Սվետլանա Տիխանովսկայա, բելառուս քաղաքական գործիչ, Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու՝ 2020 թվականի ընտրություններում։
2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Միկաշևիչի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Մոզիրի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է «Օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն)» մասնագիտությամբ:
Համալսարանն ավարտելուց հետո ապրել է Գոմել քաղաքում։ Աշխատել է որպես անգլերենի թարգմանիչ տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժածներին օգնելու նպատակող հիմնադրված՝ «Chernobyl Life Line» բարեգործական կազմակերպությունում։
2020 թվականի մայիսի 15-ին ԿԸՀ-ի՝ Սերգեյ Տիխանովսկու՝ իր ամուսնու, նախաձեռնող խմբի գրանցման մերժումից հետո, Սվետլանա Տիխանովսկայան ԿԸՀ է ներկայացրել իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի գրանցման փաստաթղթերը:
2020 թվականի մայիսի 20-ին ԿԸՀ-ն Լիդիա Երմոշինայի գլխավորությամբ գրանցել է Սվետլանա Տիխանովսկայի նախաձեռնող խումբը: Տիխանովսկայի շտաբի ղեկավար է դարձել Սերգեյ Տիխանովսկին։ 2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնո քաղաքում տեղի է ունեցել ստորագրահավաք Սվետլանա Տիխանովսկայի՝ որպես Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու համար, որի արդյունքում ձերբակալվել են Սերգեյ Տիխանովսկին և ուրիշները:
Սվետլանա Տիխանովսկայայի համար ստորագրահավաքի հետագա պիկետները հերթեր էին հավաքում Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում: Նրա նախաձեռնող խմբի անդամների վրա ճնշում է գործադրվել, համակարգողներին և ակտիվիստներին ձերբակալել են ողջ Բելառուսում, իսկ 2020 թվականի մայիսի 15-ին ձերբակալվել է նախաձեռնող խմբի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կաբանովը:
2020 թվականի հունիսի 11-ին Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հունիսի 12-ին, 13-ին և 14-ին Մինսկում և մարզային քաղաքներում ստորագրահավաքի պիկետները չեղյալ է հայտարարում այն մտավախությամբ, որ այնտեղ կարող են սադրանքներ տեղի ունենալ իր նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ: Պիկետների արդյունքում ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքվել՝ հաջակցություն Սվետլանայի:
2020 թվականի հունիսի 16-ին, տարածաշրջանային հանձնաժողովներում ստորագրաթերթերը հանձնելու համար Բելառուսի տարածքով ուղևորության ժամանակ, Սվետլանա Տիխանովսկայան հեռախոսազանգ է ստացել, որտեղ անհայտ անձը խնդրել է նրան չշարունակել մասնակցությունը նախագահական քարոզարշավին՝ սպառնալով Սվետլանային և իր երեխաներին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել մասնակցությունը ընտրություններին: Հունիսի 30-ին Տիխանովսկայան փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ՝ նախագահի թեկնածու գրանցվելու համար:
2020 թվականի հուլիսի 19-ին Մինսկում կայացել է առաջին հանդիպումը Բանգալորի հրապարակում, որտեղ հավաքվել է մոտ 7-10 հազար մարդ:
2020 թվականի հուլիսի 20-ին Տիխանովսկայան առաջին անգամ ելույթ է ունեցել պետական ռադիոյի եթերում, որտեղ ելույթի սկզբում կարճ պատմել է իր կենսագրության մասին, ինչպես նաև հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մոտիվացիաներից մեկը եղել է նրա ամուսնու՝ Սերգեյ Տիխանովսկու ձերբակալությունը, որը հանդես էր գալիս «Страна для жизни» (ռուս.՝ Երկիր կյանքի համար) նախագծի շրջանակներում:
2020 թվականի հուլիսի 30-ին Մինսկի Ժողովուրդների բարեկամության այգում տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի պաշտոնական պիկետը, որին մասնակցել է շուրջ 63 հազար մարդ, ինչը 1991 թվականից ի վեր դարձել է երկրում տեղի ունեցած ամենազանգվածային հանրահավաքը:
Ընտրություններում, ըստ մամուլի հրապարակումների, Տիխանովսկայան հաղթանակ է տարել, սակայն պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրվել է Բելառուսի այդ ժամանակ էլ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։