224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը
 |1lurer.am|
12:22 - 16 հունիսի, 2023

224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, Սյունիքում դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարության որոշմամբ` 224 մլն դրամ կուղղվի Վայոց ձորում և Տավուշում կրթահամալիրների ստեղծման, ինչպես նաև Սյունիքում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի համար Կառավարությունը արդեն կայացրել է կրթահամալիրների ձևավորման առանձին որոշում՝ 414 մլն դրամ ուղղելով նախագծանախահաշվային փաստաթղթերին և 40 կրթահամալիրների ձևավորման խնդիր դնելով Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում:

«Այս նախագիծը հերթական նախագիծն է Կառավարության խոշորագույն ծրագրերից՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման: Աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություններ, նշված երեք մարզերում դպրոցական շենքերը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Վայոց ձորի մարզում ընտրվել են 4 բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր: Նաև առանձնացվել են Վայոց ձորի մարզի երկու խոշոր դպրոցներ, և այստեղ դպրոցական նոր շենքեր կկառուցվեն: Տավուշի մարզում այն բնակավայրերը, որտեղ նոր դպրոցներ կկառուցվեն, 8-ն են: Սյունիքի մարզում ընտրվել են 4 քաղաքային դպրոցներ, որտեղ նույնպես կունենանք արդիական պայմաններին ամբողջությամբ համապատասխանող դպրոցական նոր շենքեր: Այսպես, նախագծով գումար կհատկացվի ընդհանուր առմամբ 23 հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են և 14-ը՝ դպրոց: Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանում 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ վերջին ամիսներին Կառավարությունն արդեն 3 նմանատիպ որոշում է կայացրել 107 հաստատությունների մասով, որոնցից 60-ը կրթահամալիրներ են, 47-ը՝ առանձին դպրոցներ:

«Արդեն նշեցի՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր և 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր և 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր և 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր և 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր և 12 դպրոց: Այս որոշմամբ հաստատությունների թիվը կդառնա 130՝ վերաբերելով շուրջ 40 հազար աշակերտների»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ամբողջ հանրապետությունը ծածկելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել