«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները

Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները

Մենք, ի վերջո, պիտի ընդունենք փաստը, որ խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում, այն պարտադրում են։ Ե՛վ նախկին իշխանությունները, և՛ այսօրվա իշխանությունները ձախողել են իրենց պետականաշինության գործը, և դրա արդյունքում երկուսն էլ հրաժարվում են ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով, որը կքններ բացթողումները։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ Ազատություն ՌԿ-ի՝ «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ։ Թեմայի շուրջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը նշեց, որ Հայաստանը ծնկած, ջարդված, կազմալուծված, կազմաքանդված վիճակում է այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։ «Մի օրինակ բերեմ․ խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, Հայաստանում այսօր ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Առաջինը՝ պետք է լուծի պետական համակարգի կառավարելիության հարցը և պետական ինստիտուտների անխափան աշխատանքի հարցը, ապահովի ներքաղաքական կայունությունը, որպեսզի ունենա ուժեղ թիկունք բանակցություններում, երրորդը նաև բանակի վերականգնումը և ակտիվորեն ներգրավի Արցախի հարցով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մեջ և՛ գործընկերների, դաշնակիցների, դաշնակից կազմակերպությունների, և՛ նաև հակառակորդների՝ այդ թվում Ադրբեջանին»,- հավելեց Մուսինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի հարցը, որը լուծված չէ, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։  «Եթե նկատել եք, վերջին շրջանում միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն խոսում են սրա մասին, և անհրաժեշտ է վերաակտիվացնել ՄԽ գործունեությունը, միաժամանակ սրանից անհնար է տարանջատել մեր անվտանգային համակարգը, մեր բանակի արդիականացումը պիտի սրան զուգահեռ ընթանա»։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք հաստատ չեն կրկնի նախորդների սխալը, որը հետևյալն էր․ իրենք չգիտես ինչու փորձ էին կատարում բանակցել Ադրբեջանի հետ․ «Աշխարհում չկա ազգերի ինքնորոշման խնդիր, որը լուծվել է ուղիղ մետրոպոլիայի հետ բանակցություններով։ Դու չես կարող Ալիևի հետ բանակցել, որ էդ խնդիրը լուծես։ Դու պիտի բանակցես ամբողջ աշխարհի հետ, որ, ամբողջ աշխարհի մեծամեծներ անվանենք, գերտերություն անվանենք, ՄԽ համանախագահ երկրներ անվանենք, ճնշում գործադրեն մետրոպոլիայի վրա, որ դու կարողանաս ստանալ խնդրի լուծում։ Այլ կերպ ասած, լուծման տրամաբանությունը կարող է լինել միայն միջազգային շփումների և ոչ մի դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ»։
17:55 - 12 հունիսի, 2021
Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

factor.am: Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը  հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ «Գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշեց Թադևոսյանը։ Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ 10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության»,- գրել է Ալեքսանյանը։
17:07 - 11 հունիսի, 2021
Վերջին 30 տարում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

Վերջին 30 տարում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանում, ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ երեկ Վանաձորում ինքը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է իրականացնեն հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանեն ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշյա, այլ պողպատյա հեղափոխություն: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր ժողովրդի պահանջը իրենցից հստակ է՝ նրանք ուզում են, որ ՀՀ-ում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի: «Ի՞նչ է նշանակում պողպատյա իշխանություն: Դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը, ոչ թե բռնության մասին, օրենքի իշխանության մասին է խոսքը: Եվ ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պիտի գնանք, շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով: Եվ սա այսօր այլընտրանք չունի»,- ասաց Փաշինյանը:   Նա նաև բացատրեց, թե ինչի համար էր հարկավոր թավիշը: «Դա հարկավոր էր, որպեսզի մեր հանրության պոտենցիալը ի վերջո ի ցույց տրվի: Բայց մենք արդյունքում տեսանք, որ, ըստ էության, վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով իր կողմից պարբերաբար ներկայացվող վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ ընդհանրապես չգիտի: «Այս 30 տոկոսը կարդալ չգիտի, դա նշանակում է, որ մի ուրիշ 30 տոկոս կիսագրագետ է, մեկ ուրիշ 30 տոկոս վատ կրթություն է ստացել: Սա վկայում է, որ երկրում հաստատված է եղել, և այսօր էլ այդ համակարգը վերացված չէ, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որը ինքն իրեն անընդհատ վերարտադրում է: Եթե որևէ աշխատատեղ կա՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ՝ դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դա ամենաշատը երևում է իրավաբանների շրջանում:
12:56 - 11 հունիսի, 2021
Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան

Կանենք էնքան հեղափոխություն, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ հենց լրագրողական համքարության կողմից, ստեղծվեն էթիկայի կանոնների պահպանման մեխանիզմներ, կանոնները խախտելու համար՝ սահմանափակումներ։ Ինչու պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ (և պետք է ունենա). նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև լրատվական դաշտում էսօր գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի»,- նշեց նա։ Անդրադառնալով քաղաքացիների կրթության մակարդակին՝ Փաշինյանը խոսեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի մասին․ «ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին»։ Նրա խոսքով՝ ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին էդ մարդիկ ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում հարթակից ժողովրդին անվանում «ժեխ», «բոմժ», վիրավորելու համար ասում են «Եհովայի վկա», «զոմբի»․ «Էս պատմությունը պատերազմի հետ կապ չունի։ Չե՞ք նկատում՝ արդեն մոռացել են։ Նրանք չեն հասկանում՝ ոնց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել, իրենք «էլիտայով» պետք է որոշեն»։ Վարչապետի թեկնածուն դարձյալ շեշտեց, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և որևէ մեկը չփորձի ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը։ «Մենք էդ կեղծ «էլիտաներին» թույլ չենք տալու վերարտադրվել։ Այո՛, եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն, ,ինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն ժողովրդի առաջ։ Դուք տեր չեք, դուք ծառա եք, դուք այլևս Հայաստանում չեք լինելու տեր, Հայաստանում լինելու է տեր ժողովուրդը, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
10:59 - 11 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։  «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։ «Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։  «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։
09:26 - 11 հունիսի, 2021
ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

ՔՊ-ն խոստանում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է հաջորդ տարիներին ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 25-րդ համար Բաբկեն Թունյանը: «Բացի այդ, նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսի: Նախատեսում ենք, որպեսզի թոշակը հասնի այնպիսի մակարդակի, որ մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ սպառողական զամբյուղից անգամ հացի փողին չբավարարի»,- ասաց Թունյանը: Ըստ Թունյանի` գործող իշխանությունը նաև հասկանում է, թե ներկա պահին ինչ հնարավորություններ ունի: «Մարդիկ ասում են, թե գալու են բոլորի վարկերը մարելու են ու հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա: Ով այդպիսի բան է ասում, հավատացեք, որ ձեզ ուղղակի խաբում են, որովհետև վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ չի լինում, մենակ հեքիաթներում է լինում»,- ընդգծեց Թունյանը:
19:48 - 09 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։  Infocom-ն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը, որոնցում ընդգրկված են գործարարներ և բավականին շատ դրամական միջոցներ ունեցող անձինք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են 157 պատգամավորի թեկնածուներ, որում ներառված չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրի ներկայացման պահին չի ունեցել և չի հայտարարագրել դրամական միջոցներ։ Վարչապետի թեկնածուն չի հայտարարագրել նաև շարժական և անշարժ գույք։ Վերջինս միայն ներկայացրել է աշխատավարձից ստացված եկամուտը։ Կուսակցության ամենահարուստ, ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Գուրգերն Արսենյանն է։ Վերջինս հայտարարագրել է 26 մլն 520 հազար ՀՀ դրամ, 11 մլն 702 հազար 131 ԱՄՆ դոլար և 140 հազար 200 եվրո գումար։ Եթե ամբողջը վերածենք ՀՀ դրամի, ապա պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 6 մլրդ 164 մլն 567 հազար ՀՀ դրամ։ Արսենյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ունի 18 անշարժ գույք, այդ թվում 4 շենք, 3 շինություն և 11 հողամաս։ Արսենյանն ունի 4 մեքենա՝ «Ռենջ Ռովեր L405», «Մերսեդես Բենց S63», «Նիսսան X-Trail 2.5l» և «Բենտլի Bentayga 4.0T»։ Պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 22 թանկարժեք գույք, այդ թվում 51 մլն 300 հազար դրամ և 82 մլն դրամ արժողությամբ 2 ժամացույց, 32 մլն 55 հազար դրամ արժողությամբ 1 ոսկյա ձուլակտոր և  532 մլն 900 հազար դրամ արժողությամբ 19 նկար։ Արսենյանը 8 ընկերությունների՝ «Արսօյլ» ՓԲԸ (100%), «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ (100%), «Յունիքորն փրինթ» ՓԲԸ (100%), «Յունիքորն քոնսթաքշըն» ՓԲԸ (100%), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ (100%), «Յունիքորն սերվիս» ՓԲԸ (100%), «Վկրեդիտ 24» ՍՊԸ (13%), և «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ (51%) բաժնետեր է։ Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդ տեղում է Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս հայտարարագրել է 4 մլրդ 851 մլն 752 հազար ՀՀ դրամ, 2 մլն 5 հազար 651 ԱՄՆ դոլար և 185 հազար եվրո գումար։ Սուքիասյանի հայտարարագրած դրամական միջոցները ՀՀ դրամի վերածած կազմում է շուրջ 6 մլրդ 4 մլն 853 հազար ՀՀ դրամ։ Սուքիսայանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում 22 շինություն և 15 հողամաս։ Սուքիասյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 29 թանկարժեք գույք, այդ թվում 4 նկար «Գրիգորի Խանջյան», 2 նկար «Մարտիրոս Սարյան», 3 նկար «Մինաս», 1 նկար «Կոջոյան», 5 նկար «Գարզու», 1 նկար «Ա․ Ֆյոդորով», 2 նկար «ԱվեԱրթուր», 2 նկար «Վարդան», 2 նկար «Գուռուզ», 5 ձեռագործ հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք և 1 հնաոճ տնային ժամացույց։ Նշված թանկարժեք գույքերի արժեքները նշված չեն։ Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ունի 12․02% հասարակ և 5,75% արտոնյալ բաժնետոմս, «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ում և «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ում 25% բաժնետոմս, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում և «Առաջ» ՍՊԸ-ում 25% բաժնեմաս, «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 16% բաժնետոմս, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում 20% բաժնեմաս, «Ինլոբբի» ՍՊԸ-ում 90% բաժնեմաս, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ում 100% բաժնեմաս և «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 45․17% բաժնետոմս։ Ընդհանուր առմամբ Խաչատուր Սուքիասյանը բաժնեմասեր և բաժնետոմսեր ունի 11 ընկերությունում։ Կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է 78 մլն 450 հազար ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար որպես հայտարարագրման պահին առկա դրամական միջոց։ Ընդհանուր առմամբ Տիգրան Պետրոսյանի հայտարարագրած գումարը ՀՀ դրամով կազմում է 114 մլն 640 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 2 մեքենա և 4 անշարժ գույք, այդ թվում 2 բնակարան և 2 հողամաս։ Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ հաջորդը Ռոբերտ Աֆանդյանն է։ Վերջինս հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար։ Ռոբերտ Աֆանդյանի դրամական միջոցները ՀՀ դրամով կազմում են 56 մլն 190 հազար։ Աֆանդյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում 3 բնակարան և 1 տարածք։ Պատգամավորի թեկնածուն ունի 3 ավտոմեքենա՝ «Մերսեդես E-350», «Մերսեդես ML» և «Օպել Աստռա G»։ Աֆանդյանը հայտարարագրել է 2 ոսկե շղթա 8 մլն դրամ արժողությամբ։ Նշված 4 պատգամավորի թեկնածուներն ամենաշատ դրամական միջոց հայտարարագրածներն էին։ Ինչպես նաև նրանցից երկուսը բացի հայտարարագրած դրամական միջոցներից, ունեն նաև մեծաքանակ թանկարժեք գույք, անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մի շարք ընկերությունների բաժնետեր են։ Սակայն կան պատգամավորի թեկնածուներ, որոնց դրամական միջոցները շատ չեն զիջում ներկայացվածներից։  Պատգամավորի թեկնածուներից ոմանց մոտ 2018 թվականի խոհրդարանական ընտրություններից հետո դրամական միջոցները շեշտակի ավելացել են։ Օրինակ՝ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել է 400 հազար ՀՀ դրամ, այս ընտրություններից առաջ դրամական միջոցները 16 մլն 350 հազար են։ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել էր 450 հազար ՀՀ դրամ, այժմ հայտարարագրել է 11 մլն 768 հազար ՀՀ դրամ։ Սուրեն Պապիկյանը 2018 թվականի ընտրություններից առաջ հայտարարագրել էր 2 մլն 500 հազար ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար, որը դրամի վերածած կազմում է շուրջ 3 մլն 17 հազար։ Այս ընտրություններից առաջ հայտարարագրել է 14 մլն ՀՀ դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար և 4500 եվրո դրամական միջոց։ Վերջինները դրամի վերածած կազմում են 23 մլն 547 հազար դրամ, ինչը նախորդ հայտարարագրածից ավելի է շուրջ 20 մլն 530 հազարով։ Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք հայտարարագիր ներկայացրած բոլոր պատգամավորի թեկնածուների միայն դրամական միջոցները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։ Նշենք, որ սրանք միայն դրամական միջոցներն են, որոնցում ներառված չեն անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև թանկարժեք գույքը։ Վերևում ներկայացված 4 թեկնածուների եկամուտը միասին կազմում է 12 մլրդ 340 մլն 250 հազար, որը կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր դրամական միջոցների 83․3%-ն է։ Նարեկ Մարտիրոսյան
18:05 - 09 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով

«Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «Զարթոնք» ազգային քաղաքացիական կուսակցությունը։ Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության և ատելության կոչերը: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:                    
15:44 - 09 հունիսի, 2021
Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է: Այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։ Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ թեկնածուն նշեց, որ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվեց: «Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի աշխատավարձի են արժանի, և ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք հիմնական 5 առարկաներից: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»: Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ 2020 թվականին  թոշակի բարձրացում չի եղել՝ ճգնաժամի պատճառով, 2021 թվականին՝  պաշտպանական ոլորտի լուրջ ծախսերի հետ կապված:
13:17 - 09 հունիսի, 2021
Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է  համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Այս մասին խոսել է Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը: «Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:
13:15 - 09 հունիսի, 2021
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաղ առավոտից լինելու են Շիրակի մարզում: Ժամը 11:00-ին նրանք կլինեն Մեծ Մանթաշում, ապա կուղևորվեն Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան: Մարզային քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ժամը 18:00-ին: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Երևանում: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք կանցկացվի:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատելու: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կլինի Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը կմեկնարկեն Հրազդան քաղաքից ժամը 11:30-ին, այնուհետև կայցելեն Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Մարզային այցելությունները կեզրափակեն ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքում: Երկրորդ խումբը շրջելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, ապա կլինեն 12:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպելու է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարելու են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, քննարկվելու է նախընտրական ծրագիրը, կլինեն ելույթներ և հարցուպատասխան: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի կունենա դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արշավը մեկնարկելու է 10:00-ից՝ Աբովյան քաղաքից, այնուհետև լինելու են Չարենցավանում, Հրազդանում, իսկ Գեղարքունիքի մարզում այցելելու են Սևան: Քարոզարշավն ամփոփելու են Երևանում՝ Ավան վարչական շրջանում, որտեղ քայլերթով քարոզարշավ կիրականացնեն: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է մայրաքաղաքում՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքներ են լինելու ժամը 17:00-ից սկսած: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին՝ լինելու է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք կլինեն Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Որոշ ուժեր քարոզարշավը շարունակում են ասուլիսային ձևաչափով: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսեն քաղաքական արշավի կազմակերպման իրենց ռազմավարության մասին:  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ է իրականացնելու Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու՝ դռնեդուռ անցնելով: «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հանդիպումը կմեկնարկի առավոտյան 09:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Սբ Սարգիս եկեղեցու մոտից: 
09:43 - 09 հունիսի, 2021
ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

ԿԸՀ-ն քննարկեց ՔՊ-ի, ԲՀԿ-ի, «Հայաստան դաշինք»-ի քարոզչությունն ավելի շուտ սկսելու մասին դիմումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը օրենքով սահմանված ժամկետից՝ հունիսի 7-ից, շուտ են սկսել իրենց քարոզարշավը: ԿԸՀ-ի հունիսի 8-ի նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Լևոն Բաղդասարյանի դիմումի բովանդակությունը: «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմումը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 5-ին: Նշվում է, որ թեպետ օրենքի ուժով քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ից, սակայն որոշ կուսակցություններ ու դաշինքներ բացահայտ ձևով իրականացնում են քարոզարշավ: Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը: Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Նա հարկ է համարում արձանագրել, որ թույլ տրված խախտումները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի 19 հոդվածը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է: «Նշված իրավանորմերի վերլուծությունը վկայում է, որ քարոզչություն իրականացնելու համար ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկօրյա ժամկետային սահմանափակում, այն է, քվեարկության օրը և դրա նախորդ օրը: Նշվածից զատ որևէ այլ ժամկետային սահմանափակում առկա չէ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը: Ինչ վերաբերում է դիմումի փաստարկին առ այն, որ տարբեր միջոցներով քարոզչության առկայությամբ խախտվում է հավասար մրցակցության սկզբունքը, ապա ԿԸՀ որոշմամբ, պնդումն անհիմն է: Որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի արգելված չէ քարոզչություն իրականացնելու հնարավորությունը: 
14:21 - 08 հունիսի, 2021
Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձ չեն վճարի. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում: Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: «Այգեգործությունը կարող է ավելի հեշտ կատարվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Լուծումն այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, մենք պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և  արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որ կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի:  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգմանն աջակցելու նպատակով: «Այնտեղ, որտեղ ջուր չկա, առաջին քայլը եղած ջուրը ամբարելն է և հարցը կաթիլային ոռոգմամբ լուծելը»,- ասաց Փաշինյանը: 
12:57 - 08 հունիսի, 2021