Եվրահանձնաժողով

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի
 |hetq.am|

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային 35 մլրդ եվրո վարկ կտրամադրի |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովը, G7-ի երկրների պայմանավորվածությունների շրջանակներում, Կիևին 35 միլիարդ եվրո վարկ կհատկացնի։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինա այցի ընթացքում։ «Սա ԵՄ-ի կողմից ևս մեկ կարևոր ներդրում է Ուկրաինայի վերականգնման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։ Ավելի վաղ Ուրսուլան հայտարարել էր, որ այս աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները: Նա ընդգծել էր, որ 160 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինայի էներգետիկ համակարգն ամրապնդելու և ձմռանը նախապատրաստելու համար։  «Քանի որ ջերմաստիճանն իջնում է, Եվրամիությունը պատրաստ է մեծացնել իր աջակցությունը Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը»,- նշել էր եվրոպացի պաշտոնյան։ Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որից հետո երկու պաշտոնյաները մամուլի ասուլիս են տվել։
18:01 - 20 սեպտեմբերի, 2024
Եվրահանձնաժողովի փոխնախագահը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի ճամփորդել դեպի Եվրոպա |armenpress.am|

Եվրահանձնաժողովի փոխնախագահը հույս ունի, որ ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի ճամփորդել դեպի Եվրոպա |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը:    Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։  Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։  Սխինասը հարցազրույցում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, խոսել է վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:   - Պարոն Սխինաս, ինչպե՞ս կամփոփեք Հայաստանում ունեցած Ձեր հանդիպումների արդյունքները:   - Ուրախ էի, որ կարողացա հանդիպել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի և ամենակարևորը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ միասին  քաղաքական մակարդակով սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Սա կարևոր ուղենիշ է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում, բայց սա անջատ  նախաձեռնություն չէ, այն ավելի լայն նախաձեռնությունների մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին 270 միլիոն եվրոյի չափով՝ աջակցելու Հայաստանին տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և դիմակայունության նոր ծրագրի միջոցով: Նախաձեռնությունների մի մասն է, որը նաև աջակցում է Հայաստանին խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանում մենք ունենք ԵՄ-ի կարևոր առաքելություն՝ աջակցելու սահմանների վերահսկողության հարցում։ Խաղաղության եվրոպական գործիքակազմի  միջոցով մենք տրամադրում ենք նաև աջակցություն Հայաստանի զինված ուժերին։ Բայց, իհարկե, վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը մենք սկսում ենք: Կարծում եմ, որ այս օրը կհիշվի որպես գործընթացի մեկնարկի  օր, որը, հուսով եմ՝ շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերն առանց արտոնագրի անհրաժեշտության կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճանապարհորդել դեպի Եվրոպա:  - Ձեր կարծիքով՝ այդ հանդիպումներն արդյունավե՞տ էին։  - Այո, կարծում եմ, որ դրանք շատ արդյունավետ էին, քանի որ ըստ իս՝ այս այցի քաղաքական ժամկետները շատ տեղին են։ Հուլիսի 22-ին մենք ունեցանք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որը սկիզբ դրեց այս բոլոր նոր հաջողության պատմություններին, և ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ պետք է երկաթը տաք-տաք ծեծել: Այսպիսով, ես  այստեղ եմ՝ ընդգծելու այս հաջողությունների կարևորությունը: Մուտքի արտոնագրերի ազատականացում և, իհարկե, նոր աջակցություն Հայաստանի զինված ուժերին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի  միջոցով․ սրանք կարևոր ուղենիշներ են, որոնց հիմքում ընկած է նաև այն կարևոր հարթությունը, որ Հայաստանն այժմ ի հայտ է գալիս որպես կայունության և բանականության աղբյուր՝ աշխարհաքաղաքականորեն շատ բուռն տարածաշրջանում: Մենք ուս ուսի տված կկանգնենք Հայաստանի կողքին՝ օգնելու նրան շարունակել իրականացնել իր առաքելությունը: - Ինչպես նշեցիք, Ձեր այցի հիմնական նպատակը վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է։ Բացատրեք, խնդրեմ, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս երկխոսությունը և ինչպե՞ս այն կարող է բարելավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը: - Այո, կարծում եմ, որ Դուք շատ ճիշտ եք այս հարցը տալիս, քանի որ մենք այժմ գտնվում ենք մի գործընթացի առաջին փուլում, որը, հուսով եմ, շուտով կհանգեցնի բոլոր հայերի համար դեպի Եվրոպական միություն առանց մուտքի արտոնագրի պահանջի մուտքի: Ինչո՞ւ ենք հիմա գտնվում այս գործընթացում, քանի որ անցյալ տարի հուլիսին մեր անդամ երկրները Եվրոպական հանձնաժողովին լիազորել են սկսել այս գործընթացը: Գործընթացը  դյուրին  չէր, տեղի չունեցավ ինքնաբերաբար, բայց ի վերջո կայացավ: Այսպիսով, այժմ ունենք կանաչ լույս: Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ, որը պետք է լուծի այնպիսի կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, կոռուպցիայի խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Մենք պետք է համոզվենք, որ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է: Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին մենք կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրին: Դա ճանապարհի վերջը չէ, բայց երբեք ճանապարհի վերջ չի լինի, քանի դեռ մենք չունենք այն սկիզբը, որն այսօր էր: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում        
09:34 - 12 սեպտեմբերի, 2024
Ֆոն դեր Լայենը երկրորդ անգամ ստանձնում է Եվրահանձնաժողովի նախագահությունը |azatutyun.am|

Ֆոն դեր Լայենը երկրորդ անգամ ստանձնում է Եվրահանձնաժողովի նախագահությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը հաստատեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Նրա երկրորդ հնգամյա ժամկետով պաշտոնավարման առաջարկին կողմ են քվեարկել 720 պատգամավորներից 401-ը։ Գերմանացի քաղաքական գործիչը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունն՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Այժմ ֆոն դեր Լայենը պետք է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմ ձևավորի։ Հաղորդվում է, որ առաջին անգամ նրա գլխավորած գերատեսչությունում կստեղծվի նոր պաշտոն՝ պաշտպանության հարցերով հանձնակատար։ Իր ծրագրային ելույթում Եվրահանձնաժողովի նախագահությունը երկրորդ անգամ ստանձնող գործիչը հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականության մասին, խոսել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեմ պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությունից։ Նա խոստացել է հետագայում էլ խստացնել դաշինքի արտաքին սահմանները՝ Ռուսաստանին ու Բելառուսին ուղիղ մեղադրելով երրորդ երկրների միջոցով Եվրամիությանը ճնշելու փորձերի համար։  
17:33 - 18 հուլիսի, 2024
Երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություն սկսելու հարցը․ դեռ հաստատված չէ |factor.am|

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություն սկսելու հարցը․ դեռ հաստատված չէ |factor.am|

factor.am: Եվրոպական միության Նախարարների խորհուրդն օրակարգ է մտցրել և հաջորդ երկուշաբթի պետք է քննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։ Նույն նիստի ընթացքում ԵՄ Նախարարների խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Խոսքը 10 միլիոն եվրոյի աջակցության մասին է։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Այսինքն, այս պահին չենք կարող միանշանակ պնդել, որ ԵՄ Խորհուրդը միանշանակորեն հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Ինչպես այս, այնպես էլ Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցության ճակատագիրը պարզ կդառնա երկուշաբթի նիստի ընթացքում։ Մինչդեռ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԵՄ Խորհուրդը հաստատել է այս հարցերը և դրանք արդեն իսկ ընդունված որոշումներ են։
14:29 - 17 հուլիսի, 2024
Եվրահանձնաժողովում հայտնել են, որ չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ-ում նախագահությունից
 |news.am|

Եվրահանձնաժողովում հայտնել են, որ չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ-ում նախագահությունից |news.am|

news.am: Եվրահանձնաժողովում հայտնել են, որ իրավաբանորեն չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ Խորհրդում նախագահությունից, բայց կարող են բոյկոտել նրան։ Այս մասին «Суспільному»-ի հարցազրույցում ասել է ԵՀ արժեքների եւ թափանցիկության գծով փոխնախագահ Վերա Յուրովան։ Նա նշել է, որ որպես իրավաբան կարող է պնդել՝ Հունգարիային չեն կարող զրկել նախագահությունից ԵՄ Խորհրդում։ «Դա անելու ոչ մի հնարավորություն չկա։ Բայց մենք կարող ենք բոյկոտել եւ ցույց տալ, որ համաձայն չենք Օրբանի քաղաքականության հետ։ Դա այն է, ինչ անում ենք հիմա, եւ աստիճանաբար պատրաստվում ենք Լեհաստանի նախագահությանը, որը կսկսվի Նոր տարուց հետո»,- ասել է պաշտոնյան։ «Հունգարիայի նախագահությունը համընկնում է այն ժամանակին, երբ Խորհուրդը ոչ մի վճռական որոշում չի կայացնելու, քանի որ մենք օրենսդրական շրջանի, ինստիտուտներում մանդատները փոխելու շրջանում ենք»,- ասել է Յուրովան։ Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում սկսվել է հուլիսի 1-ին եւ շարունակվելու է 6 ամիս, բայց այդ ժամկետը խիստ ամրագրված չէ։ Լիսաբոնի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված է այն մասին, որ նախագահությունն «իրականացվում է հավասար փոխատեղման հիման վրա», իսկ ժամկետը եւ հաջորդականությունը որոշվում են ԵՄ գագաթաժողովում։ Հավանության համար բավական է որակյալ մեծամասնության քվեարկությունը։ Հիշեցնենք, որ ԵՄ վեց երկրներ որոշել են բոյկոտել ԵՄ նախարարական հանդիպումները Հունգարիայի նախագահության ժամանակ՝ ի նշան վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների դեմ բողոքի, նրա «խաղաղարար առաքելությունից» հետո։
14:02 - 17 հուլիսի, 2024
Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը
 |factor.am|

Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդի վեցամսյա նախագահության շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումները բոյկոտելու մասին՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին վիճահարույց այցերի: ԵՀ-ն եվրոհանձնակատարներին չի ուղարկի Հունգարիայում ԵՄ նախարարների ոչ պաշտոնական համաժողովներին։ Փոխարենը Հանձնաժողովն այս հանդիպումներին կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ: «Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ նախագահը [Ուրսուլա ֆոն դեր Լեյենը] որոշել է, որ Եվրահանձնաժողովը ավագ պետական ծառայողների մակարդակով ներկայացված կլինի միայն Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում»,- X-ի իր էջում հայտնել է ԵՀ խոսնակ Էրիկ Մամերը։ Նա նաև հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին պաշտոնական այցը Հունգարիա չեղարկելու մասին։ Հուլիսի 1-ից Հունգարիայի կողմից Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ ԵՄ երկրների դեսպանները դատապարտել են Օրբանի «խաղաղության առաքելությունը»՝ նրան մեղադրելով ԵՄ որոշումների «տառն ու ոգին» խախտելու համար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Վլադիմիր Պուտինին այցելելիս Օրբանը գործել է ոչ թե ԵՄ-ի անունից, այլ Ռուսաստանի և Հունգարիայի «երկկողմ հարաբերությունների» շրջանակում, քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դատապարտումը «բացառում է ԵՄ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոական շփումները»։
13:15 - 16 հուլիսի, 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից
 |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը պաշտոնապես կոչ են արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատումից։ Օրենքի ընդդիմախոսներն այն համարում են «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։ Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օրինագիծը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանն ու սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը: «Ընտրությունը Վրաստանի ձեռքում է, մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրինագիծը»,- ասված է հայտարարությունում։։ Financial Times-ը, վկայակոչելով ԵՄ երեք պաշտոնյաների, պնդում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնի, ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը կսառեցվի։ Անցյալ տարի երկիրը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ, թեև բանակցությունները դեռ չեն սկսվել։ Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։
09:27 - 16 մայիսի, 2024
Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել

 |factor.am|

Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել |factor.am|

factor.am: Փարիզում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ եռակողմ գագաթնաժողովի բացմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պեկինի հետ համակարգումը խոշոր ճգնաժամերի հարցով, այդ թվում՝ Ուկրաինայի, «բացարձակ վճռորոշ է», գրում է France 24-ը։ «Մեր մայրցամաքի ապագան շատ հստակորեն կախված կլինի Չինաստանի հետ հարաբերությունները հավասարակշռված կերպով զարգացնելու մեր կարողությունից»,- ասել է Մակրոնը։ Ավելի վաղ Le Figaro-ի համար գրված հոդվածում Սին նշել էր, որ ցանկանում է աշխատել միջազգային հանրության հետ՝ հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, որը ծագել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, միաժամանակ, ընդգծելով, որ Չինաստանը «ո՛չ կողմ է, ո՛չ էլ մասնակից»: Ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտարարել էր, որ կպնդի համաշխարհային առևտրում Չինաստանի հետ «արդար» մրցակցության հետ կապված՝ հավելելով, որ Սի Ցզինպինի հետ նախորդ բանակցություններում նա «հասկացրել է, որ շուկա մուտքի ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի»: «Մենք շատ հստակ ենք Չինաստանի հետ մեր հարաբերություններում, որոնք ամենաբարդ, բայց նաև ամենակարևորներից են»,- ասել էր նա։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Մակրոնի համար հանդիպմանն առանցքային առաջնահերթություններից է լինելու Սիին նախազգուշացնելը Ռուսաստանին աջակցելու վտանգների մասին, քանի որ արևմտյան պաշտոնյաներն անհանգստանում են, որ Մոսկվան արդեն զենքի արտադրության մեջ չինական հաստոցներ է օգտագործում։  
17:00 - 06 մայիսի, 2024
Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները

Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման և օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։ Արդարադատության նախարարը նաև անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ-ԵՄ համատեղ հանձնառությունը։ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև դտաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, անդրադարձել հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ առաջընթացին ու միջազգային ցուցանիշներում գրանցած հաջողություններին։ Կողմերը քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտին ու զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունները։ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով զանգվածային լրատվության մասին օրենսդրության լրամշակման գործընթացին մատնանշել է, որ նախագիծն ուղղված է նաև ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ներդրմանը՝ եվրոպական առաջադեմ փորձառությանը համապատասխան։ Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների մասին` Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության համապարփակ քաղաքականությունն իրականացվում է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի մշակման գործընթացին՝ ընդգծելով, որ նախագծերը մշակվել են ներառական ու մասնակցային եղանակով՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։ Նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։ Վերա Յուրովան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության և մասնավորապես Արդարադատության նախարարության ջանքերը։ Նա կարևորել է բարեփոխումների նախաձեռնություններն ու դրանց մշակման գործընթացների թափանցիկությունը և ներառականությունը։ Խոսելով ԶԼՄ ոլորտի կատարելագործման և ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունից՝ Վերա Յուրովան անդրադարձել է Տեսալսողական մեդիայի կարգավորմանն ուղղված ԵՄ դիրեկտիվին և ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող քարոզարշին։ Այս համատեքստում տիկին Յուրովան ՀՀ-ին աջակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ԵՄ առկա գործիքակազմերի շրջանակներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու իարվունքի գերակայության ապահովմանը, եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ ԶԼՄ ոլորտի կատարելագործմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին։
10:30 - 06 մարտի, 2024
Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել
 |armenpress.am|

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Հանձնաժողովն առաջարկում է, որ (Եվրոպական) Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է ֆոն դեր Լայենը։ ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։ 2022 թ․ հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն Վրաստանին՝ ոչ։ Այն ժամանակ ԵՄ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են Վրաստանին ևս շնորհել այդ կարգավիճակը՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։
17:01 - 08 նոյեմբերի, 2023
Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան հաղթի. ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Ուկրաինայում պատերազմի 1 տարին լրանալու կապակցությամբ
 |tert.am|

Ամեն ինչ կանենք, որ Ուկրաինան հաղթի. ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Ուկրաինայում պատերազմի 1 տարին լրանալու կապակցությամբ |tert.am|

tert.am: Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկ տարին, ինչի կապակցությամբ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ Ուկրաինան անվանելով «եվրոպական ընտանիքի մաս», հայտնում է news.liga.net-ը։Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ երկրները «ամեն ինչ կանեն, որպեսզի Ուկրաինան հաղթի, երաշխավորվի միջազգային իրավունքը, վերականգնվի Ուկրաինայի խաղաղությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ուկրաինան վերականգնի ավերվածը և որ արդարությունը հաղթի»։Եվրախորհուրդը խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և այդ նպատակով «օգտագործել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն»։ ԵՄ-ն հայտարարել է, որ իրենք մտադիր են շարունակել «ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիայի պատերազմը դադարեցնելու համար» և ձեռնարկել ոչ միայն պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այլ նաև մի շարք քայլեր նրանց դեմ, ովքեր փորձում են շրջանցել Եվրոպական Միության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակումները։Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի դրոշը բարձրացվել է Եվրահանձնաժողովի շենքի առջև՝ ի նշան համերաշխության, քանի որ «մեր ուկրաինացի ընկերների ոգին և վճռականությունը. ոգեշնչման աղբյուր բոլորիս համար» և «մի օր Ուկրաինան կմիանա մեր եվրոպական ընտանիքին»:
10:45 - 24 փետրվարի, 2023