Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի և այլ կառույցների աշխատակիցներ
 |armenpress.am|

Բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ. կմասնակցեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի և այլ կառույցների աշխատակիցներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է: Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները՝ թե կանայք, թե տղամարդիկ: Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: «Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝ բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում, վազք՝ 100 մետր և 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը: Երկրորդ ձևը ռազմականացված կրոսավազքն է, որը կիրականացվի թե անհատական, թե թիմային ձևերով՝ այս պարագայում արդեն փոխանցումավազքի ձևով՝ ամեն կառույցից 3-ական մասնակցով: Լինելու է կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով: Այնուհետև երեք տարբեր հրաձգության ձևեր են՝ ինքնաձիգից, ատրճականից և հրացանից տարբեր դիրքերով»,-ասաց Անդրեասյանը: Նախատեսվում է, որ առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, երկրորդ տեղի համար՝ 500 հազար, իսկ երրորդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրանքաչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Առաջին տեղի համար յուրաքանչյուր մասնակիցը կստանա 300 հազար դրամ, երկրորդ տեղի համար՝ 200 հազար, երրորդ տեղի համար՝ 150 հազար դրամ: «Այս նախագծով մեր նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում ենք իրականացնում բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով՝ 43 մլն դրամի չափով: Ընդ որում, սրանից 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս միջոցառումը: «Կարևոր եմ համարում, որ ծառայողների համար սոցիալական շփման որոշակի միջավայր ձևավորվի: Շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր հանգամանքների բերումով մարդիկ սոցիալականացման հարթակներ չունեն: Հաջորդ հանգամանքը մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման մի խթան ունենալն է»,-ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ ուժային կառույցների փոխադարձ շփումը նաև այսպիսի հարթակներում էականորեն կավելացնի ծառայությունների փոխգործակցության որակը:
12:55 - 20 հուլիսի, 2023
Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին: ԿԳՄՍ հաղորդմամբ՝ նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:  Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, որի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան): ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է  աշխատանքների ընթացքով, մասնագետներին հարցեր ուղղել գտածոների մասին: Նախարարն ընդգծել է, որ պեղումների ընթացքում մեծ աշխատանք է արվել՝ նկատելի արդյունքներով, և հույս է հայտնել, որ ավարտն ավելի գոհացուցիչ կլինի:  «Այս տարածքը և պեղումներից ձեռք բերված յուրաքանչյուր գտածո մեր պատմական արժեքներն են, որոնք պահպանելու և զարգացնելու համար յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք։ Կարծում եմ, պեղումների արդյունքներն արդեն թույլ են տալիս մտածելու ամրոցի և դրա նոր բացված պատերի ամրակայման և վերականգնման մասին»,- ասել է նա: Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը նախարարին ներկայացրել է պեղման աշխատանքի մանրամասները՝ սկսած ամրոցի տեղադիրքից. «Ամրոցը գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10x10 մ չափերով քառակուսիների»:  Հիշեցնենք, որ այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, օբսիդիանից բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։  Հատիս լեռան վրա պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:
19:36 - 14 հուլիսի, 2023
Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն: «Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս նպատակով վարչապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կատարել է համապատասխան վերլուծական աշխատանքներ: Դրա արդյունքում առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ, որոոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները: «Այս ուղղություններն են՝ դասական ուղղությունը, այսպես կոչված դասական համալսարանը, որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը բժշկական ուղղությունն է, բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի: Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում: Տեխնոլոգիականը, որը հիմնականում կիրառական գիտությունների և ճարտարագիտության բնագավառներն է ներառում, այդ թվում՝ նյութագիտությունը, առաջատար սարքաշինությունը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները: Կրթականը, որը կրթական և հարակից գիտությունների բնագավառներն է ներառում, արվեստներինը, որտեղ կարող են լինել ինչպես արվեստի, այնպես էլ մշակութաբանական մասնագիտություններ: Սպայականը, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթական և հետազոտական ծրագրերի ուղղությունն է ներառում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը մշակվել է՝ ելնելով այս բովանդակային նկարագրից: «Այսինքն, որ այստեղ պետք է տեղակայվեն վերոնշյալ 4 խոշորացված բուհերը՝ համապատասխան գիտական, հետազոտական ուղղվածությամբ»,- նշել է նա: Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որ դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտության հետ անբաժանելի կլինի: Նախատեսվում է այնտեղ ունենալ նաև ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառման առևտրայնացման հնարավորություններ: «Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ: Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ունենալ առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերին, գերմանական GMP ընկերության հետ իրականացվող նախագծային աշխատանքների ընթացքին, ենթակառուցվածքային և այլ հարցերի: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի կարևորությունը և հավելել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ: Հանձնարարվել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները, վերջնական տեսքի բերել  հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:
19:30 - 13 հուլիսի, 2023
Արցախցի դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվել են հեռավար եղանակով․ ԿԳՄՍ նախարար

 |aravot.am|

Արցախցի դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպվել են հեռավար եղանակով․ ԿԳՄՍ նախարար |aravot.am|

aravot.am: Ինչպե՞ս է լուծվելու արցախցի այն դիմորդների խնդիրը, որոնք ընդունվել են Հայաստանի բուհեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադառնալով այս հարցին, ասաց, որ այս պահին էլ այնպիսի իրավիճակ է, որ արդեն կան ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնք հանգստյան օրերին մեկնել էին Արցախ, սակայն Լաչինի միջանցքը փակվելուց հետո չեն կարողացել վերադառնալ։ Անդրեասյանի խոսքով՝ այդ ուսանողների ուսման գործընթացը նախարարությունը կազմակերպել է հեռավար․ «Հեռավար եղանակով նույն կերպ ապահովել ենք ընդունելության քննության կազմակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ես շարունակաբար բարձրացնում եմ այդ հարցը, որ ուսանողների կրթության իրավունքը պետք է ապահովվի։ Նամակներով դիմել եմ համապատասխան մարմիններին։ Հուսով եմ, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի եւ կկարողանան ուսանողները գալ ու դասին մասնակցել։ Եթե հնարավոր չլինի, ապա մենք էլի կփորձենք ապահովել գործընթացը»։
14:51 - 13 հուլիսի, 2023
«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին
 |aravot.am|

«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին |aravot.am|

aravot.am: «Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու եւ ավելի արդյունավետ մոտեցում ունենալու մասին է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի լուծարմանը, որի մասին որոշման նախագիծն այսօր գործադիրը հաստատեց։ Նախարարն ասաց, որ կառավարության ծրագրով ամրագրված է, որ քոլեջների եւ ուսումնարանների պարագայում նախարարությունը պետք է գնա մասնավորի հետ համագործակցության եւ համատեղ կառավարման մոդելին․ «Շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց, որովհետեւ ունենք 100 հաստատություն, այնինչ կարող ենք նայել եւ տեսնել, թե որտեղ ունենք ավելի լավ տարբերակ՝ հաստատությունների վերակազմակերպման։ Այս պարագայում ունեինք հարեւանությամբ գործող երկու բժշկական քոլեջներ, որոնցից մեկը՝ ոչ պետական, եւ ունենք համագործակցության հնարավորություն մասնավորի հետ։ Բոլոր ուսանողների կրթությունը ապահովված է լինելու եւ մենք շարունակելու ենք ֆինանսավորել այն կրթությունը, որի կարիքը կա»։
14:40 - 13 հուլիսի, 2023
Հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա․ Ժաննա Անդրեասյանը՝ զինանշանի փոփոխության մասին |armtimes.com|

Հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա․ Ժաննա Անդրեասյանը՝ զինանշանի փոփոխության մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ հարցին, թե ԿԳՄՍ նախարարությունում ընթանո՞ւմ են քննարկումներ ՀՀ գերբի հետ կապված փոփոխության վերաբերյալ: Վերջինս ընդգծեց՝ այս պահին քննարկումներ չկան։ «Որ որևէ աշխատանքային խումբ լինի, որևէ ձևաչափ։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,- ասաց նա։ Հարցին՝ մտածել գերբը փոխելու մասի՞ն, նախարարը նկատեց․ «Մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխվելու։ Ես՝ որպես ոլորտը համակարգող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու պրոֆեսիոնալ կարծիք և մասնագետներին, որովհետև խոսում ենք շատ սպեցիֆիկ հարցերի մասին»։ Ըստ նախարարի՝ պետք է ավելի երկար աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին հստակ պատկերացումներ լինեն․ «Ես կարծում եմ, որ պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն շատ լավ մտածված ու հասկացված պետք է լինի, այսինքն՝ պետք է հասկանանք՝ ինչ ենք փոխում և ինչու»։  Դիտարկմանը, թե փոփոխության են ենթարկվելու գերբի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող խորհրդանիշները, նախարարը կարևորեց․ «Մենք մեր պատմությունից չենք հրաժարվել և չենք կարող հրաժարվել, պարզապես պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային, և մեր պետության խոհրդանիշները պետք է արտացոլեն այսօրվա պետությունը։ Մենք խոսում ենք ՀՀ-ի մասին, և ՀՀ-ն պետք է լինի ամենակարևոր հարցը»։ 
14:11 - 13 հուլիսի, 2023
«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն. Ժաննա Անդրեասյան

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է. հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցել են կարմիր գորգի վրայով: «Ոսկե ծիրան» փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով փառատոնի կազմակերպիչներին ու հյուրերին՝ կինոտոնի բացման առիթով, նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։ ««Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և հայտնի մարդկանց հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Փառատոնի մեկնարկին մենք դիտելու ենք մի ֆիլմ, որը հինգ երկրի, այդ թվում՝ Հայաստանի համարտադրություն է»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։ Բացման հանդիսավոր արարողությանը Տակեշի Կիտանոն և Դարդեն եղբայրներն արժանացել են «Փարաջանովյան թալեր» մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Փառատոնի մեկնարկն ազդարերել են կինոտոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնի բացման արարողությանը հաջորդել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմի ցուցադրությունը, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմը նույն օրը ցուցադրվում էր նաև Արցախում։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Այս տարի Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։ Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Թիմ» ընկերությունների խումբը և «Արարատ» կոնյակի գործարանը։
13:23 - 10 հուլիսի, 2023
Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ: «Այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդլայնելու նոր համագործակցությունների հեռանկարները: Մենք պատրաստակամ ենք քննարկելու համատեղ նոր ծրագրերի և գաղափարների իրականացումը»,- ասել է նախարարը: ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:  Կողմերը քննարկել են տարաբնույթ միջոցառումների շրջանակում հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարները, երկու երկրների մշակութային արժեքների՝ ձեռագրերի, արվեստի նմուշների հանրահռչակելու, ճանաչելի դարձնելու հնարավորությունները: Իտալացի գործընկերները կարևորել են նաև նշագրերի վերականգնման հարցում հայկական փորձը և դրա փոխանցման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
14:26 - 04 հուլիսի, 2023
Ժաննա Անդրեասյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Իրանի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում պարսկերենի ուսուցման խորացման ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում պարսկերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է գործող ծրագրերի շարունակականության և զարգացման մասին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Նա նշել է, որ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
14:32 - 03 հուլիսի, 2023
ԿԳՄՍ նախարարը երկու մեխանիզմ առաջարկեց ուսուցիչների թափուր տեղերը համալրելու համար |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը երկու մեխանիզմ առաջարկեց ուսուցիչների թափուր տեղերը համալրելու համար |armenpress.am|

armenpress.am: Կրթական ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկում է միանգամից երկու մեխանիզմ, որոնք պետք է օգնեն ուսուցիչների թափուր տեղերի պակասի լրացմանը։ «Առաջինը՝ ուսուցիչների գործուղման հնարավորության ընդլայնումն է։ Առաջարկում ենք սահմանամերձ և բարձր լեռնային գոտիներից զատ այլ մարզերի բնակավայրեր ևս գործուղելու հնարավորություն տալ ուսուցիչներին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Երկրորդն՝ առաջարկում ենք մանկավարժի որակավորում ստանալու ծրագրով սովորող ուսանողներին (իրենց կրթության վերջին տարում) գյուղական դպրոցներում դասավանդելու հնարավորություն տալ՝ ուղեկցող ուսուցչի առաջնորդությամբ։ Սա կլինի լավ պրակտիկա ուսուցիչ դառնալ ցանկացողների համար և թույլ կտա նաև դպրոցներում ապահովել այն առարկաների դասավանդումը, որոնց ապահովումն այս պահին խնդիր է»,- ասաց Անդրեասյանը։
12:38 - 26 հունիսի, 2023
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
 |armenpress.am|

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցներում. ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասաց Անդրեասյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ուսուցիչների մոտ եղել են տարբեր հանգամանքներ, այդ թվում օբյեկտիվ, բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նախագծով առաջարկում են նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։ «Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։
12:19 - 26 հունիսի, 2023
«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին

 |aravot.am|

«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին |aravot.am|

aravot.am: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանը։ Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։ «Սակայն Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրաձայնված հարցի հետեւանքով ակնհայտ է դարձել, որ այստեղ  տարընթերցումների հարց է առաջացել։ Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։ Հետեւաբար, արդեն շրջանառության մեջ է գտնվում այդ որոշման նախագիծը, դա մեզ հնարավորություն կտա խմբագրել կառավարության որոշումը՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջնորդվել են այն մեթոդաբանությամբ, որով պարտավոր են առաջնորդվել։ «Եվ հիմք ենք ընդունել իրավական ակտի կիրառման պահանջները»,- ասաց նա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց․ «Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, նախագծի փոփոխություն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք»։
13:42 - 23 հունիսի, 2023
224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում: «Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ: «Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:
12:22 - 16 հունիսի, 2023
Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ. «Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։ Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ Կրթությունը հաճախ դիտարկվում է որպես աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացման, ժողովրդավարական զարգացման դեմ ուղղված սպառնալիքների, աղետների և ռիսկերի, նոր մարտահրավերների լուծում։ Սակայն նշված խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում․ այս խնդիրն ավելի ակնառու դարձավ կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Ավելի քան մեկուկես միլիարդ սովորողներին ուսումը շարունակելու հնարավորությունից զրկած նոր կորոնավիրուսային վարակի բռնկումն ավելի տեսանելի դարձրեց կրթական համակարգի խնդիրները՝ օրակարգ ներմուծելով կրթության հայեցակարգի վերափոխման անհրաժեշտությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել։ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում այդ հայեցակարգն է դրված, որը նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում՝ փոխկապակցված միջոցառումների իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման զգալի ներդրումներին։ Ժամանակակից զարգացած և զարգացող երկրներում արդեն կարծիք է հաստատվել, որ ամենաշահավետ ներդրումը ուսուցումն է և կառավարման կադրերի մասնագիտական պատրաստումը․ չէ՞ որ միայն այդ խնդիրը լուծելով՝ կարելի է բարձրացնել տնտեսական ձեռքբերումների մակարդակը, հաղթահարել աղքատությունն ու ճգնաժամերը։ Հարկ է նշել, որ կադրերի պատրաստման ոլորտում կարևոր դեր է հատկացվում հենց կրթական գործընթացին։ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։ Արդի աշխարհում ավելի հաճախ է քննարկվում կրթության իրավունքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցումը դարձնել կենսակերպ, ինչը համապատասխանում է «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության» տեսլականին։ Արդյունավետ ուսումնառության միջավայրի որակյալ հասանելիությունը դառնում է անհատական կարողությունների զարգացման համար հիմնական հարթակ, ինչը, իր հերթին, ապահովում է ուսումնառության՝ որպես հասարակական բարիքի իրացման երաշխիքը։ Կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, որին հասնելու համար նախատեսված են հետևյալ ուղղությունները․ Ստեղծել համընդհանուր ներառական անհատակենտրոն կրթական միջավայր, որը ՀՀ ողջ տարածքում մարդկանց ընձեռելու է որակյալ և արդյունավետ կրթական ծառայություններ՝ մարդու կյանքի բոլոր փուլերում՝ հարմարեցված իր անհատական զարգացման և անձնական որակներին։ Բարձրացնել կրթության ներգործությունը և արդյունավետությունը, ինչը ապահովելու է ռեսուրսների (մարդկային ռեսուրսները ներառյալ) առավելագույն, օպտիմալ և արդյունքի միտված բաշխումը, բարձրացնելու համակարգի կազմակերպական, ֆինանսական և կառավարչական ներգործությունը։ Միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները և արտադրանքը, որը պետք է նպաստի Հայաստանի կրթական համակարգի՝ միջազգային կրթական տարածքում ամբողջական ինտեգրմանը։ Պետք է ընդգծել յուրաքանչյուր փոլում որակյալ կրթական ծառայությունների համալրված և բազմազան կիրառման հասանելիության ապահովման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի զարգացման և զգալի բարձրացման նպատակով։ Այդ ուղղություններն ավելի նպատակահարմար են դարձնում թվային և այլ գործիքների ներդրումը՝ համակարգի ուսուցման արդյունավետ և ստեղծագործական վերափոխման համար՝ արդյունավետ կառավարման, համակարգի մասնակիցների միջև դերերի և պատասխանատվության բաշխման, ինչպես նաև կառավարման նոր որակի հաշվին։ Հասարակական և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է հետևյալ խնդիրների լուծումը՝ ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի համատարած հասանելիության ապահովում, կրթական ենթակառուցվածքի ապահովում՝ նորարարական-տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ, կրթության կազմակերպման ոլորտում անհատակենտրոն մեխանիզմների կատարելագործում, կոմպետենցիաների և ուսուցման արդյունքների հիման վրա կրթության կազմակերպում, կրթության պետական ստանդարտների և հիմնական ուսումնական ծրագրերի կատարելագործում, բարձրորակ և լավ պատրաստված, ժամանակակից մեթոդներ իմացող և կիրառող դասավանդող կադրերի ապահովում, կրթական ռեսուրսների և ուսումնամեթոդական նյութերի որակական բարելավում, ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի գնահատման հուսալի և առարկայական համակարգի ներդնում՝ ուսումնական գործընթացի և կրթական միջավայրի գնահատումը ներառյալ։ Կրթության զարգացմանն ուղղված փոխկապակցված քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը նորարարական և կրթական ծառայությունների և արտադրանքի տեսքով։ Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են հստակ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։ Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջազգային ֆորումի կազմակերպիչներին՝ կրթության զարգացման հարցերը և համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով կառուցողական քննարկման հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալություն»։
18:02 - 09 հունիսի, 2023
ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը

ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը

«Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Կազանում գտնվող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։ Նրանք անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։ Կողմերը կարևորել են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լավագույնս պետք է կիրառել՝ հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում բարձրացնելու որակապես ավելի բարձր մակարդակի։ Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված ՌԴ կրթության ցուցահանդեսին։
12:35 - 09 հունիսի, 2023
Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար

Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։ «Ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերի կարևորությանը: Նախարարի խոսքով՝ կրթությունը դիտարկվում է աղքատության դեմ պայքարի և սոցիալական բևեռացումը չեզոքացնելու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը կասկածի տեղիք տվեց, երբ ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների կրթությունը վտանգված էր։  «Համավարակը տեսանելի դարձրեց կրթական համակարգերում առկա խնդիրները՝ օրակարգային դարձնելով կրթության վերափոխման առաջնահերթությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքն ու ստեղծագործ մտածողությունը դարձել են սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալին: Այս գաղափարն է դրված է նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի հիմքում։ Այն նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում` փոխկապակցված գործունեության իրականացման միջոցով, որի նպատակը  մարդակային կապիտալի զարգացումն է»,- ասել է նախարարը իր ելույթում: Նախարարը ներկայացրել է Կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու ակնկալվող բարեփոխումները՝ շեշտելով, որ փաստաթուղթը մշակելիս հիմք են ընդունվել կրթության բովանդակության, միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջող փորձի կիրառման կարևորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են ոչ միայն կոնկրետ խնդիրների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը, այլև միտված են կրթության որակի ապահովման նոր հեռանկարներ ու հնարավորություններ սահմանելուն: Եզրափակելով ելույթը՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումից հետո համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն և նոր մակարդակի վրա կդրվեն: Կրթության միջազգային ֆորումի մասնակցության շրջանակում նախատեսվում է նաև  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի և Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:14 - 08 հունիսի, 2023