Վերջին օրերին լրատվական հարթակներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, որ պետք է անհապաղ կայացվի ընտրությունների հետաձգման որոշում՝ անկախ հանգամանքից, որ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան Արցախ չի հասել։ Այս շրջանակները, այդ թվում տարբեր վերլուծաբաններ, փաստարկ են բերում, որ ողջ աշխարհն է ձեռնարկում լրջագույն քայլեր, բոլորը մեկուսանում ու տանից դուրս չեն գալիս, քանի պատկան մարմինները փորձում են համավարակի «դեմն առնել»․ հետաձգվում են օլիմպիական խաղեր, փառատոններ ու հնչեղություն ունեցող գրեթե բոլոր միջոցառումները։ Ըստ այդմ՝ Արցախը եւս պետք է շարժվի այս օրակարգով։
Իսկ ահա այս տեսակետի ընդդիմախոսներն էլ պնդում են, որ ընտրությունները չեղարկում կամ հետաձգում են իրենց, ոչ թե հարեւան հանրապետության ներքին իրավիճակից ելնելով։ Բացի այդ՝ նրանք նշում են, որ Արցախն անկախ պետություն է եւ Արցախի իշխանություններն իրենք կարող են որոշել՝ ինչպես շարժվելով՝ ելնելով իրավիճակից։
Այս կարծիքին է նաեւ Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Infocom-ի հետ զրույցում Աբովյանը շեշտեց՝ Արցախի Հանրապետությունը քաղաքական անկախ միավոր է, եւ Արցախի իշխանությունների որոշումը քննարկելը կոռեկտ չի լինի․
«Մենք Երեւանում ենք, Արցախի իշխանություններն այնտեղ են, եւ ես համոզված եմ, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ճիշտ չէ քննարկել անկախ պետության գործողությունները, կամ ինչ-որ խորհուրդներ տալ։ Արցախի իշխանություններն ի զորու են որոշել անկախ Արցախի տարածքում իրենց գործողությունների տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։
Մեր հարցին՝ արդյոք այս պայմաններում ընտրական գործընթացը կլինի այնպիսին, ինչպիսին սպասվում էր՝ ակտիվ ու մրցակցային, թե, ամեն դեպքում, քաղաքացիների մասնակցությունը բարձր չի լինի, Աբովյանը նկատեց՝ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան իր հետքը թողնում է յուրաքանչյուր պրոցեսի վրա, և ոչ միայն Արցախում․
«Դա, այսպես ասած, համաշխարհային թրենդ է։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինիմալ միջամտի Արցախում տեղի ունեցող գործընթացներին, իսկ եթե այստեղից ինչ-որ խորհուրդ տրվի, դա, ըստ էության, միջամտում կդիտվի»։
Առհասարակ, պատգամավորի պնդմամբ, ընտրությունների վերաբերյալ գնահատականները տեղին կլինեն ընտրություններից հետո, կամ այն գործընթացներից հետո, որոնք կձեռնարկեն Արցախի իշխանությունները։ Աբովյանը համոզված է՝ շոշափելի վտանգի դեպքում Արցախի տարածքում տեղի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ վտանգը չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցայնությանը, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպի, կգնան՝ կգնան, չեն գնա՝ չեն գնա։
ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ համակարծիք է նաեւ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը․
«Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի քաղաքական վերնախավը,- մեր զրույցում ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մենք միջամտելու կարիք ունենք։
Ըստ պատգամավորի՝ եթե ընտրությունները չհետաձգվեն, մարդիկ, միեւնույն է, կգնան տեղամասեր։ Հարցին՝ մի՞թե չեն զգուշանա, նույն ակտիվությո՞ւնը կցուցաբերեն, ինչը նախատեսվում էր մինչ այս իրավիճակը, Գորգիսյանը պատասխանեց, որ Հայաստանում էլ նախքան արտակարգ դրություն հայտարարելը՝ մարդիկ լուրջ չէին վերաբերում իրավիճակին, քանի որ վարչապետը հայտարարել էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», նախարար Արսեն Թորոսյանն էլ ասել էր, թե վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Իսկ հիմա, պատգամավորի խոսքով, ստիպված եղան օրենքները խստացնել, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան․
«Կարծում եմ՝ այդ նույն ընկալումը կա նաեւ Արցախում, ու, հաշվի առնելով, որ այնտեղ արտակարգ դրություն հայտարարված չէ, եւ դժվար է ասել, թե հայտարարելու համար ինչքան են հիմնավոր պատճառները, ընտրություններին մարդիկ միանշանակ մասնակցելու են։ Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց, իմ կարծիքով, մենք չպիտի խառնվենք»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)