Ժաննա Անդրեասյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր
14:32 - 03 հուլիսի, 2023

Ժաննա Անդրեասյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում վերահաստատել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Իրանի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում պարսկերենի ուսուցման խորացման ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում պարսկերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է գործող ծրագրերի շարունակականության և զարգացման մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Նա նշել է, որ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել