Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին (Վլադիմիր Գասպարյան-խմբ.) պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, քաջատեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, 2000-2011 թվականներին ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ս.Գ.-ն (Ս.Ս-ն) ավելի քան տասնմեկ տարի ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վերոնշյալ ժամանակահատվածում ստորագրել է Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրեր, որոնցում ընդգրկված է եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում, 2000-2010 թվականների ընթացքում, Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ՝ փաստացի վճարվել է 17 մլն դրամ:
Մեկ այլ դեպքով, Վ.Գ.-ն Ս.Գ.-ի օժանդակությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, խախտելով օրենքի համապատասխան պահանջը, այն է՝ ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, իր կնոջը՝ Ս.Գ.-ին, նշանակել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ: Պաշտոնին նշանակվելուց հետո Ս.Գ.-ն, 2011-2018 թվականների ընթացքում, պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն դրամ:
Հսկող դատախազի որոշմամբ` Ս.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքն հափշտակելուն օժանդակելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):
Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
comment.count (0)