ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը
12:35 - 09 հունիսի, 2023

ՀՀ և ՌԴ կրթության նախարարները ստորագրել են Սլավոնականի ռեկտորի պաշտոնում Սանդոյանի նշանակումը

«Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Կազանում գտնվող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։

Նրանք անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Կողմերը կարևորել են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լավագույնս պետք է կիրառել՝ հայ-ռուսական համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում բարձրացնելու որակապես ավելի բարձր մակարդակի։

Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում։

ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված ՌԴ կրթության ցուցահանդեսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել