Ինֆոքոմ

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

4 օր անց Արցախի Հանրապետությունում կայանալու են նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, համավարակի ֆոնին դրանք հետաձգելու որոշում չկայացվի։ Արցախի նախագահի թեկնածուներն, ըստ էության, ընտրությունները հետաձգելու միասնական դիրքորոշում չունեն։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս տարբեր տեսակետներ են հայտնում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։ - Պարո՛ն Սահակյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արգելվել են հանրային բոլոր միջոցառումները, աշխարհի մի շարք երկրներում հայտարարված է արտակարգ դրություն․ թեեւ Արցախում վարակի հաստատված դեպք չկա, բայց ճի՞շտ եք համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը։ - Արցախում այս պահին, ինչպես նկատեցիք, կորոնովիրուսի գրանցված դեպք չկա, բայց դա դեռ չի երաշխավորում, որ առաջիկայում չի ֆիքսվի: Բայց, մի կողմ թողնելով հարցի առողջապահական-անվտանգային ասպեկտը, կուզենայի մի դրվագի վրա ձեր ուշադրությունը սեւեռել. Արցախում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, բնականաբար, հետեւում են աշխարհում տիրող իրավիճակն, լուրերին ու հետևություններ անում: Ասել կուզեմ՝ եթե անգամ ընտրությունները անցկացվեն, դրանք անկասկած մասնակցության թվի վրա ազդեցություն կունենան, քանի որ շատերը գուցեեւ սեփական անձի եւ ընտանիքի առողջությունն ու անվտանգությունը գերադասեն քաղաքացիական պարտքը կատարելուն։ Եվ երկրորդ ասպեկտը՝ նման պայաններում ընտրությունների վրա ազդեցություն են ունենում առավել կազմակերպված գործոնները, իսկ, ինչպես ցույց է տալիս մեր ոչ վաղ անցյալի քաղաքական մշակույթը, այդ կազմակերպված գործոնը կրիմինալ տարրն է լինում: Հետեւաբար, առաջիկայում Արցախում ընտրությունների անցկացումը այդ ընտրությունների վրա էական քանակական եւ որակական հետեւանքներ է ունենալու, եւ սրանից կարող ենք հետեւություն անել նաեւ, որ այդ ընտրությունները չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները։ - Այսինքն՝ հնարավոր եք համարում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացում ու ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցությո՞ւն։ - Կրիմինալ տարրերը արդեն իսկ ակտիվացած են, ինչին մենք ականատես եղանք երկու շաբաթ առաջ նախընտրական ավտոշարասյան մուտքը Մարտունի քաղաք արգելելու ակտով, ինչպես նաեւ ոստիկանության բավականին պասիվ դիրքավորմամբ: Խոսքս չի վերաբերում, իհարկե, ընտրակեղծարարությանը․ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում կազմակերպված զանգվածների ակտիվ մասնակցությունը ակնհայտորեն լուրջ եւ գործուն ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա, ինչը անխուսափելիորեն հղի կլինի հետըտրական քաղաքական անկանխատեսելի զարգացումներով: Իսկ մենք արդեն Սերժ Սարգսյանի օրինակով տեսել ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում այն, երբ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ - Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, արդյոք քարոզարշավի համար ծախսած գումարները։ - Խորքային պատճառը տիրող քաղաքական մշակույթն է: Նախ՝ թեկնածուները նախընտրական շրջանում միմյանց հետ հարաբերվելու ավանդույթներ չունեն, ամեն ինչ զրոյից պետք է սկսվի, ինչը բարդացնում է ընդհանուր համաձայնության գալու եւ որոշում կայացնելու հարցը։ Եւ երկրորդ՝ Արցախում գրեթե միշտ վերեւից ներքեւ պատրաստի որոշումներ են իջեցվել, ինչին հնազանդվել են բոլորը. դա նորմալ քաղաքական պրակտիկա է եղել, եւ հիմա բոլորը սպասում են նախագահ Բակո Սահակյանի որոշմանը, իսկ թե ինչ գերակայություններով է առաջնորդվում պարոն Սահակյանը, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: - Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ - Այստեղ սկսվում են իրական և խորքային խնդրները: ՀՀ եւ ԱՀ միջև իրավաքաղաքական հարաբերությունները լղոզված են, հստակություն չկա, կա նախկին փորձ, երբ հայաստանյան իշխանությունները ուղղակի ազդեցություն ունեին Արցախում քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա: Բայց հիմա ՀՀ կառավարող ուժը խոցելի է այդ առումով, որովհետեւ, եթե ուղիղ ազդեցության փորձ լինի, նախկինները՝ ի դեմս Սարգսյան-Քոչարյան կլանի, որ դեռեւս ամբողջ ծավալով գործում է Արցախում, մեծ հիստերիա կսկսեն, թե՝ ճնշում եւ ազդեցություն կա Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վրա։ Ի դեպ՝ թեկնածուներից մեկը մինչնախընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին՝ կարծես հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար: Եթե որեւէ նախաձեռնությամբ հանդես չգան և ընտրությունները կայանան ու հետընտրական ինչ-ինչ զարգացումներ լինեն, բնականաբար Հայաստանում կառավարող ուժին բազմաթիվ հարցեր կլինեն: Այս պահի դրությամբ փաստացի ընտրությունների անցկացման ողջ պատասխանատովությունը Բակո Սահակյանի ուսերին է, եւ մենք, ըստ էության, ֆորմալ առումով ՀՀ վարչապետից պահանջ չենք կարող ունենալ, սակայն ոչ ֆորմալ առումով հարցերը շատ եւ շատ են լինելու, քանի որ, ինչպես նշեցիք արդեն, վարչապետի կողմից Հայաստանը հռչակվել է Արցախում ընտրությունների՝ ազատ, արդար և ժողովրդավարական չափորոշիչներին համպատասխան անցկացման երաշխավորը: - Ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին։ - Բակո Սահակյանը՝ առաջնահերթ, սակայն հանրությունը ոչ անհիմն հարցեր է ունենալու նաեւ հետաձգելու կոչ չարած ուժերին ու թեկնածուներին: Վերջնարդյունքում հարցը ինչ-որ մեկին պատին գամելու մեջ չէ, այլ համընդհանուր անվտանգության, քաղաքացիների առողջության եւ, իհարկե, ընտրությունների արդար ելքի մեջ է, ու եթե որեւէ ասպեկտ այս թվարկվածներից վտանգվի, խնդիրներ են լինելու: Հայարփի Բաղդասարյան
17:08 - 27 մարտի, 2020
Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Վերջին օրերին լրատվական հարթակներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք  ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, որ պետք է անհապաղ կայացվի ընտրությունների հետաձգման որոշում՝ անկախ հանգամանքից, որ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան Արցախ չի հասել։ Այս շրջանակները, այդ թվում տարբեր վերլուծաբաններ, փաստարկ են բերում, որ ողջ աշխարհն է ձեռնարկում լրջագույն քայլեր, բոլորը մեկուսանում ու տանից դուրս չեն գալիս, քանի պատկան մարմինները փորձում են համավարակի «դեմն առնել»․ հետաձգվում են օլիմպիական խաղեր, փառատոններ ու հնչեղություն ունեցող գրեթե բոլոր միջոցառումները։ Ըստ այդմ՝ Արցախը եւս պետք է շարժվի այս օրակարգով։ Իսկ ահա այս տեսակետի ընդդիմախոսներն էլ պնդում են, որ ընտրությունները չեղարկում կամ հետաձգում են իրենց, ոչ թե հարեւան հանրապետության ներքին իրավիճակից ելնելով։ Բացի այդ՝ նրանք նշում են, որ Արցախն անկախ պետություն է եւ Արցախի իշխանություններն իրենք կարող են որոշել՝ ինչպես շարժվելով՝ ելնելով իրավիճակից։ Այս կարծիքին է նաեւ Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Infocom-ի հետ զրույցում Աբովյանը շեշտեց՝ Արցախի Հանրապետությունը քաղաքական անկախ միավոր է, եւ Արցախի իշխանությունների որոշումը քննարկելը կոռեկտ չի լինի․ «Մենք Երեւանում ենք, Արցախի իշխանություններն այնտեղ են, եւ ես համոզված եմ, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ճիշտ չէ քննարկել անկախ պետության գործողությունները, կամ ինչ-որ խորհուրդներ տալ։ Արցախի իշխանություններն ի զորու են որոշել անկախ Արցախի տարածքում իրենց գործողությունների տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։ Մեր հարցին՝ արդյոք այս պայմաններում ընտրական գործընթացը կլինի այնպիսին, ինչպիսին սպասվում էր՝ ակտիվ ու մրցակցային, թե, ամեն դեպքում, քաղաքացիների մասնակցությունը բարձր չի լինի, Աբովյանը նկատեց՝ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան իր հետքը թողնում է յուրաքանչյուր պրոցեսի վրա, և ոչ միայն Արցախում․ «Դա, այսպես ասած, համաշխարհային թրենդ է։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինիմալ միջամտի Արցախում տեղի ունեցող գործընթացներին, իսկ եթե այստեղից ինչ-որ խորհուրդ տրվի, դա, ըստ էության, միջամտում կդիտվի»։ Առհասարակ, պատգամավորի պնդմամբ, ընտրությունների վերաբերյալ գնահատականները տեղին կլինեն ընտրություններից հետո, կամ այն գործընթացներից հետո, որոնք կձեռնարկեն Արցախի իշխանությունները։ Աբովյանը համոզված է՝ շոշափելի վտանգի դեպքում Արցախի տարածքում տեղի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ վտանգը չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցայնությանը, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպի, կգնան՝ կգնան, չեն գնա՝ չեն գնա։ ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ համակարծիք է նաեւ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը․ «Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի քաղաքական վերնախավը,- մեր զրույցում ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մենք միջամտելու կարիք ունենք։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրությունները չհետաձգվեն, մարդիկ, միեւնույն է, կգնան տեղամասեր։ Հարցին՝ մի՞թե չեն զգուշանա, նույն ակտիվությո՞ւնը կցուցաբերեն, ինչը նախատեսվում էր մինչ այս իրավիճակը, Գորգիսյանը պատասխանեց, որ Հայաստանում էլ նախքան արտակարգ դրություն հայտարարելը՝ մարդիկ լուրջ չէին վերաբերում իրավիճակին, քանի որ վարչապետը հայտարարել էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», նախարար Արսեն Թորոսյանն էլ ասել էր, թե վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Իսկ հիմա, պատգամավորի խոսքով, ստիպված եղան օրենքները խստացնել, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան․ «Կարծում եմ՝ այդ նույն ընկալումը կա նաեւ Արցախում, ու, հաշվի առնելով, որ այնտեղ արտակարգ դրություն հայտարարված չէ, եւ դժվար է ասել, թե հայտարարելու համար ինչքան են հիմնավոր պատճառները, ընտրություններին մարդիկ միանշանակ մասնակցելու են։ Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց, իմ կարծիքով, մենք չպիտի խառնվենք»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Հայարփի Բաղդասարյան
16:22 - 27 մարտի, 2020
 Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել․ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ զրուցել ենք Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրությունների հետաձգման թեմայով։ Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն կուսակցության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն է։ - Պարո՛ն Պողոսյան, ձեր քաղաքական ուժը կո՞ղմ է ընտրությունները հետաձգելուն, թե ոչ։ - Մենք կողմնակից ենք իշխանության ցանկացած որոշման։ Ընդհանրապես, եթե կողմնակից լինել-չլինելու մասին է, քանի որ խոսքը վերաբերում է անորոշ ժամանակահավածին, մենք գտնում ենք՝ քանի այս պահին անվտանգ է, այսինքն՝ դեպք չի գրանցվել երկրում, ճիշտ է՝ վտանգները կան, բայց քանի դեռ դեպք չի գրանցվել Արցախում, և դեռևս որոշակի առումով հնարավոր է առանց խոչընդոտների ընտրությունները կազմակերպել, որովհետև դեպք չկա, ժողովուրդը բավականին տրամադրված է ընտրություններին գնալուն։ Ավելի շատ տեղեկատվական  ֆոն է ստեղծվում որոշ թեկնածուների կողմից։ Դաշինքի առաջնորդը, նախագահի թեկնածուն հայտնել է, որ մենք հարգելու ենք իշխանության ցանկացած որոշում։ Դա իշխանության խնդիրն է, մեր խնդիրը չէ։ - Խնդիրներ տեսնում ե՞ք ընտրությունների մասնակցային չլինելու հետ կապված։ - Մենք հանրային կարծիքի ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գրեթե բոլոր համայնքներում ունենք նախընտրական շտաբեր։ Մարդիկ աշխատում են, շփվում են հասարակության հետ։ Ճիշտ է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարդկանց հետ հանդիպումները մարտի 26-ից դադարեցված են՝ տարածման վտանգը հաշվի առնելով։ Սակայն ժողովրդի մոտ կա բավականին մեծ խանդավառություն, ցանկություն՝ ընտրություններին գնալու, մասնակցելու և նաև այս հանգամանքը հաշվի առնելով գտնում ենք, որ հետաձգելու կարիք չկա։ - Եթե չհետաձգվեն ընտրությունները և դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված Արցախում անցանկալի զարգացումներ լինեն, արդյո՞ք պատրաստ եք իշխանությունների հետ քաղաքական պատասխանատվություն կիսել։ - Ընդհանրապես մենք իշխանությունների վարած քաղաքականության համար պատասխանատվություն կրում ենք՝ հաշվի առնելով այն, որ խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժն ենք։ Այս իմաստով ոչ միայն մեր, այլ նաև բոլորիս պատասխանատվության խնդիրն է։  Լուսանկարը՝ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
16:10 - 27 մարտի, 2020
Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան

Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան

Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական  ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Ազգային վերածնունդ կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ։ - Պարո՛ն Խանումյան, կո՞ղմ եք արդյոք ընտրությունները հետաձգելուն։ Եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ։ - Դեմ չենք։ Քայլեր անողները մենք չենք, դա իշխանության լիազորությունն է։ Եթե կա նման անհրաժեշտություն, համապատասխան որոշում ընդունում են և իրականացնում են։ Ինչո՞ւ պետք է դիմենք։ Այսինքն՝ իշխանություն ունենք, ինքը պետք է որոշի՝ անի, թե չանի նման քայլ։ - Ընտրությունների մասնակցային չլինելու ռիսկեր չե՞ք տեսնում այս իրավիճակում։ - Հնարավոր է չգան կամ խուսափեն գալ, բայց այդ օրն ամենաապահով տեղը ընտրատեղամասն է լինելու, որովհետև ախտահանված են լինելու, ձեռնոց են տալու, դիմակ են տալու, առանձին գրիչ են տալու։ Մարդիկ այնպես չի, որ մեկուսացված են կամ կարանտին է Արցախում։ Բոլորը դուրս են գալիս, շփվում են, գնում են աշխատանքի կամ խանութ, դուրս են գալիս բակեր։ Տեղամաս գնալն առանձնահատուկ չի լինի։ - Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։ -  Ինչո՞ւ պետք է կիսեմ։ Մենք չենք պատասխանատուն՝ արտակարգ դրություն մտցնելու կամ չմտցնելու։ Ով որ ունի այդպիսի լիազորություն, թող ինքն էլ պատասխանատվություն վերցնի։ 
14:58 - 27 մարտի, 2020
Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան

Որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը․ Դավիթ Բաբայան

Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Արցախի պահպանողական կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ։ - Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք կողմ եք ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։ - Մեզ համար առաջնային է մարդկանց առողջությունը։ Սա մեզ համար ամենակարևորն է։ Ոչ մի քաղաքական խնդիր, ոչ մի հարց չի կարող լինել առաջնային, քան քաղաքացու առողջությունն է։ Բայց այս հարցերը պետք է լուծվեն առանց քաղաքականացվելու։ Մենք հիմա տեսնում ենք, որ որոշ ուժեր այս իրավիճակում քաղաքականացնում են նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված հարցերը, որը քաղաքական տեսանկյունից շատ տհաճ է։ Մենք կարող ենք հետաձգել կամ չհետաձգել միայն մեկ պայմանով. եթե այսպիսի եզրակացության գա ԱՀ Առողջապահության նախարարությունը և կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը։ Պետք է լինի ԱՆ-ի և այդ հանձնաժողովի մասնագիտական կարծիքը։ Միայն այդ դեպքում պետք է վերջնական որոշում կայացվի։ Մենք սրան կողմնակից ենք։ - Դուք՝ որպես թեկնածու, կո՞ղմ եք, թե՞ ոչ։ - Եթե ԱՆ-ն համարի, որ չպետք է ընտրություններ լինեն, վտանգ կա, իհարկե պետք է կանգնեցնել։ Բայց եթե չէ, եթե մինչև հիմա որևէ մեկը չի հիվանդացել Արցախում, ինչի՞ քաղաքականացնենք։  Հետո էլ, որ կանգնեցնեն, դեմագոգները դուրս գան և ասեն, որ իշխանություններն են կագնեցրել, նորից ղալմաղալ, նորից պատերազմ, կռիվ։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Մենք ասում ենք՝ մինչև չլինի ԱՆ-ի եզրակացությունը։  Պետք է առաջնորդվենք միայն այդ եզրակացությամբ։ Իհարկե՝ մարդկանց առողջությունն ավելի կարևոր է, բայց այդ եզրակացությունը պետք է տա ԱՆ-ն՝ մասնագիտացված, առանց քաղաքականացման։ - Այս իրավիճակում ընտրությունների  մասնակցայնության առումով խնդիր տեսնու՞մ եք։ - Ցույց կտա ընթացքը։ Չի բացառվում, որ որոշ զանգված չի գա՝ իրավիճակից ելնելով։ Այս պահի դրությամբ Արցախում էլ ավելի վերահսկելի է, որևէ տագնապ չկա։ Մինչ այժմ որևէ մեկը չի հիվանդացել և պետք է արվի հնարավորը, որպեսզի կանխարգելվի վիրուսի մուտքը և դրա տարածումը Արցախում։ Մենք կոչ ենք արել մեր ժողովրդին՝ լինել աչալուրջ, հետևել սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին, շտկումներ ենք մտցրել նախընտրական քարոզարշավում․ անցկացնում ենք բացօթյա և օնլայն հանդիպումներ։ Այսինքն՝ հիմնական շտկումներն արել ենք։ Բայց կրկնում եմ՝ մենք այն ուժը չենք, որ դեմագոգիայով զբաղվենք և ամեն ինչ փորձենք շահարկել։ Եթե կան ուժեր, որ շահարկում են նույնիսկ մարդկանց առողջությունը, սա սարսափելի բան է։ Ի՞նչ է այդքան մտածում են որոշ մարդիկ առողջության մասին, որ ասում են՝ հետաձգենք, թե այլ բաների մասին են մտածում։ Դրա համար մենք ասում ենք՝ ամոթ է, որ այս հարցերը շահարկման ենթարկեք։ Տեսնենք՝ ինչ է ասում ԱՆ-ն։ Եթե իրոք իրավիճակն այնպիսին է, որ պետք է հետաձգվի, ամեն ինչն էլ պետք է հետաձգվի։ Բայց, եթե այդպիսի եզրակացություն չկա, ինչի՞ անենք, որ ի՞նչ։ - Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանեն և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի առումով, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։ - Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում ընտրություննե՞ր են եղել, որ կորոնավիրուսը զարգացել է։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ շահարկենք։ Մեր ապրելաձևով, կյանքով, փորձով, ներդրումով՝ երբևիցե դեմագոգիայով չենք զբաղվել և զզվում ենք դեմագոգներից։ Ամեն ինչ պետք է անենք, որ այդ դեմագոգներն ինչքան հնարավոր է քիչ լինեն քաղաքական և կառավարման համակարգում։ Դրա համար պետք է ամեն ինչ գնահատել սթափ։ Եթե որևէ մեկին պետք է, որ Արցախում անկայունություն լինի, մեկը մյուսին պատասխանատվության ենթարկի, տուրուդմփոց լինի, սա իրենց գործն է։ Մենք դրան դեմ ենք։ Հետևաբար, անկախ ամեն ինչից,  ընտրություններ են, ընտրություններ չեն, պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ՝ միասնական ուժերով։ Եթե նպատակը կորոնավիրուսը չէ, այլ կորոնավիրուսը գործիք է քաղաքական կեղտոտ խաղեր խաղալու, մենք դրա մեջ չկանք։ Առհասարակ կարծում ենք, որ պետությունն այնքան ուժեղ պետք է լինի, որ զսպի այդպիսի ստահակներին, որ թույլ չտա իրավիճակի ապակայունացում։ Հիշեցնենք, որ Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ 
13:04 - 27 մարտի, 2020
Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կա մոր և երկու ամսական երեխայի վարակման դեպք։ Մայրը երկու օր ունեցել է ջերմություն, երեխան սիմպտոմներ չի ունեցել։  Այս պահին նրանց մոտ սիմպտոմներ չկան։ Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց Առողապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հավելեց, որ երեկ՝ թեստերի բացասական պատասխաններից հետո դուրս են գրվել մեկուսացված 40 քաղաքացիներ։ «Ունենք մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, ունենք մեկ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր չունեն սիմպտոմներ»,- տեղեկացրեց Թորոսյանը։ Թորոսյանը կրկին ցավակցեց երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հարազատներին, հիշեցնելով, որ վերջինս 72 տարկան էր և ուներ խրոնիկ այլ հիվանդություններ։
12:26 - 27 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 (թարմացվող)

23։59- Մարտի 26-ին ժամը 9:00-ից 21:00-ն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21:00-ն՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում։ [ՀՀ ոստիկանություն]23։40- Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են ուժեղացված ծառայություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]21:36- Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Առաջարկում ենք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: [Կադաստրի կոմիտե]21:10- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ.  ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2698:[ՀՀ ֆինանսների նախարարություն]20:45- ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝  ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Բացառություն կարվի.- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։[Աշոտ Ահարոնյան]19:50- Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 635 անձի նկատմամբ կազմվել են արձանագրություններ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։ ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ [Աշոտ Ահարոնյան]19:30- Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը որոշում է կայացրել հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ: [Նաիրի հանգստյան տուն]19:25- 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ: Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով: [ՀՀ ՊՆ]19:15- Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]18:50- Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները: [ՀՀ կառավարություն]18։01- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]   17։44-  Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը: [ԵՊԲՀ]   17։40- Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ապրիլի 14-ը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:  |news.am|   17։37- Ներկրումների սահմանափակումներ ունենք միայն Իրանի հետ, և ապրանքաշրջանառությունը կատարվում է պարետի որոշմամբ սահմանված  ցանկով: Վերջինս ամենօրյա ռեժիմով թարմացվում և լրամշակվում է` ըստ անհրաժեշտության, ըստ բիզնեսի հետ քննարկումների, ստացված ահազանգերի։ Հայաստանը չունի ներկրումների սահմանափակում, չկա նաև Վերին Լարսից դեպի Հայաստան եկող գյուղմթերքի և այլ ապրանքների ներկրման խնդիր: [ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան] |armenpress.am|   17։16- Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայաններում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև կանգառ-սրահներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։03- Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ։ [Երևանի քաղաքապետարան]   16։59- Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով 100,000 դրամի սահմաններում։   16։19-  Արձագանքելով ԿԳՄՍՆ-ի կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։ Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց: [Թումո]   16։17- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։ [ԿԲ]   15։50- Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար։📍 Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է.✔️Ջրամատակարարում✔️Ջեռուցում✔️Հյուրանոցային համարների կահավորանք✔️Յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն✍️ Լրացնել հետևյալ ձևաթուղթը https://forms.gle/tUrPZVpNLrzW6Z2bA։ Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գիծ 📳 077 597 157: [Զբոսաշրջության կոմիտե]   15։47- ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է ԱՀ ԱԺ-ի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։45- Արձագանքելով  առաջարկին`ԿԳՄՍ կոչին՝ կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները՝ ԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկել է առցանց կրթության իր հարթակը: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:   15։38-  «Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ [«Նորք» ԻԿՀ ]   15։33-  Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս ԱՆ-ն աշխատել է բաց և թափանցիկ։ Ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   15։29- ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների խումբը ՀԷՑ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ախտահանման գործընթացի վերահսկողական դիտարկում է անցկացրել։ ՀԷՑ վարչական շենքում կատարվող ախտահանման աշխատանքները ևս դիտարկվել են։ ԱԱՏՄ մասնագետները նաև իրազեկում և ուղղորդում են՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, տարածքներն ու ավտոմեքենաները պարտադիր ախտահանել և սրահն օդափոխեl: [ԱԱՏՄ]   15։26- Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ-Մինսկ -Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by։ Դեսպանությունը պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]   15։21-  Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում ՀՀ տարբեր ուղղություններով։ Վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ խախտելով Պարետի որոշումը։  ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում  տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի անդամներին զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։   15։18- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների  նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է ֆինանսների նախարարության գանձապետարանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար բացված հաշվեհամարին: [ԱԻՆ տեղեկատվության վարչություն]   13։54- COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսային վարակի տարածումը ԶՈՒում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]    12։50- ՀՀ պարետի որոշմամբ՝ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։   12։43- Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները խոսել են հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:   12։31- ԱՀ հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: Ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և ՏԻՄ-երի սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։   12։27-  Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ՀՀ-ից դիտորդներ են մասնակցելու: Եկեք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք` դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ դիտորդներով և մեկնումից առաջ պարտադիր թեստավորվեն արագ թեստերով: Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի։ [Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստին] |pastinfo.am|   11։59- Կոտայքի տարածքում առանձնացվել են ժամանակավոր պահեստավորման կետեր՝ Պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով:➡️Պարետի ցուցումով նվիրատվությունները տրամադրվելու են հասարակության թիրախային խմբերում ընդգրկված մեր քաղաքացիներին։➡️Մարզում գործող «Նիկոլա Ինթերնեշընըլ Արմենիա» ՍՊԸ-ն Կոտայքի մարզպետարանին նվիրաբերել է իր արտադրանքի տեսականուց, որն էլ տրամադրվելու է մարզի առավել կարիքավոր ընտանիքներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   11։38-  Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումն ապահովելու համար որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ՃՈ ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։   11։34- Երկու օր առաջ ներկայացված AC19 բջջային հավելվածը արդեն իսկ հասանելի է Google Play հարթակում: Հավելվածը Ձեզ կօգնի կողմնորոշվել՝ արդյոք առկա են կորոնավիրուսի աշխտանիշներ, և արդյոք կա բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն: [Տիգրան Ավինյան]   11։30- ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ✅ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,✅առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),✅առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ։    11։11- Մենք մեր հիվանդանոցյային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որրևէ բուժում չեն ստանում, բայց ախտորոշված է դրական, թեթև դեպքեր են։ Գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։ Այսօր առավոտյան պրն Ավինյանի և պրն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի  թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]   11։05- Վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]   10։47- ԿԳՄՍՆ-ի  ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերը մեկտեղված են մեկ ընդհանուր հարթակում։ Տեսնել թանգարանների, գրադարանների ցանկը և ֆեյսբուքյան էջերի հղումները։   10։29-  Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր։ Գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։ Մարտի 25-ին 800 բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]   10։02- Հայաստանում՝ 26.03.2020թ․ ժամը 10։00-ի դրությամբՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 290Բուժվածներ - 18Փաստացի բուժվողներ - 272Բացասական թեստեր - 1440Մահվան ելքեր - 0   08։55- ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմը ուսանում է թե’ հիվանդության կլինիկական, թե’ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: [Արսեն Թորոսյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20
00:54 - 27 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 (թարմացվող)

23։59- Ուկրաինայի իշխանությունները խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները: Մարտի 27-ից փակ կլինեն բոլոր սահմանները, տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:«Այս ռեժիմը բռնապետության մասին չէ, այլ կարգապահության: Այսօր մենք այնքան կոշտ ենք վարվում, որքան պահանջում է ներկան և ապագայի մարտահրավերները: Այս պատճառով կփակվեն բոլոր պետական սահմաններն ու կդադարեցվեն բոլոր ուղևորատար փոխադրումները»։ |Корреспондент||tert.am|   19:50- «Մեծ քսանյակ»-ի (G20)՝ այսօր կայացած հանդիպման արդյունքով երկրների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է G20-ի վճռականության մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային բանկի, ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին անել ամեն ինչ՝ հաղթահարելու պանդեմիան։19:40- Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ մարզադաշտերից մեկը՝ «Մարականան», կտրամադրվի առողջապահական համակարգին:  Խաղադաշտում կհավաքվի և կկահավորվի ժամանակակից դաշտային հոսպիտալ՝  բացառապես կորոնավիրուսով հիվանդների համար։ Մի քանի այլ բրազիլական մարզադաշտեր անհրաժեշտության դեպքում առաջիկայում ևս կդառնան դաշտային հոսպիտալներ։ |CNN| |shantnews.am|19:20- Հինգշաբթի Ավստրիայի առողջապահության նախարարությունը ճշգրտել է կորոնավիրուսի զոհերի թիվը՝ 34-ից հասցնելով 42-ի, վարակվել է 6 հազար մարդ:Հինգշաբթի առավոտյան 9:00-ի դրությամբ՝ Ավստրիայում իրականացվել է կորոնավիրուսի 35995 թեստ, 6001-ը` դրական են: |aysor.am|19:10- Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը մահացել է։ Վարակվածների ընդհանուր քանակն Ադրբեջանում 122 է։ Մահացած հիվանդը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից։ Սա մահվան 3-րդ դեպքն է Ադրբեջանում։ |Interfax.az| |panarmenian.net|17։32- Կորոնավիրուսի համավարակի պատճառով հազարավոր միջազգային ցուցահանդես- տոնավաճառներ հետաձգվել են։ Թուրքիայում վերջին ամիսներին նույն պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես - տոնավաճառ, որոնցից 25-ը՝ միջազգային։ Թուրքիայի առևտրի նախարարությունը մարտի 12-ին որոշում էր կայացրել հետաձգել մինչև մայիսի 1-ը նախատեսված տեղական և միջազգային նշանակության բոլոր նմանատիպ միջոցառումները։ |ermenihaber.am|   17։22- Իմ գործընկերները հույս ունեն, որ երկու-երեք ամիս հետո կորոնավիրուսը կհաղթահարենք։ Սա վատ կանխատեսում չէ ։ Քանի որ որոշ երկրներում ասում են, որ վարակի դեմ պատերազմը կարող է շատ ավելի երկար տևել։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am|   15։30-  Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով: Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 840 է: Վարակը տարածվել է 56 շրջաններում: Ապաքինվածների թիվը 38 է: |armenpress.am|   12։25- Աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 472 հազարը: Մահացածների թիվն անցնում է 21 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 114 հազար 703: Վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 489: Նոր վարակվածների թիվը 278 է: |armenpress.am|   11։50- Մարտի 26-ի ժամը 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 77-ի: Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրերն Մարինա Էզուգբայայի խոսքով, նրանցից 34-ը բուժում են ստանում ինֆեկցիոն հիվանդանոցում, 10-ը` առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: |aliq.ge|   11։41- Կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել նաև արտարժույթի շուկայի վրա։ Թուրքիայի արտարժույթի շուկայում մարտի 26-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կրկին արժեզրկվել է՝ կազմելով 6․46։ Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 6․97 թուրքական լիրայի փոխարժեք։ |ermenihaber.am|   11։27- Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի պաշտպանենք մեծահասակներին վարակից և համոզված լինենք, որ նրանց կարիքները բավարարված են, այն է՝ սնունդ, վառելիք, դեղորայք ու մարդկային շփում։ Մենք բոլորս պետք է պարբերաբար ստուգենք, թե ինչպես են մեր մենակ ապրող մեծահասակ ծնողները, հարևանները, ընկերները կամ բարեկամները, որպեսզի նրանք զգան, թե մենք ինչքան ենք իրենց սիրում։ Այս ամենը կարևոր է միշտ, սակայն շատ ավելի կարևոր է ճգնաժամի ժամանակ։  [ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]   10։38- Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 27-ից լիովին դադարեցնել արտագնա և ներգնա օդային հաղորդակցությունը։ Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք արտերկրից վերադարձնում են ՌԴ քաղաքացիներին: Մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ ռուսաստանցիներին կվերադարձնեն աշխարհի ավելի քան 20 երկրներից: Մինչև վերջերս Ռուսաստանն օդային հաղորդակցություն էր իրականացնում խոշոր երկրների մայրաքաղաքների հետ: |shantnews.am|   10։33- Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ «Ար-Գե» նախագծի շրջանակում ավարտին են հասցրել նախապատրաստական աշխատանքները և սկսում են բոր քիմիական նյութի պարունակությամբ ձեռքերի ախտահանիչ միջոցների սերիական արտադրությունը։ Այդ ախտահանիչները, Դյոնմեզի խոսքերի համաձայն, շուտով կներկայացվեն սպառողներին։ |ermenihaber.am|   10։12- Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 59-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված 5․035 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 561 նոր դեպք։ Նշյալ ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք։ |ermenihaber.am|   09։19- Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։ Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել: |shantnews.am|   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20
00:50 - 27 մարտի, 2020
Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման մասին Պարետի որոշումից հետո Infocom-ին հետաքրքրեց՝ ինչպես է կարգավորվելու հատկապես տաքսիների վարորդների աշխատանքը։ Բանն այն է, որ որոշման համաձայն բոլոր քաղաքացիները պարտավոր են տանից դուրս գալիս լրացնել հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Իսկ ահա տաքսու վարորդները օրվա ընթացքում հիմնականում տարբեր ուղղություններով են շարժվում, երբեմն նույնիսկ տասնյակ։ Փորձեցինք հասկանալ՝ արդյոք նրանք ամեն ուղղությամբ գնալիս պետք է լրացնեն նոր ձեւաթուղթ։ Պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել, քանի որ դա իրենց աշխատանքն է։ Գեւորգյանը մանրամասնեց, որ վարորդները պետք է լրացնեն մեկ ձեւաթուղթ՝ բնակության վայրից դուրս գալիս, որի վրա նշված կլինի, որ իրենք աշխատանքի մեջ են, ծառայություն են մատուցում, մեկն էլ՝ բնակության վայր վերադառնալիս։  Այս ձեւաթուղթն, ըստ էության, նախատեսված է նաեւ նրա համար, որպեսզի պատկան մարմինները, առողջապահության նախարարությունը կարողանան իմանալ՝ անձը ինչ շրջանակի հետ է շփվում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը։ Մանե Գեւորգյանը պարզաբանեց, որ տաքսու վարորդների պարագայում իրենց գնացած ուղղությունները կարող են վերահսկվել նաեւ ուղեւորների միջոցով, քանի որ վերջիններս պարտավոր են իրենց ձեւաթղթի վրա հստակ նշել այլցելության վայրի հասցեն, իսկ վարորդները դրանք նախապես իմանալ հիմնականում չեն կարող։ Պարետատան մամուլի պատասխանատուն նշեց, որ այս թերթի առկայության պարագայում ոստիկանության հետ խնդիր չի առաջանա։ Հայարփի Բաղդասարյան
21:52 - 26 մարտի, 2020
Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ոչ ճիշտ պնդումով է հանդես եկել 5-րդ ալիքի եթերում

Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ոչ ճիշտ պնդումով է հանդես եկել 5-րդ ալիքի եթերում

Այս տարվա մարտի 23-ին  կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ, Analitik.am լրատվական կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը 5-րդ ալիքի եթերում կատարել է մանիպուլյատիվ պնդումներ՝ պարետատան հեռախոսահամարի հասանելիության և իրենց փաստավահաք խմբի աշխատանքների մասին։ Ներկայացնում ենք ստորև․ Պարետատան հետ ուղիղ կապ հաստատել չի հաջողվում Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը հարցազրույցի ժամանակ պնդում է, որ իրենց ցանկանում են համագործակցել պարետատան հետ, տեղ հասցնել քաղաքացիների ահազանգերը, սակայն պարետատունն արդյունավետ կապ չի ապահովում։ «Երբ զանգում ենք պարետատան տրամադրած հեռախոսահամարին, կամ պետք է երկար սպասենք, կամ արձագանք ընդհանրապես չի լինում»,- մասնավորապես նշում է Անի Հովհաննիսյանը։ Նախ նշենք, որ թեժ գիծը նախատեսված է քաղաքացիների ահազանգերին պատասխանելու համար։ ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:  Պարետատան կազմն ընդգրկում է մի քանի գերատեսչությունների ղեկավարների։ Հետևաբար, քաղաքացիների հարցերի համար գործում է ոչ թե մեկ հեռախոսահամար, այլ մի քանի՝ ըստ ոլորտների։ Ընդ որում նշված հեռախոսահամարների անհասանելիության դեպքում, պարետատան կազմում ընդգրկված գերատեսչությունների կայք-էջերում կարող եք գտնել հասարակայնության հետ կապերի բաժինների այլ հեռախոսահամարներ։ Գործող հեռախոսահամարների ցանկը և պարետատան կազմը ներկայացնում ենք ստորև․ Բացի վերոնշյալը, արտակարգ դրության հաստատման օրվանից՝ մարտի 16-ից սկսած, գործում է Հայկական տեղեկատվական միասնական հարթակը։ Վերջինիս ֆեյսբուքյան էջին ևս կարելի է հղել նամակներ և ստանալ պատասխաններ 30 րոպեի ընթացքում (Infocom-ի փորձառություն)։ Կառավարող ուժի ներկայացուցիչների մամուլի ասուլիսների ընթացքում լրագրողներն իրենց հարցերը ուղղում են նաև առցանց՝ հարթակի էջին գրելով։ Հաշվի առնելով  պարետատան և պատկան մարմինների հետ կապի միջոցների վերոնշյալ հնարավորությունները՝ կարող ենք փաստել, որ Անի Հովհաննիսյանի պնդումները՝ պարետատան կողմից ոչ արդյունավետ կապի մասին իրականությանը չեն համապատասխանում։ Ի հավելումն նշենք, որ 5-րդ ալիքի YouTube-յան ալիքում Անի Հովհաննիսյանի հարցազրույցը տեղադրված է հենց «Պարետատան հետ ուղիղ կապ հաստատել չի հաջողվում» վերնագրով, ինչը ևս մանիպուլյատիվ է։ Խուճապ կարող են առաջացնել այնպիսի տեղեկությունները, որոնք ապատեղեկություններ են Կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը, մենաբանելով արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների սահմանափակումը և «խուճապ» տերմինը, նշում է, որ խուճապ կարող են առաջացնել այնպիսի տեղեկությունները, որոնք ապատեղեկատվություն են։ Սակայն իրենց իսկ փաստահավաք խմբի անդամ, բժիշկ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը արտակարգ դրությունից առաջ կորոնավիրուսի մասին առաջին ապատեղեկատվություն տարածողն էր։ Վերջինս մարտի 12-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնում հետազոտության ընթացքում 3 անձի մոտ  հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ: Գևորգ Գրիգորյանը նշում էր, որ վարակակիրները հարսանիքի էին մասնակցել։ Էջմիածնից 3 անձի վարակակիր լինելու Գևորգ Գրիգորյանի կողմից տարածված  տեղեկությունը հերքեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նույն օրը քաղաքապետը ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Էմիածնի վարակակիրները ոչ թե հարսանիքի են մասնակցել, այլ՝ նշանադրության։ Փաստահավաք խմբի անդամ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը  այսօր էլ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է list.am  կայքից տեղադրել է rapid (արագ թեստավորում) թեստի վաճառքի հայտարարություն՝ նշելով, որ անհատը Առողջապահության նախարարությունից ավելի արագ է աշխատում։ Այս հայտարարությունն արդեն հեռացվել է կայքից։ Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի անդամ բժիշկը տեղադրում է ոչ բժշկական կայքից, ոչ լիցենզավորված ընկերության կողմից կորոնավիրուսի թեստի վաճառքի հայտարարություն, որի տարածումը հանրության շրջանում կարող է վտանգավոր լինել։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ կորոնավիրուսի փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանի շահարկումները՝ պարետատան հետ ուղիղ կապի հնարավորություն չունենալու վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում, իսկ ապատեղեկատվության մասին խոսելուց առաջ փաստահավաք խումբն ինքն իրենով չպետք է անհիմն տեղեկություններ տարածի։ Ի հավելումն նշենք, որ վերոնշյալ փաստահավաք խմբի կողմից ոչ փաստացի լուրերի հաղորդմանն օրեր առաջ անդրադարձել էր media.am-ը։ Արփի Ավետիսյան
18:21 - 26 մարտի, 2020
Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը․ Արսեն Թորոսյան

Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան, նրանք իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։ Նախարարի խոսքով՝ երբ նշվում է որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, խոսքը այդ տարիքային խմբի առողջ մարդանց մասին է։ «Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք իմունոդեֆիցիտ ենք արհեստականորեն առաջացնում որևէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, օրինակ, քիմիաթերապիտա ստացող երեխաներին պաշտպանելու համար»,- նշեց նա։ Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե անգամ մարդը խոցելի չէ, և վարակվելու դեպքում նրա մոտ բարդությունների առաջացումը քիչ հավանական է, նա պետք է սահմանափակի շփումները և պահպանի կանոնները՝ այլ մարդկանց վարակվելու պատճառ չդառնալու համար։ Անդրադառնալով բուժաշխատողներին՝ նախարարը նշեց, որ նրանց համար ապահովվում են բոլոր պայմանները, իսկ արդեն 50 բուժաշխատողի վերապատրաստել են հերթափոխ իրականացնելու համար։  «Երևանի օրթոպեդիայի ինստիտուտում, որտեղ մեր  արդեն 70-ից ավելի քաղաքացի բժշկական վերահսկողության տակ է, օրթոպեդ-տրավմատոլոգներին ենք վերապատրաստել, որ նրանք հսկողություն իրականացնեն։ Իհարկե, նրանց հետ կա նաև ինֆեկցիոն մասնագետ, և կլինի նաև վերակենդանացման բժիշկ։ Պարզ դեպքերին վերահսկելու համար բազային բժշկական կրթությունն ամբողջությամբ բավարար է։ Փորձում ենք մոբիլիզացնել ամբողջ բժշկական կադրային ներուժը, բավական կամավոր բժիշկներ էլ ունենք, որ իրենք են համաձայնել վերապատրաստվել և իրենց մյուս գործընկերներին օգնել»,- ասաց նախարարը։ Խոսելով վարակված բուժաշխատողների՝ նա նշեց․ «Վարակված բուժքրոջ վիճակը լավ է։ Ունենք վարակված ևս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ։ Դա անխուսափելի է, մենք ինչքան էլ փորձում ենք պաշտպանել նրանց, միևնույն է, նրանք շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Մեր խնդիրն է նրանց առնվազն գոնե շուտ հայտնաբերել և մեկուսացնել։ Մեր այս 3 բուժաշխատողները մեկուսացված են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ շուտով կլինի Հայաստանի քարտեզ, որում նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր։ «Որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցմամբ, այսինքն՝ Հայաստանում եղած վարակակրից, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ մեր քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից։ Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է։ Դեպքեր ունենք, երբ այն հստակ պարզ է, և մենք չենք շարունակում համաճարակաբանական հետաքննությունը։ Դեպքեր կան, որ մենք շարունակում ենք՝ անընդհատ պարզելով նոր կոնտակտներ։ Հաճախ մեր քաղաքացիները չեն համագործակցում և չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին։ Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է։ Որոշ մարզերում, օրինակ՝ Կոտայքում,  շարուկակվում է դեպքերի արձանագրումը։ Երբ իմ նշած քարտեզը սարքենք, դուք կտեսնեք, թե որ բնակավայրերում են ավելի շատ հաստատված դեպքեր։ Սյունիքում, Շիրակում, Լոռիում վարակվելու դեպքերը հատուկենտ են, ամենաշատը կան Արմավիրում, Արարատում, Երևանում և Կոտայքում։ Վայոց ձորում ու Գեղարքունիքում, կարծես թե, դեռ չունենք հաստատված դեպքեր»,- ասաց նա։ Անդրադառնալով Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերի վարակվածներին՝ նախարաը նշեց, որ չի կարող պնդել, թե անխտիր բոլոր կոնկակտները բացահայտված են, և ամեն ինչ վերահսկվում է։ «Մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել այդ 2 արտադրամասերի շփումներից։ Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ շատ երկար է տևում, և մենք չենք դադարեցնում այն, քանի դեռ ունենք կասկած, որ չի ավարտվել, և ունենք ռեսուսր այդ մարդկանց գտնելու և պահելու։ Հնարավոր է՝ գա մի պահ, որ վերջնական հիվանդին մենք չկարողանանքւ գտնել, մենք պարզապես փորձելու ենք գտնել բոլոր սիմպտոմ ունեցող մարդկանց»,- ասաց նա։ Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակվելու դեպքերի թիվը շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր։ «Մեր խնդիրն է օրական հաստատվող դեպքերի թիվն իջեցնել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա վերցնել այս բեռը։ Այս խնդիրը դրված է աշխարհի բոլոր պետությունների և առողջապահական համակարգերի առաջ»,- ասաց նա։
15:16 - 26 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20 (թարմացվող)

00։01-Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է։ [Արսեն Թորոսյան] 22։20-‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։[Սամվել Մարտիրոսյան] 21։19-Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները: Բիզնեսը պետք է դիտարկել ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նա՛և հանրային բարիքի դաշտում: [Լենա Նազարյան] 21։31-Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ [ՀՀ Ոստիկանություն] 20։54-Ժամը 19:00-ի դրությամբ 78 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 40-ը՝ մայրաքաղաքում, 38-ը՝ մարզերում։ 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ [ՀՀ Ոստիկանություն] 20։25- Այս պահին COVID-2019 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։ Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը: [ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան] 20։23- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: 20։16- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 25.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 512.607.314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582: [ՀՀ ֆինանսների նախարարություն] 20։11- Քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր: Հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել: [ԱՀ ՊՆ] 19։53- Շուկաների աշխատանքը շարունակվելու է, քանի որ սննդամթերքի վաճառքը արտակագ դրության օրերին արգելված չէ։ Մենք անընդհատ իրականացնելու ենք մշտադիտարկումներ, պարտադրելու ենք կատարել պարետի ցուցումները: [ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյան] 19։37- Մենք Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածություն կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, և հենց այս պահից սկսած խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները, նամանավանդ խոցելի խմբերի, որոնց տներում անջատումներ են եղել, կվերականգնվեն։ [Տիգրան Ավինյան] 19։34- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: Միաժամանակ, վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։ [ՀԾԿՀ] 19։24- Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը Հայաստան գալու ճանապարհին են: Մենք ամեն օր սպասում ենք, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 27-ն է, բայց գիտենք, որ համաշխարհային լոգիստիկ խնդիրներ կան բեռնափոխադրումներ հետ կապված: [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում] 19։20- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին: Վերջինս նշել է , որ Հայաստանին մեծ քանակությամբ արհեստական օդափոխության սարքեր կտրվեն։ 18։51-‼️ Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ ✅ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ։ [Արսեն Թորոսյան] 18։50- Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: 18։32-Առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Հետաքրքրված անձանց ԱՆ-ն խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին՝ 3101 կամ 3102: 18։27- «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2 ամիս շարունակ սնունդով և հիգիենիկ պարագաներով կապահովի 115 տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց: Սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթները կառաքվեն Արմավիրում և Մեծամորում  բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքը ինքնամեկուսացման պայմաններում։ [Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան] 18։ 20- Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ։ Այս պահին առանձնացված 42  արհեստական շնչառության սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ 7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, ինչպես նաև աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ։ [Արսեն Թորոսյան] 17։51- Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն։ [Նիկոլ Փաշինյանը ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին] |aysor.am|   17։40- Խանութներում պահպանեք սոցիալական հեռավորությունը (առնվազն մեկ մետր), հնարավորինս խուսափեք կանխիկ գումարով վճարումներ կատարելուց։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս օրերին քաղաքապետարանի առևտրի վարչությունը բացատրական աշխատանքներ է տանում տնտեսվարողների հետ, նշված նորմերը ապահովելու ուղղությամբ։ [Երևանի քաղաքապետարան]   17։27- Կորոնավիրուսի տնտեսական հետեվանքների չեզոքացնելու նպատակով  էկոնոմիկայի նախարարությունը մշակել է երրորդ միջոցառումը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին աջացկելու նպատակով: Ծրագիրն ուղղված է տնտեսավարողների համար ստեղծելու ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն՝ շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու համար։ Ծրագրի փուլերը և գործիքները նկարագրված են միջոցառման նախագծում՝ https://bit.ly/2y9eEzN։   17։17- Մենք այսօր ամփոփում ենք հեռավար դասապրոցեսի իրականացման առաջին շաբաթը: Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 և ավելի տոկոսի ներգրավվածություն ունենք այս գործընթացում, ինչը հավասար է դպրոցներում հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին: Մենք մեծամասամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել։ [Արայիկ Հարությունյան] |armenpress.am|   17։15- Մարտի 20-ին ՌԴ կառավարությունը, պայմանավորված երկրում կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումներով, ժամանակավորապես արգելել է արտահանել բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաների արտահանումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց կառավարությանը՝ արդյոք ԱԳՆ-ն ճշտել է, թե որքան կտևի արտահանման արգելքը, և ինչ ազդեցություն կունենա Հայաստանի «պարենային անվտանգության վրա»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախ նշեց, որ նման խնդիր առաջացել էր, և այն քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում: Ապրիլի 3-ին վերջնական պայմանավորվածության կհասնեն, բայց այս պահին Ռուսաստանից Հայաստան հացահատաիկի ներկրման խնդիր չկա: Գրիգորյանը հավելեց, որ խնդիր կա առողջապահական սարքավորումների մասով, որը քնարկվում է:  |civilnet.am|   17։04- ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է, որ նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն։ Նրա խոսքով ՍԱՏՄ-ն բազմաթիվ տնտեսվարողների հորդորում է հացը մատակարարել փաթեթավորված, չնայած նման իրավական կարգավորում չկա, պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պահել ինչպես հարկն է, և  կկարողանանք զերծ մնալ այդ վիրուսի տարածումից։ |armenpress.am|   16։52- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկում: Անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Մ պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:   16։49- Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ  համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։ Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։ Մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: |armenpress.am|   16։32- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: [ԱԻՆ]   16։16- Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։ Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102: [ԱՆ]   16։09- Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ոում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Նախագահն անդրադարձել է շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին:   16։03- Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ: [Նիկոլ Փաշինյան]   16։00- Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ։ [ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան հերթական նիստին]   15։53- Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրանական հատվածներում տեղադրված շարժական նստարանները։ Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին: [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]   15։31- Մինչև 16:00 հրահանգ է իջեցվել, որպեսզի քաղաքացիների հետ բացատրական աշխատաքներ տանելու միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել, բայց 16:00-ից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին: [Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան] |tert.am|   15։16- Հանրապետությունում արտակագ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով Պարետի որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություներից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   15։05- ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 1082 ուսանողից 955-ն արդեն օգտվում է հեռավար ուսուցումից: Ակադեմիայի մասնագետները կայք են ստեղծել դեռ նախորդ տարվանից: Նորագույն տեխնոլոգիական գործիքի միջոցով այսօր նաև դասախոսներն են վերապատրաստվում, կազմակերպվում են կոնֆերանսներ: [ԱԻՆ]   14։56- Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն, ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: |aliq.ge|   14։54- Բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Պետք է որոշում կայացվի, և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան] |aysor,am|   14։17- Հաշվի առնելով ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը: Դիմումները կարող են ուղարկվել Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] և դիմումների ներկայացման e-request.am առցանց համակարգի միջոցով: Հանձնաժողովում գործում է 010 58 45 29  թեժ գծի հեռախոսահամարը։   13։59- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Կողմերը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։ Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:   13։56- Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների:  Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը երթևեկությունը վերսկսվելու է ՀՀ-ում գործող արտակարգ դրության ավարտից և սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: [«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ]   13։50- Որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան] |24news.am|   13։48- Ի կատարումն Պարետատան կարգադրության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է, սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով: [«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժին ]   13։45- Անհատական օգտագործման տրանսպորտային միջոցներում պետք է լինի երկու անձ: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտային միջոցներին, ապա վարորդները պետք է ուղևորներին տեղափոխեն միայն նստատեղերի քանակով, դրանից ավել մարդ նստեցնելու իրավունք չունեն: Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ հավելելով, որ երկու հոգու սահմանափակումը կիրառվելու է նաև տաքսիների դեպքում: |hetq.am|   13։39- Կոտայքի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատված  համագործակցության արդյունքում Կոտայքի մարզպետարանին է նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից դրանք տրամադրվել են մարզի՝ առավել կարիք ունեցող առողջապահական հաստատություններին: [ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   13։32- Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը  ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղից ստացվել են դժգոհություններ, պատասխանեց, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելն արդեն ձեռնարկվել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ: Արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող են վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ: |hetq.am|   13։27- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բժշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ: Ֆեյսբուքի որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։  Դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն։ Պարզվեց, որ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ |fip.am|   13։15- Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ:  Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ Տեսչական մարմինը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: [Շուկայի վերահսկողության տեսչական մարմին]   13։11- Ոստիկանության ծառայողներն արդեն 92 հոգու՝ որպես երրորդ անձի, մեքենաներից դուրս են հրավիրել: Գործողություններ են իրականացվել 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ այսօր ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կիրառելու են օրենսդրության պահանջները: |hetq.am|    12։52- Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել  COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը։ [ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը՝ Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ] |aysor.am|   12։14- ԱՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը✅ ս.թմարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները,✅ ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային , գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները,✅կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։11- Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև: [Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյան]   12։05- ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»  որոշման մեջ։ Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։   11։44- Կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը: Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: ԿԲ-ն  ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից։ [ԿԲ]   11։40- Մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները: Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով մուտքագրված և հետագայում մուտքագրվող դիմումների ժամկետների հաշվարկը կիրականացվի սահմանափակումների վերացումից հետո։ [ՀՀ Կադաստրի կոմիտե]   11։38- ԱՀ-ից ՀՀ տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ստորաբաժանումները պարտավոր են՝✅Սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան:✅ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում՝ կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ (ավտոմեքենայի տրամադրում):✅Սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ: [ԱՀ ԱԻՊԾ  ]   11։24- ԱՐՄՍՏԱՏ-ն իր www.armstat.am պաշտոնական կայքում առանձնացրել է «COVID-19» բաժին: Այստեղ զետեղվել են հայտարարություններ՝ ուղղված ԱՐՄՍՏԱՏ-ի հետազոտություններին մասնակից բնակչությանը, ինչպեսնաև՝ ռեսպոնդենտներին (վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներին), որոնք հասանելի են https://www.armstat.am/am/?nid=792 հղումով: [ՀՀ վիճակագրական կոմիտե]   11։19- Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։ ՄԻՊ-ը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղութամբ ներկայումս տարվում են աշխատանքները։ [ՄԻՊ]   11։14- Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել։ Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց։ [«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան] |aysor.am|   11։13- Կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:  Ոստիականությունը խնդրում է դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:   10։45-  Պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   10։40- ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։   10։26- ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։ [ԱԳՆ]   10։15- Այսօրվանից Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն իր աշխատանքային գործունեությունը կծավալի հեռավար՝ առցանց եղանակով՝ բացառությամբ մարզպետի, տեղակալների, խորհրդականների, օգնականների, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի։➡️Ապահովելու ենք մարզպետարանի ստորաբաժանումների գործառույթների անխափան իրականացումը։➡️Հրատապ հարցերի դեպքում մեր համաքաղաքացիները կարող են զանգահսրել մարզպետարանի ընդունարան՝ 0223 2 36 63 հեռսխոսահամարով։➡️Եվս մեկ անգամ հորդորում եմ մնալ տանը, տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   10։07- Թարմացվել է 25.03.2020թ․ ժամը 10։00-ինՀայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 265Բուժվածներ - 16Բացասական թեստեր - 1315Մահվան ելքեր - 0 [ԱՆ   09։52- ԲԴԽ-ն որոշել է մինչև 2020 թ․ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝․ ՀՀ բոլոր դատարաններում դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց:․ Առաջարկել դատավորներին և դատավարության մասնակիցներին հետաձգել բոլոր դատական նիստերը՝  բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի: [ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյան]   09։09- Արցախի Հանրապետության ԱՆ-ն իրազեկում է, որ հանրապետությունում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա: ԱՆ-ն պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են՝ ըստ նշանակության:ԱՆ բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բժշկական պարագաներով: Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը, և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։ [Արցախի տեղեկատվական շտապ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 
00:38 - 26 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 (թարմացվող)

  18։38-Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները։ |panarmenian.net| 18։05-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։ Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։|panarmenian.net| 17։12- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 19 հազար 600-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 111 հազար 878: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Գրանցվել է ընդամենը 47 նոր դեպք: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 973: Հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 34 հազար 009 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 017 հաստատված դեպքով: ԱՀԿ տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: |armenpress.am|   15։47- Անգլիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նորությունը հաստատվել է արքայազնի պաշտոնական նստավայր Կլարենս հաուսը։   15։38- Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: |ermenihaber.am|   15։31- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մարտի 24-ին հայտարարել է ամբողջ երկրում «բացարձակ կարանտինի» մասին։ Այն վերաբերում է երկրի ամբողջ բնակչությանը, որը կազմում է 1.3 միլիարդ մարդ։ Կարանտինը տևելու է 3 շաբաթ։ Այդ ընթացքում բնակիչներն իրավունք չունեն տնից դուրս գալ ցանկացած պատճառով։ Մոդիի կարծիքով դա վիրուսի տարածումը կանգնեցնելու միակ տարբերակն է։ |hetq.am|   14։15- Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:  Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում: |armenpress.am|   14։05- ԱՄՆ Սպիտակ տունն ու Սենատը այսօր վաղ առավոտյան համաձայնության եկան կորոնավիրուսի պայամաններում տրամադրվելիք 2 տրիլիոն դոլար օգնության ծրագրի շուրջ։ ԱՄՆ պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ այս փաթեթը կուղղվի համաճարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասի հետևանքները մեղմելուն։   12։59- Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ ձեռք է բերել նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Ինչպես տեղեկացրել է այս երկրի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը, համավարակի տարածման սկզբնական շրջանում շատ երկրների նման Ադրբեջանում էլ ախտորոշիչ թեստեր չկային։ Ախտորոշումը կատարվում էր մի քանի հայտնի միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Կորոնավիրուսի առաջին դեպքն Ադրբեջանում արձանագրվել է փետրվարի 28-ին։ Մինչ օրս արձանագրվել է վարակվածության 87 դեպք, 10  մարդ առողջացել է, 1-ը՝ մահացել։ Բուժում ստացողներից 3-ը մինչև 18 տարեկան են։ |ermenihaber.am|   12։07- Մարտի 24-ին Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 343 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նրա փոխանցմամբ՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1872-ի։ Մարտի 24-ին կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, Covid-19-ի ընդհանուր զոհերի թիվը կազմել է 44-ի։ |ermenihaber.am|   11։20- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը երեքշաբթի օրն ասել է, թե իր ցանկությունն է, որ երկրի տնտեսությունը վերսկսի աշխատել Զատկի տոներին, որպեսզի իրենք կարողանան խուսափել տնտեսական անկումից։   11։08- #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական   ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։ Փաստացի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի որևէ ելույթում և ուղերձում Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող խոսքերը չկան։ |fip.am|    10։37- Աշխարհում մարտի 25-ի ժամը 06։27-ի դրությամբ գրանցվել էկորոնավիրուսով վարակման 423 142 դեպք, մահվան 18 906 դեպքվարակից առողջանալու 109 145 դեպք։   09։13- Վրաստանում մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր: Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: |aliq.ge|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․03․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20
20:58 - 25 մարտի, 2020
Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոնյանը երեկ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով պարետի որոշմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման առանձնահատկությունները, նշեց, որ սահմանված նորմերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին։ Նա, մասնավորապես, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի տնից դուրս գալիս պետք է լրացնի արտակարգ դրության ժամանակ իր տեղաշարժի մասին հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով armeniasputnik.am կայքի լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ սահմանափակումները նաեւ լրագրողների՞ն են վերաբերում, նախ նշեց, որ ցանկացած քաղաքացու պարագայում ցանկալի է նվազագույն տեղաշարժ։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ողջ ինֆորմացիան մաքսիմալ հասանելի է լինելու առցանց հարթակներում, եւ բոլոր սահմանափակումները կիրառվելու են նաեւ լրագրողների պարագայում։ Հարկ է նշել, որ սա ոչ թե Քրմոյանի անձնական մեկնաբանությունն է, այլ Պարետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ N 16 որոշման հիման վրա արված պարզաբանում։ Նշյալ որոշման առաջին կետի համաձայն՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանված է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։   Որոշմամբ լրագրողների համար որեւէ բացառություն սահմանված չէ։ Մնացած բացառություններին կարող եք ծանոթանալ փաստաթղթում։ Փոխվարչապետի խորհրդականի ասուլիսից հետո՝ երեկ երեկոյան, վարչպետի աշխատակազմին կից Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում՝ նշելով, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե նրանք ունենան բեյջեր։ Մովսիսյանը գրառման մեջ հավելել է, որ լրացրած ձեւաթուղթ, կամ ձեւաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ պետք է լինի քաղաքացիների դեպքում։ Այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ եթե լրագրողները ցույց տան աշխատանքային բեյջերը, ձեւաթուղթը պարտադիր չէ․ իրենք այդպես են հրահանգավորել ոստիկաններին։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հայտնած տեղեկությունները հակասում են պարետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմանն ու վերջինիս խորհրդական Սուրեն Քրմոյանի մեկնաբանությանը։ Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս Infocom-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց Սուրեն Քրմոյանի մեկնաբանությունն ու եւս մեկ անգամ նշեց, որ Պարետի որոշման համաձայն՝ սահմանափակումները եւ հատուկ ձեւաթուղթը լրացնելու պարտադիր պահանջը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ նրանից՝ աշխատանքային բեյջ կա, թե ոչ։ Հովհաննես Մովսիսյանից եւ ոստիկանությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Փաստացի ստացվում է, որ պաշտոնյաները կամայական մեկնաբանություններով են հանդես եկել։ Սակայն պաշտոնական փաստաթուղթն այս պարագայում Պարետի համապատասխան որոշումն է։ Ըստ այդմ՝ հիմնվելով այդ որոշման վրա՝ լրագրողները եւս պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ ձեւաթուղթը։ Հետգրություն․ Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը մեր գրավոր հարցին, թե որ պաշտոնական աղբյուրի հաղորդած տվյալների հիման վրա է նման գրառում կատարել, պատասխանեց, որ քանի որ սահմանափակումների մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցնում էին՝ ինչպես են աշխատելու, այդ պահին որոշեցին լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար նրանց հնարավորություն տալ։ Բայց, Մովսիսյանի խոսքով, քանի որ պարզվեց վերջնական որոշումով նման առավելություն չի կարող լինել, հիմա լրագրողները նույնպես պետք է լրացնեն ձևաթուղթը։ Հայարփի Բաղդասարյան
18:28 - 25 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20 (թարմացվող)

23։20- Նոր կորոնավիսուսի տարածումը սահմանափակելու նպատակով Ռումինիայում սահմանվում է «տոտալ կարանտինի ռեժիմ»: Դա պատճառաբանվում է Ռումինիայում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճով: Երկրի նախագահ Յոհաննիսը տեղեկացրել է, որ Ռումինիայի բանակը ստացել է «տոտալ կարանտինի ռեժիմն» ապահովելու հարցում ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին ամենայն կերպ սատարելու հրահանգ: Նա ասել է, որ 65 տարեկանից բաձր բնակիչներն ընդհանրապես զրկվում են տունը լքելու իրավունքից: Մինչև 65 տարեկանները կարող են տներից դուրս գալ «ծայրահեղ անհրաժեշտության պարագայում՝ պարեն կամ դեղորայք գնելու, աշխատանքի կամ բուժհիմնարկ գնալու նպատակով։ [Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիս] |azatutyun.am|   21:36- Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց։ Այն պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, սակայն ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:21:15- Մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր։ Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի պիկին սպասում են 3 շաբաթից, քանի որ պիկ լինում է առաջին արձանագրված դեպքից մոտավորապես 7-8 շաբաթ անց: |aliq.ge|19:50- Իսպանիայում վերջին մեկ օրում 514 մահ է գրանցվել։ Պաշտոնական տվյալներով՝ վարակակիրների թիվը գրեթե 40 հազարի է հասել, այդ թվում ՝ 4․4 հազար բուժաշխատող, իսկ մահվան դեպքերինը՝ 269: Վարակակիրներ գերակշիռ մասը մայրաքաղաք Մադրիդում է։ |factor.am|19:35- Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի հարցով G20 գագաթաժողովն առցանց ձևաչափով անցկացնել մարտի 26-ին, Ռուսաստանը հրավեր է ստացել ֆորումին և պատրաստվում է մասնակցել, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: |aysor.am|19:30- Ֆրանսիայում երկու ամսով պաշտոնապես ուժի մեջ է մտել արտակարգ սանիտարական դրությունը: Այժմ կառավարությունն իրավունք ունի սահմանափակել հանրային ազատությունները՝ առանց խորհրդարանի հետ հատուկ խորհրդակցությունների, հայտնում է France Info-ն:18:30- Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում պարետային ժամ է սահմանվել: Փողոցներում կարգուկանոնը կապահովեն զինվորականները։ Այս մասին հայտնում է Վեստին։ Սահմանված կարգով՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը կարգելվի 20:00-ից 7:00-ն։ Պարետային ժամին փողոցում գտնվողները կկալանավորվեն մինչև պարետային ժամի ավարտը։ Ղրղզստանում վարակակիրների թիվը, վերջին տվյալներով, 42 է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ |factor.am|18:20- Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի պանդեմիան, մարտի 25-ից կհանվեն ելքի սահմանափակումներն այն անձանց համար, որոնց դա թույլատրվում է բժշկական ցուցումներով: Սակայն այլ երկրներից վարակի տարածման ռիսկն աճում է, ինչը կհանգեցնի հսկողության խստացման խոշոր քաղաքներում, օրինակ՝ Պեկինում, հայտնել է Reuters-ը։ Երկուշաբթի Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք, որոնցից 74-ը բերովի է: |news.am|16։59- Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին: |armenpress.am|   14։38- Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մի շարք ոլորտներում առկա սահմանափակումներին ավելացել են նորերը: Հանրային տրանսպորտը պետք է երթևեկի կիսով չափ բեռնված: Խանութների վերաբերյալ էլ շրջաբերականում ասվում է, որ 10 քառ․ մ մակերեսի վրա չպիտի լինի մեկից ավել մարդ։ Մինչև խանութում գտնվող հաճախորդը դուրս չգա, չի կարելի նոր հաճախորդին ներս թողնել: |ermenihaber.am|   13։31- Թուրքիայի Սիվաս նահանգում  առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար 87 քաղաքացու վարչական տուգանք է նշանակվել։ Արտասահմանից վերադարձած 135 անձի նկատմամբ սահմանվել էր կարանտինային ռեժիմ։ Վերջիններս 14 օր պետք է ինքնամեկուսացվեին և դուրս չգային փողոց։ Ստուգայցերից հետո պարզ է դարձել, որ նշյալ քաղաքացիներից 87-ը չեն ենթարկվելով կանոններին և դուրս են եկել իրենց տներից։ |ermenihaber.am|   13։29- Վրաստանում մարտի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք: Ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 67 մարդ: Պաշտոնապես բուժված է համարվում 9 մարդ: Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների քանակը թարմացված տվյալներով կտրուկ աճել է և կազմում է 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ: |aliq.ge|   12։25- Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել է միջքաղաքային ուղևորափոխադրումները: Ուղևորներն այլևս չեն կարող ճանապարհորդել ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և գնացքներով: |tert.am|   11։35- Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլասիոն ասել է, որ հավանաբար աշակերտներն այս ուսումնական տարում չեն վերադառնա դասարաններ կորոնավիրուսի պատճառով։ Նրա խոսքով՝ չնայած նրանց նպատակն էր ապրիլի 20-ին վերաբացել դպրոցները, բայց դա այնքան էլ իրատեսական չէ։   11։25- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ նախագահը մարտի 23-ին հրամանագիր է ստորագրել՝ կանխելու կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների գների անհիմն թանկացումը։   11։12- ԵՄ անդամ երկրների ֆինասների նախարարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի առաջակին, ըստ որի՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում մեղմացվում են ԵՄ տարածքում գործող հարկաբյուջետային նորմերը։   10։59- Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից պաշտոնապես առողջացած է համարվում 8 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  235 պացիենտ: |aliq.ge|   10։34- Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի: Այս մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:  Վերջին 1 օրվա ընթացքում երկրում արվել է  3.672 թեստ, որոնցից 293-ի պատասխանը հաստատել է վարակված լինելու փաստը: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել 1529-ի: |ermenihaber.am|   10։21- Երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։ Աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։ Պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ [ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշ]   09:26- Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել, որը ենթադրում է փողոցում ոչ ավելի, քան 10 մարդու ներկայություն, ինչպես նաև 65-ից բարձր անձանց տնային կարանտինի պահպանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։ Երկրում կորոնավիրուսով վարակվելու 72 հաստատված դեպք կա, որից 6-ը հաստատվել է վերջին մի քանի օրերին։ Երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 10 մարդ, մեկը մահացել է, 61-ը շարունակում են բուժումը։ |shantnews.am|   09:24- Կորոնավիրուսի պանդեմիան թափ է առնում։ 1-ին դեպքի գրանցումից հետո 67 օր պետք եղավ, որպեսզի հիվանդների թիվը հասնի հարյուր հազարի, 11 օր՝ երկու հարյուր հազարի, ու ընդամենը 4 օր՝ երեք հարյուր հազարի հասնելու համար։ Այս թվերը կարևոր են, դրանք մարդիկ են, որոնց կյանքն ու ընտանիքները գլխիվայր եղան։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]   09։18- Եվրոպայում կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված ճգնաժամի պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել 2020թ․ մայիսին կայանալիք ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը։   09։00- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը երեք շաբաթ կգտնվի կարանտինի մեջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի նպաստավոր դարձնելու համար: Իրավիճակը հսկելու է ոստիկանությունը: Մեծ Բրիտանիայում կարգելվեն խմբակային միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ և այլն, բացառությամբ՝ հուղարկավորությունների: Կփակվեն մանկական խաղահրապարակները, գրադարանները: |tert.am|   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․03․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20
00:56 - 25 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 (թարմացվող)

00։10- Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու:[Արայիկ Հարությունյան]   00։07- Մարտի 25-ից, Շիրակի մարզում կդադարեցվի ինչպես միջմարզային, այնպես էլ Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներով երթևեկությունը կթույլատրվի միայն միայն երկու անձի առկայության դեպքում՝ վարորդը ներառյալ: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]   23։43- Երեւանի գովազդային վահանակների վրա այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն։ [Հակոբ Կարապետյան]   22։51- Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։   22։34- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա։Մնացե՛ք տանը։ Եղե՛ք առողջ։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]   21:34- Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: [ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան]21:33- Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված: Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք:[ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]21:28- Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։ [Արսեն Թորոսյան] 21:10- Մինչև 2020թ․ մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Չեն գործելու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գծի» շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին։21:00- Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ [ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:37- Գործարկվել է covid19.gov.am (https://covid19.gov.am/hy)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը։ Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է տեղադրվելու կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ, համապատասխան լրահոս է լինելու, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումներն են լինելու։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:34- Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար: Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում: Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ: Հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։ Հավելվածը՝ այս հղմամբ (https://ac19.am/)։ [ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան] |aysor.am|20:28- Չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները, քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։ Եթե դա անհնար է, այդ դեպքում հրահանգված է, որ մարմնի ղեկավարը գրասնեյակում ապահովի նվազագույն թվով աշխատակիցներ։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:27- Պարետի մյուս որոշման համաձայն՝ հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը։ Հանրային իշխանության բոլոր մարմիններին հրահանգված է իրենց գործունեությունը իրականացնել հնարավորինս առցանց՝ առանց վարչական շենքեր այցելելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն վարչական շենք։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:21- ՀՀ ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։20:20- Վաղը ոստիկանության ուժերը ողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը իրավասու է մոտենալ եւ հարցնել դուրս գալու նպատակն ու ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթը եւ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը, որի վրա պետք է նշված լինի անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից մարդը դուրս է գալիս, այցելության հասցեն՝ ուր է գնում, եւ վերադառնալու ժամը․ այս թերթիկը պետք է ունենա դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե նշված ձեւաթուղթը չկա, ոստիկանությունն իրավասու է օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կիրառել։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:16- Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:13- Բացառիկ դեպքերում թույլատրվելու է բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժության կամ հեծանվավարության համար դուրս գալ տանից։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:10- Այսօր ժամը 23։00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց բնակության կամ գտնվելու վայրում։ Քաղաքացիները տանից պետք է դուրս գան միայն բացառիկ դեպքերում՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ մթերային խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական շուկաներ գնալու համար, բայց միայն բացառիկ դեպքերում, ոչ թե օրը մի քանի անգամ, կարող են մասնակցել հոգեհանգստի արարողությունների եւ այցելել խնամքի կարիք ունեցող անձի։ [Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյան]19:43- Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ [Արսեն Թորոսյան]19:40- Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։ Տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում։ Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։ [ԱՀ ԱՆ]19:37- Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթեւ սննդի կուլտուրա որդեգրելու համար, առավոտյան վազքի, հեծանվավազքի կուլտուրա որդեգրելու համար՝ պահպանելով 10 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառելով թիմային մարզաձեւերը։  [Նիկոլ Փաշինյան]19:32- Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Մենք խնդիր ենք դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը։ Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի։ [Նիկոլ Փաշինյան]19:30- Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին։ Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ [Նիկոլ Փաշինյան]19:26- Մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս եկեք միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով մի՛ հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւեք պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանեք հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւեք առողջապահության նախարարության հրահանգներին։ [Նիկոլ Փաշինյան]19:24- Ներողություն եմ խնդրում բոլորիցդ՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար։ Հույս ունեմ սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։ [Նիկոլ Փաշինյան]19:21- Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Այսօր առողջացած դուրս են գրվել չորս քաղաքացիներ, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: [Նիկոլ Փաշինյան]19:18- Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ [Նիկոլ Փաշինյան]19:15- Մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը։ Պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք։ [Նիկոլ Փաշինյան]19:12- Այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։ [Նիկոլ Փաշինյան]19:10- Պացիենտների թվում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք։ Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք։ Ունենք 868 մեկուսացված քաղաքացի։ 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, հույս ունեմ՝ կպահպանեն այդ պայմանները։ [Նիկոլ Փաշինյան]19:05- ժամը 18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ: 77-ամյա մեր մի հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր։ [Նիկոլ Փաշինան]18:57- ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից։ Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Եվ ահա վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից։ [Արարատ Միրզոյան]18:25- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407: [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։57- Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանափակումներ կկիրառվեն հանրային ծառայության իրականացման նկատմամբ։ Հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում կիրականացվիլ հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը։   17։39- Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով ԱԺ-ի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։ Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]   17։37- Այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։✅ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։✅ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։✅ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։✅ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ [Արսեն Թորոսյան]   17։33- Նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն  Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Նախագահը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել ՀԲԸՄ-ի հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:   17։31- Կոտայքի մարզի տարբեր համայնքներում ամենատարբեր նախաձեռնությունների արդյունքում քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ախտահանիչ նյութեր և ձեռնոցներ։ Հրազդանում նույնպես քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ, իսկ սոցիալապես անապահով, խոցելի խմբում գտնվող ընտանիքներին տրամադրվել է նաև սնունդ: Սոցիալական պատասխանատվության ցայտուն օրինակն էլ ունենք Չարենցավան քաղաքում: «Արաքս» սուպերմարկետը շուրջ մեկ ամիս, առաջին անհրաժեշտության մթերքներով կապահովի Չարենցավանի միայնակ բնակվող 20 թոշակառուներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   17։10- Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:  Նա նշել է, որ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:   16։57- ՀՀ այն քաղաքացիները, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար: Այն օտարերկրացիների նկատմամբ , որոնց Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և որոնք ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: [Հայաստանում Լիտվայի դեսպանատուն]   16։53- Կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են։ [ՏՄՊՊՀ նախագահ նախագահ Գեղամ Գևորգյան]  |armenpress.am|   16։47- Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար  ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: [Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյան]   16։24-  էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողություններ նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] հասցեին:    16։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները: Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:   15։56- Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել: [Երևանի քաղաքապետարան]   15։34- Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագրործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հեռավար կրթության մասին: Նա նշեց, որ նույնիսկ մարզերից մեկը 88 տոկոս ներգրավվածություն է ապահովել: Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերը հաջող անցել են այս գործըթնացը, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ռեկտորների խորհուրդը որոշում կայացրեց, և պատասխանատվություն վերցրին իրենց վրա այդ համակարգը գործարկելու։ |tert.am|   15։25- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   14։30- Կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքի բանուկ փողոցների եւ մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: [Էջմիածնի քաղաքապետարան]   14։23- Յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ, և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել: Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար, և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան ՀՀ-ով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել։ [Պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան հերթական նիստին]   14։11- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։  Ընկերությունների ներկայացուցիչները նշել են․ որ արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Նրանք վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:   14։05- Իրադրությունը Հայաստանում 24.03.2020-ի դրությամբ  ✅ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 235✅ Բուժվածներ - 2✅ Բացասական թեստեր - 1132✅ Մահվան ելքեր - 0[ԱՆ]   13։56- ԱԱՏՄ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինն իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։ [ԱԱՏՄ]   13։50- Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի կորոնավիրուսին։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |aysor.am|   13։37- ԱԺ նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին: |armenpress.am|   13։20- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:  Բակո Սահակյանը նշել է բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում: Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: [ ԱՀ նախագահի աշխատակազմ]   13։07- Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգյսան] |armenpress.am|   13։00- ՀՀ դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ-փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել  (+34710) 511-527 հեռախոսահամարով։ [Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին]   12։52- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը: Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել  ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)։ Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով: Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով: [ԱՆ]   12։41- Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։ Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119: [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]   12։35- Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող մեր տարեցներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։33- ՀՀ-ում  հայտարարված արտակարգ դրությունը ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար։ Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ [ՄԻՊ գրասենյակ]   12։19- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել: Սահմանափակեք ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը: [ԱՆ]   12։18- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները։✅ Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռները օրական 2 անգամ ախտահանվում են ախտահանիչ միջոցներով: Քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ձեռքերի ախտահանիչներով:✅Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 և N 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոգելով, բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:✅ Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցողների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող։ 440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով: [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։08- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:   11։37- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբն անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: [ԱԻՆ]   11։16- ԱԺ կողմից երեկ ընդունված օրենսդրությունը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, քաղաքացիները պետք է հասկանան, որ համապատասխան օրենքով սահմանված պահանջները՝ մեկուսացման և ինքնամեկուսացման, եթե չպահպանեն, կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Իսկ եթե դա հանգեցնի վարակման, կամ առողջությանը, կամ կյանքին վնաս պատճառի, այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Այսինքն սա կանխարգելիչ նշանակություն ունի։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան] |lragir.am|   10։50- Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին։ [Նիկոլ Փաշինյան]   10։36- Արցախի Հանրապետության ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:   10։28- Կորոնավիրուսի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.22300612211100 (AMD)22300110153200 (USD)22300200153300 (EUR)22300400153100 (RUR[Արցախի տեղեկատվական շտաբ]   09։11- Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները: Համաճարակաբանական վերհուշ վերցվում է այն անձից, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է այն երկրներում, որտեղ գրանցվել են կորնավիրուսով վարակման դեպքեր կամ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի կամ վարակակրի հետ, ունի 38˚C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն: Մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ հետազոտությունը իրականացնելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24,03,20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20
00:50 - 25 մարտի, 2020