ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել է զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել է զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ

Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քննարկվել են նաև զորամասերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով զորամասերում անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների, ինչպես նաև զորամասերի հրամանատարության հետ փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ:
18:44 - 25 հունվարի, 2022
Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Պնդումը, թե ռազմական ոստիկանությունը պարգևավճար է ստացել, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկության, թե ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր  ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը։ Միևնույն ժամանակ, իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊՆ առանձին ստորաբաժանում, այս դեպքում՝ ռազմական ոստիկանությունը, պարգևավճար է ստացել։
15:09 - 27 դեկտեմբերի, 2021
Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՖԵՆԻՔՍ ՄԵԴ ՍՊԸ-ի ներկայացուցիչները Covid-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։ Այնուհետև, համապատասխանաբար 2021թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են ԲԻՈՄԵԴ ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական տվյալներով կեղծ պատասխաններով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
16:56 - 11 նոյեմբերի, 2021
Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
12:01 - 26 հոկտեմբերի, 2021
Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։ Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։  Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։ Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։  Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Հայարփի Բաղդասարյան
17:47 - 21 հուլիսի, 2021
Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Օրեր առաջ Infocom-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի փոփոխության մասին Սարգսյանի հայտարարություններին, որոնց իսկության վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ռազմական ոստիկանությունը նյութերի նախապատրաստման արդյունքում եկել է եզրակացության, որ այդ հայտարարություններում հանցակազմ չկա, ուստի մերժել է քրգործի հարուցումը։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եւ քանզի ՊՆ-ն սպառազինության պլանի փոփոխության վերաբերյալ որեւէ հարց համարում է ռազմական գաղտնիք, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես վերը նշեցինք, քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ հանցակազմ չի պարունակում։  Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ու հետո մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Սու30CM» կործանիչներին։ Նախ 2020 թվականի հուլիսի 3-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով, որ «Սու30CM»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Այս տարվա մարտի 20-ին Փաշինյանն Օհանավան համայնքում իր ելույթում ասաց, որ Հայաստանը չէր հասցրել «Սու30CM»-ների համար հրթիռներ ձեռք բերել։  Եւ քանի որ վարչապետը նախորդ տարի հայտարարել էր կործանիչների հրթիռների փորձարկման մասին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը հակասում է իրեն։  Media.am-ն այս տարվա մարտի 23-ին հոդվածով անդրադարձավ թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե այս կործանիչներն ինչպիսի հրթիռներ, ինչ զինամթերք են ունենում։ Նյութում ռազմական վերլուծաբանը մանրամասնել էր, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւում է չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։ Նա, ի դեպ, չէր հստակեցրել, թե Հայաստանն ինչ հրթիռներ չի հասցրել գնել։ Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Փաշինյանն Ազգային ժողովում ստիպված եղավ պարզաբանել իր խոսքը։ Նա ասաց, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով․ «Նախ արձանագրենք, որ Սու-ն գերժամանակակից հզոր զենք է, բայց էդ զենքն ունի իր ամբողջության մեջ, իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ, կարծում եմ, ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ ՍՈՒ-երը Հայաստան են եկել 2020-ի մայիսին, եւ, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են»։ ՊՆ-ն, իհարկե, երիցս մերժել է տեղեկություն տրամադրել՝ Սու-երի սպառազինության՝ մասնավորապես հրթիռի տեսակների վերաբերյալ հարցերը համարելով պետական ու ծառայողական գաղտնիքի շարքին դասվող, չնայած Փաշինյանն անձամբ էր նշել, որ տեսանյութում երեւում են երկինք-երկիր հրթիռներ։ Ու քանի որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւացող հրթիռի տեսակի մասին տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանը գաղտնի՞ք է բացահայտել, եւ եթե այո, ապա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է։ Ըստ Դատախազությունից ստացած պատասխանի՝ քանի որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրգործով, ի թիվս այլնի, քննության առարկա են հանդիսանում նաեւ մեր հարցման՝ այս թեմայով հիշատակված հանգամանքները, ուստի քննարկվող պետական գաղտնիքի հրապարակման դեպքով անձի /անձանց/ արարքներին այդ գործով կտրվի քրեաիրավական գնահատական։ Խոսքը «Հայելի» ակումբում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի մասին է, որի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների փաստով, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին եւ բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ ՊՆ-ն պետական գաղտնիք պարունակելու հիմնավորմամբ մերժել էր տեղեկություն տրամադրել նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից մեր զորքերի դուրսբերմանը։ Վարչապետը նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ասել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Infocom-ն այս երկու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին հայտարարություններից հետո պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Չնայած Փաշինյանն, ըստ էության, արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի դրությամբ հիշյալ շրջանների մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է եղել, եւ որ դա տեղի է ունեցել բանավոր ըմբռնման արդյունքում, ՊՆ-ն, ինչպես նշեցինք, տեղեկություն չտրամադրեց։ Ուստի մեկ այլ հարցմամբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ Փաշինյանի այս հայտարարություններն ուսումնասիրվում եւ դիտարկվո՞ւմ են պետական գաղտնիքի բացահայտման տեսանկյունից։ Դատախազության պատասխանի համաձայն՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության առարկա են նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր հիշատակած հարցերը, չնայած Հակոբյանը խնդրո առարկա հարցազրույցում ուղիղ տեքստով չի խոսել այդ տարածքների կամ այդտեղից մեր զորքերի տեղաշարժի մասին։ Արդյոք Փաշինյանը նշված քրգործում որեւէ կարգավիճակով ներգրավված է, թե ոչ՝ կներկայացնենք Դատախազության գրավոր պատասխանն ստանալուց հետո։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 26 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստումն ավարտվել է․ որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Այս հայտարարությունների իսկության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մերժեց մեզ տեղեկություն տրամադրել՝ հիմնավորելով, որ հայցվող տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտեցինք՝ Սարգսյանի համանման հայտարարությունները համարվո՞ւմ են պետգաղտնիքի բացահայատում։ Պարզվեց՝ Դատախազության դիմումի հիման վրա ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում, սակայն արդյունքում, ինչպես նշեցինք, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել։ Այսինքն՝ ըստ Ռազմական ոստիկանության՝ Սարգսյանի հայտարարությունները պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Փաստորեն՝ ՊՆ-ն ու ՌՈ-ն պետական գաղտնիքի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։ Հայարփի Բաղդասարյան
12:35 - 22 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Իսկ ահա Ռազմական ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, որից հետո որոշում է կայացվում կամ քրեական գործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Հարցազրույցի հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ արդյոք որեւէ փաստաթղթով նախատեսված եղե՞լ է 2018-2020 թթ․ ձեռք բերել 1000-ից ավելի հարվածային եւ հետախուզական ԱԹՍ եւ «Տոր» զենիթահրթիռային համալիրներ։ Հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝ եթե հայցվող տեղեկությունները պարունակում են որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունը համարվու՞մ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը մերժեց տեղեկության տրամադրումը՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում արեց հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Ինչ վերաբերում է մեր հարցին՝ եթե այդ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, ապա գաղտնիքին հասանելիություն ունեցած անձի՝ Սերժ Սարգսյանի կողմից դրանց մասին հայտարարելը չի՞ համարվում պետական գաղտնիքի բացահայտում, Պաշտպանության նախարարությունից բանավոր առաջարկեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։ Նույն օրը՝ մարտի 31-ին, ՊՆ-ի խորհրդով հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԱԾ՝ հայտնելով, որ ՊՆ-ից ստացած պատասխանի համաձայն՝ ԱԹՍ-ներ, զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական եւ ծառայողական գաղտնիք։ Նշել էինք, որ այս տեղեկությունների  մասին Սերժ Սարգսյանը խոսել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, ըստ այդմ՝ Սարգսյանի՝ նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները համարվո՞ւմ են պետական եւ ծառայողական գաղտնիքի բացահայտում, եւ եթե այո, ապա պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար նյութեր նախապատրաստվե՞լ են։ Ապրիլի 6-ին ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N173 որոշման համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը բացահայտող տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությունները վերապահված են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ԱԱԾ-ն էլ իր հերթին առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ՊՆ։ Իսկ ՊՆ-ից, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին դիմել ԱԱԾ։ ԱԱԾ ուղարկած հարցումը մարտի 31-ին ուղարկել էինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ ապրիլի 9-ին հայտնել են, որ հրապարակումն ուղարկվել է Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։  Այսպիսով, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն չեն կողմնորոշվում, թե իրենցից որն է իրավասու պարզաբանել՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացած անձի կողմից հրապարակվե՞լ են ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, թե՞ ոչ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություններով փետրվարին հրապարակված հարցազրույցը միայն ապրիլին է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու։ Հայարփի Բաղդասարյան
15:10 - 12 ապրիլի, 2021
Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց

Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ նախապատրաստված նյութերից պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ի հետ, նշված ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով նրանից խաբեությամբ ստացել է գումարներ, որից հետո իր ծանոթներ Վ.Ղ.-ի և Ա.Հ.-ի հետ նախօրոք համաձայնության գալով, կեղծ օգտատիրոջ անվան տակ, խաբեությամբ և շորթմամբ Հ.Թ-ից գումարներ է պահանջել, որոնք բանկային փոխանցումներով ուղարկվել են քաղաքացիներ Մ.Ա.-ին և Ա.Ա.-ին, իսկ վերջիններս էլ իրենց փոխանցված գումարները, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել են հիշյալ անձանց: Բացատրություններ են տվել N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, քաղաքացիներ Վ.Ղ.-ն, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
20:13 - 23 մարտի, 2021
Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավտոմեքենայով ՊՆ վարչական համալիրի տարածք ներխուժած անձին

Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավտոմեքենայով ՊՆ վարչական համալիրի տարածք ներխուժած անձին

Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:   Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից: Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:36 - 12 հունվարի, 2021