթերքի մատակարարման ամենաակտիվ համագործակցությունը, որը  կոչվում է «Ռամշթայնի ձևաչափ», ֆիզիկապես հնարավորություն չունի տրամադրել այնքան օգնություն, որպեսզի ուկրանիական կողմը ամբողջ ճակատով անցնի հակահարձակման, չնայած նրան, որ իրենց հակառակորդը պաշտպանությունը կազմակերպելու է կոնսերվացված և խորրդային հին սպառազինությամբ, որոնց թվաքանակը հասնում է տասնյակ հազարների։ ՆԱՏՕ-ն, անգամ հաշվի առնելով ուկրաինական հակամարտությունից բխող երկարատև ռիսկերը, զորավարժություններից մեկի անունը կոչել էր «Ռամշթայնի ժառանգություն»։ Այսպիսի զորավարժությունը ավելի ցուցադրական բնույթ էր կրում, քանզի ռուսական կողմը չունի օդային գերակայություն ո՛չ Ուկրաինայում, ո՛չ առավել ևս ՆԱՏՕ-ի դեմ և նաև մինչև ուկրանիական գործողությունները սկսելը Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ մտնելուց հետո կրում է ավելի մեծ ռազմաքաղաքական ռիսկեր, ուստի, ըստ իս, այսպիսի զորավարժությունները ուղղված են արդեն այլ ռազմական սցենարների դեմ, որտեղ կողմերից մեկը կարող է ունենալ ռազմաօդային և հետախուզական գերակայություն և ապակայունացնել արևմտյան ամբողջ կիսագունդը։ Դրանցից մեկը Թուրքիան է Սիրիայի հյուսիսում, Չինաստանը՝ Թայվանի կողմ նայելիս, և այս համատեքստում իրականացվում է վերաբալանսավորում՝ Հունական կղզիների ակտիվ ռազմականացման տեսքով, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Իսկ Իսրայելը ավելի ակտիվ է դարձել Իրանի հարցում, ինչը, պարզվում է, հնարավոր չէ դիտարկել ուկրաինական հակամարտության համատեքստից դուրս։ Տարածաշրջանը եռման աստիճանի է հասնում Ուկրաինայում պայթող ռումբերի ջերմաստիճանից, իսկ դրա մասին՝ հաջորդիվ։ Լուսանկարում՝ «Հիմարս» հրթիռահրետանային համակարգը Նարեկ Ներսիսյան
15:46 - 21 հուլիսի, 2022
Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքը Թուրքիային մեղադրում է Քուրդիստանում 9 մարդու կյանք խլած հարձակման համար, Անկարան հերքում է

Իրաքի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել այն բանից հետո, երբ հրետանային ռմբակոծության հետևանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող պուրակում: Այս մասին գրում է BBC-ն։ Զոհերի մեծ մասը իրաքցի զբոսաշրջիկներ են, նրանց թվում կան նաև երեխաներ։ Իրաքի պետական հեռուստատեսության փոխանցմամբ «կատաղի հրետանային ռմբակոծությունը» հարվածել է Զախո քաղաքի զբոսայգուն, որը Իրաքի Քուրդիստանի շրջանի և Թուրքիայի սահմանին է։ Քուրդիստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թվում կան երեխաներ, այդ թվում մեկամյա երեխա։ Առնվազն 23 մարդ վնասվածքներ է ստացել։ Իրաքը Անկարայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին, ինչպես նաև կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին՝ ներողություն խնդրելու։ «Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադըմին։ Իրաքի Քերբալա քաղաքի թուրքական վիզաների կենտրոնի մոտ էլ իրաքցի ցուցարարները ակցիա են իրականացրել ու այրել են Թուրքիայի դրոշը։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Բաղդադում և Նասիրիայում։ Հրետակոծությունը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ «Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Անկարան մտահոգված է հարձակման հետևանքով զոհերի մասին լուրերով։ Գերատեսչությունը հավելել է նաև, որ Թուրքիան առավելագույն կերպով հետևողական է եղել՝ խուսափելու քաղաքացիական զոհերից կամ պատմական, մշակութային վայրերը վնասելուց «իր հակաահաբեկչական գործողություններում» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի, որ ճշմարտությունը ի հայտ գա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ հավելումով, որ Թուրքիայի ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին․ «Մենք Իրաքի կառավարությանը կոչ ենք անում չանել հայտարարություններ նողկալի ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցությամբ ու համագործակցել՝ բացահայտելու այս դաժան արարքի հեղինակներին»։ Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Լուսանկարները՝ Reuters
11:42 - 21 հուլիսի, 2022
Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

 |armenpress.am|

Իրաքի և Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Իրանի և Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի և էր Ռիադի բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նաև նշվում է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր է գնահատել Իրաքի ձգտումը և կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման և կայունության ամրապնդման հարցում»: 2021 և 2022 թվականների ընթացքում Թեհրանը և էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:31 - 18 հուլիսի, 2022
Կառավարությունը  80 հազար դոլար հատկացրեց Էրբիլում ՀՀ հյուպատոսությանը

Կառավարությունը 80 հազար դոլար հատկացրեց Էրբիլում ՀՀ հյուպատոսությանը

Կառավարությունը այսօր որոշեց Էրբիլում (Իրաք) ՀՀ հյուպատոսությանը հատկացնել 80 հազար ԱՄՆ դոլար։  Ըստ նախագծի հիմնավորման՝ ճգնաժամային իրավիճակների պատճառով Իրաքի կենտրոնական և հարավային շրջաններից, ինչպես նաև Սիրիայից Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերի շրջանում կան կենցաղային ծանր պայմաններում հայտնված հայեր, որոնք մարդասիրական աջակցության կարիք ունեն։ Նման հայ ընտանիքների թիվը, ըստ Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքային կառույցների տրամադրած տվյալների, շուրջ 250 է։ «Տեղական իշխանությունները, Իրաքի Հայոց Առաջնորդարանը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են տրամադրում, որը, սակայն, բավարար չէ նրանց բնականոն կենցաղն ապահովելու համար։ Մշտապես առկա է սննդի, դեղորայքի, տաք հագուստի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք»։ Նշվում է նաև, որ հայերից զատ՝ ծանր կենցաղային պայմաններում են հայտնվել նաև Իրաքյան Քուրդիստանի ճամբարներում բնակվող եզդի փախստականները, ներքին տեղահանության ենթարկված քրդերը և ասորիները։  «Հաշվետվողականության և թափանցիկության ապահովման նպատակով Գլխավոր հյուպատոսությունը կձևավորի հանձնախումբ՝ օգնության շահառուների ցուցակների հստակեցման, պահանջվող ապրանքների գնման, այնուհետև օգնության բաշխման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,-ասվում է կառավարության նախագծում։
11:10 - 14 հուլիսի, 2022
Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

 |armenpress.am|

Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովը, որի  շրջանակում ստորագրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև Համագործակցության հուշագիր: Գործարար համաժողովին մասնակցել են Իրաքյան Քուրդիստանից ժամանած գործարարներ, որոնք հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ՝ գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի (առևտրային ցանցեր) ոլորտում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչներ: «Շատ կարևոր է, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ, այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր և անմիջական հարաբերությունների հաստատմանը և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ քննարկմանը»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակներից մեկն արտահանելի տնտեսության ձևավորումն է, իսկ առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իրաքի քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուլրահման Աբդուլլահը հույս հայտնեց, որ այս և հետագա հանդիպումների արդյունքում կկարողանան համագործակցություններ ձեռք բերել մի շարք ոլորտներում: «Մենք ամբողջ աշխարհում ներդրումային մի շարք տարբեր պայմանագրեր ենք ստորագրել և այսօր շատ կուզենք հայ գործարարների և բիզնես շրջանակի հետ նույնպես մի շարք ոլորտներում ձեռք բերել համագործակցություններ: Ես հուսով եմ, որ Իրաքյան Քուրդիստանից ժամանած մեր գործարարներն ու ներդրողները կկարողանան այստեղ արդյունավետ հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի  ագրարային, տնտեսական և բիզնես  ոլորտում նոր առաջընթաց արձանագրենք և կարողանանք այս համագործակցությունները ավելի երկարատև և խորը դարձնել»,-ասաց նա:  
20:43 - 20 մայիսի, 2022
Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Մերձավոր Արևելքը չի փրկի Եվրոպան, եթե այն հրաժարվի ռուսական նավթից․ CNN

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով Եվրամիության երկրները քննարկում են ռուսական նավթից հրաժարվելու սցենարը։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա։ CNN-ը գրում է այն մասին, թե արդյոք հնարավոր է փոխարինել ռուսական նավթն այլընտրանքով, և ի՞նչ խնդիրներ ունեն այն երկրները, որոնք կարող են դա անել։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Եվրոպան ձգտում է խաթարել Մոսկվայի ջանքերն Ուկրաինայի ուղղությամբ՝ իրեն զրկելով ռուսական նավթից, Մերձավոր Արևելքի երկրները դառնում են նավթի միակ արտադրողները, որոնք բավականաչափ հնարավորություններ ունեն՝ ռուսական նավթը փոխարինելու։ Հարցն այն է, թե արդյոք նրանից որևէ մեկն ունի տեխնիկական հնարավորություն և, որն ավելի կարևոր է, պատրաստակամություն՝ դա անելու։ Արևմտյան երկրները մի շարք պատժամիջոցներ են կիրառել՝ ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանին պատժելու, սակայն Եվրամիությունը դեռևս չի դադարեցրել նավթի ու գազի ներկրումը՝ Մոսկվայի եկամուտների հիմնական աղբյուրը, որպեսզի վնաս չհասցնի սեփական տնտեսությանը։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել անմշակ նավթի օրական 2,2 մլն բարելի և նավթամթերքի օրական 1,2 մլն բարելի պակասի։ Չնայած որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն աշխարհում նավթի հայտնաբերված պահուստների գրեթե կեսը, ենթակառուցվածքներում ներդրումների պակասը, հակամարտությունները, քաղաքական դաշինքներն ու պատժամիջոցներն այն պատճառներից մեկն են, որոնք այս տարածաշրջանին թույլ չեն տա օգնության հասնել Եվրոպային։ Ներկայացնում ենք ուղեցույց այն մասին, թե ինչ կարող են և չեն կարող անել նավթ արտադրող պետությունները՝ փոխհատուցելու ռուսական գազի պակասը։   Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Այս երկու երկրներին բաժին է ընկնում ՕՊԵԿ-ի պահուստային հզորությունների առյուծի բաժնը՝ օրական մոտ 2,5 մլն բարել, ասում է Energy Intelligence գործակալության ներկայացուցիչ Ամինա Բաքրը։ Սակայն ՕՊԵԿ-ի՝ նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան բազմիցս մերժել է այն սահմանաչափը գերազանցող ծավալներ արդյունահանելու ԱՄՆ պահանջը, որը համաձայնեցված է Ռուսաստանի և ՕՊԵԿ անդամ չհանդիսացող մյուս արտադրողների հետ, և հազիվ թե ականջալուր լինի նավթի արդյունահանումն ավելացնելու Եվրոպայի կոչերին։ Վերլուծաբաններն ասում են, որ Պարսից ծոցի ներկայիս սպառողներին մատակարարվող նավթի վերաուղղումը Եվրոպա կարող է թանկ արժենալ։ Նրանք կարծում են, որ դա սպառնալիքի տակ կդնի տարածաշրջանի և նրա նավթի հիմնական գնորդ Չինաստանի հետ ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։   Իրաք Տեսականորեն՝ Իրաքը կարող է արդյունահանել օրական լրացուցիչ 660 հազար բարել նավթ, ասում է փորձագետ Յուսեֆ Ալշամիրին։ Ներկա պահին երկիրն արդյունահանում է օրական 4,34 մլն բարել նավթ, իսկ արդյունահանման նրա առավելագույն հզորությունը կազմում է 5 մլն բարել, սակայն միջկրոնական տարաձայնություններն ու Բաղդադում առկա քաղաքական փակուղին նշանակում են, որ այս երկրի վրա չի կարելի հույս դնել։ Նավթի արդյունահանման ավելացման համար Իրաքը նաև չունի ենթակառուցվածքներ, և կարող են տարիներ անցնել, մինչև որ նավթային նախագծերում կատարված ներդրումներն արդյունք տան, կարծում են վերլուծաբանները։   Լիբիա Լիբիայում նավթահանքերի աշխատանքը պարբերաբար խաթարվում է երկրում առկա քաղաքական լարվածության պատճառով։ Ապրիլի վերջին այս երկրի Ազգային նավթային կորպորացիան հայտարարել է, որ երկիրն օրական ավելի քան 550 հազար բարելով պակաս նավթ է արդյունահանում՝ երկրում քաղաքական իրավիճակից դժգոհ խմբերի կողմից նրա հիմնական նավթահանքի և արտահանման տերմինալների արգելափակման պատճառով։ Վերամշակման գործարաններից մեկն էլ տուժել է զինված բախումների պատճառով։ Փորձագետ Ալշամիրիի խոսքով՝ նավթի արդյունահանման ավելացման հարցում Լիբիայի վրա նույնպես «գրեթե չի կարելի հույս դնել», քանի որ դրա արդյունահանման մի մասը տարիներով խափանված է եղել՝ անկայունության և առանցքային նավթահանքերում անընդմեջ տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակների պատճառով։   Իրան ԱՄԷ և Սաուդյան Արաբիայի համատեղ հզորություններից զատ՝ Իրանն, ըստ ամենայնի, շուկայում նավթի ծավալի ավելացման հաջորդ ամենապատրաստված երկիրն է, սակայն Իրանի դեմ դեռ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, քանի որ 2015 թ-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում առաջընթաց չկա։ Վերլուծաբանների կարծիքով՝ երկիրը կարող է օրական մինչև 1,2 միլիոն բարել նավթ մտցնել շուկա, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ փետրվարի կեսի դրությամբ Իրանն ունեցել է 100 մլն բարել նավթ լողացող պահեստներում, ինչը նշանակում է, որ նա կարող է երեք ամիս շարունակ օրական 1 մլն բարել նավթ, կամ համաշխարհային մատակարարումների 1%-ն ապահովել։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե «անհաջող գործարք կնքի Իրանի հետ միայն նրա համար, որ ավելի շատ նավթ մտնի շուկա», - ասում է Ամինա Բաքրը։   Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեջ չմտնող երկրները, որոնք նույնպես նավթի արդյունահանման ավելացման ներուժ ունեն, այդ թվում՝ Նիգերիան ու Վենեսուելան, նույնպես խնդիրների են բախվում։ Երբ ասում են, որ երկիրն արդյունահանման լրացուցիչ հնարավորություն ունի, դա նշանակում է, որ այն «կարող է այդ արդյունահանումն ապահովել 30-90 օր», ասում է Ալշամարին։ Այդ պատճառով էլ ռուսական նավթի արգելքը «կարող է վնասակար լինել համաշխարհային տնտեսության համար»։ Այդ դեպքում Եվրոպային կմնա միայն ԱՄՆ տարբերակը։ Սակայն անգամ եթե ԱՄՆ-ն ավելի շատ նավթ արդյունահանի, դա բավարար չի լինի և չի ապահովի Եվրոպայի պահանջարկը, քանի որ ամերիկյան նավթը շատ թեթև է: «ԱՄՆ շատ թեթև նավթն այնքան էլ չի համապատասխանում եվրոպական շուկային, ոչ էլ հարմար է ավելի շատ դիզելային վառելիքի արտադրման համար, որի կարիքն իրոք կա», - ասում է փորձագետներից մեկը։   Նորա Վանյան
16:51 - 12 մայիսի, 2022