Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել
21:52 - 26 մարտի, 2020

Տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել

Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման մասին Պարետի որոշումից հետո Infocom-ին հետաքրքրեց՝ ինչպես է կարգավորվելու հատկապես տաքսիների վարորդների աշխատանքը։

Բանն այն է, որ որոշման համաձայն բոլոր քաղաքացիները պարտավոր են տանից դուրս գալիս լրացնել հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Իսկ ահա տաքսու վարորդները օրվա ընթացքում հիմնականում տարբեր ուղղություններով են շարժվում, երբեմն նույնիսկ տասնյակ։

Փորձեցինք հասկանալ՝ արդյոք նրանք ամեն ուղղությամբ գնալիս պետք է լրացնեն նոր ձեւաթուղթ։ Պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ տաքսիների վարորդները կարող են ուղղությունից ուղղություն գնալիս ամեն անգամ նոր ձեւաթղթեր չլրացնել, քանի որ դա իրենց աշխատանքն է։

Գեւորգյանը մանրամասնեց, որ վարորդները պետք է լրացնեն մեկ ձեւաթուղթ՝ բնակության վայրից դուրս գալիս, որի վրա նշված կլինի, որ իրենք աշխատանքի մեջ են, ծառայություն են մատուցում, մեկն էլ՝ բնակության վայր վերադառնալիս։ 

Այս ձեւաթուղթն, ըստ էության, նախատեսված է նաեւ նրա համար, որպեսզի պատկան մարմինները, առողջապահության նախարարությունը կարողանան իմանալ՝ անձը ինչ շրջանակի հետ է շփվում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը։ Մանե Գեւորգյանը պարզաբանեց, որ տաքսու վարորդների պարագայում իրենց գնացած ուղղությունները կարող են վերահսկվել նաեւ ուղեւորների միջոցով, քանի որ վերջիններս պարտավոր են իրենց ձեւաթղթի վրա հստակ նշել այլցելության վայրի հասցեն, իսկ վարորդները դրանք նախապես իմանալ հիմնականում չեն կարող։

Պարետատան մամուլի պատասխանատուն նշեց, որ այս թերթի առկայության պարագայում ոստիկանության հետ խնդիր չի առաջանա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել